Երիտասարդությունը միշտ եղել է ու կմնա ամենահամարձակ, անսանձ, նորարար, հեղափոխական և, միաժամանակ, ամենաանկայուն զանգվածը: Եթե ուզում ես հեղափոխել մի ամբողջ ժողովրդի, սկսիր երիտասարդներից:
Մենք` հայ երիտասարդներս, առաջ ենք գնում: Ես կասեի` սլանում ենք: Ապրում ենք հնարավորինս ժամանակին համահունչ` ներգրավելով մեր առօրյայում «նոր» («նեո») արմատն ունեցող բոլոր հնարավոր պարագաներն ու երևույթները` սկսած աշխարհայացքից, արևմտյան արժեհամակարգից մինչև արտաքին տեսքն ու ինֆորմացիոն տեխնոլոգիաների բնագավառը:
Սխալ չհասկանաք: Ես դրան ավելի քան կողմ եմ: Վաղուց ժամանակն է, որ մեր երիտասարդությունը և, ինչու չէ, առհասարակ ամբողջ հայությունը, դուրս գա միջազգային «մարդամեջ», թափ տա իր վրայի դարավոր փոշին, երիտասարդանա մի քիչ։ Հետո ի՞նչ, որ հին ենք: Հինն էլ նոր լույսով երևալու պահանջ ունի:
Սակայն զավեշտն այն է, որ մեր հասարակության գերակշիռ մասը չի կարողանում օգուտ քաղել ընձեռված «նորամուծություններից»:
Վերցնենք Հայաստանում վերջին 3-4 տարվա մեջ մեծ թափ առած «համացանց» հասկացությունը և դրա մասսայականացումը: Ե՞րբ են մեր «ջահելները» հասկանալու, որ իրենց էդքան սիրած ինտերնետը, ինչը, իրենց պատկերացմամբ, սահմանափակվում է «Одноклассники» և նմանօրինակ մի քանի այլ կայքերով, իրականում ունի շատ ուրիշ հնարավորություններ և բնավ նախատեսված չէ սրան-նրան «կպցնելու», անծանոթ կամ ծանոթ «համադասարանցիների» ֆորումներում կիսագրագետ «ճչանիկներ» ու վեցամյա երեխային վայել պրիմիտիվ «ոտանավորներ» (հենց ոտանավորներ, ոչ թե բանաստեղծություններ) գրելու համար: Եվ հենց այդ «օդնոկլասնիկամոլ» զանգվածի համար է հնարված «սարդոստայն» տերմինը. ընկնելով մեջը` չեն կարողանում դուրս գալ:
Արևմտյան երկրներում մարդիկ համացանցի օգնությամբ համալսարաններ են ավարտում, իսկ մենք նստած ժամանակ ենք «վառում»` ուղեղն արգելակող հիմարությունների վրա:
Ինտերնետնունի մի «լավ սովորություն»` եթե դու իրեն ճիշտ չես օգտագործում, ինքն է սկսում քեզ օգտագործել:
Ես ինքս համացանցի մեծ սիրահար եմ: Ինչպե՞ս չսիրես: Ցանկացած ինֆորմացիա ցանկացած պահի ձեռքիդ տակ է։ Երբ գիտես` ինչպես փնտրել և ինչպես օգտվել, համացանցը, ոչ ավելի, ոչ պակաս, գիտելիքի շտեմարան է:
Անձամբ ես գրանցված եմ մեկ այլ սոցիալական ցանցում` շատերին ծանոթ «Facebook»-ում: ՈՒ ի՞նչ մեղքս թաքցնեմ, այս հոդվածը գրելիս արդեն հասցրի երկու անգամ թարմացնել էջս` վերջին գրառմանս մեկնաբանությունները կարդալու համար: Այնպես որ, ինքս իմ մաշկի վրա եմ զգացել այն, ինչի մասին հիմա գրում եմ:
Շատերը սոցիալական կայքերին նայում են բացասական անկյան տակ` համարելով դրանք ժամանակի կորուստ և զոմբիացման մեխանիզմ:
Համաձայն չեմ: Եթե դու պոտենցիալ զոմբի չես, ոչ միայն համացանցը, ամենահմուտ հիպնոսողն անգամ չի կարողանա քեզ բթացնել: «Կիսվիր» քեզ հետաքրքրող ինֆորմացիայով, շփվիր ընկերներիդ հետ, արա «համով» գրառումներ, բայց մի՛ մոռացիր, որ սա ընդամենը ցանց է, ո՛չ իրական կյանք: Եվ մի շտապիր «իրերդ հավաքել» ու «բնակություն հաստատել» համացանցում:
Առակս ի՞նչ կցուցանե. ցանկացած լավ բան կախվածություն է առաջացնում: Ինքս ոչ մի ցանկություն չունեմ ինտերնետային թմրամոլ դառնալու, դրա համար էլ շաբաթական երկու օր կտրականապես չեմ այցելում ոչ մի սոցիալական ցանց: Ինչը նաև ձեզ եմ խորհուրդ տալիս. սահմանափակեք «ինտերնետային ժամերը» և օգտագործեք այն որևէ նոր ու օգտակար բան իմանալու համար:
Ինչպես կասեր Զադորնովը, «Если мышка искушает тебя, отсеки мышку свою»։
Անի ՄԱՐԴՈՅԱՆ