ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը կչեղարկի Ջո Բայդենի վարչակազմի կարգադրությունները՝ պաշտոնն ստանձնելուց հետո առաջին շաբաթվա ընթացքում՝ հայտնել է Թրամփի շտաբի մամուլի քարտուղար Քերոլայն Լիվիթը։ Նրա խոսքով՝ Բայդենի ստորագրած 94 հրամանագրեր հանգեցրել են տնտեսական ճգնաժամի։ «Դրա համար էլ Թրամփին վերընտրել են նախագահի պաշտոնում, որպեսզի կանգնեցնի հետընթացը»,- հավելել է նա։               
 

ԹԵՍՏԵՐԻ 8-ՄԻԱՎՈՐԱՆՈՑ ՇԵՄՆ ԱՆՀԱՄԵՄԱՏ ՀԵՇՏ ՀԱՂԹԱՀԱՐԵԼԻ ԿԼԻՆԻ

ԹԵՍՏԵՐԻ 8-ՄԻԱՎՈՐԱՆՈՑ ՇԵՄՆ ԱՆՀԱՄԵՄԱՏ ՀԵՇՏ ՀԱՂԹԱՀԱՐԵԼԻ ԿԼԻՆԻ
28.01.2011 | 00:00

Գնահատման և թեստավորման կենտրոնը (ԳԹԿ) փետրվարի 1-ին կսկսի շրջանավարտների «Հայոց լեզու և հայ գրականություն», «Մաթեմատիկա», «Հայոց պատմություն», «Ընդհանուր պատմություն», «Քիմիա», «Ֆիզիկա», «Օտար լեզու» (անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն, ռուսերեն, իսպաներեն, պարսկերեն, իտալերեն), «Աշխարհագրություն», «Կենսաբանություն» առարկաներից միասնական (2011 թվականի բուհերի ընդունելության) քննությունների կազմակերպման գործընթացը:
Հայտագրման գործընթացը կազմակերպվելու է երկու տարբերակով` էլեկտրոնային և թղթային: Գնահատման և թեստավորման կենտրոնի մշակումների և կազմակերպական բաժնի պետ ԿԱՐՈ ՆԱՍԻԲՅԱՆԸ նշեց, որ շրջանավարտները դիմում-հայտը պետք է լրացնեն այդ նպատակով առանձնացված ուսումնական հաստատությունում, որի մասին տեղեկություն ստանալու համար անհրաժեշտ է դիմել փաստացի բնակության վայրի մարզային կամ Երևանի քաղաքապետարանի կրթության վարչություն: Հայտերի ձևի մեջ փոփոխություն չկա։
Ինչպես հայտնի է, այս տարի ավարտական դասարաններ չեն լինելու, ուստի ունենալու ենք շատ քիչ թվով շրջանավարտներ. դրանք էքստեռն կարգով դպրոցն ավարտող շրջանավարտներն են, ներքին սփյուռքից եկած մեր հայրենակիցները և նախորդ տարիների շրջանավարտները։ Երկրորդ փուլով կանցկացվեն միասնական լրացուցիչ քննություններ, որոնց կարող են մասնակցել պարտադիր ժամկետային զինվորական ծառայությունից զորացրվածները։ Չի բացառվում, որ այս տարի երկրորդ փուլի շրջանավարտներն ավելի շատ լինեն, մինչդեռ մինչ այժմ հակառակն էր։ Այս տարվա նորամուծություններից է այն, որ միասնական քննակարգով ընդունելություն կկազմակերպեն ոչ միայն պետական, այլև մասնավոր բուհերը։
Ընդ որում, 2010-ին ԳԹԿ-ի կողմից գնահատականի վկայագիր ստացած դիմորդներն այն կարող են օգտագործել նաև այս տարի։ Անկախ այն բանից, վկայագրի գնահատականն այս կամ այն բուհում օգտագործել է, թե ոչ, դիմորդը կարող է կա՛մ նախորդ տարվա վկայագիրն օգտագործել, կա՛մ նոր քննություն հանձնել։ Նշենք, որ վկայագիրը երկու տարվա ուժ ունի։
Հաշվի առնելով, որ այս տարի բուհ դիմողների թիվը բավականին քիչ է լինելու, հնարավո՞ր է, որ թեստերն անհամեմատ հեշտ լինեն, որպեսզի հնարավոր լինի առավելագույն թվով ուսանողներ հավաքագրել։ Մեր այս հարցադրմանն ի պատասխան գնահատման և թեստավորման կենտրոնի տնօրեն ԳՈՒՐԳԵՆ ԽԱՉԱՏՐՅԱՆԸ նշեց, որ ամբողջությամբ վերցրած թեստերը պետք է համարժեք լինեն 2010-ի միասնական քննությունների թեստերին, այնուամենայնիվ, գոնե 8-միավորանոց շեմն անհամեմատ հեշտ հաղթահարելի կլինի։ «Ի վերջո, մեր կողմից տրվող վկայագիրը երկու տարվա ուժ ունի, և անհավասար պայմաններ չպետք է ստեղծել մյուս դիմորդների համար»,- ասաց Գուրգեն Խաչատրյանը։
Նշենք, որ միասնական քննության յուրաքանչյուր առարկայի համար գանձվող գումարի չափը մնացել է անփոփոխ` 1500 դրամ, սակայն պարտադիր ժամկետային ծառայությունից զորացրված անձինք, 1-ին, 2-րդ խմբերի և մինչև 18 տարեկան մանկուց հաշմանդամները, ՀՀ պաշտպանության ժամանակ զոհված զինծառայողների երեխաները, առանց ծնողական խնամքի մնացած մինչև 23 տարեկան անձինք քննություններին մասնակցելու համար չեն վճարում:
Քննությունների հայտագրումն ավարտվելու է մարտի 15-ին, որից հետո տվյալները բազավորվելու են, և սկսվելու է տվյալների ճշգրտման, փոփոխման ու հաստատման փուլը:
Լիլիթ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Դիտվել է՝ 1994

Մեկնաբանություններ