ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը հեռախոսազրույց է ունեցել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ՝ իրազեկում է The Washington Post-ը։ Թրամփը ՌԴ նախագահին խորհուրդ է տվել չսրել պատերազմն ՈՒկրաինայում և հիշեցրել նրան Եվրոպայում Վաշինգտոնի զգալի ռազմական ներկայության մասին։ Երկու երկրների ղեկավարները քննարկել են Եվրոպայում խաղաղության հասնելու հնարավորությունները։               
 

ԿԱԹՍԱՅԻ ԽՈՒՓԸ ՀՈՒՇԻ՜Կ ԴԵՆ ՀՐՎԵՑ

ԿԱԹՍԱՅԻ ԽՈՒՓԸ ՀՈՒՇԻ՜Կ ԴԵՆ ՀՐՎԵՑ
21.01.2011 | 00:00

«Եթե մարմնի վախճանատեղը գերեզմանն է, ապա հոգու վախճանը խեղճ ու անկռիվ բախումն է անորոշության պատին։ Մենք դառնում ենք նախիր ու հոտ և սկսում ենք անտարբերանալ հովիվների ու նախրապանների վարքի հանդեպ։ Իսկ անտարբերությունը տեսանելի է դարձնում վախճանը։ Անփառունակ վախճանը։ Եվ պետք չէ կամավոր խրվել ինքնախաբեության մղձավանջի` հրճվանքի մեջ և խրոխտի, չպարտվողի կեցվածք ընդունել։ Մեկ է` դա չի փրկի»։
Վահագն ՄՈՒՂՆԵՑՅԱՆ

ՇԱՆ ԳԼՈՒԽԸ` ՔՈՍ ՈՒ ՓԱՌՈՎ ՀԱՄԵՄՎԱԾ
Եվ ահա որտեղ է թաղված շան գլուխը։ Ո՛չ որսաշան։ Փափկամորթ շնատեսակներ կան` խաչասերումների վիժվածքներ, որ չեն հաչում, վայրահաչում են միայն տիրոջ քաղքենաբույր գրկում։ Հետո էլ` չեն կծում, խայթում են քաղքենու սրունքն ու ամորձին, երբ բավարական սարդելկա-հղփերշիկը փոխարինվում է հայրենական ապուխտով։
Իսկ նվաստս շան գլխի փնտրտուքում էր տարին փակում։ Գտա՜։ 2010-ի ավարտափուլին գրական տունը` նկարչի, երգահանի և մյուս տների մարտական համերաշխությամբ սահմանեց-հանձնեց «Գեղանք» և «Կեղանք» մրցանակները։
«Գեղանքն» ընդունվեց վաստակած հպարտությամբ։
«Կեղանքը» ստիպեց կեղանքաբարո լրամրողներին ու նրանց գերկեղանք ստնտուներին ոգեշունչ կայտառանալ և ուղերձներ հղել ստեղծագործական օջախներին` դեռ հլա ո՜ւր եք, հլա դեռ ինչե՜ր եք լսելու։
Զարմանահրաշ իրավիճակ է նորանկախ մամլո անդաստանում։ Կեղանքաբարոների վաստակը եռակի-հնգակի գերազանցում է գեղանքաբարոներինը։ Առակս, այսպիսով, ի՞նչ կցուցանե։ Անչա՜փ դյուրամարս մի բան։ Կեղանքային ախտահարումների մոխրագույն կարդինալները հնագույն դիվախաղի անզուգական կրկնորդներն են և հրաշալի գիտակցում են, որ եթե տանդ շեմն աղտոտ ու գարշաբույր է, դիմահայաց մաքրակենցաղ դրկիցիդ մեղադրում ես քրոնիկ թափթփվածության մեջ և շահում ես էապես, մեկ գնդակով երկու նապաստակ ես գետնում, 50-դրամանոց հավկիթ հայթայթում և այլն։
Դու ձերբազատվում ես արատներիցդ։
Նա գամվում է անարգանքի սյունին։ Գոնե մի պահ և գեթ մի խումբ բերանբաց-թամաշավորների առջև։
Շրջանը փակվում է։ ՈՒ քրոնիկ բարոյազուրկը նորահարսի հանդերձ է հագնում։ Եվ հերթական կարմիր խնձորներն են պարկապզուկի զգլխիչ նվագակցությամբ շարան-շարան պար բռնում կավատային սնարքի շուրջ։ Նորանկախ մեր մամլո ծառուղիներում սա վարքականոն ու ավանդույթ է։ Բազմավաստակ կավատը, մոլեմսխուն արծաթի շաբաշով, պորտապար է բռնել լացող ուռենիների զովասուն ստվերներում։ ՈՒ չարքաշ աշխատանքի պտուղները դեռ չճաշակած մտավորականը դառնում է շաբաշի աջթևայինների քստմնելի հաշվեհարդարի թիրախը։
ՈՒ մեծ ուշացումով, սակայն անպատճառ տեղին սահմանված «Կեղանքն» այսօր ու այսուհետ ի ցույց է հանելու խառնափնթոր այն ճահճուտը, որի գոլ աղբյուսում ջրահարսի դերն է ստանձնել շան գլուխը` համեմված քոսով ու փառով։
Առհասարակ, ահա քսան անկախ տարիներ միությունները «մեղադրվում են»` առանց որևէ քիչ թե շատ հիմնավոր փաստի ներկայացման։ Կարևորը ցեխակույտի թանձրությունն է, որ գնդվելով ուղղորդվում է դեպի հերթական ստեղծագործական միության նախագահը։
«Կեղանքի» արձագանքը, թերևս, անսպասելի չէր։ Հետաքրքիր էր, թերևս։ Ողբ ու կականի դումանը կապանքեց մի պահ երկիր ու երկինք, թե հա՜յ-հավար, հասեք, դնչկալ են հագցնում ճշմարտախոս մեր բերաններին։
Մենաշնորհատերերի քինոտ սադրանքը, այսուհանդերձ, ունենում է ավերիչ ազդեցություն մեր պարզհոգի ու քաղաքական սկանդալի թունահաբերին հրաշալի վարժված որոշ քաղաքացիների սրտում։ Եվ գերխնդիրը` եթե «յոթ մահացու մեղքերի մեջ են մեղադրվում» ստեղծագործողներն ու նրանց ղեկավարները, ապա էլ ի՞նչ պահանջես նախարարից, մականունավոր պատգամավոր-օլիգարխից և, առհասարակ, քաղաքական «վոժդերից» ու «վոժդիկներից»։
ՈՒշագրավ դիտարկում։ Դիվահար այս պայքարում անվերապահ առաջատար են պոռթկուն իշխանահլու և նույնչափ էլ ոգեշունչ հակաիշխանական թերթերը։
Կարծես թե առակս ցուցանեց ինչ-որ բան։

ՀՈՒՇԵՐ ԳՐՈՂՆԵՐԻ ՏԱՆ ԲԱԿԻՑ. 2003 ԹՎԱԿԱՆ
«Հորիզոն» գրական-մշակութային շաբաթաթերթի պատասխանատու քարտուղարն էի։ Թերթի թողարկման երեկոն սովորաբար շրջանցում էր մայրամուտը։ ՈՒ արդեն որերորդ հինգշաբթին ականատեսն էի ոչ սովորական մի տեսարանի։ Գրողների տան դիմահայաց մայթը լի էր տաքսիներով, որոնք հրահանգի պատրաստ դիրքավորված էին` աչալուրջ մեկ-երկու ջահելների հսկողությամբ։ Դիմացի մայթը բեռնավորված էր արբունքի շրջան թևակոխած պարմանուհիների և պատանեկան տարիքը վաղուց լքած տղամարդկանց խմբերով։ Դադրած վիճակս էր պատճառը, որ մտովի հպանցիկ ակնարկում էի տեսածս, ենթադրելով, որ կամ տեսահոլովակի նկարահանումներ են ընթանում կամ էլ ինչ-ինչ շարժման հավաքատեղի է։ Հրապարակային պոռնկատուն էր գործում ամիսներ շարունակ, և ձայն բարբառո հանապատի էին մնում գրական տնից հնչող բողոքները` ուղղորդված պատկան կառույցներին։
Եվ ահա «Օր» երկօրյայում հրապարակած ընդարձակ նյութիս վերջնարդյունքում «շուկան» վերացավ։ Իսկապես որ, անհավանականն ակնհայտ էր։ Պոռնկապահների պրոֆեսիոնալ վերահսկման ներքո շարժակազմերն այս ու այն որջն էին հասցնում խորտակված ճակատագրի տեր դեռահասներին։ Տարիքը` 13-15։
Սակայն չէ՞ որ Երևանի այդ հատվածով ընթանում էին երկրի պետական բարձր ատյանների, իրավապաշտպան և հասարակական տարասեռ կազմակերպությունների, անշուշտ, նաև իրավապահ կառույցների ներկայացուցիչների ծառայողականները։ ՈՒ ոչ մի արձագանք խնդրին։ ՈՒ որևէ մեկի հայացքը չշաղափվեց և հոգին չալեկոծվեց։
Գուցե սա ևս եվրակրթման պահանջների հարթությունում պիտի դիտարկել։ Գուցե։
Ի դեպ, և՛ պարմանուհիները, և՛ պոռնկապահները մեր հայրենակիցներն էին, ՀՀ քաղաքացիներ։
Հասկանալի է` սպառողները նույնպես։
ՈՒ թող հարգարժան ընթերցողը դատի` կա՞ որևէ առնչություն վերոնշյալի և ազգային մտավորականության դեմ սանձազերծված այս անսկիզբ ու անվերջ, սակայն նողկալի և նենգաբարո խաչագողաց արշավանքներում։

ՇՐՋԱՆԱՌՎՈՂ ԼՈՒՐԵՐԻ ՀԱՄԱՁԱՅՆ
Վերջին նախամանորը, բազմաբեղուն դեպքերի անկանխատեսելի շուրջպարերով, դեմքերի քավոր-սանիկային բացահայտումներով։
Դեկտեմբերյան գնային մարտերն առանց կանոնների Շեր-խաների և շակալախմբերի անվերապահ հաղթանակը հայոց շուկայական ջունգլիներում։ Եվ այսպես, հանրության ամորձիներին իջավ հերթական հուժկու հարվածը։ Ի պատասխան` հնազանդ համակերպում և հլու անդորր։ Չէ՞ որ զուգահեռաբար շոյվե՜ց ու փաղաքշվեց մեր շլինքն ու բոխախը։
Ազգային-հանրային, սոցիալ-բարոյական և հոգևոր-մարմնական զայրույթի և արգահատանքի եռքն ամբարող կաթսայի խուփը հուշի՜կ դեն հրվեց։
Չէ՞ որ հնագույն քաղկառավարման դրույթներն ուսուցանում են` հաց և զվարճանքներ` ի դեմս հանրային տոնածառերի և հեռուստահումորի։ Վտանգը, այսուհանդերձ, առկա՞ է։
Զոհաբերության զոհասեղան են հանվում «չարիքի մարմնացումները»։ Ի դեմս «Գերասիմ Յակուլիչի», գյուղնախարար Ալավերդյանի։ Եվ դարձյալ մի քանի «մեղսագործների»։
Երիցս հասկանալի է` հավկիթամսասուջուխային և մրգաչրային նենգադուլի պարպման գլխավոր մատաղացուն չէր կարող հանդիսանալ մի այլ նախարարության բդեշխը։
Մի խոսքով, կաթսայի խուփը քիչ դենը հրվեց։ Երեկ, այսօր և վաղը, համաձայն շրջանառվող լուրերի, որոնք ծագում են ԳՈՒՄ-ի հետնախորշերում և հաստատումն ստանում Բաղրամյան շքեղաշուք մայրուղում, դեռ մի քանիսն էլ «թքելու են փայտիկին»։
Միով բանիվ, ո՛չ ռուսական ԳՌՈՒ-ի դարակազմիկ քողազերծումները, ո՛չ էլ ամերիկյան աշխարհակալության ֆալշ-ստարտները չեն որոշում, թե ո՞վ, ե՞րբ և ի՞նչ տարողության թիկնաթոռ է կալնելու։
Կարևորը, կրկնում եմ, լուրերն են շրջանառվող և շրջահյուսվող սադրանքները։
Ի մասնավորի` գները ճախրեցին, զի ընտրությունները սարերի հետևում չեն։ Այլ հարևան բակում։
Ի մասնավորի` հավելյալ միլիոն դոլարներով վաղը և մյուս օրը կավարտվի քաղաքամոր և երկրի վերջնական եվրակրտումը։
Ի մասնավորի` վստահությունս հանդեպ շրջանառվող լուրերը ապառաժի ամրություն ստացան նախամանորյան ակցիայի նոկդաունից հետո։ Պարզվում է (դարձյալ ու դարձյալ` համաձայն լուրերի), որ հայրենական օղի թորողները ռուսական հանրահռչակ բրենդների դեմ պայքարի հիանալի տարբերակ են հայտնաբերել։ Ակցիաների ընթացքում մեկ շիշ ռուսական հրաշալիքը համալրվում էր գարեջրով, ծխախոտով և զեյթունով, սակայն բարորակ օղու փոխարեն սաղացնում էին բազուկի սպիրտի հենքի վրա ստացված յաթրջին։ Արդյունքում սպառողը երես է թեքում ռուսականից և վերադառնում հայրենի օջախը։

