ԱՄՆ-ի ներկայիս վարչակազմի կողմից նախկին նախագահ Դոնալդ Թրամփի շուրջ ստեղծված մթնոլորտն է հրահրել նրա դեմ մահափորձը՝ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: «Ռուսաստանի Դաշնությունը չի կարծում, որ մահափորձը կազմակերպվել է ԱՄՆ-ի գործող իշխանության կողմից, սակայն թեկնածու Թրամփի շուրջ մթնոլորտը դրդել է նրան, ինչին այսօր բախվել է Ամերիկան»,- շեշտել է նա:               
 

Էթնիկականության երկու ասպեկտ` օբյեկտիվ և սուբյեկտիվ

Էթնիկականության երկու ասպեկտ` օբյեկտիվ և սուբյեկտիվ
15.07.2013 | 13:39

Էթնիկականության երևույթը, որպես բարդույթ, ունի ինչպես օբյեկտիվ, առարկայական կողմ (որի մեջ մտնում են էթնիկականության օբյեկտիվացիան, այսինքն էթնոկիրների կամքից և ցանկությունից անկախ գոյություն ունենալը), այնպես էլ սուբյեկտիվ տարրեր (այս ասպեկտը կազմված է անհատի սուբյեկտիվ էթնոհոգեբանական ապրումների մի ամբողջ խմբից։ Այդ խմբի կազմում հիմնականը նրա էթնիկական ինքնագիտակցությունն է, որը մասամբ արտահայտվում է բառերով («Ես հայ եմ», «Ես ֆրանսիացի եմ» և այլն)։

Հետևաբար մի բան է որևէ էթնոսի տվյալ օբյեկտիվ պատկանելիությունը, և այլ բան է նույն անհատի այն սուբյեկտիվ զգացումը, ըստ որի նա պատկանում է տվյալ էթնիկական հանրույթին։ Այլ բան է, թե նա, որպես հոգեկան գործունեության սուբյեկտ, ինչպես է պատկերացնում իր էթնիկականությունը (կամ որ նույնն է՝ իր էթնիկական պատկանելիությունը՝ «Ես հայ եմ», «Ես ֆրանսիացի եմ» և այլն)։ Խնդիրն այն է, որ անհատի էթնիկական պատկանելիության այդ երկու կողմերը հազվադեպ են լիովին համընկնում։

Ինչպե՞ս որոշել անհատի էթնիկականությունը

Դիցուք մենք խնդիր ունենք որոշելու որևէ Ա Անհատի էթնիկ պատկանելիությունը։ Այս դեպքում մենք ո՞րը պետք է առաջնային համարենք՝ էթնիկականության բարդույթի օբյեկտի՞վ, թե՞ սուբյեկտիվ կողմը։ Ես կարծում եմ, որ յուրաքանչյուր մարդ, ով տվյալ խնդրին գիտական մոտեցման կողմնակից է, կհամաձայնվի, որ առաջնայինը պետք է համարել էթնիկական բարդույթի մեջ մտնող օբյեկտիվ բաղադրիչների խումբը՝ մարդաբանական գծերը (մաշկի գույնը, մազերի ձևն ու կառուցվածքը, աչքերի կտրվածքն ու էպիկանտուսի առկայությունը կամ բացակայությունը և այլն), ծագումը (ինչ էթնոսի պատկանող ծնողների զավակ է), լեզուն, որով նա մտածում և խոսում է, վարքի և մտածողության ստերեոտիպերը, որոնք դրսևորվում են օբյեկտիվորեն։ Եվ եթե, օրինակ, ըստ այս բոլոր օբյեկտիվ հատկանիշների տվյալ Ա անհատը հայ էթնոսին է պատկանում, բայց ինքը պնդում է, որ հայ չէ, այլ, ասենք, ֆրանսիացի է, ապա նման պնդումը, որը հիմնականում սուբյեկտիվ ինքնընկալում է և ինքնավերագրում, չի կարող ընդունվել մեր կողմից, քանի որ օբյեկտիվ հաիտկանիշների գոյությունը ժխտել հնարավոր չէ և անիմաստ է (եթե դրանք, իհարկե, բացահայտվել են այնպես, ինչպես կան)։
Այսպիսի մոտեցման դեպքում Այվազյանի տեսակետն, անշուշտ, պետք է գնահատել որպես ավելի գիտական և հիմնավորված, քան Թոփչյանի տեսակետը, որն առավելապես սուբյեկտիվ է, նաև՝ սիրողական։

