ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը կչեղարկի Ջո Բայդենի վարչակազմի կարգադրությունները՝ պաշտոնն ստանձնելուց հետո առաջին շաբաթվա ընթացքում՝ հայտնել է Թրամփի շտաբի մամուլի քարտուղար Քերոլայն Լիվիթը։ Նրա խոսքով՝ Բայդենի ստորագրած 94 հրամանագրեր հանգեցրել են տնտեսական ճգնաժամի։ «Դրա համար էլ Թրամփին վերընտրել են նախագահի պաշտոնում, որպեսզի կանգնեցնի հետընթացը»,- հավելել է նա։               
 

ԱՌԱՆՑ «ԹԱՎՇԵ ՁԵՌՆՈՑՆԵՐԻ»

ԱՌԱՆՑ «ԹԱՎՇԵ ՁԵՌՆՈՑՆԵՐԻ»
09.04.2010 | 00:00

Ղրղզստանում էլի գարուն է, և ինչպես այստեղ արդեն ընդունված է, գարնանն ուղեկցում է բնականոն, հերթական «ղրղզական հեղափոխությունը», այստեղից բխող բոլոր հետևանքներով ու զուգընթաց առանձնահատկություններով, իր տրամաբանությամբ ու գործող անձանցով։ Ինչպես հայտնի է, անկարգությունները բռնկվեցին երկրի հյուսիսում գտնվող Թալաս քաղաքում։ Ընդդիմության կողմնակիցները մի քանի փորձ արեցին զավթելու մարզային վարչակազմի շենքը, պատանդներ վերցնելու, հընթացս պահանջելով նախագահ Կուրմանբեկ Բակիևի հրաժարականը։ Հարկ եղավ ամբոխը ցրել արցունքաբեր գազով։ Միլիցիայի հետ ընդհարումներից հետո մի քանի մարդ ձերբակալվեց, հարուցվեցին քրեական գործեր` իշխանությունը բռնազավթելու փորձի մեղադրանքով։ Այնուհետև հուզումներն անցան մայրաքաղաք Բիշքեկ։ Օտարերկրյա լրատվական գործակալությունները շտապ հաղորդագրություններ տարածեցին մարդկային հոծ զանգվածների (մոտ 5 հազար մարդ) ընդվզման մասին, որոնք շարժվում էին դեպի կառավարական հիմնարկներ։ Հաղորդվում էր նաև իրավապահ ուժերի հետ ընդհարումների, կրակոցների, արցունքաբեր գազ գործադրելու, հեռուստատեսությունը, պետհիմնարկները, խորհրդարանը բռնազավթելու և ավերելու մասին։ Դրա հետևանքով երկու օրվա ընթացքում իշխանությունն ընկավ, նախարարների կաբինետը հրաժարական տվեց, ղրղզական ընդդիմությունը հայտարարեց նոր կառավարության ձևավորման մասին։ Ձևավորված նոր վարչական ապարատը ապստամբներն անվանեցին «ժողովրդական վստահության կառավարություն», դրա ղեկավար նշանակվեց արտաքին գործերի նախկին նախարար Ռոզա Օթունբաևան, իսկ նախագահ Բակիևը ոչ մեծ ինքնաթիռով մեկնեց երկրի հարավ` հարազատ Օշ քաղաք։ Այս բոլոր իրադարձությունները, ղրղզական սովորույթի համաձայն, ուղեկցվում էին մարդկային զոհերով, դիակապտությամբ, հրկիզումներով ու թալանով։
Հուզումները Ղրղզստանում, ըստ պաշտոնական վարկածի, բորբոքվել էին այն պատճառով, որ իշխանությունները չէին բավարարել մարտի 17-ին կայացած ընդդիմադիր կուրուլտայի (ժողովի) վերջնագիրը։ Նախագահ Բակիևի հակառակորդները պահանջում էին չեղյալ համարել էլեկտրաէներգիայի ու ջեռուցման նոր սակագները, պետության հաշվեկշռին վերադարձնել մի շարք խոշորագույն ձեռնարկություններ, վերացնել զարգացման կենտրոնական գործակալությունը, որը գլխավորում է նախագահի որդին, և պաշտոնանկ անել պետության ղեկավարի այլ ազգականների։ Ընդդիմությունը նախագահին մեղադրում էր կոռուպցիայի և կլանայնության, քաղաքական հետապնդումների, խոսքի ազատության սահմանափակման ու սոցիալական քաղաքականության ձախողման մեջ։ Դա լուրջ առիթ էր զանգվածային դժգոհությունների համար։
