ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը կչեղարկի Ջո Բայդենի վարչակազմի կարգադրությունները՝ պաշտոնն ստանձնելուց հետո առաջին շաբաթվա ընթացքում՝ հայտնել է Թրամփի շտաբի մամուլի քարտուղար Քերոլայն Լիվիթը։ Նրա խոսքով՝ Բայդենի ստորագրած 94 հրամանագրեր հանգեցրել են տնտեսական ճգնաժամի։ «Դրա համար էլ Թրամփին վերընտրել են նախագահի պաշտոնում, որպեսզի կանգնեցնի հետընթացը»,- հավելել է նա։               
 

ԱՌԱՍՊԵԼ ԴԱՐՁԱԾ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ

ԱՌԱՍՊԵԼ ԴԱՐՁԱԾ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ
15.03.2011 | 00:00

«ԱՆԲԱՆԱԿ ԶՈՐԱՎԱՐՆԵՐԻ ԱԶԳ»
Տարիներ առաջ մի հայ հարցրել է Վիլյամ Սարոյանին, թե ինչու նա, որ սիրում է իր հայրենիքը, չի գալիս Հայաստան` ապրելու: Սարոյանն իրեն հատուկ անկեղծությամբ պատասխանել է, թե տաղանդավոր հայեր շատ կան և՛ Հայաստանում, և՛ աշխարհում. Հայաստանը փոքր է բոլորի համար: Այո, այսօրվա Հայաստանը` թերևս, բայց հազար, երկու հազար տարի առաջ Մեծ Հա՞յքն էլ է փոքր եղել տաղանդավոր հայորդիների համար։ Մեր ազգի պատմությունն ընդհանրապես, իսկ մշակույթի պատմությունը մասնավորապես, ցավոք, լի են նման իրողություններով: Հիշենք փիլիսոփա և ճարտասան Պարույր Հայկազնին, որը Հին Հունաստանում հասավ իր փառքի գագաթնակետին. կենդանության օրոք նրա արձանը կանգնեցվել է անգամ Հռոմում` «Աշխարհի թագուհի Հռոմը` ճարտասանության թագավորին» մակագրությամբ: Շատ հույն փիլիսոփաների արձաններ և կիսանդրիներ են պահպանվել Հռոմեական կայսրության ժամանակներից, սակայն Պարույր Հայկազնինը, որի անունն անգամ հույները փոխել էին` դարձնելով Պրոերեսիոս, չի պահպանվել:
Խորհել է պետք։
Պատմահայր Խորենացին գրում է տրոյացիների կողմից հելլենների դեմ իր զորքով կռված Զարմայր զորավարի մասին: Հապա Բյուզանդիայի մոտ երկու տասնյակ հայ կայսրե՞րը, որոնց քաղաքական, ռազմական, քաղաքացիական, տնտեսական ու դիվանագիտական փայլուն մտքի և մշակութային բարեփոխումների շնորհիվ հզորացել և ծաղկել է բյուզանդական կայսրությունը:
Եվրոպական նոր պատմագրությունը գիտական հավաստի փաստերով ապացուցում է, որ Արևելյան Հռոմեական կայսրությունն իր քաղաքական, ռազմական հզորության և մշակութային աննախադեպ ձեռքբերումների համար մեծապես պարտական է հայերին: Բյուզանդիան, կորցնելով հին հունական դասական մշակույթի ներգործության ուժը, տարածաշրջանի ժողովուրդներին, մշակութային առումով, գրեթե ոչինչ չուներ տալու. նրանց գրավում էր իր քաղաքական հզորությամբ և այլ ազգերի հանդեպ դրսևորած հանդուրժողականությամբ. դաստիարակությունն ու կրթությունն էին կարևոր, բայց ոչ ազգային ծագումը: Ահա այդ ժամանակ էլ Բյուզանդիան իր շահերի համար օգտագործում է հայերի ստեղծագործական ներուժը, որ արմատացած էր նրանց հնագույն ավանդույթների մեջ:
«Բյուզանդիայի կայսրերը հատուկ արտոնյալ պայմաններ էին ստեղծում հայ նախարարների, արվեստագետների, ճարտարապետների և շինարարների, վաճառականների և արհեստավորների համար: Հայերի գերազանց ընդունակություններն ու մեծ փորձը ռազմական գործում ըստ արժանվույն էին գնահատում Բյուզանդիայի կայսրերը, իսկ հայ նախարարների զորագնդերը բյուզանդական բանակում համարվում էին առավել ուժեղ ռազմական միավորներ և առաջնորդող դեր էին կատարում այլ զորագնդերի համար»:
Նույն բյուզանդական կայսրության ժամանակաշրջանում փայլուն զորավար Նարսեսը (ծնվ. մոտ 478 թ.), որ սերում էր Մեծ Հայքի` Պարսկաստանի տիրապետության տակ եղած տարածքից (387 թ. Հայաստանը բաժանվեց Հռոմի և Պարսկաստանի միջև), վեստգոթերի (գերմանական ցեղեր), ալեմանների և ֆրանկների դեմ Բյուզանդիայի տված ճակատամարտում ջախջախիչ հաղթանակ է տանում և վերափոխում է Իտալիայի կառավարման համակարգը:
Բյուզանդիայի հայազգի կայսրերից առաջինը Մավրիկիոսն էր (Մորիկը` հայերեն), որը Ռավեննայում և Կարթագենում հիմնում է հզոր ռազմական հենարաններ: Նա էր, որ հազարավոր հայերի տեղահանեց Հայաստանից և բնակեցրեց Բյուզանդիայի սահմանամերձ շրջաններում` արտաքին թշնամիների հարձակումները նրանց ուժերով կասեցնելու համար: Հետաքրքիրն այն է, որ Բյուզանդիայի հայ կայսրը կայսրության սահմանների անձեռնմխելիությունը և պաշտպանությունը վստահել է միայն իր ազգակիցներին` հայերին։
Խորհել է պետք։
Բյուզանդական իշխանությունը ձգտում էր կայսրության տարածքում ունենալ նվիրված, կառավարման մեջ փորձառու տեղապահներ: Այդ նպատակով առանձնահատուկ հոժարությամբ հրավիրվում էին բալկանյան և աֆրիկյան պատերազմներում իրենց լավագույնս դրսևորած հայ քաղաքական և ռազմական գործիչները: Նրանցից էր Լևոն անունով մի հայ զորավար, որը 717-741 թթ. դառնում է Բյուզանդիայի կայսրը` որպես Լևոն 3-րդ: (Մի հարցնող լիներ, թե ինչ էին անում այդ զորավարներն օտար երկրների շահերի համար մղվող պատերազմներում, երբ իրենց երկիրը օտար զավթիչների գերին էր): Մեկ այլ փաստ. հայազգի Բարսեղ Բ-ի (Վասիլ, 976-1025 թթ.) օրոք Բյուզանդիան հասնում է իր հզորության գագաթնակետին: Բարսեղ Բ-ն երկաթյա կամքով, դաժան և խստաբարո մարդ էր. նա կատաղի հակառակորդ էր պալատական քծնանքի և նրբագեղ վարվեցողության:
Բյուզանդիայի պատմության մեջ նա հայտնի է եղել որպես «բուլղարներին կոտորող»: Նրա ոխերիմ թշնամին եղել է բուլղարների թագավոր Սամուիլը (որը, ի դեպ, ծագումով հայ էր):
Զարմանալի է. երկու հայ, մեկը հզոր Բյուզանդիայի հզոր կայսրն է եղել, մյուսը` Բուլղարիայի թագավորը, որի երկիրը, համենայն դեպս, քիչ գլխացավանք չի պատճառել Բյուզանդիային: Այս հայերից ամեն մեկը պաշտպանում էր իր թագավորած երկրի շահերը, նրանք ոխերիմ թշնամիներ են եղել։ Զարմանալի է։
Եվ այս երկու հայերը թողել էին իրենց հայրենիքը` Հայաստանը, օտար զավթիչների ոտքի կոխան և հզորացնում էին ուրիշի հայրենիքը, ինչպես ավստրիացի պատմաբան, բյուզանդագետ Էլիզաբեթ Բաուերն է գրում. «Հայազգի կայսրերը չափազանց նվիրված և հավատարիմ էին իրենց թագավորած երկրների շահերին. հաճախ նրանց վարած քաղաքականությունը հակասում էր Հայաստանի շահերին. կայսրությանը ծառայելով` նրանք հետին խորշ էին գցում իրենց ազգային զգացմունքները»:
Իհարկե, բարոյական տեսակետից ազնիվ դրսևորում է եղել հայազգի կայսրերի պահվածքը. չդավաճանել և ի չարս չգործադրել իշխող դիրքը։ Իսկ արդոք բարոյակա՞ն է ուրանալ սեփական ազգը և անտեսել իր հայրենիքի շահերը և ոչ միայն չնպաստել ուժերի կարեցածի չափով հայրենիքի հզորացմանն ու անկախության պահպանմանը, այլև հակառակը:
Խորհել է պետք։
Եվ պատմության դաժան ապտակը, որը կարծես պիտի սթափեցներ մեզ` օտար ազգերի կայսրերի, արքաների, փոխարքաների, զորավարների և դուքսերի կարգավիճակով հայ ծառաների ազգակիցներիս, ավաղ, անհետևանք է մնացել:
Եվ դեռ այսօր էլ են որոշ հայեր շարունակում ծառա լինել օտար ազգերին: Բառացիորեն վերջերս մի բարձրաստիճան ռուս սպա, որ լիազորված էր իր պետության կողմից, կոչ էր անում հայերին պայմանագրով ծառայել ՌԴ բանակում` բարձր աշխատավարձ և քաղաքացիություն ստանալու հեռանկարով և, իհարկե, չզլացավ «գովեստի խոսքեր» ասել, թե հայերը ծնված օրից մարտիկներ են: ՈՒրեմն, օտարները լավ գիտեն մեր արժանիքներն ու առավելությունները. իսկ մե՞նք…
