Հայաստանն այս պատերազմում պարտվեց նաև այն պատճառով, որ դասալիքների իշխանությունը բնական հակակրանք ունի բանակում ծառայածների, երկիր պահածների, հայրենիքի հանդեպ ավանդ ունեցողների նկատմամբ։ Այսօր էլ իշխանությունը զարմանում է, որ Սյունիքում մարդիկ իրենց հողն ու ջուրն են պահում, մերժում ու չեն ընդունում Սյունիքը թուրքի ձեռքը տված անհայրենիքին։ Փաշինյանը մինչ պատերազմը վարկաբեկեց բանակը, գեներալներին, հրամանատարներին, զինված ուժերի առաքելությունը տեսավ միայն «ելակ» ուտելու մեջ, պաշտպանության ոլորտում ղեկավար կազմը վստահեց համակարգի ամենաթույլ ու միջակ զինվորականներին, փորձառուներ նրանց պետք չէին, գլխիվայր շուռ տվեց բանակը զինելու քաղաքականությունը։ Պատերազմի օրերին անգամ զինվորականներին սև ու սպիտակի բաժանեց, Արցախի ամեն թփին ու քարին ծանոթ, ռազմի բովով անցած փորձառուներին մեկ սենյակում փակեց ու չթողեց պատերազմի մեջ մտնել։ Այս օրերին էլ մեկ-մեկ բերման են ենթարկում Սյունիքը պահող, թշնամու հետ ուղիղ կռիվ տվող համայնքապետերին, որոնց «մեղքը» միայն այն է, որ ուզում են Սյունիքն անառիկ պահել։
Նրանք հայրենիքը սիրող, պաշտպանող մարդկանց հանդեպ ատելություն ունեն, նրանք չգիտեն Արցախի արժեքը, նրանց համար թանկ չէ հայկական հողը, որովհետև այդ ամենը նրանց դիվահար է անում։ Անհայրենիք ղեկավարության համար տեղ չունեն հայրենապաշտները, նրանք ամեն գնով չեզոքացնելու են նրանց, դա բնական գործընթաց է, այնպես, ինչպես դրական ու բացասական լիցքերը չեն կարող համատեղվել, կարճ միացում է լինելու։ ՈՒ սա միայն Փաշինյանին բնորոշ չէ, այլ իր թիմի գերակշիռ հատվածին։ Տեսեք, թե իմքայլականներն ինչպես ու ինչ են խոսում։ Մեկը Սեյրան Օհանյանի առնչությամբ ասում է, թե նա բանակի համար ոչինչ չի արել, մյուսը, լինելով սյունեցի, ասում է, թե «հերիք ա Սյունիքի թեման դնեք-վեկալեք»...
Երբ կենսագրականումդ ամենակարևոր փաստագրումը 2018-ին փողոց փակելն է, բայց դու քեզ իրավունք ես վերապահում արցախյան հերոսամարտերով անցած զինվորականին, հրամանատարին հեգնելու և նրա արածն առ ոչինչ համարելու, սեփական հողիդ, տանդ անվտանգությունն անգամ Փաշինյանի ոտքերի տակ տրորելու, նշանակում է դու կապ չունես այս երկրի հետ, որովհետև չստեղծելով ոչինչ, քանդելով ու ավերելով եղածը, չգնահատելով հայրենիքը պաշտպանողներին, դու ընդամենը մակաբույծ ես, որը տզրուկի պես կպել է պետության հիմքերին ու անհագ խմում է արյունը։
Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