Տնտեսագիտություն չիմացող, բայց Դրայզերի «Ֆինանսիստի», «Հանճարի» ու «Տիտանի» ընթերցողն անգամ գիտե, որ տրանսպորտային պրոյեկտ առաջ քաշող քաղաքապետացուն առնվազն 10 տարով է գալիս։ Ունի խոշոր առևտրի և սպասարկման կետերի տերերի աջակցությունն ու նախորոք ծախել է յուղոտ պատառները, իհարկե՝ համաձայնությունների տեսքով։
Իսկ միջազգային տրանսպորտային խաչմերուկ ծախող ու դրա դիմաց հովանավորչություն ստացածին քանի՞ տարվա կառավարչի կյանք են խոստացել տերերը:
Մեզ պետք է հասկանալ, որ տրանսպորտային միջանցքների պայքարի թեմայում հայկական պետության գոյության գերակա շահի մասին խոսելը ծիծաղելի է, դրա համար էլ «էլիտան» փորձում է հայկական շահը գտնել դրանց արանքում, այնքան, որ հզոր են խառնված ուժերը։
Բայց խնդիրը չի լուծվում այն մակարդակում, որում առաջացել է, դրա համար էլ պետք է բարձրանալ այլ մակարդակ ՝ գոյատևման խնդի՞ր, թե՞ Լեռնաշխարհի խնդիր մակարդակ։
Այն ամենը, ինչ այդ մակարդակում ընդունելի չէ, թող շրջանցի Հայաստանը։ Մերկանտիլիստական մոտեցումներն անտանելի են հազարամյակների պատմությունը շարունակելու արժանի ժողովրդի ծրագրերի հանդեպ։
Առևտուր, ժամանակավոր շահ և այլն, այո, ազդում են զարգացման տեմպերի վրա, բայց չպետք է կարողանան փոխել ծրագրերն ու նպատակները։ Ի վերջո, ամեն ինչ ժամանակավոր է։ 10-20-50-100 տարուց նավթն ու գազն այլևս որոշիչ չեն լինի:
Կարեն Ավագյան