Մեղմիվ կհպվեն կույսերը այսօր բոլոր բոլորիս`
Բալասանելու սրտերը բեկբեկ.
Կնստեն նրանք մեր մահճի կողքին,
Նորեն կարտածեն սեր ու գթություն:
Հնձանում կքած հիվանդ Մարինեն
Հաղթության սիրո թրջոց կդնի
Ցավերից բեկված մեր ճակատներին.
Հռիփսիմե քույրը Հացի ու Գինու
Բաժակը լռիկ մեզ կմոտեցնի`
Կենդանությանը հաղորդ լինելու։
Գայանե մայրը ծածկոցը հանդարտ
Կնետի բոլոր որբերիս վրա
Նահատակ կուսաց ծնծղաների,
Մխիթարության, աղոթքի ձայնով: