Ամենատարբեր մասնագետներից կազմված թիմի ձևավորում, բովանդակային մարքեթինգի կիրառում, աշխարհասփյուռ հայության ներուժի արդյունավետ օգտագործում, վերջնանպատակը՝ բանակի ամրացում և պաշտպանունակության բարձրացում։ Սոցիոլոգիական գիտությունների թեկնածու ՄԱՍԻՍ ՊՈՂՈՅԱՆԸ ուշագրավ նախաձեռնությամբ է հանդես գալիս։ Մանրամասները՝ ստորև։
-Շատ է խոսվում ամուր թիկունք ունենալու կարևորության մասին։ Մեր թիկունքը նաև լայն աշխարհագրություն ունի՝ Հայաստան-Սփյուռք։ Ինչպե՞ս եք գնահատում հայկական սփյուռքի գործելաոճն այս օրերին։ Ի՞նչ կարող ենք ակնկալել Հայաստան- Սփյուռք հարաբերություններից։
-Ես կարծում եմ, որ շատ տպավորիչ է Սփյուռքի մասնակցությունը։ Վիթխարի գործ է արվում։ Բայց, ինչպես շատ ուրիշ գործընթացներում, այս դեպքում ևս կարելի է արդյունավետությունը մեծացնել։ Օրինակ, եթե մենք հայտարարում ենք, որ անհրաժեշտ է նվիրատվություն անել «Հայաստան» համահայկական հիմնադրամին, և դա արվում է պետական պաշտոնյաների մակարդակով, բնական է, որ Սփյուռքի մի մեծ տոկոսի համար մեծ ազդեցություն է ունենում։ Որոշ շերտերի համար այդ ուղերձը ազդեցություն չունի։ Սփյուռքը շատ բազմազան է, տարբեր շերտեր կան այնտեղ։ Միայն մեկ մոտեցմամբ առավելագույն արդյունք հնարավոր չէ ստանալ։ Մարքեթինգում հայտնի մոտեցում է. սեգմենտացիան շատ կարևոր է, եթե պրոֆեսիոնալ արշավ մշակվի, արդյունքը կարող է բազմապատկվել։ Կոնկրետ մեր նախաձեռնությունը խնդիր է դնում մեկ ամսվա ընթացքում հավաքելու մեկ միլիարդ դոլար և այդ գումարով մեծացնելու մեր զինվորների անվտանգությունը։ Ինքս չեմ կարող ասել, թե ինչ միջոցների ձեռքբերմամբ, բայց վստահ եմ, որ մեր ռազմական մասնագետները կարող են առավելագույն արդյունք ստանալ։
-Ի՞նչ եղանակով պետք է ձեռք բերել Ձեր նշած գումարը։
-Ես հայտարարության մեջ նշել եմ, որ եթե տասմիլիոնանոց Սփյուռքի թեկուզ կեսը իր մեկ ամսվա աշխատավարձի ինչ-որ տոկոս, ենթադրենք՝ 10 տոկոսը, փոխանցի «Համահայկական» հիմնադրամին, կարող ենք մեկ ամսում հավաքել մեկ միլիարդ դոլար։ Արդեն պրոֆեսիոնալ մասնագետների գործն է՝ ոնց հասցնել այս մեսիջը Սյփուռքի բոլոր սեգմենտներին։ Նպատակ ունենք հրավիրելու խոշորագույն գովազդային գործակալությունների ներկայացուցիչների, տաղանդավոր դերասանների, առաջնահերթ՝ պատրաստելու մեկ-երկու րոպեանոց մեկ կամ երկու սոցիալական գովազդային հոլովակ։ Դրանից հետո կմտածենք՝ ինչ ցանցերով և տեխնոլոգիաներով այդ գովազդը տարածել, որ չմնա սահմանափակ սեգմենտի տեսադաշտում, այլ հասնի առավել լայն շերտերի։
-Ի՞նչ արձագանք եք ակնկալում Սփյուռքից։
-Ես խոսել եմ առանձին մարդկանց հետ, նրանք ասում են, որ պատրաստ են ամբողջ աշխատավարձը փոխանցելու, եթե կանխելու են ցեղասպանությունը։ Բայց այսօր տասը տոկոսի մասին էլ խոսք լինել չի կարող, որովհետև դաշտը կեղտոտված է, տարբեր առիթներով բարեգործական գովազդերը սովորական բան են դարձել։ Առանձնացող մասնագիտական մոտեցում է պետք։ Մարդուն հետաքրքրում է այն, որ իր ներդրումը որոշակի նպատակի ծառայի։ Եթե ներդրումը օգնելու է, որ մեկը տաք ծածկոց ունենա, դա մի բան է, բայց եթե այդ գումարով նվազելու է զինվորների մահացությունը, կտրուկ փոփոխություն է լինելու ռազմական գործողության մեջ, կանխվելու է ցեղասպանությունը՝ լրիվ այլ բան։