«Հայ» և «ծագումով հայ», թե՞ «լիարժեք» և «ոչ լիարժեք» հայ

Քանի որ, ինչպես տեսանք, էթնիկականությունը ինչպես օբյեկտիվ հատկությունների, այնպես էլ սուբյեկտիվ արտացոլումների և ապրումների բարդույթ է (կոմպլեքս), ապա միանգամայն ակնհայտ է, որ մենք այսպիսի հարցադրում կատարելու իրավունք ունենք. էթնիկական գծերից որո՞նք կան Ա-ի մեջ և որոնք են բացակայում, և էթնիկական ա1, ա2, … ա10 գծերն ինչպիսի ուժով (ինտենսիվությամբ) են տրված այդ Ա անձին։ Եթե պարզության համար ընդունենք, որ էթնիկականության մեջ մտնում է 10 գիծ, ապա այդ Ա անհատը կարող է ունենալ դրանցից հինգը, իսկ մյուսները չունենալ։ Բ անհատը, որը նույն էթնոսից է սերվել, կարող է ունենալ նույնիսկ միայն մեկ հոգեբանական հատկանիշ, օրինակ՝ «հիշողություն» այն մասին, որ ինքը սերված է այդ էթնոսին պատկանած նախնիներից։ «Ես հայ եմ», - ասում է նա որևէ լեզվով, բայց ոչ հայերեն, որին նա չի տիրապետում, այդպիսին է նրա էթնիկականությունը (որի մեջ գուցե մտնում են նաև որոշ մարդաբանական օբյեկտիվ գծեր)։ Մեկ այլ՝ Գ անհատ կարող է ունենալ բոլոր հիշատակված 10 հատկանիշները, բայց ոչ միանման ինտենսիվությամբ։

Եթե այդպես է, ապա մենք միանգամայն օրինաչափորեն կարող ենք հարց տալ. արդյո՞ք այդ Ա, Բ, Գ անձինք էթնիկական տեսակետից նույնն են։ Պատասխանն, ակնհայտորեն, կարող է միայն բացասական լինել։ Նրանք ոչ միայն նույնը չեն, այլև էականորեն տարբեր են։ Եթե խոսքը հայկական էթնիկականության մասին է, ապա օբյեկտիվորեն և խիստ դատելու դեպքում պետք է ասենք, որ նրանցից մեկն ավելի հայ է, քան երկրորդը, իսկ երկրորդն՝ ավելի, քան երրորդը։ Գիտության, մասնավորապես էթնոհոգեբանության, մարզում այսպիսի հարցադրումներ կատարելը մենք միանգամայն օրինական ենք համարում։ Անկասկած, հարցը «քաղաքական և բարոյական աստառ» է ստանում այն դեպքում, երբ մենք սկսում ենք արժեքավորող բառեր և դատողություններ օգտագործել, գնահատականներ տալ, օրինակ՝ երբ Ա-ին անվանում ենք «լիարժեք հայ», Բ-ին՝ «ոչ լիարժեք» կամ «կիսով չափ հայ» և այլն։ Այս արժեքավորող գնահատականները կարող են վիրավորական թվալ, սակայն դրանց հիմքում ընկած են օբյեկտիվ (առարկայական) և հիմնավոր գիտական պատկերացումներ։ Իսկ դա նշանակում է, որ մարդիկ պետք է կարողանան հաղթահարել իրենց սուբյեկտիվ ապրումներն ու ընդունեն ճշմարտությունը, որը հաճախ բվականին դառն է լինում։

