Եվրամիության երկրներում տեղի ունեցող ֆինանսական ցնցումները, դատելով ներկայիս զարգացումներից, կարող են չսահմանափակվել պետությունների ղեկավարների մասնակցությամբ բարձր մակարդակով կազմակերպվող մեկ-երկու հանդիպումներով և դրանցում ձեռք բերվող համաձայնություններով: Ակնհայտ է դառնում, որ խոսքը ոչ թե էպիզոդիկ ցնցումների մասին է, այլ տարիներ շարունակ կուտակված համակարգային խնդիրների, որոնք, բնականաբար, ավելի երկար խորհրդածությունների առիթ կտան, չբացառելով նաև «վիրահատական» բնույթի միջոցառումները:
Եվրամիությունում տեղ գտած ֆինանսական ճգնաժամի երկրորդ ալիքը, որն արտահայտվում է պետական պարտքի (հիմնականում` արտաքին) մեծ ծավալներով, առանձնահատուկ ուժգնությամբ է հարվածել Հունաստանին, Իտալիային, Իսպանիային և Պորտուգալիային: Ի՞նչ առանձնահատկությունների մասին է խոսքը, և ինչպե՞ս կարող են դրանք հաշվի առնվել ճգնաժամի հետևանքները վերացնելիս: Մեր համոզմամբ, այս հարցերի պատասխանները հիմնականում հիշյալ երկրների տնտեսությունների զարգացման միտումների մեջ պետք է որոնել: Եվ այսպես, ի՞նչ է իրենից ներկայացնում ժամանակակից Հունաստանի տնտեսությունը, և ի՞նչ առանձնահատկություններով է դրսևորվում այնտեղ ներկայիս ֆինանսական ճգնաժամը:
Հունաստանը գտնվում է Հարավային Եվրոպայում` Բալկանյան թերակղզու հարավում: Հյուսիսից այն շրջապատում են Բուլղարիան, Մակեդոնիայի Հանրապետությունը, Ալբանիան, արևմուտքից` Հոնիական ծովը, հարավից` Միջերկրական ծովը և արևելքից` Էգեյան ծովն ու Թուրքիան: Էգեյան ծովում Հունաստանն ունի գերիշխող ռազմավարական դիրք: Երկիրը շրջապատված է մոտ 400 կղզիներով, որոնցից 149-ը բնակեցված են: Հունաստանի տարածքը կազմում է 132 հազ. քառ. կմ: Հունաստանն ունի մեղմ կլիմա` տաք ու չոր ամառներ և մեղմ, խոնավ ձմեռներ: Երկրում առկա է զգալի կլիմայական տարբերություն: Կլիման կարելի է բաժանել երեք դասի` միջերկրածովյան, ալպյան և բարեխառն: Հունաստանին բնորոշ է լեռնոտ տեղանքը: Այն Եվրոպայի ամենալեռնային երկրներից մեկն է: Երկիրը կարելի է բաժանել երեք աշխարհագրական տարածաշրջանի` մայրցամաքը, կղզիները և Էգեյան ծովի ավազանը: Էգեյան ծովի կղզիները հիմնականում բարձր են, անհարթ ու լեռնոտ, հետևաբար, նրանց ներդրումը երկրի տնտեսական կյանքում սահմանափակ է, թեև դրանք, այնուամենայնիվ, կարևոր են տուրիզմի համար: Հունաստանն ունի նաև հարմար նավահանգիստներ, մասնավորապես Պիրեան` մեծությամբ երկրորդը Միջերկրական ծովի արևելյան ջրերում:
Հունաստանը, լինելով ռեսուրսներով աղքատ երկիր, վերջին տասնամյակում արձանագրել է տնտեսության զարգացման համեմատաբար լավ ցուցանիշներ և, բավարարելով համապատասխան չափանիշները, անդամագրվել է Եվրամիությանը` ինտեգրվելով աշխարհի մի շարք զարգացած տնտեսությունների: Հունաստանի տնտեսության զարգացումը հիմնականում հիմնված էր արտաքին ներդրումների, ծառայությունների ոլորտի վրա, և տնտեսությունը խոցելի էր կառուցվածքային տեսանկյունից: Արդյունքում Հունաստանը լուրջ խնդիրներ ունեցավ ֆինանսատնտեսական ճգնաժամի ժամանակ:
Հունաստանն ունի փոքր քանակությամբ սև ածուխ, ինչպես նաև քիչ քանակությամբ նավթի ու բնական գազի պաշարներ, որոնք տեղակայված են Էգեյան ծովի հատակին: Երկիրը հարուստ է բոքսիտի և երկաթի հանքաքարի պաշարներով, բայց առևտրային կարևոր նշանակություն ունեցող այլ ռեսուրսների պաշարները, ինչպիսիք են քրոմը, նիկելը, պղինձը, ուրանը և մագնեզիումը, փոքր են: Հողերի 23 %-ը վարելահող է, մնացածը` լեռներ: Անտառները նախկինի համեմատ կրճատվել են:
Հունաստանն ունի բուսականության մեծ բազմազանություն: Ծովի մակարդակից մինչև 460 մետր բարձրության վրա աճում են ձիթապտուղ, նարինջ, նուռ, թուզ, բամբակ ու ծխախոտ։ Բնական ռեսուրսների սակավությամբ ու բարենպաստ բնակլիմայական պայմանների առկայությամբ պայմանավորված` Հունաստանը Հարավային Եվրոպայի մյուս երկրների հետ մասնագիտացել է գյուղատնտեսական արտադրանքի թողարկման մեջ, իսկ տարածաշրջանի արդյունաբերությունը զգալիորեն զիջում է Արևմտյան Եվրոպայի մյուս երկրների արդյունաբերությանը: Այս երկրների, ԵՄ մյուս երկրների սոցիալ-տնտեսական մակարդակից հետ մնալը պայմանավորված է դրանց պատմական զարգացմամբ: Այս երկրները երկար ժամանակ չէին ընդունում կապիտալիզմը, երբ այն արագորեն զարգանում էր եվրոպական մյուս երկրներում: Հունաստանը բավականին ուշ է ներգրավվել եվրոպական ինտեգրացիոն գործընթացների մեջ: Այն միայն 1981-ին է անդամակցել Եվրոպական Միությանը:
Հունաստանի բնակչությունը 2010-ի տվյալներով կազմել է 10,74 մլն մարդ: Բնակչությունը, երկրի չափերի ու տնտեսական հզորության համեմատ, շատ մեծ է, և երկրում աղքատության մակարդակը բարձր է (2009 թ. տվյալներով` 20 %): Թե՛ ծնելիությունը, թե՛ մահացածությունը նվազել է վերջին տարիներին: Ըստ 2010-ի տվյալների` բնական աճը կազմում է 0,1 %:
Բնակչությունը հիմնականում կենտրոնացած է քաղաքներում` Աթենքում, Սալոնիկում և այլ քաղաքներում: Բնորոշ է բնակչության ծերացման գործընթացը, առկա է տարեց բնակչության արագ տոկոսային աճ: 1961 թ. տվյալներով` բնակչության 10,9 %-ը 65 տարեկանից բարձր է, իսկ 2001 թ.` 16,7 %:
1990-ական թթ. տեղի է ունեցել զանգվածային ներգաղթ դեպի Հունաստան: 2006 թ. տվյալներով` Հունաստանի բնակչության 6,24 %-ը օտարերկրացի էր: Նրանց մեծ մասը գալիս է հարևան երկրներից: Ներգաղթածների 56 %-ը ալբանացի է, 5 %-ը` բուլղարացի, 3 %-ը` ռումինացի, 10 %-ը` նախկին Խորհրդային Միությունից: Հունաստանը մուտքի դարպաս է ապօրինի ներգաղթողների համար դեպի Եվրոպա: 2000 թ. Հունաստան ներգաղթեցին բազմաթիվ մարդիկ առանց փաստաթղթերի: Ներգաղթողների մեծամասնությունը տեղաբաշխվեց Էգեյան ծովի կղզիներում: Անօրինական ներգաղթածներին հաշվել հնարավոր չէ, քանի որ նրանք մարդահամարի չեն մասնակցում: Հունաստանի կառավարությունը ԵՄ-ից գումար է ստանում նրանց մասին հոգ տանելու համար: Ներգաղթածները կազմում են հիմնական աշխատուժի 1/5-ը և հիմնականում զբաղված են գյուղատնտեսական աշխատանքներով:
20-րդ դարում միլիոնավոր հույներ արտագաղթել են Միացյալ Նահանգներ, Մեծ Բրիտանիա, Ավստրալիա, Կանադա և Գերմանիա` ստեղծելով հունական սփյուռքը: Այժմ, սակայն, Հունաստանի տնտեսության մեջ կատարված բարեփոխումներից հետո արտագաղթի միտումը նվազել է:
Հունաստանն այսօր համեմատաբար միատարր է լեզվական առումով: Պաշտոնական լեզուն հունարենն է, որով խոսում է բնակչության մեծամասնությունը: Բնակչության 98 %-ը ուղղափառ քրիստոնյա է, մնացած 2 %-ը` մուսուլմաններ, կաթոլիկներ և հրեաներ: Հունաստանի աշխատաշուկան բավականին ճկուն է, բայց դա չի բավարարում ընկերությունների ակնկալիքներն ու նպատակները: Հետազոտությունները ցույց են տալիս, որ աշխատողների մեծամասնությունը (70 %) նշանակված է որպես հմուտ (փորձառու) աշխատող լրիվ աշխատուժով, որոնցից շատերը (14 %)` աշխատանքային պայմանագրերով: Ներկայումս կա աշխատողների ավելցուկ (մեծ մասը` որակյալ): Մարդկային ռեսուրսներում ներդրումները կրթության միջոցով առանցքային են Հունաստանի դիրքորոշման համար: Այս ներդրումները նաև մասնավոր նախաձեռնությունների արդյունք են:
Լավ ֆինանսավորվող կրթությունն ու վերապատրաստումը ապահովում են գործազրկության նվազում, աշխատուժի ավելի մեծ ներգրավվածություն, արտադրողականության աճ: Հունաստանի ՀՆԱ-ի 8,5 %-ը տարեկան ծախսվում է կրթության վրա (համեմատության համար նշենք, որ այդ ցուցանիշը Իսպանիայում կազմում է 11 %, իսկ ԱՄՆ-ում` 14,4 %): Հունաստանի կառավարության նպատակը կրթության և մարդկային ռեսուրսների վերապատրաստման վերաբերյալ հետևյալն է` մասնագիտական հմտությունների մակարդակի և կրթական համակարգի բարելավում:
Տնտեսության նախաճգնաժամային և ընթացիկ զարգացումների առումով կարևոր է նկատել, որ Հունաստանի ՀՆԱ-ն 2010 թ. տվյալներով կազմել է 302 մլրդ դոլար, իսկ գնողունակության պարիտետով հաշվարկված` 321,7 մլրդ դոլար, 1 շնչին բաժին ընկնող ՀՆԱ-ն` 30200 դոլար (2010 թ. տվյալներով): ՀՆԱ-ի շուրջ կեսը ստեղծվում է Ատտիկայի մարզում (48,8 %` 2005 թ. տվյալներով), 9,5 %-ը` մեծությամբ երկրորդ քաղաք Սալոնիկի տարածաշրջանում, որտեղ ապրում է բնակչության համապատասխանաբար 36 %-ը և 10 %-ը:
1994-2000 թթ. միջին տնտեսական աճը կազմել է տարեկան 3,2 %: 2000 թ. ՀՆԱ-ն աճեց 4,1 %-ով` մնալով եվրոյի գոտու միջին տեմպից բարձր, ինչը թույլ տվեց բավարարել Մաաստրիխտյան չափորոշիչները: Այդ աճի հիմնական գործոններն էին Աթենքի օլիմպիական խաղերը, վերջին տարիների մասնավոր ներդրումները, արտահանման ծավալների աճը և մասնավոր սպառումը: Մյուս կողմից, ինֆլյացիայի մակարդակը երկրում 2000 թ. կազմում էր 3,2 %, 2001-ին` 3,4 %` գերազանցելով ԵՄ միջին մակարդակը 2 %-ով, սակայն երկրում նկատվում էր արտադրության զգալի աճ: Վերջին տարիներին ֆինանսական անկայունությունը և նավթի գների աճն անսպասելիորեն հանգեցրին ինֆլյացիայի աճի, որը 2008-ի մարտին հասել է 4,4 %-ի, իսկ 2008-ի մայիսին` 4,9 %-ի: Ինֆլյացիայի բարձր տեմպը հանգեցրեց մրցունակության շարունակական կորստի:
Ներկայիս ֆինանսական դեֆոլտի հիմնական պատճառը, իհարկե, արտաքին պետական պարտքի անընդունելի ծավալն է: Պետական պարտքի և ՀՆԱ-ի հարաբերությունը վաղուց անցել է թույլատրելիի սահմանը: 2011 թ. այն հասավ ռեկորդային մակարդակի` 161,7 %-ի, որը, ըստ էության, Հունաստանը դուրս մղեց Եվրամիության խաղի կանոններից: Թեև 2012 թ. ծրագրվում է այդ հարաբերակցության կրճատում` մինչև 145,5 %, այնուհանդերձ, այն հեռու է սահմանված 60 % սահմանագծից:
Հունաստանի տնտեսական հետագա աճը, որը նախկինում հիմնականում հիմնված է եղել մասնավոր ներդրումների, տուրիզմի, արտահանման և մասնավոր սպառման վրա, տնտեսության համար անբավարար հիմքեր է ձևավորել, ինչի արդյունքում ֆինանսատնտեսական ճգնաժամի պատճառով զարգացած երկրների շարքում Հունաստանի տնտեսական անկումը համեմատաբար մեծ է եղել:
Թեև 2008-ի սկզբին երկրի տնտեսական աճը 2 % էր, սակայն արդեն տարվա առաջին ամիսներին օտարերկրյա ներդրումները կրճատվեցին 1 %-ով, իսկ օտարերկրյա ապրանքների ներմուծումը Հունաստան կրճատվեց 4,6 %-ով: Հունաստանում ֆոնդային շուկայի կորուստները կազմում էին 70 %: Այս ցուցանիշով երկիրը հայտնվեց Ռուսաստանի, Հնդկաստանի, Չինաստանի հետ նույն շարքում` առաջ անցնելով Ֆրանսիայից, Մեծ Բրիտանիայից և ԱՄՆ-ից: Արդեն աշնանը բազմաթիվ ապրանքների վաճառքը նվազեց 10-15 % -ով: Կապիտալի ավելցուկը բանկերում փոխարինվեց վճարվող միջոցների դեֆիցիտով: Միջազգային ծովային և օվկիանոսային բեռնափոխադրումները կրճատվեցին:
Տնտեսության թույլ բազան արտահայտվել է նաև այլ մակրոտնտեսական ցուցանիշներում: 2001-2006 թթ. Հունաստանը խախտեց ԵՄ «Տնտեսական աճի և կայունության» պակտը, բայց 2007-2008 թթ. բավարարեց պակտի չափանիշները, սակայն կրկին խախտեց 2009 թվին (բյուջեի դեֆիցիտը կազմեց ՀՆԱ-ի 15,4 %-ը): Ձեռնարկված խիստ միջոցների շնորհիվ 2010-ին բյուջեի դեֆիցիտը կազմեց ՀՆԱ-ի 12 %-ը: 2009 թ. ՀՆԱ-ի անկումը կազմել է 2 %, իսկ 2010-ին` 4,5 %:
2010-ի սկզբին Հունաստանին սպառնում էր լայնամասշտաբ տնտեսական և քաղաքական ճգնաժամ, երկրի ամբողջ պարտքը 300 մլրդ դոլարից ավելի էր (միայն 2009-ին Հունաստանը պարտք վերցրեց 80 մլրդ դոլար): Բյուջեի դեֆիցիտը ռեկորդային էր եվրոյի գոտու համար` ՀՆԱ-ի 12,7 %-ը:
Պետությունը միջոցներ ձեռնարկեց, որպեսզի կրճատվեն ծախսերը և ավելացվեն հարկերը, սակայն արհմիությունները չհամաձայնեցին այս պայմանների հետ և սպառնացին մասսայական գործադուլով: Ճգնաժամի խորացումը հանգեցրեց նրան, որ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը սպառնաց Հունաստանին, թե կհեռացնի նրան եվրոյի գոտուց: Ըստ նրա` «այն երկրները, որոնք մտնում են եվրոպական արժութային միության մեջ, պետք է համապատասխանեն մի շարք մակրոտնտեսական չափանիշների, հակառակ դեպքում` համագործակցությունն անհնարին է»:
ԵՄ ճնշման տակ կառավարությունը որդեգրեց միջին խստության քաղաքականություն, որը ներառում էր կառավարության ծախսերի, պետական հատվածի չափերի կրճատում, հարկային, կրթական և առողջապահական համակարգերի և աշխատաշուկայում մրցակցության բարելավում:
Վարկատու երկրները կոչ են անում Հունաստանին 2011-ին ավելի մեծ ջանքեր գործադրել հարկերի հավաքագրման, պետական ձեռնարկությունների պահպանման, առողջապահական ծախսումների վերահսկման համար: Այդ երկրները նաև պատրաստ են Հունաստանին տրամադրելու լրացուցիչ ժամանակ` ԵՄ և ԱՄՀ վարկերը վճարելու համար: Հունաստանը արձագանքեց` ներկայացնելով կառուցվածքային լուրջ փոփոխությունների փաթեթ:
Արհմիությունները գործադուլ կազմակերպեցին այս խիստ միջոցների դեմ, բայց դա քիչ ազդեցություն ունեցավ փոփոխություններ իրականացնելու կառավարության որոշման վրա: Ճգնաժամին հակազդելու նպատակով Հունաստանի կառավարությունը մշակեց ճգնաժամի դեմ պայքարի ծրագրեր: Այսպես, արդեն 2010 թ. հունվարին կառավարությունը սկսել էր մասնավորեցման գործընթացը` 2010 թ. մինչև 2,5 մլրդ դոլար հավաքելու նպատակով (հեռախոսային մոնոպոլիաներում): Նախատեսվում է, որ պետության գլխավոր փաթեթը (51 %-ից ավելին) կմնա միայն մի քանի ընկերություններում (անվտանգության տեսանկյունից) և ծառայությունների ոլորտում: Մնացած դեպքերում կառավարության փաթեթը կնվազեցվի (34 % և ցածր): Բացի այդ, չնայած Գերմանիայի հետ ունեցած որոշ հակասություններին` եվրոյի գոտին ապրիլին համաձայնեց վարկ տրամադրել` 30 մլրդ դոլարի չափով` ֆինանսական կայունություն ապահովելու համար: 2010 թ. մայիսին օգնության չափը 147 մլրդ դոլար էր: Դա հնարավոր դարձավ, երբ Հունաստանը համաձայնեց կրճատել պետական ծախսերը 24 մլրդ դոլարով (ներառյալ 3 տարվա բյուջեի ֆինանսավորման սառեցումը): Կառավարության նպատակն էր 2010 թ. ընթացքում կրճատել բյուջեի դեֆիցիտը:
Պետության կողմից ճգնաժամի դեմ պայքարելու համար իրականացված միջոցառումները որոշակի դրական արդյունք ունեցան: 2010-ի ընթացքում կրճատվեց ընթացիկ վճարային հաշվեկշռի դեֆիցիտը: 2010 թ. այս ցուցանիշը կազմել է 17,1 մլրդ դոլար, իսկ 2009 թ.` 34,43 մլրդ դոլար: 2010 թ. բյուջե մուտք գործեց 27,9 մլրդ դոլար (2009 թ.` 26,8 մլրդ), իսկ ծախսերը 42,7 մլրդ-ից կրճատվեցին մինչև 37,9 մլրդ: Բյուջեի դեֆիցիտը 2009 թ. վերջին կազմում էր ՀՆԱ-ի 13,7 %-ը, ինչը Հունաստանին հասցրեց արտաքին պարտքը չվճարելու սահմանին: Այս դրությունից Աթենքը դուրս եկավ մայիսին, երբ եվրոգոտու և Արժույթի միջազգային հիմնադրամի երկրները խոստացան վարկ տրամադրել` խիստ ռեֆորմների դիմաց: Բյուջեի վիճակը գնալով կայունանում է ծախսերի կրճատման շնորհիվ, բայց, միևնույն ժամանակ, պետությանը դեռևս չի հաջողվել ավելացնել եկամուտները` չնայած հարկերի բարձրացմանը և այլ ֆիսկալ միջոցառումներին:
Այսպիսով, Հունաստանի կառավարության ձեռնարկած միջոցառումները չտվեցին ցանկալի արդյունք, քանի որ ՀՆԱ-ի աճի տեմպը, բյուջեի դեֆիցիտի նվազումը, գործազրկության կրճատումը ցանկալի մակարդակ չապահովեցին, նվազեց ներդրողների վստահությունը և, օրինակ, 2 տարի ժամկետայնությամբ պետական պարտատոմսի տոկոսադրույքը արձանագրեց 25 % (համեմատության համար նշենք, որ Հայաստանում այդ ցուցանիշը 13 % է): Այս զարգացումներին արձագանքել են նաև համաշխարհային վարկանիշային կազմակերպությունները, մասնավորապես «Standart & Poors» կազմակերպությունը Հունաստանի վարկանիշը նվազեցրել է երկու մակարդակով: Ի՞նչ կարող է անել Լուկաս Պապադեմոսի նոր` ժամանակավոր կառավարությունը, ցույց կտան առաջիկա հանրահավաքի արդյունքները:
Թաթուլ ՄԱՆԱՍԵՐՅԱՆ
Պրոֆեսոր
Օգսեն ՊԵՏՐՈՍՅԱՆ