Արդեն 5-րդ տարին է, ինչ թղթակցում եմ «Իրատեսին», ծայրեծայր ընթերցում բոլոր համարները, կատարում գրառումներ` ու՞մ դիմել, ի՞նչ անել ինձ հետաքրքրող խնդիրների ոլորտում բարձրացվող հարցերը լուծելու, գործընկերներիս և իմ առաջարկությունները իրացնելու, մեր երկիրը հզորացնելու համար: ՈՒ գրեթե միշտ հայտնվում եմ մի հիմար իրողության ու հարցականի առաջ. չինովնիկը կայուն անտարբեր է մեր բոլոր նախաձեռնություններին, ոչ՝ այո, ոչ` ոչ. ու կարծես դրանով քեզ նաև հասկացնում են, որ իրենք ավելի լավ կզգային, եթե դու ընդհանրապես չլինեիր: Դա հատկապես նկատելի է տեխնիկական գիտությունների դոկտոր Վահան Համազասպյանի, նրա աջակիցների, նաև իմ հրապարակումների առումով: Ինչու՞ է այսպես, ինչու՞ չեն լսում Վահան Համազասպյանին:
Պատասխանը, իմ կարծիքով, կարող է լինել միակը` իսկ ի՞նչ շահ ունի կառավարիչ չինովնիկը գիտնականին լսելիս. նրա հետ կարելի՞ է խոսել ատկատի չափի, փայ մտնելու և նմանատիպ այլ հարցերի մասին։ Իհարկե ոչ: Եվ թեպետ ընդունված է ասել` երբեք մի ասա՝ երբեք, բայց ես ասում եմ այդ երբեքը, որովհետև քաջածանոթ եմ պարոն Համազասպյանի կենսագրությանը ոչ միայն «Իրատեսի» հրապարակումներով, այլև հեռակա անձնական դիտարկումներով:
Դա հեռավոր1994 թվականին էր, երբ կառավարության դահլիճ էին հրավիրվել երկրի դեռևս շնչող ձեռնարկությունների տնօրենները, քննարկելու Հրանտ Բագրատյանի տնտեսության զարգացման հետագա անելիքների զեկույցը, փորձելու պարզել, թե ինչ միջոցներով կարելի է վերաբեռնավորել գործարանները, բանվորին նորից կանգնեցնել հաստոցի, կոնստրուկտորին՝ գծագրական տախտակի մոտ, և այլն, և այլն: ՈՒ տրվեց լուծումը. արտադրության միջոցները արագ հանել վաճառքի, որովհետև ուր որ է արտերկրից ներկրվելու են նոր տեխնոլոգիաներ, նոր սարքավորումներ, հաստոցներ իսկ մենք պատրաստ չենք դրանք ընդունելու, մոնտաժելու: Ասեմ, որ ընդիմադիր ելույթ ունեցողներն այնքան էլ շատ չէին, բայց նրանց թվում առայսօր, այդքան տարիներ հետո, հիշողությունիցս չի ջնջվում խրոխտ, առնական կեցվածքով, իր հաստատ համոզմունքով գիտաարտադրական կառույցի տնօրենը, նրա ելույթը «...այդպես չի կարելի` բերեք նորերը, հետո վաճառեք եղածը»:
Արդյունաբերության այդ օրերի նախարարը իր ելույթում պախարակեց վարչապետին հակադարձողներին, 37-ականների ոգով սպառնաց տնօրեններին դանդաղկոտության համար, ու սկսվեց մեր արտադրական կարողությունների, հումքի արտահոսքը ոչ միայն Պարսկաստան, այլև Թուրքիա: Մի քանի տարի հետո արդյունաբերության նախարարը, մի այլ հանցանքի համար, հայտնվեց բանտում, մեր արտադրամասերում արդեն քամին էր խաղում, իսկ մեր բանվորները, այդ թվում կանայք, շարաններով ձգվեցին Թուրքիայի ճանապարհներով, քուրջ ու փալաս գնելով ու այն վերավաճառելով օրվա հացի խնդիրը լուծելու համար: Ես չեմ ուզում խտացնել գույները. առանց այն էլ եղածը մեր ցավն է, մեր հոգու մորմոքը: Բայց, ինչպես լավ հեքիաթներում, այս իրողություններում էլ ունեցանք մեր լուսավոր հային... Վարչապետին հակադարձողը, նախարարին «հունից» հանողը, ինչպես ինձ համար պարզվեց շատ տարիներ անց, Վահան Համազասպյանն էր:
Հասկանալի է, որ ոչ մի նոր տեխնոլոգիա, տեխնիկական միջոց չներմուծվեց, իսկ այդ նպատակով վերցված վարկերն էլ հայտնվեցին մեր կառավարիչների գրպաններում: ՈՒ սկսվեց արտագաղթը «Հայաստան, երկիր դրախտավայր»-ից, որովհետև «Այստեղով անցել են թուրքերը»։ ՈՒ այդպես ավելի քան 30 տարի։
Արդյունքում կործանվեց երկրի հիմքը` տնտեսությունը: Մեր գլխավոր տնտեսագետի` Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանի բնորոշմամբ՝ այդ անկումը եկամտաբերության, արտադրողականության ցուցանիշներով, Եվրոպայի միջին երկրների հետ համեմատած, բնորոշվում է վիճակագրության մեջ գրեթե չհանդիպող թվերով` 1500-800 տոկոս:
Թվում է, թե այս ամենը արձանագրելուց հետո, անցյալի դառը փորձը վերլուծելով, նախարարը, որը նաև գլխավորում է գյուղատնտեսության ոլորտը, կփորձի լսել, խորհրդակցել ոլորտի մասնագետների, այդ թվում նաև բազմափորձ, թոշակառու մասնագետների հետ, հետընթացը կասեցնելու, առաջընթացի ինչ-որ քայլեր ձեռնարկելու համար: Բայց, ստիպված եմ փաստել, որ ինչպես հայտնի 94-ին և դրանից հետո էլ չլսեցին Համազասպյանին, այնպես էլ այժմ շարունակում են չլսել, և ոչ միայն նրան: Համենայն դեպս, հեղափոխությունից հետո էլ, ես չգիտեմ մի դեպք, որ Համազասպյանի, նրա աջակիցների երկրի հզորացմանը միտված տնտեսական բնույթի առաջարկությունները, ելույթները կառավարող համակարգը քննարկի, հանրայնացնի, կարծիք ձևավորի. շարունակվում է անցած 30 տարիների արատավոր գործելաոճը` իրենք ամենագետ են և և թույլ չեն տա, որ ինչ-որ գիտնական խառնվի իրենց գործերին, ինչը տողատակում նշանակում է` «բացահայտի» ատկատի, թալանի իրենց ծրագրերը:
Այս առումով կեղծ են հնչում նույն այդ նախարարի տեխնոլոգիական առաջընթացով վիճակը շտկելու հաստատակամությունը, ձեռքբերումները։ Պարոն նախարար, կարո՞ղ եք բերել գեթ մեկ օրինակ, որ նախարարության ղեկավարությամբ 2 տարվա ընթացքում ներդրված որևէ տեխնոլոգիա, մեքենա գոնե 1 տոկոսով կրճատել են մեր հետընթացը, մասնավորապես, երկրի կենսական` կաթի ու մսի արտադրության ոլորտւմ: Պատրաստ եմ անձամբ Ձեզ հետ, կամ Ձեր կողմից երաշխավորված նախարարության աշխատակցի հետ, հրապարակայնորեն քննարկելու խնդիրը` ապացուցելու, որ այդ ոլորտի առողջացման Ձեր ծրագրերը օբյեկտիվորեն միտված են ոլորտը քայքայելուն, գյուղացու վիճակը վատացնելուն:
Ստացվում է, որ գիտությունը տնտեսության առաջընթացի լոկոմոտիվը դարձնելով, նոր տեխնոլոգիաների ներդրմամբ տնտեսական հեղափոխություն իրագործելը (այլ կերպ հնարավոր չէ այդ հեղափոխությունը), վերը նշված ահռելի ճեղքվածքը զրոյացնելը, այսօրվա իրողություններով, կառավարող համակարգով, հնարավոր չէ. և պետք չէ սպասել ևս 30 տարի այս պարզ ճշմարտությունը հասկանալու համար: Իսկ 30 տարի հետո, այս գործելաոճով մենք երևի Հայաստան երկիրն էլ չենք ունենա:
Հիանալի է, որ հեղափոխությունը անողոք պայքար է մղում անցյալի թալանչիների դեմ, բյուջե է մուտքագրում թալանը, ուրախացնող է վարչապետի հայտարարությունը, որ երկիրը տնտեսական առաջընթացի ֆինանսավորման խնդիրներ չունի, ու ստացվում է, որ միակ խնդիրը թերևս, մրցունակ ծրագրեր ունենալն է, որն այսօր, ցավոք, առավելապես փոխարինվում է ասֆալտապատման, բարեկարգման, տանիքապատման և նմանատիպ այլ աշխատանքներով, որոնք չեն կարող նոր կապիտալ ստեղծել: ՈՒ մեր օրերի ուղեկիցը դառնում է մտահոգիչ հարցականը` իսկ ի՞նչ ենք անելու, երբ բյուջե հետ բերված թալանի փողերը վերջանան:
Հասկանալի է, որ երկրի շահից է բխում առավելապես գիտահենք ծրագրեր ներդելը: Բայց ինչպես կարող ենք ունենալ այդպիսի ծրագրեր, երբ անտեսվում է գիտատեխնիկական միտքը, չեն խրախուսվում նորարարական աշխատանքները, առանց քննարկելու մերժվում են փորձարկված, երկրի հեղինակային իրավունքներով ամրագրված մի շարք նոր տեխնոլոգիաներ, մեքենասարքավորումներ, որոնց արդյունավետությունը կառավարության ղեկավարին ուղարկված պաշտոնական պատասխաններում նախարարները գնահատում են երկնիշ թվերով:
Այս ամենը բազմիցս, բավարարից էլ ավելի մանրակրկտությամբ ներկայացրել ենք «Իրատեսի» էջերում, և կրկնելու անհրաժեշտություն չկա: Բա՞յց...
Այս ամենը նաև նշանակում է, որ այսօրվա իրավիճակում, այս համակարգով, մենք տնտեսության առաջընթացի հեռանկար չունենք. որովհետև այդ առաջընթացը ստեղծում է գիտնականը, մեր օրերում առաջնահերթության կարգով կիրառական ոլորտի գիտնականը, իսկ նրան լսող չկա: Սա աբսուրդի իրավիճակ է, որովհետև տնտեսությունը հիմնականում սեփականաշնորհված է, իսկ սեփականատերը չի կարող չմտածել իր արտադրանքի արդյունավետության, արտադրողականության բարձրացման մասին, այլապես հաջորդ օրն իսկ կսնանկանա: Իսկ այդ «հաջորդ օրը» մեզ մոտ վաղուց է սկսվել. ինչպես տեսանք, եվրոպական միջին երկրների համեմատ, արտադրության հիմնական ցուցանիշներով, մենք սնանկ ենք 1500-800 տոկոսով: Այս թվերը նաև մեր երկրի կառավարման համակարգի, այդ թվում սեփականատերերի գործունեության անարդյունավետության ցուցանիշներն են, մեր երկրի խարանն են, որը պետք է վերացնենք միասնական ուժերով:
Երկրի ճակատագրական այս խնդրով մտահոգված, ճանաչված գիտնական, արտադրության բազմափորձ, հմուտ կազմակերպիչ Համազասպյանը դիմում է աշխարհի հայերին, ստանում օգնության առաջարկներ, բայց ինչպես միշտ, համակարգը լուռ ու մունջ է, մինչդեռ թվում էր, առաջինն ինքը պետք է արձագանքեր այդ դիմումին, կազմակերպեր մասնագիտական քննարկումներ, տար համապարփակ լուծումներ: Ցավոք, գերակշիռը «ձայն բարբառո հանապատինն է», իսկ «առաջընթացի» արձագանքները շատ ավելի խոր անկում են գուժում. ինչպես դա տեղի է ունենում «խելացի էկոգոմերի» հետ, երբ բյուջեից, ծրագրի համաձայն, գյուղացուն տրվում է 3,2 մլրդ դրամ, նույնքան էլ պետք է ներդնի վերջինս, չհաշված տավարի նոր գլխաքանակի ծախսերը, այն դեպքում, երբ այդ գոմը կառուցելու համար գյուղացին պետք է վարկ վերցնի, իսկ բանկը որպես գրավ քաղաքում լավ իրացվող բնակարան է պահանջում, այն դեպքում, երբ վարկը փակելու համար եկամուտ է պետք, իսկ ծրագրում դրա մասին տառ անգամ չկա և այլն, և այլն:
Տավարաբուծության զարգացման 2007-ի 10-ամյա ծրագիրը բազմաթիվ գյուղացիների ուղղորդեց դատարան, վարկը չփակելու համար ունեզրկեց նրանց: Բոլոր հիմքերը կան պնդելու, որ այս նոր ծրագիրը իր բացասական ցուցանիշներով գերազանցելու է նախորդին: Նախկին ծրագրի տապալման համար կառավարման համակարգից ոչ ոք չպատժվեց. պատժվեց միայն գյուղացին: Նույնը կրկնվելու է նաև հիմա. ավելին` ծրագրի անանուն չինովնիկը բարձր աշխատավարձ, պարգևավճար է ստանում ոչ թե կատարված աշխատանքի կոնկրետ, չափովի արդյունքից, այլ իր ղեկավարի հայեցողական վերաբերմունքից: Փաստենք, որ կառավարության կողմից հաստատված տնտեսության զարգացման այս ծրագրում չկա ոչ մի տնտեսագիտական իրական չափանիշ, այդ զարգացումը ապահովող քիչ թե շատ ժամանակակից առաջավոր տեխնոլոգիա:
Այսպիսի օրինակները շատ են:
Հասկանում եմ, որ հասարակությունը վաղուց ձանձրացել է անցյալի իրողությունները քննադատելուց և, որ օրակարգային է նույնիսկ ոչ թե նոր «բան» ստեղծելը, այլ մեզ տրված բնության, մեր հայրենակիցների, աշխարհի խելոքների մտավոր, գիտատեխնիկական առկա ռեսուրսները խելացի օգտագործելը, որը հնարավոր կլինի միայն տնտեսության կառավարման նոր համակարգ ստեղծելով: Այդ մասին վերջերս շատ է խոսվում: Ցավոք, որքան ես եմ հասկանում, բացակայում է կոնկրետությունը, գուցե նաև այն պատճառով, որ խնդրի լուծման ճիշտ պատասխան գտնելը այնքան էլ հեշտ չէ: Բայց պետք է փորձել, խնդրել նաև «Իրատեսի» ընթերցողներին՝ ներկայացնել իրենց կարծիքները, մտահոգությունները, լուծումները:
Սովորաբար, ինչ-որ խնդիր լուծելու համար փորձում ես պարզել դրա լուծման իրատեսական, հնարավոր լինելը: Պարզվում է, որ հարց չկա: Նախարարը դա հաստատում է. եվրոպական միջին երկրները վաղուց լուծել են տնտեսության ոլորտների արդյունավետության և արտադրողականության խնդիրները. կարելի է հյուր գնալ և ինչ-որ բան սովորել:
Բայց այդ սովորածը քիչ արդյունք կտա, եթե չկարողանաս այն համադրել երկրիդ բնաարտադրական, ինտելեկտուալ ռեսուրսների, իրական հնարավորությունների հետ. իսկ դրանք բազմապատիկ ավելին են, քան Եվրոպայինը: Բերեմ ընդամենը 2 օրինակ:
Հեռակա արոտները մենք օգտագործում ենք գրեթե կիսով չափ, դրանց բերքատվությունը նորմատիվից ցածր է 2-3 անգամ, գյուղամերձ, առավել պահանջված արոտները գրեթե իսպառ ոչնչացվել են։ Սա նշանակում է, որ եթե այսօր կարողանանք ճիշտ օգտագործել այս ռեսուրսները (իսկ դրա տեխնոլոգիական և տեխնիկական միջոցները մենք ունենք), ոլորտի արտադրողականությունը կարող ենք բարձրացնել նվազագույնը 5 անգամ:
Ոռոգման ջրի մեր պահանջարկը տարեկան մոտավորապես 2 մլրդ խմ է, մենք կարողանում ենք բավարարել դրա կեսից մի փոքր ավելին: Մինչդեռ երկրում արտադրվում է 8 մլրդ խմ մակերևութային ջուր, որի գրեթե 80 տոկոսը անարգել փախչում է Թուրքիա, Ադրբեջան, Վրաստան. սա նշանակում է, որ եթե այդ ջրաքանակը օգտագործենք երկրի կարիքների համար (իսկ դրա տեխնոլոգիական և տեխնիկական հնարավորությունները մենք նույնպես ունենք), ապա միայն մեր արոտներն ու խոտհարքները ջրով ապահովելով մի երկու տարվա մեջ մենք կհաղթահարենք խոտի արտադրողականության 1500-տոկոսանոց անկումը:
Հինգ տարուց ավելի է, ինչ նշված խնդիրները լուծող տեխնոլոգիան և մեքենան հավանության են արժանացել համակարգի կողմից, հաստատվել է պիլոտային ներդրման ֆինանսավորման չափը (ընդամենը 4 մլն դրամ), բայց համակարգը, որն ամեն տարի միլիոնավոր դոլարներ է ծախսում նշված խնդիրները լուծելու համար, առաջարկվող տեխնոլոգիան և մեքենան չօգտագործելու պատճառներ է փնտրում:
Հիմա խնդրել եմ պարոն վարչապետին՝ ծառայողական քննություն սկսել էկոնոմիկայի իր նախարարի նկատմամբ, նշված երկրաստեղծ աշխատանքները տապալելու համար:
Հասկանալի է, որ գյուղացին կձգտի շատ արտադրել. երբ այդ արտադրանքը շուկայում բարձր մրցունակ է. այսինքն ունի ցածր ինքնարժեք և առավել որակյալ է: Սա երևի տնտեսավարողի առաջին հոգսն է` որակ և ցածր ինքնարժեք:
Նշեմ, որ մեր կատարած աշխատանքները թույլ են տալիս լուծել նաև այդ խնդիրը. նախարարների կողմից փաստագրվել են այդ աշխատանքների շահութաբերության` 31,2 և բերքատվության աճի` 25-30 տոկոս ցուցանիշները և ուղարկվել կառավարության ղեկավարին:
Եվ ի՞նչ… Ոչինչ… Զրո… Սա համակարգ չէ, այլ խայտառակություն: Մինչդեռ տնտեսությունը մեր բոլորի գոյատևման հիմքն է: Հարգելի ընթերցող, խնդրում եմ «Իրատեսի» էջերում ներկայացնել Ձեր մտորումները, կարծիքները, առաջարկությունները տնտեսության կառավարման արդյունավետ համակարգ ստեղծելու համար:
Գուցե այս նոր համակարգով կարողանանք ճիշտ մարդուն ուղղորդել ճիշտ աշխատատեղ, բնության հրաշքի` մարդու ուղեղի կարողությունները առավելագույնս օգտագործել նոր արժեքներ ստեղծելու, դրա հեղինակին համարժեք վարձատրելու, երկիրը հարստացնելու:
Կարծում եմ, նոր պայմաններում համակարգն ինքը կփնտրի Համազասպյանին, ու զրույցն էլ երկուսի համար կլինի հաճելի, արդյունավետ։
Ստյոպա ԽՈՅԵՑՅԱՆ