Ղրղզստանում տեղի ունեցած ներկա իրադարձությունները լրատվամիջոցները, առաջին հերթին ռուսական, արդեն կնքել են նոր «կակաչների հեղափոխություն» անունով։ Սակայն ուշադիր վերլուծության դեպքում ակնհայտ է դառնում, որ տեղի ունեցածն ամենևին չի համապատասխանում «գունավոր հեղափոխությունների» նորմերին։ 2005-ի իրադարձություններից սկզբունքային տարբերությունը ոչ միայն այն է, որ հիմա բարիկադների տարբեր կողմերում հայտնվել են նախկին զինակիցները (դա նկատվում է, փաստորեն, գունավոր հեղափոխություններ տեսած բոլոր երկրներում), այլև այն, որ ընտրություններ չեն եղել, որոնց արդյունքները վիճարկի ընդդիմությունը, չի եղել ո՛չ խաղաղ, ո՛չ բռնի «դիմակահանդես-միտինգ», ոչ մի գունագեղ տարբերանշան, թեև ընդդիմության որոշ գործիչներ կոչ էին անում օգտագործել վառ դեղին ժապավեններ, կրծքանշաններ` ընդգծելով մասնակցությունը բողոքի շարժմանը, բայց ոչ մեկը, ինչպես երևում է, դրա ժամանակը չուներ։ Իրադարձությունները ծավալվեցին բավականին արագ և բուռն տեմպերով։ Սկզբում դրանք ծայր առան տարածաշրջաններում, միավորվեցին և հետո միայն տեղափոխվեցին մայրաքաղաք (գունավոր հեղափոխությունն ընթանում է հակառակ ուղիով` կենտրոնից արվարձաններ)։ Բացի այդ, բռնություններ գործադրվել են առաջին իսկ րոպեներից, և դա սոսկ ազգային առանձնահատկության դրսևորում չէ։ Չէ՞ որ նախորդ «կակաչների հեղափոխության» ժամանակ ամբոխը քաղաքական գործիչների հսկողությունից դուրս եկավ մի քանի օր անց` մի շարք խաղաղ միտինգներից հետո։ Ավելին, չկար նաև կոնկրետ համընդունելի առաջնորդ, իսկ «ղրղզական խառնակության» գլխավոր շարժիչ ուժը, ըստ էության, ոչ թե ժողովուրդն էր և անգամ ոչ թե ընդդիմությունը, այլ փողոցի ամբոխը։ Թվում է` այս ընդվզումը դասական հեղափոխություն կամ ապստամբություն է։ Այստեղից էլ կազմակերպված ելույթները տարածաշրջաններում, արագ գրոհն ու զենքի զավթումը, հարձակումը կառավարական շենքերի վրա, պատանդներ վերցնելն ու նրանց նկատմամբ հաշվեհարդարը (հարկավոր էր վախ ու անվստահություն սերմանել)։ Այս շրջանակներին միանգամայն ներդաշնակ է նաև ապստամբների կողմից իշխանության մարմինների արագ հռչակումը, և մայրաքաղաքային ու համապետական նշանակության կառուցվածքների վրա զինված խոշոր խմբավորումների գրոհը։ Դա ուղեկցվում էր հարավ տանող ճանապարհների շրջափակմամբ, որտեղից գործող վարչակազմը կարող էր օգնություն ակնկալել։ Այսինքն, բոլոր նշված չափանիշներով նկատվում էր զուտ զինվորական ուժային գործողություն, ընդ որում` իրացման սահմանափակ ժամկետներով։ Եվ այստեղ, ուզես-չուզես, պետք է ենթադրես, որ այս բոլոր իրադարձությունների հետևում, ամենայն հավանականությամբ, և առաջին հերթին, կանգնած են ոչ թե քաղաքական գործիչներ, այլ զինվորականներ։
Որոշ ռուս փորձագետներ արդեն պնդում են, որ դա Աֆղանստանում գործող ԱՄՆ-ի զինվորական և համապատասխան հատուկ ծառայությունների գործն է` «հարկավոր էր շտապ տապալել Ղրղզստանում գործող իշխանությունը, ելնելով ռազմական գործողությունների ենթատեքստի ինչ-ինչ խնդիրներից։ Սակայն, եթե մի կողմ նետենք կանխակալությունը և ցանկալին իրականություն ներկայացնելու միտումը, ապա տեղի ունեցածի հետևում ամենից առաջ երևում են ռուսական կառույցների «ականջները»։ Նախ, դա ձեռագիր է, ռուսական հատուկ ծառայությունները չունեն և երբեք չեն ունեցել «թավշյա ձեռնոցներով» աշխատելու ցանկություն, փորձ և ռեսուրսներ։ Հօգուտ այդ ենթադրության է խոսում նաև այն, որ ապստամբությունն սկսվել է Ռուսաստանին հարող հյուսիսային մարզերում։ Բացի այդ, առաջին իսկ րոպեներից «տեղեկատվական հոսքը» գալիս է բացարձակապես Ռուսաստանից, որն իշխանություններին հիմք տվեց բողոք ներկայացնելու Բիշքեկում Ռուսաստանի դեսպանին և հայտարարելու, որ ռուսական լրատվամիջոցները «կանխակալ են լուսաբանում հանրապետությունում տիրող իրավիճակը»։ Համապատասխանաբար իշխանությունները, որոշ ուշացումով, շրջափակեցին ռուսական կայքերը, դադարեցրին ռուսական հեռուստաընկերությունների հաղորդումները։ «Ռուսական հետքի» վարկածի համար հիմք է տալիս նաև այն փաստը, որ ընդդիմության բոլոր առաջնորդները վերջերս բավականին երկար ժամանակով գտնվում էին Ռուսաստանում, իսկ Մոսկվայից վերադարձած Թեմուր Սարիևը նույնիսկ հայտարարել էր, թե Վլադիմիր Պուտինն աջակցություն է հայտնել բողոքի գործողություններին։
«Գող` սիրտը դող» սկզբունքով ռուսները շատ օպերատիվորեն, հոդաբաշխ և բոլոր մակարդակներում սկսեցին պնդել, թե «Ռուսաստանը կողմ է չմիջամտելուն», որ այդ ամենը Ղրղզստանի ներքին գործն է, որ տեղի ունեցածը «ռուսական դիրքորոշման» հետ շաղկապելը տեղեկատվական կեղծիք է։ Վլադիմիր Պուտինը, օրինակ, ասաց, որ ռուսական իշխանությունները ոչ մի առնչություն չունեն այդ հանրապետությունում տեղի ունեցողին, որ նախագահ Բակիևն ընտանեվարության և կոռուպցիայի շահերի զոհն է դարձել։
Իսկ Մեդվեդևը, ըստ էության, արդարացրել է ջարդերն ու արյունահեղությունը, համարելով, որ ժողովրդի համբերությունը հատել է, և դա պետք էր սպասել։ Շատ հետաքրքիր է նաև այն, որ ոչ ոք մտադիր չէ Բակիևին քաղաքական ապաստան տալ Մոսկվայում, ինչն արվել էր նախկինում` նախորդ տապալված նախագահների պարագայում։
ՈՒշադրություն դարձնենք նաև մի ամբողջ շարք անուղղակի հանգամանքների, որոնք, այդուամենայնիվ, «բիկֆորդյան քուղ» դարձան սոցիալական պայթյունի համար և խորացրին իշխանությունների ծանր վիճակը։ Այսպես, բառացիորեն վերջերս Մոսկվայում էր գտնվում Ղրղզստանի վարչապետը, որտեղ նրան մերժեցին ոչ միայն վարկեր տրամադրել, այլև երկիրն ընդգրկել մաքսային միության մեջ։ Այնուհետև, ապրիլի 1-ից նավթային ընկերությունները ռուսական մաքսային մարմիններից պահանջ ստացան Ղրղզստան նավթամթերքների մատակարարման համար 100 տոկոս արտահանման տուրք վճարելու մասին։ Եվ դա այն դեպքում, որ Ռուսաստանի ու Ղրղզստանի միջև գործում է միջկառավարական համաձայնագիր ազատ առևտրի մասին, որը զրոյական տուրք է նախատեսում։ Բացի այդ, անուշադրության մատնվեց նաև 160 մլն դոլար վարկ տրամադրելու մասին Եվրասիական տնտեսական ընկերակցության հակաճգնաժամային հիմնադրամին ուղղված Բիշքեկի խնդրանքը։ Սակայն «կամակոր Բակիևը» չհասկացավ «ակնարկները» և սկսեց ԱՄՆ-ի հետ պայմանավորվել երկրում տարանցիկ փոխադրումների կենտրոնի գտնվելու ժամկետը երկարացնելու («Մանաս» նախկին բազան) և ռազմավարժական նոր կենտրոնի շինարարության շուրջ։ Նկատենք, որ «ռուսական ազդեցության» այդ գոտում ամերիկացիների ներկայությունը վաղուց արդեն «կարմիր լաթ» է դարձել Կրեմլի համար։ Թեև այնտեղ լավ են հասկանում, որ եթե չլիներ ՆԱՏՕ-ական