«Պետք է խաղի համընդհանուր կանոնները պահպանվեն»
24.09.2019 | 00:50
Նիկոլ Փաշինյանն էլ իր նախորդների պես տնտեսական վիճակի բարելավման ցուցանիշ է համարում վիճակագրական տվյալները, բայց թվերից անդին կա իրականություն, որն ամենևին էլ հուսադրող չէ։ Տնտեսության թռիչքաձև աճ, կախարդական փայտիկ, ճամպրուկներով ներդրումներ խոստացած կառավարությունը մեկուկես տարի անց ի՞նչ է մատուցում հասարակությանը։ Տնտեսագետ, «Իմ քայլը» խմբակցության անդամ ԱՐՏԱԿ ՄԱՆՈՒԿՅԱՆԻՑ փորձեցինք պարզել` ի՞նչ վիճակում է Հայաստանի տնտեսությունը։
-Մեկուկես տարի առաջ ԱԺ ամբիոնից ահասարսուռ ազդակներ էին հաղորդում,- ասաց պատգամավորը,- թե ամեն օրը ՀՆԱ-ի վրա այսքան բացասական ազդեցություն է ունենում, տարբեր տոկոսների մասին էին խոսում, բանկերից փողերն արտահոսելու են և այլն։ Հեղափոխության ամենակարևոր ձեռքբերումն այն էր, որ այդ բոլոր մտահոգություններն ի չիք դարձան։ Հիմա տեսնում եք, որ առաջին փուլում իրականացվեցին կայունացման գործառույթներ, իհարկե, ոչ այն չափով, ինչը սովորաբար հաջորդում է հեղափոխություններին։ Առաջին փուլում հաջողվեց չեզոքացնել բոլոր ռիսկերի հավանականությունը։
-Այսօր ռիսկեր չկա՞ն։
-Աշխարհում չկա այնպիսի տնտեսություն, որ ռիսկեր չունենա։ Հատկապես մեր տնտեսությունը, քանի որ Իրանի հետ կապված բավական հեղհեղուկ վիճակ է։ Ամեն օր Իրանի հետ կապված զարգացումներ են լինում, ու բնականաբար դա չի կարող չազդել մեր տնտեսության վրա։ Տարբեր սցենարների պարագայում այդ ռիսկերը կարող են մեծանալ ու փոքրանալ։ Այդուհանդերձ, մեզ հաջողվեց մեր տնտեսությունը կայունացնել և ապացուցել, որ այն ունի որոշակի դիմադրողականություն և կարող է մարտահրավերներին դիմակայել։
-Դուք դիմադրողականության մասին եք խոսում, բայց ցուցանիշներն այլ բան են ասում, որի համար նախկինները միշտ քննադատում են ձեզ։ Ասել է՝ ձեր կառավարությունը զիջում է նրանց արձանագրած ՀՆԱ-ի ցուցանիշին։
-Կա ՀՆԱ-ի պոտենցիալ հասկացողություն, երբ ՀՆԱ-ի պոտենցիալից հեռու ես, շատ ավելի հեշտ է բարձր տնտեսական աճ ապահովել, քան ամեն հաջորդ տարի։ 2018-ի մակրոտնտեսական տվյալները և նախորդ իշխանության ծրագրում դրված ցուցանիշը գերակատարվեց. 2018-ին 5 տոկոս տնտեսական աճ էր կանխատեսվում։ Իհարկե, առաջին եռամսյակում առաջանցիկ տվյալներ կային, բայց տարվա համար նման ցուցանիշ էր նախանշված։ Տեղի ունեցած փոփոխություններից հետո հնարավորություն ընձեռվեց առնվազն չվատացնել կանխատեսված սցենարը։ Այս առումով առաջանցիկ տեմպերի համար հիմքեր արդեն ստեղծվել են։ Եթե մենք ուսումնասիրում ենք ակտիվ հարկ վճարողների քանակը, եկամուտների հավաքագրման մակարդակը, ինչը պայմանավորված է տնտեսական աճով, բավականաչափ դրական միտումներ կան։ Իհարկե, արտահանման ծավալները կարող էին ավելի մեծ լինել, բայց հիմա կառավարությունը դրա հիմքերն է ստեղծում։