ԷՍ ՄԻ ԹԱՍՆ ԷԼ, ՈՒ ԱՀԱՎԱՍԻԿ ԳԼԽԻՍ ԵԿԱԾԸ
Խումհարաթողքի հոգեթով հրվանդաններ։ Ցնորքի են վերածվում գինարբուքի գիշերվա հայտնի-անհայտ զանցանքներն ու մեղքերը։ Կոնյակի ոսկեշող-խնկաբույր զմայլանքով։ Կամ էլ ցորնափրփուր գարեջրի զովաշունչ հեղեղով։ Եվ անկցի՛ ցքեն (օղին, արաղը, յաթրջին...)։ Սակայն հանրային մեր կենցաղը կառավարողները, նախ, խումհարաթող են լինում, հետո արբենում։ Նորանկախ մեր Սեղանապետությունում սա վարքականոնի չափորոշիչ է, ժամանակացույց, ժամադրավայր։
Հանրության գլխի տակ մեծագո՜ւյն հոգածությամբ տեղակայվող փափկամորթ բարձերի արտադրությունը սահմանենք պետական մենաշնորհ և արտահանման ծավալների թափավազքով բյուջեի դեֆիցիտի մայրը լացացնենք։
Խմում եմ նախագահականի վերահսկողականի կենացը։ Ո՛ղջ լերուք։ Ձեր բայղուշի հետագծի արդյունքում ՀՀ ոստիկանության աչքի փուշն եմ հետայսու։
2008-2009-ի դեկտեմբերի չարաբաստիկ պատմությունը հավուր պատշաճի արժևորելով ելա մարտի։ Հիշում եք, Երևանի էլիտար կենտրոնից զատ, ողջ մայրաքաղաքն ու հանրապետությունը դղրդում էին տարաչափ պայթուցիկների խեղկատակությունից։ Երկիրս դիվադադար էր։ Խումհարաթողության սրբազան ծիսակարգը շեղվել էր շավղից։
2010-ի դեկտեմբերի 10-ին ցասում-բողոքս եմ ուղղորդում վերահսկողական ծառայություն` դիվային երևույթի դեմն առնելու ռոմանտիկ խանդավառությամբ։ 21.12.2010 թիվ։ Ստանում եմ այս խրոխտ-հանդարտեցուցիչ նամակը. «Հրագործական ապրանքների ապօրինի առևտուրը կանխելու նպատակով ոստիկանության կողմից պարբերաբար անցկացվում են համապատասխան միջոցառումներ»։ Եվ ամոքիչ ստորագրությունը` ՀՀ ոստիկանության «Հասարակական կարգի ապահովման վարչության» պետ, գնդապետ Ս. Կիրակոսյան։ Կենա՛ցդ, Ս. Կիրակոսյան։ Սիրտս տեղն է ընկնում։ Սակայն շաբաթն այս անգամ էլ շրջանցեց ուրբաթը։ 30.12.2010 թիվ։ Թնդում են առաջին որոտները։ ՈՒրեմն, իմ շանն էլի՞ զարկեցին, դե՛, սպասեք հակահարվածիս, ախմախ փիսոներ։ Զեկուցում եմ իրավիճակը Աջափնյակ վարչական շրջանի ոստիկանությանը։ Օրվա հերթապահը զվարթ հակադարձում է` շրջաբերականը ստացված է, միջոցներ են ձեռք առնվում։ Թևաթափ շնորհավորում եմ հերթապահ սպայի, սպայակազմի և շարքային շարակազմի Ամանորը, մաղթում նվազագույն բողոքներ և աստիճանի բարձրացում։ ՈՒ թե ես ռոմանտիկ-հուզախռովներից եմ, զրուցակիցս, անշուշտ, հուզախռով-ռոմանտիկ է։ Սիրտը լցվում է, բացում է այն ու տեղեկացնում, թե Մալաթիայի շուկայում պայթուցիկների ազատ վաճառք է, իսկ թե ով է դրա թիկունքին, անհայտ է։ Ի դեպ, պայթուցիկների ազատ ու անկախ վաճառք էր, օրինակ, ԳՈՒՄ-ի տարածաշրջանում և Բութանիայի մերձակայքում։ Այ, էստեղ իրար չհասկացանք։ Բազարբաշին է թիկունքին կանգնած, էլ ո՞վ։ Գուցե Բանգլադեշի բոմժերի ընկերակցության ղեկավար Սպիրիդո՞նը։ Դժվար թե։
