ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ ուկրաինական զորքերի հարձակումը Կուրսկի շրջանում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին իսկական երկընտրանքի առաջ է կանգնեցնում. սա տեղի ունեցողի վերաբերյալ ամերիկացի առաջնորդի առաջին պաշտոնական մեկնաբանությունն է։ «Մենք անմիջական, մշտական կապի մեջ ենք ուկրաինացիների հետ։ Սա այն ամենն է, ինչ ես կարող եմ ասել դրա մասին, քանի դեռ հարձակումը շարունակվում է», - ըստ Ֆրանսպրես գործակալության՝ հայտարարել է Բայդենը:               
 

Հայաստանում տարեկան 80-90 երեխայի մոտ քաղցկեղի ախտանիշ է հայտնաբերվում

Հայաստանում տարեկան 80-90 երեխայի մոտ քաղցկեղի ախտանիշ է հայտնաբերվում
15.02.2013 | 17:31

Փետրվարի 15-ը Մանկական քաղցկեղի դեմ պայքարի միջազգային օրն է: 2001-ից սկսկած, աշխարհի ավելի քան 40 երկրներում այս օրը նշում են որպես քաղցկեղով հիվանդ երեխաների օր, ակտիվիստները տեղեկատվական տարբեր ակցիաներ են իրականացնում` կոչ անելով մարդկանց օգնություն ցուցաբերել` արյուն հանձնել կամ բարեգործական հիմնադրամներում ներդրումներ կատարել:
Այս թեմայով այսօր մամլո ասուլիս էին հրավիրել բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, Հայ ուռուցքաբանների ասոցիացիայի նախագահ, մանկական ուռուցքաբանության և քիմիա բաժանմունքի ղեկավար Գրիգոր ԲԱԴԱԼՅԱՆԸ և ուռուցքաբան, Ուռուցքաբանության ազգային կենտրոնի փոխտնօրեն Արմեն ՏԱՆԱՆՅԱՆԸ:
Պարոն Բադալյանը նշեց, որ տարեկան շուրջ 200 հազար երեխա է հիվանդանում քաղցկեղով: Զարգացած երկրներում քաղցկեղով հիվանդ երեխաների մինչև 75 տոկոսը բուժվում է, թույլ զարգացած երկրներում բուժվածների թիվը քսան տոկոսից չի անցնում, իսկ Հայաստանում բուժվում է հիվանդ երեխաների 65 տոկոսը: Նրա տեղեկացմամբ, երեխաների մոտ քաղցկեղն ավելի հեշտ է բուժվում, քան մեծահասակների մոտ, քանի որ երեխաները քիմիաթերապիայի նկատմամբ շատ զգայուն են:
Հայաստանում տարեկան 80-90 երեխաների մոտ քաղցկեղի ախտանիշ է հայտնաբերվում: Վերջին 10-12 տարվա ընթացքում այդ ցուցանիշը չի փոխվում:
Գրիգոր Բադալյանը նշեց, որ չնայած ուռուցք ունեցող երեխաների թիվը մեծ չէ, բայց դա շատ լուրջ խնդիր է. «Մեկից տասնվեց տարեկան երեխաների մոտ քաղցկեղը մահացության երկրորդ պատճառն է: Մինչև յոթ տարեկան եխեխաները պետպատվերի շրջանակում են բուժվում, իսկ դրանից բարձր տարիքի երեխաները՝ համավճարի շրջանակում»:
Ըստ ուռուցքաբանի, մանկական քաղցկեղի առաջացումը շատ դժվար է բացատրել, սակայն երկուսից չորս տարեկան երեխաների մոտ հիվանդությունը հիմնականում բնածին է: Երեխաների մոտ ամենահաճախը հանդիպում են արյան քաղցեկեղի դեպքեր, այնուհետև՝ ավշային համակարգի, երրորդ տեղում գլխուղեղի նյարդային համակարգի ուռուցքներն են: Ինչ վերաբերում է բուժման գործընթացներին, ապա, ըստ բանախոսների, կան որոշ մեթոդներ, որոնք ներդրված չեն Հայաստանում, և իրենց կենտրոնն ունի նորագույն սարքավորումներով համալրվելու խնդիր:

Հասմիկ ՄՈՎՍԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 4655

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