ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն իրազեկել է, որ Պուտինն առայժմ կոնկրետ պլաններ չունի Թրամփի հետ շփումների առնչությամբ։ ՌԴ նախագահը հրապարակավ շնորհավորել է Թրամփին հաղթանակի առիթով այն օրը, երբ, WP տվյալներով, տեղի են ունեցել նրանց հեռախոսային բանակցությունները։ Պուտինը մեկ անգամ ևս ընդգծել է, որ հակամարտության կարգավորումը հնարավոր է միայն Կիևի կողմից իրողություններն ընդունելու պայմանով, այն է՝ Ռուսաստանի կողմից ՈՒկրաինայի տարածքի 20 տոկոսի զավթմամբ։               
 

ԹՈՒՐՔԵՐԸ ՄԻՏՔ ՉՈՒՆԵՆ ՌՈՒՍԱԿԱՆ ՈՒՂՂՈՒԹՅԱՄԲ «ՓՈՐՓՐԵԼՈՒ ԿՐԵՏԻ ԲՈՒՅՆԸ»

ԹՈՒՐՔԵՐԸ ՄԻՏՔ ՉՈՒՆԵՆ ՌՈՒՍԱԿԱՆ ՈՒՂՂՈՒԹՅԱՄԲ «ՓՈՐՓՐԵԼՈՒ ԿՐԵՏԻ ԲՈՒՅՆԸ»
26.10.2010 | 00:00

«Նյուսուիկ» հանդեսում հրապարակված բլոկների ցուցակում, որոնք ստեղծվել են սառը պատերազմի ավարտին հետևած «աշխարհի վերաձևումից» հետո, մի շարք երկրների միավորումն ստացել է «Վայրի Արևելք» կոշտ անվանումը։ Բացի գլխավոր «թեժ կետերից»` Աֆղանստանից ու Պակիստանից, դրանում տեղ են գտել Ադրբեջանը, Ղազախստանը, Ղրղզստանը, Պակիստանն ու Տաջիկստանը։ Մոլորակի այս մասը կռվախնձոր է մնում մրցակցող տարածաշրջանների միջև, որոնց թվին են պատկանում Չինաստանը, Հնդկաստանը, Թուրքիան, Ռուսաստանն ու Հյուսիսային Ամերիկան, ախտորոշում է հեղինակավոր «Նյուսուիկը»։ Այսինքն, ոչ այնքան հաճելի «Վայրի Արևելքի» ցանկում տեղ են գտել, այսպես կոչված, «թուրքական աշխարհի», փաստորեն, բոլոր երկրները (ՈՒզբեկստանը համառորեն «թուրքական խաղեր» չի խաղում, իսկ գազով հարուստ Թուրքմենստանի համար էթնիկ եղբայրների հետ մանր-մունր ինտրիգները ժամանակավոր քմայքներից ավելին չեն)։ Իրոք, թրքալեզու պետությունների միության տեսլականը մի շարք խոշոր տերությունների համար մնում է ոչ միարժեք խնդիր։ Միասնական բլոկի մեջ դրանց միավորումը հակասում է որոշ երկրների թե՛ աշխարհաքաղաքական, թե՛ ռազմավարական շահերին, մյուսները կարծում են, թե նման ինտեգրումը կապահովեր տարածաշրջանի կայունությունը և բուֆերային գոտի կստեղծեր մի կողմից` Չինաստանի ու Հնդկաստանի, մյուս կողմից` Եվրոպայի միջև։ Այսպես թե այնպես, վերջին ժամանակներս Ստամբուլում մի շարք միջոցառումներ են տեղի ունեցել «թուրքական միասնության» հայտով, որոնք, մամուլի հրապարակումներով, արևելյան ճոխությամբ և սահմանակարգային որոշումներով հանդերձ, այդ գործընթացում ի հայտ բերեցին մի շարք բարդություններ և բազմանշանակ նրբերանգներ։ Եվ այսպես, Ստամբուլում տեղի ունեցավ Ադրբեջանի, Ղազախստանի, Ղրղզստանի, Թուրքիայի և Թուրքմենստանի ղեկավարների հոբելյանական` 10-րդ գագաթաժողովը։ Ավելի վաղ գագաթաժողովը ծրագրվում էր անցկացնել Բիշքեկում, բայց հայտնի իրադարձությունների պատճառով այս անգամ այն ընդունեց Թուրքիան։ Հանդիպման ժամանակ որոշում կայացվեց ստեղծել թրքախոս պետությունների խորհուրդ` համաձայն նախիջևանյան համաձայնագրի, որն ստորագրվել էր դեռևս 2009-ի հոկտեմբերի 3-ին։ Ինչպես հայտարարվել է, թուրքական խորհուրդը բաղկացած կլինի նախագահների, արտաքին գործերի նախարարների, փորձագետների, ավագների խորհրդից և քարտուղարությունից։ Այն «հիմք կդառնա նոր տարածաշրջանային համաթուրքական միավորում ստեղծելու»։ Խորհրդի գլխավոր քարտուղար է նշանակվել թուրք փորձառու դիվանագետ, Ռուսաստանի Դաշնությունում Թուրքիայի նախկին դեսպան Խալիլ Աքընջին։ Առաջին նիստը տեղի կունենա եկող տարի` Աստանայում։ Բացի այդ, որոշվել է, որ Բաքվում գործելու են թուրքական գործարար խորհուրդ և թուրքական մշակույթի պահպանման հիմնադրամ, իսկ Ղրղզստանում կաշխատի ավագների խորհրդի քարտուղարությունը։ «Մենք նույն ժողովուրդն ենք, որ ապրում ենք վեց երկրում։ Մենք հպարտ ենք դրանով։ Ձեր թուրք եղբայրների սրտերը կբաբախեն ներդաշնակ` ինչպես տխրության ժամին, այնպես էլ ուրախության։ Մենք համատեղ ջանքեր կգործադրենք մեր ընդհանուր շահերի պաշտպանության, մեր ժողովուրդների բարօրության ապահովման համար։ Դրա համար մենք բավականաչափ քաղաքական կամք ունենք»,- ասել է Աբդուլլահ Գյուլը` ամփոփելով գագաթաժողովի արդյունքները։
Սակայն արդեն հանդիպման ընթացքում շատ փորձագետներ սկսել են նշել, թե Թուրքիան չի ուզում և ի վիճակի չէ ստանձնելու միացյալ թրքալեզու պետությունների պարագլխի դերը, ընդ որում, մի քանի պատճառով։ Նախ, Թուրքիան չի կարող այդ ուղղությամբ գործել առանց արտաքին հզոր աջակցության։ Տարածաշրջանում Թուրքիային նման աջակցություն կարող է ցուցաբերել միայն ԱՄՆ-ը, որը բացահայտորեն այդ բանն անելու առանձին ցանկությամբ չի այրվում։ Երկրորդ պատճառը` Թուրքիան չի կարող հաշվի չառնել Ռուսաստանի շահերը, իսկ վերջինս շատ կասկածամտորեն է վերաբերվում նախկին խորհրդային տարածությունում տեղի ունեցող ամեն մի անջատական խաղի։ Օրինակ, «Թաթարներ. պատմությունն ու քաղաքակրթությունը» գրքի վերջերս տեղի ունեցած շնորհանդեսը, որն անցավ թուրքական դեսպանի և «Իսլամական կոնֆերանս» կազմակերպության ղեկավարության ներկայությամբ, Ռուսաստանում ընկալեցին որպես անձնական վիրավորանք։ Առանձնակի նյարդայնություն են առաջացրել Թաթարստանի նախկին նախագահ Մինթիմեր Շայմիևի այն խոսքերը, թե «թուրք-թաթարական քաղաքակրթությունը ձգվել է Մերձիրտիշից մինչև Ղրիմ, Կազանից մինչև Կասպից ծով», և որ ինքը հիմա մտադիր է «լրջորեն զբաղվել պատմագիտությամբ» և «Կազանի հազարամյակով»։ Այնպես որ, թուրքերը միտք չունեն ռուսական ուղղությամբ «փորփրելու կրետի բույնը»։ Եվ երրորդը` ամենագլխավորը. նախկին իշխանության սկսած «թուրքական խաղերը» դուր չեն գալիս իսլամիստական կառավարությանը։ Ավելին, այն այնքան էլ չի ներդաշնակում «նորօսմանականության» և միասնական Մերձավոր Արևելքի առաջնային դոկտրինին։ Եվ, վերջապես, չորրորդ պատճառը` Թուրքիան դրա համար անհրաժեշտ ռեսուրսներ, նախ և առաջ նյութական ու ֆինանսական միջոցներ, չունի։ Մի խոսքով, թվում է, որ թուրքական ներկա իշխանությունները, այսինքն` «Արդարություն և զարգացում» կուսակցությունը, առանձնապես չեն ուզում, որ Թուրքիան այդ միավորող դերը խաղա, և միանգամայն բավարարված է գաղափարական ոգեշնչողի դերով։
Դա առանձնապես լիարժեք դրսևորվեց օրերս «Թուրքական խորհուրդը, թուրքական սփյուռքը և սոցիալ-տնտեսական գործակցությունը» թեմայով տեղի ունեցած թուրքական աշխարհաժողովում։ Միջոցառմանը մասնակցում էին թրքախոս երկրների խորհրդարանական վեհաժողովի պատվիրակությունը, թուրքական պետությունների պաշտոնական ներկայացուցիչներն ու 60 երկրների սփյուռքի առաջին դեմքերը։ Ինչպես և ենթադրվում էր, հնչեցին ամենախրոխտ տոնայնության կարգախոսներ։ «Գլոբալացվող աշխարհում մենք ուզում ենք աշխարհին հղել մեր ուղերձը որպես թուրք քաղաքացիներ»,- ասել է ադրբեջանական սփյուռքի ղեկավարը։ «21-րդ դարում մենք կդառնանք աշխարհը ձևավորող մի մաս։ Մենք պարտավոր ենք, մենք պետք է անենք դա»,- հավելել է Ստամբուլի համալսարանի մի պրոֆեսոր։ Համաժողովի մասնակիցները մեծ ուշադրություն են նվիրել «Մետաքսի ճանապարհին», քննարկել են Հյուսիսային Կիպրոսի խնդիրը և Կենտրոնական Ասիայի երկրներին առնչվող հարցեր, ներառյալ նրանց ընդհանուր գլխացավանքը` մեռնող Արալը։ Թուրքիայի պնդմամբ` բացասական վերաբերմունք է արտահայտվել «խաղաղության տորմիղի» հետ կապված միջադեպի առնչությամբ (հետաքրքիր զուգադիպությամբ այդ նույն օրերին Գազա քաղաքում տեղի ունեցավ առաջին հայացքից տարօրինակ, ծայրաստիճան փքուն մի արարողություն` ՀԱՄԱՍ-ի ղեկավարությունը «թուրք շահիդների» մոխիրը ցանեց ՀԱՄԱՍ-ի գրոհայինների գերեզմանների վրա)։ Իհարկե, չանտեսվեց նաև Լեռնային Ղարաբաղի հարցը, և այստեղ ի հայտ եկավ մի շատ հետաքրքրական նրբերանգ։ Ադրբեջանի ներկայացուցիչն «ավագ եղբորը» հանդիմանեց այն բանի համար, որ «նախկինում Թուրքիան չի համապատասխանել առաջնորդի դերին», որպես ապացույց բերելով Անկարայի անընդունակությունը «կանխելու Լեռնային Ղարաբաղի կորուստը»։ Դրան Թուրքիայի ներկայացուցիչը շատ անսպասելի հակահարված տվեց, ասելով. «Ամենակարևոր խնդիրը, որ ծառացած է Թուրքիայի առջև, այն է, որ պաշտպանի նախ և առաջ թուրքական սփյուռքն իր սահմանների ներսում, այդ թվում` ադրբեջանցիներին, թաթարներին, ղազախներին, թուրքմեններին ու Կովկասից, Ղրիմից, Բալկանյան տարածաշրջանից սերվածներին»։
Նկատենք, որ գաղափարի ջատագովներն անընդհատ պնդում են, թե «համախմբված թուրքական աշխարհը վերստին իր մասին հայտարարում է որպես միջազգային ամենաառաջադեմ ու գործուն միավորումներից մեկի, որի գործունեությունը նպատակաուղղված է տարածաշրջանային արդի խնդիրների լուծմանը», որ «տնտեսությունների ինտեգրման և ընդհանուր մարտահրավերներին ու սպառնալիքներին դիմակայելուն ուղղված արտաքին քաղաքականության կառուցման նպատակով թրքալեզու պետությունների ջանքերը դառնում են այսօրվա քաղաքակրթության ծանրակշիռ բաղկացուցիչներ»։ Բայց, խորամուխ լինելով Թուրքիայի գործողություններում, հասկանում ես, որ իրականում Անկարան ավելի ու ավելի է հեռանում դեպի եղբայրություն տանող ուժի «պատվավոր առաքելությունից», իսկ «թրքալեզու միասնությունն» առայժմ ավելի շատ գոյություն ունի մտքերում ու սրտերում, քան տնտեսական ու քաղաքական իրողություններում։ Ընդ որում, ինչպես ասվում է, «սուրբ տեղը դատարկ չի մնում», և «թուրքական աշխարհում» բացահայտորեն սկսել է նոր առաջնորդ ձևավորվել։ Դա Նազարբաևն է։ Ոչ այնքան վաղուց Ղազախստանի նախագահը Թուրքիայի Հանրապետության ղեկավարից ստացավ գայիսոն` թուրքական աշխարհի ղեկավարի իշխանության խորհրդանիշը։ Դա Աստանայում թուրքական աշխարհի ակադեմիայի բացման ժամանակ էր։ Բացի այդ, վերջին գագաթաժողովում որոշում ընդունվեց 2012 թվականը Աստանան թուրքական աշխարհի մայրաքաղաք հայտարարելու մասին։ Խիստ հատկանշական է և այն, որ հենց Նազարբաևն է նախաձեռնություն հանդես բերել թրքալեզու պետությունների խորհուրդ ստեղծելու մասին։ Ավելին, հենց նա է առաջարկել մի շարք մշակութային միջոցառումներ անցկացնել 2011 թվականին նախկին Խորհրդային Միության թրքալեզու հանրապետությունների անկախության 20-ամյակի տոնակատարության շրջանակներում։ «Թուրքիան, որպես պետություն, որ առաջինն է ճանաչել Ղազախստանի անկախությունը, նույնպես կարող է մասնակցել տոնակատարություններին և փոխանցել պետական զարգացման իր փորձը»,- «ավագ եղբոր» մակարդակին իջավ ղազախ առաջնորդը։ «Եթե մեր երկրները հետևեն մեր մեծ նախնիների պատգամներին և ամեն ջանք գործադրեն թուրքական պետությունների դաշինքի ամրապնդման համար, ապա, համոզված եմ, մեր ժողովուրդներին բարգավաճում է սպասում, իսկ գալիք սերունդները երախտագիտություն կհայտնեն դրա համար»,- իր ճառի ավարտին նշել է Նուրսուլթան Նազարբաևը։
Այսպիսով, այն բանից հետո, երբ եվրոպացիները խիստ ներողամտորեն վերաբերվեցին ԵԱՀԿ ներկա նախագահին, որը նախընտրեց այդ պաշտոնում զբաղվել բացահայտ ամբոխահաճությամբ, Ղազախստանի չինովնիկները, հաջողությամբ թևավորված (իսկ ԵԱՀԿ գագաթաժողովը, որն Աստանայում տեղի է ունենալու 2010-ի դեկտեմբերի 1-2-ին, համարվում է մեծ հաջողություն), նետվել են յուրացնելու նոր հեռանկարներ։ Շատ ավելի վտանգավոր ու բարդ հեռանկարներ, քան բարձրագոչ անվանումով եվրոպական կազմակերպությունը։ Նախ, դա բարդ, հակասական և մեծապես անկանխատեսելի թուրքական աշխարհն