Խորհել է պետք:
Եվ իզուր չէ, որ ազգիս լուսավոր դեմքերից մեկը` Գարեգին Նժդեհը, մեզ` հայերիս, բնութագրել է որպես «անբանակ զորավարների ազգ»: Բավական է հիշել ռուսական բանակի հայ նշանավոր զորավարներին և համոզվել այդ խոսքերի ճշմարտացիության մեջ:
Ինչպես վերն ասվեց, այդ հայորդիները մեկնել են օտար երկրներ այն դարերում և տարիներին, երբ Հայաստանը կորցրել էր իր անկախությունը և օտար զավթիչների լծի տակ էր, կամ, քաղաքականության լեզվով ասած, չուներ տնտեսական, քաղաքական և ռազմական անկախություն. օտարն էր հայի հայրենիքում պետության տերը, հետևաբար, հայը զրկված էր սեփական երկրում քաղաքական, զինվորական և մշակութային ասպարեզներում իր բնատուր կարողությունները դրսևորելու ամենատարրական հնարավորություններից:
Եվ այսպես, սկսվում է արտագաղթը` անհատների, գերդաստանների, իշխանական տների. վերջիններս հեռանում էին իրենց ողջ ունեցվածքով և ռազմական ուժով հանդերձ: Վաղ միջնադարից Արևելքի և Արևմուտքի, Հյուսիսի և Հարավի երկրներում ստեղծվում են հայ գաղթօջախներ, որոնց երկու սերունդ է լավագույն դեպքում կարողացել պահպանել իր ազգային ինքնությունը. ամենակուլ ուծացումն իր սև գործն է արել հետո։ Ի դեպ, գաղութների և գաղթօջախների վերաբերյալ մի փոքրիկ վերլուծություն անենք:
Ժողովուրդների տեղաշարժը նորություն չէ պատմության մեջ. հայտնի են, այսպես կոչված, «հնդեվրոպացիների» մեծ տեղաշարժը, և ավելի ուշ` 15,16,17,18,19-րդ դարերում եվրոպական ազգերի և ռուսների տեղաշարժերը: Այս վերջինները տեղաշարժի նոր որակ ստեղծեցին. բուն երկրում պահպանելով իրենց պետականությունը` նրանք զավթում էին զենքի ուժով գրաված որևէ ազգային-աշխարհագրական կամ պետական միավոր և հնազանդեցնելով` ստեղծում էին իշխանության նոր ձև` գաղութատիրություն և այդ երկրի հարստությամբ հզորացնում էին իրենց պետությունը: Այն ազգերը, որոնց գրաված տարածքները սահմանակից էին իրենց պետությանը, ընդարձակում էին, կամ ինչպես մի ռուս գրող է ասել` «իրենց հայրենիքը առաջ էին մղում», իսկ եթե գաղութակիր երկրները հեռու էին կամ օվկիանոսից այն կողմ, ապա այնտեղից նավերով և գնացքներով «հոսում էր» այդ երկրների հարստությունը, իսկ այս կողմից պարտադրվում էին գաղութարար երկրի լեզուն, մշակույթը, բարքերը…
Համաշխարհային տեղաշարժերից «անմասն» չենք մնացել նաև մենք` հայերս. տեղաշարժվելով (հեռանալով հայրենիքից)` մենք նախ մեզ «ազատագրում էինք» մեր հայրենիքում պետության տեր դարձած օտար զավթիչների դաժանություններից, հարստահարությունից, ճնշումներից և անօրինություններից: Հեռացել ենք ոչ թե զենքով ուրիշի երկիրը գրավելու և զավթելու և մեր հայրենիքը հարստացնելու կամ սահմանները ընդարձակելու նկրտումներով, այլ սեփական գոյությունը որոշ ժամանակով երկարելու զուտ մարդկային նպատակով: Եվ երբ մեր տեղաշարժը համեմատում ենք այլ ազգերի տեղաշարժի հետ, պարզվում է` հայերս, դուրս գալով հայրենիքից, (յուրաքանչյուրս իր հերթին) փոքրացրել ենք նրա սահմանները և, ձուլվելով օտար ազգերի մեջ, շենացրել ենք ուրիշների հայրենիքը մեր խաղաղ աշխատանքով և երախտապարտ ենք եղել, որ մեզ ապրելու և ստեղծագործելու հնարավորություն են տվել։
Խորհել է պետք։
Պատմամշակութային նման տարագրության արդյունք էր նաև Իտալիայի Վենետիկ քաղաքի հայկական գաղութի ծնունդը:
(շարունակելի)
Մարի ԲԱՐՍԵՂՅԱՆ-ԽԱՆՋՅԱՆ

Դիտվել է՝ 3681

Մեկնաբանություններ