պատնեշը, ապա թալիբները կլցվեին ոչ միայն Կենտրոնական Ասիայի երկրներ, այլև ավելի հյուսիս։ Իսկ իրենք` ռուսները, ամենևին էլ չեն ուզում «կռիվ-կռիվ» խաղալ։ Սակայն, առանց «Մոսկվայի օրհնանքի», ամերիկացիների գտնվելը շատ նյարդայնացնող է ու նախանձով է ընդունվում։ Հավանաբար, պատահական չէ և խիստ հատկանշական է, որ այս խառնակ օրերին աքսակալների խորհուրդը (ավանդական և դեռևս ղարաբաղյան շարժման ժամանակներից մեզ լավ հայտնի հնարք` ռուսական հատուկ կառույցների կողմից) պահանջեց երկրից հանել ամերիկյան բազաները։ Պարզվում է, «ամերիկյան զինվորական ներկայությունն է Ղրղզստանում քաղաքական ցնցումների պատճառ դարձել», իսկ միջազգային պայմանագրերի ու համաձայնագրերի չկատարումը պատճառ է դարձել հարևանների հետ հարաբերությունների վատթարացման, հատկապես վաղեմի ռազմավարական գործընկերոջ ու բարեկամի` Ռուսաստանի հետ։
Ինչո՞վ կավարտվի այս ամենը և, արդյոք, կաշխատի՞ վերջնական հեղաշրջման սցենարը, առայժմ շատ դժվար է ասել։ Չէ՞ որ առջևում, շատ հնարավոր է, նոր ընտրություններ լինեն, իսկ դրանք միշտ էլ և՛ ցնցումներ են, և՛ ձեռնածությունների հնարավորություն։ Բացի այդ, ինչպես կարծում են փորձագետները, չի բացառվում «հյուսիս-հարավ» դիմակայության տարբերակը։ Չէ՞ որ Ղրղզստանը ոչ պաշտոնապես բաժանվում է աշխարհագրական երկու մասերի, որոնք վերահսկում են հյուսիսային ու հարավային կլանները։ Անցած անգամ` 2005-ին, բողոքի ալիք բարձրացավ հենց հարավից, քանի որ հարավային կլանների շահերը լրջորեն ոտնահարվում էին «հյուսիսցիների» ներկայացուցչի` Ակաևի կողմից։ Իսկ հիմա ամեն ինչ տեղի է ունենում ճիշտ և ճիշտ հակառակ սցենարով, և խռովություն է բարձրացրել Ղրղզստանի հյուսիսային մասը։ Ավելին, Բակիևը, որը ճողոպրել է երկրի հարավ, համապատասխանաբար պարտավորություններ ունի յուրայինների հանդեպ և չի կարող հենց այնպես անձնատուր լինել։ Տվյալ դեպքում կամավոր պաշտոնաթողություն լինել չի կարող։ Դեռ 2006-ին` բողոքի առաջին գործողություններից հետո, Կուրմանբեկ Բակիևը հայտարարել էր, որ ամեն պարագայում կաշխատի մինչև նախագահական իր ժամկետի վերջը։ Ավելին, ոչ մի վստահություն չկա, որ նոր իշխանությանը, սեփականության և ազդեցության ոլորտների արդեն սկսված վերաբաշխումից հետո, կհաջողվի որևէ բան փոխել սոցիալական ոլորտում և շարքային քաղաքացիների կյանքում։ Անգամ եթե նրանք Մոսկվայի ֆինանսական աջակցությունը ստանան, ապա դա, հավանաբար, երկար չի լինի, քանի որ իրենք` ռուսները, ո՛չ առանձնակի ցանկություն, ո՛չ էլ հնարավորություն ունեն տևականորեն դոնոր դառնալու։
Սակայն Ղրղզստանում տեղի ունեցած վերջին իրադարձությունները վկայում են ավելի կարևոր ու համընդգրկուն իրողությունների մասին։ Այն մասին, որ մենք վկաներն ենք նախկին խորհրդային երկրների նկատմամբ շատ ավելի կոշտ վերաբերմունքի։ Եվ առայժմ ամենևին պարզ չէ` սա եզակի ա՞կտ կլինի, թե՞ լուրջ ու կայուն անցում նոր իրողությունների։ Պարզ չէ նաև, թե ինչպիսին կլինի Արևմուտքի ու ԱՄՆ-ի արձագանքը. «նախկին խորհրդային տարածքը» նրանք կհանձնե՞ն Կրեմլին` հանուն ավելի «վսեմ նպատակների»։ Այս բոլոր հարցերը, անշուշտ, լուրջ վերլուծություն և արագ պատասխաններ են պահանջում։
Սոնա ՍԻՄՈՆՅԱՆ

Դիտվել է՝ 1396

Մեկնաբանություններ