-Ձեր էջում գրել եք, որ Երևանում կամավոր հիմունքներով կառավարության տարբեր օղակներին և պատերազմի թիկունքին մտավոր աշխատանքով աջակցելու համար անհրաժեշտ են պատմաբաններ , ֆիզիկոսներ, մարքեթոլոգներ, տնտեսագետներ, լեզվաբաններ, քաղաքագետներ, միջազգայնագետներ, սոցիոլոգներ և այլն։ Մեր մտավոր ներուժն օգատագործելու ի՞նչ եղանակներ եք առաջարկում։
-Մեր պետական ապարատը ծանրաբեռնված է, և կարիք կա աջակցող պորֆեսիոնալ լրացուցիչ թիմերի։ Բացի դրանից, գիտնականների, վերլուծաբանների, դասախոսների մտածելակերպը մի քիչ տարբերվում է պետական աշխատողի մտածելակերպից։ Նրանք կարող են թարմ գաղափարներ, ստեղծագործական մոտեցումներ առաջարկել, ինչը պատերազմական իրավիճակում շատ կարևոր է։ Իհարկե, մեր գործունեությունը համաձայնեցնելու ենք համապատասխան օղակների հետ։ Պատվերը, թե ինչում կա աջակցության կարիք, իրենցից պետք է գա, և մեր համապատասխան խմբերը կաշխատեն այդ ուղղությամբ։ Արդեն հանդիպումներ ունեցել ենք որոշ կառույցների հետ։ Նպատակ կա թիմը համալրելու, օգտագործելու նաև մասնավոր սեկտորի հնարավորությունները։ Օրինակ, մենք ունենք գովազդային խոշոր գործակալություններ, որ կարող են ազդեցիկ գովազդեր պատրաստել, ունենք մարքեթինգային ընկերություններ, որ կարող են հետազոտել ու հասկանալ՝ սփյուռքի որ շերտերին ինչպես կարելի է մեսիջը հասցնել, և այլն։
-Ձեր առաջարկն առավելագույնս արագ և արդյունավետ իրականացնելու համար ի՞նչ է պետք՝ մտավոր ներու՞ժ, գումա՞ր, թե՞ կառավարման հմտություն։
-Մտավոր ներուժը կարող է օգնել, որ հեշտությամբ լուծվեն կառավարման շատ խնդիրներ, իսկ ինչ վերաբերում է գումարին, այնպես չէ, որ ի սկզբանե հաշվարկել ենք, որոշել, թե ինչ ենք անելու մեկ միլիարդ դոլարով։ Բայց ունենք հիպոթեզ, որ եթե ունենանք մեկ միլիարդ, դա վիթխարի փոփոխություններ կարող է մտցնել ռազմական գործողություններում։
-Ի՞նչ կասեք զրույցի վերջում։
-Գաղափարները շատ են, կուզեի նշել դրանցից ևս մեկը։ Մենք ունենք ջուր արտադրող խոշոր ընկերություններ, որոնց արտադրանքը արտահանվում է արտերկիր։ Եթե, օրինակ, ԱՄՆ-ում ապրող մեր հայրենակիցներն իմանան, որ իրենց գնած ջրից որոշակի գումար կուղղվի հայրենիքում կենսական խնդիրների լուծմանը, կսկսեն գնել հայկական ջուր։ Դրա համար պետք է պայմանավորվել գործարարների հետ, որ արտահանվող ապրանքի վաճառքից ստացված լրացուցիչ շահույթը փոխանցեն պաշտպանության նախարարություն։ Այնուհետև պետք է սկսել գովազդային արշավ։ Սա հանգանակության ավելի կայուն եկամտի աղբյուր է և նոր շերտ է մտցնում հանգանակության պրոցեսի մեջ. այն մարդիկ, որ հնարավորություն չունեն մեծ չափերի նվիրատվություն անելու, կարող են ջուր գնելով իրենց լուման ներդնել։ Կարող են նաև այդ տեղեկությունը տարածել ոչ հայերի շրջանում։ Դա նաև մարքեթինգի խոշոր հետաքրքիր հնարավորություն է։ էկոնոմիկայի նախարարությանը բազմիցս դիմել եմ այս հարցով, բայց անարդյունք։ Հավանաբար ինչ-որ շահերի է բախվում։ Հիմա այն պահն է, որ պետք է իրագործել։ Սփյուռքը հզոր ուժ է, եթե հնարավորությունները ճիշտ օգտագործենք։
Զրույցը՝ Արմինե ՍԱՐԳՍՅԱՆԻ