ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն իրազեկել է, որ Պուտինն առայժմ կոնկրետ պլաններ չունի Թրամփի հետ շփումների առնչությամբ։ ՌԴ նախագահը հրապարակավ շնորհավորել է Թրամփին հաղթանակի առիթով այն օրը, երբ, WP տվյալներով, տեղի են ունեցել նրանց հեռախոսային բանակցությունները։ Պուտինը մեկ անգամ ևս ընդգծել է, որ հակամարտության կարգավորումը հնարավոր է միայն Կիևի կողմից իրողություններն ընդունելու պայմանով, այն է՝ Ռուսաստանի կողմից ՈՒկրաինայի տարածքի 20 տոկոսի զավթմամբ։               
 

ԱՂՄՈՒԿ

ԱՂՄՈՒԿ
17.11.2009 | 00:00

Իվան ԻԼՅԻՆ
Բնությունը երբեք աղմուկ չի առաջացնում։ Նա սովորեցնում է մարդուն վեհության լռության մեջ։ Լռում է արևը։ Անձայն տարածվում է մեր առջև աստղային երկինքը։ Քիչ ու հազվադեպ ենք լսում մենք որևէ բան «երկրի միջուկից»։ Գթասրտորեն ու երանելի հանգստանում են արքայական սարերը։ Նույնիսկ ծովն ընդունակ է «խորապես լուռ» լինելու։ Ամենավիթխարի բաները բնության մեջ, որոնք որոշում ու վճռում են մեր ճակատագիրը, կատարվում են անձայն։ Իսկ մարդն աղմկում է։ Նա աղմկում է ցայգալույսին ու մինչև ուշ գիշեր, դիտավորյալ և առանց դիտավորության, աշխատելով ու զվարճանալով։ Փաստորեն, աղմուկը մարդու «առանձնաշնորհն» է աշխարհում, որովհետև այն ամենը, ինչը բնությունը տալիս է լսողությանը, խորհրդավոր և բազմանշանակ ձայն է, ոչ թե ձանձրալի ու դատարկ աղմուկ։ Կանգնում ենք ապշած ու հափշտակված, երբ իր ձայնն է բարձրացնում ամպրոպը, հրաբուխը կամ փոթորիկը. և լսում ենք այդ ձայնը, որ մտադիր է ասել մեզ ինչ-որ վսեմ բան։ Ջրվեժի կամ ծովի շառաչը, լեռան հեղեղը, անտառի շշուկը, առվակի կարկաչը, սոխակի երգը մենք լսում ենք ոչ որպես աղմուկ, այլ որպես հարազատ, բայց խորհրդավոր ուժերի զրույց կամ երգ։ Տրամվայների զրնգոցը, ֆաբրիկաների շառաչյունն ու ֆշշոցը, մոտոցիկլետների ձայնը, արգելակող ավտոմեքենաների ճռինչը, սրվող գերանդու ձայնը, մտրակի շաչյունը, աղբահավաք մեքենաների տհաճ փնչոցը, և, ինչքա՜ն հաճախ, ռադիոյի ոռնոցը` այդ աղմուկը, ձանձրացնո՜ղ աղմուկը, որը կապված է որոշակի երևույթների հետ, բայց այնքան չնչին նշանակություն ունեցող` հոգևոր իմաստով։
Աղմուկը ներկա է ամենուրեք, որտեղ ձայնը շատ քիչ բան է նշանակում կամ էլ, առհասարակ, ոչինչ չի նշանակում, որտեղ դղրդյունը, գվվոցը, դռռոցը, ոռնոցը, թափանցելով մարդու մեջ, շատ քիչ բան են տալիս նրան։ Աղմուկը` հանդուգն ու հիասթափեցնող, գոռոզ ու դատարկ, ինքնավստահ և մակերեսային, անողոք ու կեղծ։ Կարելի է վարժվել աղմուկին, բայց երբեք չի կարելի հաճույք ստանալ նրանից։ Նա չի թաքցնում իր մեջ ոչ մի «հոգևոր» բան. նա ազատ է որևէ «երրորդ», հոգևոր չափումից։ Նա «խոսում է»` չունենալով որևէ ասելիք։ Այդ պատճառով