ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Հայաստանում առաջին անգամ կնշվի «Սպարապետի օրը»

Հայաստանում առաջին անգամ կնշվի «Սպարապետի օրը»
04.10.2017 | 13:15

Հոկտեմբերի 7-ին առաջին անգամ Հայաստանում կնշվի «Սպարապետի օրը»։ Խնձորեսկում կայանալիք տոնակատարության շրջանակում տարբեր հարթակներում տեղի կունենան մի շարք միջոցառումներ։ Մասնավորապես, Խնձորեսկի կախովի կամրջի երկարությամբ կանգնած կատարողները դհոլ-զուռնայով կազդարարեն միջոցառման մեկնարկը: Ա. Խանփերյանցի անվան ռազմական ավիացիոն համալսարանի և Վ. Սարգսյանի անվան ռազմական համալսարանի կուրսանտների մասնակցությամբ և ուղեկցությամբ տեղի կունենա երթ դեպի Մխիթար Սպարապետի գերեզմանը, որտեղ նրանք զինվորական խոստում կտան և ծաղկեպսակ կդնեն՝ պատվո պահակ կանգնելով ի նշան հարգանքի: Ապա կտրվի զինվորական համազարկ:

Միջոցառման շրջանակներում հանդես կգա «Կարին» ավանդական երգի-պարի խումբը՝ Գագիկ Գինոսյանի ղեկավարությամբ: Ցանկացողների համար կկազմակերպվի հայկական ռազմական պարերի (քոչարի, յարխուշտա, վերվերի) ուսուցում: Սբ. Հռիփսիմե եկեղեցու տարածքում կհնչեն շարականներ երգչախմբի կատարմամբ: Կանցկացվի նետաձգության մրցաշար:
Այնուհետև տեղի կունենա մանկական թատերական ներկայացում, կանցկացվի հայկական ազգային կոխի մրցաշար, Արցախյան և Հայրենական մեծ պատերազմներում զոհված հերոսների հիշատակին կանգնեցված խաչքարերի մոտ կկայանա ՀՀ ԶՈՒ ԳՇ հատուկ զինվորական նվագախմբի ելույթը:


Ամբողջ օրվա ընթացքում ներկաները հատուկ տաղավարներից կարող են գնել գյուղացիների պատրաստած էկոլոգիապես մաքուր ավանդական կերակուրներ, թխվածքներ ու խմիչքներ: Հայ խոհարարական ավանդույթների զարգացման և պահպանման ՀԿ-ն Սեդրակ Մամուլյանի ղեկավարությամբ կներկայացնի մարզին բնորոշ կերակրատեսակներ:
Ելույթ կունենա Արսեն Գրիգորյանի (Մրո) ղեկավարած ազգագրական երգի համույթը՝ ներգրավելով ներկաներին և ելույթը վերածելով իսկական ժողովրդական տոնախմբության:
Կանցկացվի փեյնթ բոլի մրցաշար: Ելույթ կունենան Absolute բենդը և Քրիստինե Մանգասարյանը: Սպարապետների ծառուղով կկայանա թմբկահար աղջիկների քայլերթը:
Միջոցառումների շարքը կեզրափակվի գալա համերգով՝ Շուշան Պետրոսյանի, Պարի պետական անսամբլի, Գագիկ Գինոսյանի «Կարին» համույթի, Արսեն Գրիգորյանի (Մրո), ՀՀ ԶՈՒ ԳՇ հատուկ զինվորական նվագախմբի մասնակցությամբ: Կցուցադրվեն գալա համերգի համար պատրաստված ֆիլմեր: Տոնակատարությունը կավարտվի հրավառությամբ:
«Սպարապետի օրը» խորագրով միջոցառումը կազմակերպել է «ԿՎՆ ուրախների և հնարամիտների ակումբ» հասարակական կազմակերպությունը ՀՀ Նախագահի աշխատակազմի կողմից հատկացված դրամաշնորհի և Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հայտարարած մրցույթի շրջանակներում։ Ծրագիրն ունի ռազմահայրենասիրական և մշակութային ուղղվածություն, այն նաև ժողովրդական տոնախմբություն է, ինչը, ակնկալվում է, կլինի շարունակական: Կունենանք ևս մեկ ամենամյա գեղեցիկ միջոցառում, ինչը կնպաստի զբոսաշրջիկների հոսքի ավելացմանը դեպի այդ տարածաշրջան և, ընդհանուր առմամբ, դեպի Հայաստան: Միջոցառումը նաև մի յուրօրինակ դաս-պատգամ է երիտասարդ սերնդին այն մասին, որ մեր պետականության ամրապնդման և հզորացման համար միշտ պետք է գնանք առաջ՝ երբեք չմոռանալով անցյալը և մեր պատմությունը:

Դիտվել է՝ 3475

Մեկնաբանություններ