Սակայն շեղվում ենք։ 31.12.2010 թիվ։ Կենացները քաղցրակալում են, այլևս որոտ ու թնդյուն է երեք րոպեն մեկ։ Ահազանգում եմ։ Այդ օրվա հերթապահը պրագմատիկ-գրոհայիններից էր և խոսքս խրում է կոկորդս, տղաները դուրս են եկել շրջայցի, ում բռնենք, ականջները քոքից կտրելու ենք։ Ամանորը կիզակետին է հասնում։ Գոհ եմ, որ սեփական ականջներս վտանգված չեն, բայց և որևէ քոքահան եղած մանկապատանեկան ականջ ասպարեզում չի՛ք։
1.01.2011 թիվ։ Բակի ռմբահարների պարագլուխ, խոյահարիչ-երկտարեցի Թորոսիկն ուշագրավ նորույթներ է մատուցում։ Այսպես, պայթուցիկների հուլունքաշարը նախ գործարկեց մաթեմի ուսուցչուհու շքամուտքում, հետո անցավ լավաշի փռի ծխնելույզին ու գործն ավարտեց «միլիցա Սլավիկի» ավտոտնակի առջև։
3.01.2011 թիվ։ Այսուհանդերձ, որոշ ականջներ մասնակիորեն քոքահան են եղել։ Շրջակա վաճառակետերում դրանք ինչ-որ չեն լուսարձակվում։ Թորոսիկի պապ, նախկին թաղային, միլիցիայի եֆրեյտոր Թորոսը պահանջում է թոռան «սայմանադրական իրավունքները չխախտել»։ (Աջափնյակի ոստիկանատան բակի տոնածառը մի գիշերվա մեջ կես մետր բոյ քաշեց)։
Այսպիսով «Գեղանքը»` ՀՀ ոստիկանությանը, «Կեղանքը»` Թորոսիկին և Թորոսին։ Նաև վերահսկողականի այն անվերահսկելի սեղանավորին, ով այդպես էլ գլխի չընկավ, որ ոստիկանները, կներեք, վպ տՐՌփպՎ։
Նախագահական նստավայրից պիտի վերահսկվեն ֆիննախը, մաքսատունը և բազարբաշիները։
Զի ՀՀ ֆինանսների նախարարության ոմն Թորոսիկ ժամանակին լիցենզավորել է այս զազրելի տեսականու վաճառքը` շրջանցելով քաղաքապետերի բազմակի արգելող որոշումները։
Զի երկրիս մաքսավորները պիտի որ խստագույնս արգելափակեին դրա ներկրումը հանրապետություն։
Բա՜յց։
Վրեժ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Հ. Գ. -Գյոռբագյոռ լիներ Լենին պապին։ Նրա ավանդները մինչ օրս թռչնագրիպի պես կեղեքում են մեզ։ Ահա տարիներ առաջ հերթական անգամ լենինաբար մեր գլխին փորձանք բերեցինք (3-րդ հանրապետության օրենքի ու օրինականության հովանու տակ առանք Եհովայի վհուկներին ու նրանց ուսմունքը), այսօր նույն լենինյան-շաբաթօրյակային կայֆերով փորձում ենք փորձանքից ձերբազատվել։ Վհուկներն էլ այնքան են լկտիացել, որ իմ սիրելի Գևորգին դատարան են հրավիրում։ Վհուկնե՛ր, զգա՜ստ, թաթերդ հեռո՛ւ Ալթունյանից։ Հակառակ պարագայում խոստանում եմ մշտական գրանցում «Լճից լճում»։

Դիտվել է՝ 1741

Մեկնաբանություններ