ամեն մի վատ արվեստ, ամեն մի հիմար խոսք, ամեն մի դատարկ գիրք աղմուկ է։ Ընդ որում, աղմուկն առաջանում է հոգևոր «ոչնչից» ու չքանում հոգևոր «ոչնչում»։ Նա դուրս է քաշում մարդուն իր հոգևոր ապաստանից, իր կենտրոնացումից, կանչում նրան այնտեղից, գրգռում, կապում այնպես, որ նա ապրում է արդեն ոչ թե հոգևոր, այլ բացառապես արտաքին կյանքով։ Ժամանակակից հոգեբանության լեզվով` նա պատվաստում է մարդուն «էքստրավերտ (անգլերենից` առանց հոգևոր հետաքրքրությունների) կողմնորոշում»` ոչինչ չփոխհատուցելով նրան։ Մոտավորապես այսպես. «Ողջունում եմ քեզ, այ մարդ։ Լսի՛ր։ Սպասի՛ր։ Ասենք, ոչ մի բան էլ չունեմ ասելու»։ Եվ նորից, և կրկին։ ՈՒ խեղճ մարդը, ենթարկվելով հարձակումների, նույնիսկ չի կարողանում հետ մղել հարձակվողին. «Եթե ասելիք չունես, հանգիստ թող ինձ»։ Եվ ինչքան շատ է մարդը հրապուրված աղմուկով, այնքան սովորական է նրա հոգու համար ուշադրություն դարձնելը զուտ արտաքին բաների վրա։ Նա տրվում է արտաքինին։ Աղմուկի շնորհիվ արտաքին աշխարհը դառնում է նշանակալից։ Նա խլացնում է մարդուն, կուլ տալիս նրան, դարձնում նյութապաշտ, քանզի նյութապաշտը հենց նա է, ով սևեռվում է արտաքին նյութի վրա և համարում այն միակ իրականությունը։ Աղմուկը, այսպես ասած, «կուրացնում» է մարդկային ականջը, նրա լսողությունը, նրա ըմբռնումը, մարդը դառնում է հոգեպես «խուլ»։ Աղմուկը խլացնում է ամեն ինչ արտաքին աշխարհում` աշխարհի երգը, բնության հայտնությունը, ոգեշնչումը տիեզերքի լիակատար լռությունից։ Իսկ ներքին աշխարհում` բառի առաջացումը, մեղեդու ծնունդը, հոգու հանգստությունը, գիտակցության անդորրը, «Մեզ հետ խոսող Աստծո մեղմ ձայնը» (Լաֆատեր)։ Որովհետև, հիրավի, որտեղ չկա լռություն, այնտեղ չկա անդորր, որտեղ աղմկում է չնչինը, այնտեղ լռում է հավիտենությունը, որտեղ դես ու դեն է ընկնում սատանան, այնտեղ չես լսի հրեշտակների երգը։ Աստծո պարտեզը ծաղկում է լռության մեջ։
Երկչոտ է և մուսան։ Ինչ հեշտ է վախեցնել նրան աղմուկով։ Նուրբ է նրա էությունը, նուրբ է նրա ձայնը։ Իսկ աղմուկը հանդուգն տղա է։ Այդ անտաշ տղան ոչինչ չգիտի խորհրդավոր, նախասկզբնական մեղեդու մասին, որը վեր է բարձրանում հոգու ջրհորից` երբեմն հարց տալով, երբեմն` հոգոց հանելով, երբեմն` աղերսելով։ Այդ տղան «ոչ-երաժշտական» է ու «հակա-երաժշտական»։ Նա դուրս է մղում նախասկզբնական մեղեդին երկրային կյանքից ու երկրային երաժշտությունից։ Եվ մեր աղմկոտ ժամանակաշրջանն արդեն այնքան հեռու է գնացել, որ միայն տիտանական խառնվածք ունեցող երաժիշտներն են ի վիճակի ընկալելու այդ աստվածային նախասկզբնական մեղեդին։ Ես չգիտեմ այս աղետից որևէ սփոփանք։ Կա միայն մեկը` հաղթահարել աղմուկը։
Պատրաստեց Պավել ԱՆԱՆՅԱՆԸ

Դիտվել է՝ 4723

Մեկնաբանություններ