է, որտեղ ղրղզները դեռևս ձգտում են հարմար առիթով խողխողել ուզբեկներին, իսկ Բաքուն ու Աշգաբադը «կռվում են» Կասպից ծովի համար (նավթն ու փողը միմյանց միջև չեն կարողանում բաժանել)։ Միաժամանակ, եկող տարի Ղազախստանը կդառնա Իսլամական կոնֆերանսի կազմակերպության նախագահ, որտեղ ևս հարցերը, խնդիրներն ու հակասությունները լիուլի «հերիքում» են։ Նազարբաևը հայտարարել է, թե այստեղ ինքը մտադիր է երկխոսություն ծավալել «ժամանակակից չափավոր լուսավորյալ իսլամի շրջանակներում»։ Համաձայնեք, բարձր բնագիծ է։ Այնուհետև Ղազախստանն ընթացիկ տարվա հունիսից ձեռնամուխ է եղել Շանհայի համագործակցության կազմակերպության ղեկավարմանը։ Այսպիսով, Աստանան, առաջին հայացքից, եզակի հնարավորություն է ստանում ամենամոտ ժամանակներս առաջին ջութակներից մեկի դերը կատարելու արդի միջազգային կյանքում։ Կհաջողվի՞, արդյոք, կկարողանա՞ խորամանկ Նազարբաևը Ղազախստանում ներվերնախավային պայքարի նկատվող սրման և տարածաշրջանում ու երկրում իսլամական գործոնի դերի բարձրացման պայմաններում դուր գալ բոլորին և անցնել Սցիլլայի ու Քարիբդիսի արանքով։ Առավել ևս, իրականացնել գլխավոր խնդիրը` թույլ չտալ քաղաքական իսլամի և նացիոնալ-հայրենասերների շաղկապում (օրինակ, երկրում սկսել են պահանջներ առաջադրվել անելու «պատմականորեն հետևողական քայլ` թարմացնելու գլխավոր պետական խորհրդանիշը» և երկրի պետական դրոշի վրա տեղ հատկացնելու մահիկին, կանաչ երանգներին և յոթաթև աստղին)։ Ի դեպ, անգամ եթե բացառելու լինենք ամբողջ թուրքական աշխարհի ապագա պարագլխի ներքաղաքական խնդիրները, հազիվ թե իրավիճակը տրամադրի Կենտրոնական Ասիայում խաղաղ իսլամական երկխոսության։ Աստանան ի՞նչ կարող է հակադրել Ղրղզստանի հարավի բացահայտ արմատականացմանը, ի՞նչ կձեռնարկի, եթե, այսպես կոչված, կառավարվող քաոսն Աֆղանստանից տեղաշարժվի դեպի Կենտրոնական Ասիա։ Արդյոք այսպիսի փորձությանը պատրա՞ստ է հանրապետության արտաքին գերատեսչությունը։ Ի՞նչ կանի Ղազախստանը, եթե իսլամական ինտեգրումն սկսի հակասել հետխորհրդայինին` մասնավորապես միասնական տնտեսական տարածությանը։ Երկրին կբավարարի՞, արդյոք, վերլուծական պաշարը` խնամքով անցնելու ԱՄՆ-ի, Ռուսաստանի և իսլամական աշխարհի շահերի արանքով։ Այս բոլոր հարցերին դժվար է պատասխանել։ Այդուամենայնիվ, երկրի նախագահին առընթեր ռազմավարական հետազոտությունների ինստիտուտին մոտ կանգնած ղազախական աչքի ընկնող հրատարակությունն ամփոփում է. «Հաջողության դեպքում հանրապետությունը լիովին կարող է զբաղեցնել Թուրքիայի տեղը տերությունների աշխարհաքաղաքական շախմատում և դառնալ Թուրքիայի յուրօրինակ հակակշիռ` արևմտյան պետությունների գործընկեր իսլամական աշխարհի հետ կապերի ապահովման գործում»։
Սուսաննա ՊՈՂՈՍՅԱՆ

Դիտվել է՝ 1288

Մեկնաբանություններ