Դեռևս ամառվանից սկսված ու շարունակվող ներքին տարաձայնությունների, ինչպես նաև կորոնավիրուս կոչված չարիքի պատճառով «Բարսելոնն» այդպես էլ չի կարողանում ուշքի գալ և տուրից տուր ավելի ու ավելի է հեռանում չեմպիոնական մրցավազքից։ Կատալոնցիների հերթական պարտությունը «Կադիսից» էր՝ առաջնության նորեկից, որը, ի դեպ, լավ էլ հաջող է մեկնարկել ու առաջին վեցյակից այդպես էլ չի հեռանում։
Սակայն դառնանք «Բարսելոնին»։ Տասը տուրից հետո վաստակած 14 միավորն ու մրցանակային աղյուսակում յոթերորդ տեղը վկայում են վերջին 33 տարում թիմի ամենավատ մեկնարկի մասին։ Պատճառների մասին վերևում ակնարկի տեսքով մի երկու հուշում արեցինք, սակայն դրանք ամբողջը չեն։ Վատ մարզավիճակում է թիմի առաջատար Մեսին, ում Ռոնալդ Կումանը հարկադրված է ավելի ու ավելի շատ խաղադադարներ տալ։ Սակայն մյուս կողմից Մեսիին էլ կարելի է հասկանալ։ Հիշենք, թե նրան մրցաշրջանի մեկնարկից առաջ ինչ վիճակի մեջ դրեցին՝ հարկադրելով մտածել թիմից հեռանալու մասին՝ այն թիմից, որը նրա կյանքում բացառիկ դեր է ունեցել, ու որին, հանուն ճշմարտության ասենք, իր բացառիկ դերակատարությամբ պատասխանել է արգենտինացին։
Ներկայումս «Բարսելոնում» տեղի ունեցողը, թեկուզ շատ հեռավոր կերպով, այդուհանդերձ, հիշեցնում է Մադրիդի «Ռեալի» հետ տեղի ունեցածը, երբ «սերուցքայինները» երեք տարի անընդմեջ նվաճեցին եվրոպական ամենահեղինակավոր խաղարկության մրցանակը, սակայն չէին կարողանում համարժեք հաջողություն արձանագրել ներքին առաջնությունում։
Ներքին առաջնությունում ունեցած անհաջող մրցելույթների հենքի վրա կատալոնյան ակումբն անթերի է Չեմպիոնների լիգայի խաղարկությունում, որտեղ խմբային հինգ խաղում նույնքան հաղթանակ է տոնել խփած-բաց թողած գնդակների փայլուն հարաբերակցությամբ ու վաղօրոք լուծել փլեյ օֆ դուրս գալու խնդիրը։
Սակայն, այս ամենով հանդերձ, անհնար է չնկատել, որ լուրջ հիմնախնդիրների առաջ միայն «Բարսելոնը» չէ, որ հայտնվել է։ Սա կարծես հիվանդության տեսակ է, որը համակել է նաև եվրոպական մյուս գրանդ ակումբներին։ Ճգնաժամի պատճառով, որի առանցքում համավարակն է, շատ թիմեր չկարողացան ուժեղացնել կազմը, նրանց վրա էապես ազդեցին հանդիպումների գրաֆիկների փոփոխությունները։ Նույն իսպանական առաջնությունից մի՞թե առանձնապես շահեկան է «արքայականի» վիճակը, որը վեց միավորով հետ է առաջատարից։ Իսկ նորմա՞լ է այն, ինչ տեղի է ունենում «Յուվենտուսի», «Ինտերի», «Մանչեստր Սիթիի» հետ։ Ի միջի այլոց, եթե ընկնենք թվարկումների հետևից, բավական երկար ցանկ ենք հիշատակելու։
Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