Ոչ այնքան հեռանկարային (անձի զարգացման հեռանկարի տեսակետից) ինքնապաշտպանական դիրքորոշում և վիրավորվածի կեցվածք ընդունելու փոխարեն մի՞թե չի կարելի ընդունել սեփական անձի ոչ լրիվ էթնոկիր (այլ ոչ թե ոչ լրիվ մարդ, քավ լիցի) լինելու փաստը։ Ես կարծում եմ, որ շատերն իրենց հոգու խորքում ընդունում են այդ փաստը, բայց հրապարակայնորեն՝ ոչ, նրանք զգուշանում են, վախենում։ Բայց կան նաև այնպիսի անհատներ, ովքեր լրիվ էթնոկիրներ չեն, բայց իրենց մասին այնքան աղճատված պատկերացումներ են ստեղծում (լայնորեն օգտագործելով հատկապես վերագրման հոգեբանական մեխանիզմը), որ այլևս ի վիճակի չեն լինում ճիշտ ընկալել սեփական անձի էթնոհոգեբանական վիճակն ու ստատուսը։ Այդպիսի մարդը, հայոց լեզուն չիմանալով և, հետևաբար, հային հատուկ մտածելակերպ չունենալով, կարող է պնդել, թե իբր «ինքը իսկական հայ է», «լիարժեք հայ է» և այլն։

Սա, իհարկե, իռացիոնալիզմ է, քանի որ հաշվի չի առնում իրականությունը։ Հոգեբանական ճշմարտությունները անհատի համար դառն են լինում, հատկապես երբ դրանք վերաբերում են սեփական անձին, և միանգամայն հասկանալի է, թե ինչու են մարդիկ այդպիսի կատաղի դիմադրություն ցույց տալիս դրանց՝ ակտիվորեն արտամղելով իրենց գիտակցության ոլորտից։ Ըմբռնելով հանդերձ այդպիսի մարդկանց վիճակը և ապրումակցում ունենալով նրանց հետ, այնուամենայնիվ չենք կարող ընդունել նրանց տեսակետը։ Եթե մենք ցանկանում ենք լուրջ մտածողներ լինել, ապա ճշմարտությունը մեզ համար պետք է վեր լինի ամեն ինչից։

Այլ բան է, որ էթնոքաղաքական տեսակետից միշտ չէ, որ նպատակահարմար է այդ ճշմարտությունը հրապարակելը, կամ լրիվ չափով հրապարակելը. ճշմարտությունը միշտ չէ, որ անմիջական օգուտ է բերում՝ որևէ անհատի, ազգի կամ պետության առջև ծառացած խնդիրների լուծման տեսանկյունից։ Ահա թե ինչու ես էլ եմ կարծում, որ մեր ոչ լրիվ էթնոկիր հանդիսացող հայրենակիցներին իրենց մասին ողջ ճշմարտությունն ասելը միշտ չէ, որ նպատակահարմար է. նրանց հակազդեցությունը կարող է լինել, օրինակ, այնպիսիք, ինչպիսիք որ մենք տեսնում ենք Թոփչյանի ռեպլիկներում։

Ավելին, շատ շատերի հակազդեցությունը կարող է լինել պարզունակ-ագրեսիվ, մինչդեռ Թոփչյանը, չնայած Այվազյանի հետ ունեցած անհամաձայնությանը, նրա հետ միասին կարծես թե մտահոգված է մեր ազգի ճակատագրով և այնպիսի ուղիներ է որոնում, որոնցով կարելի է ավելի բարվոք վիճակի հասցնել հայ ազգն ու հայրենիքը։ Բայց նման որոնումները կարող են արդյունավետ լինել միայն այն դեպքում, երբ հենվում են ճշմարիտ գիտելիքների վրա։

ԱԼԲԵՐՏ ՆԱԼՉԱՋՅԱՆ

ՀՈԳԵԲԱՆ, ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՃԱՆԱՉՈՒՄ ՈՒՆԵՑՈՂ ՓՈՐՁԱԳԵՏ
սկզբնաղբյուրը` http://www.diplomat.am/

Դիտվել է՝ 3276

Մեկնաբանություններ