-Դեռ հեղափոխության օրերին շատ խոստումներ լսեցինք՝ տնտեսությունում հեղափոխական մոտեցումներից սկսած մինչև ճամպրուկներով ներդրումների հոսք Հայաստան։ Ի՞նչ եղան այդ խոստումները, ու՞ր են ներդրումները։
-Կառավարությունն առնվազն ամիսը մի քանի անգամ տարբեր գերակա ոլորտներում ներդրումային ծրագրերին արտոնություններ է տալիս։ Սրանք հիմնականում տեղական ներդրումներ են, ինչի առնչությամբ դրական միտումներ կան։ Պատահական չէ, որ այդ ներդրումային նախագծերում երկու չափանիշ կա՝ ներդրում և ստեղծվելիք աշխատատեղ։ Սրանք այն հեռանկարային ուղղություններն են, որոնք նպաստելու են ապագայում տնտեսական որակական փոփոխություններին։ Եթե նախկինում հիմնականում հանքարդյունաբերական ներդրումներ էին, հիմա ավելի շատ դիվերսիֆիկացված է դա՝ արևային էներգետիկա, վերամշակող արդյունաբերություն։ Թվերը մեզ թույլ են տալիս ենթադրել, որ տեղական ներդրողները հասկացել են` խաղի կանոնների փոփոխություն է եղել։
-Իսկ օտարերկրյա ներդրողներից ի՞նչ լուր ունեք։
-Այս ներդրումների առումով էլ որոշակի աճ կա, սակայն, ինչպես նախկինում, այնպես էլ հիմա մեր պոտենցիալից բավական հեռու ենք, ինչը մտահոգիչ։ Բայց առանց ներքին ներդրողի անհնար է դրսից ներդրում ակնկալել, իսկ այդ առումով դրական դինամիկա կա։ Ներքին ներդրողների վստահությունը կառավարության հանդեպ մեծ է։
-Կապիտալի արտահոսք չկա՞։
-Եթե ԿԲ-ի տվյալներն ուսումնասիրեք, որոնք ցույց են տալիս ավանդների թվաքանակը, նման մտահոգություններ չկան։ Բայց չափազանց կարևոր է, որ 2020-ի բյուջեն, հաշվի առնելով նաև կառավարության կուտակած փորձը, լինի ռազմավարական նախաձեռնությունների վրա հիմնված կենսական ծրագրերի իրականացման բյուջե։
-Երեկ ԱԺ-ն ընդունեց «Հարկային օրենսգրքում» փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը (հիշեցնենք, որ այս նախաձեռնությամբ 56 մլրդ դրամ ԱԱՀ պարտավորություն և դեբետային գումարներ են վերադարձվելու 2835 հարկ վճարողի)։ Ընդդիմադիրները մտահոգություն հայտնեցին, որ իրենք չգիտեն, թե ովքեր են այդ տնտեսվարողները, և պահանջեցին ցանկ։ Ավելին, Մանե Թանդիլյանն ասաց, թե տվյալներ ունի որ 1,5 մլրդ դրամ վերադարձվելու է Սերժ Սարգսյանի եղբոր ընտանիքին պատկանող կազմակերպություններից մեկին։ «Մարդիկ, ովքեր թալանի միջոցով կուտակել են հարստություն և այսօր քրեական հետապնդման մեջ են, նրանք կան այդ ցանկում: Մենք չենք կարող մեր բյուջեից նրանց գումար հատկացնել»,- հայտարարեց պատգամավորը։ Այսինքն՝ կառավարությունը մի ձեռքով գումարներ է բռնագանձում այս մարդկանցից, մյուսով տալի՞ս է։
-Այդպես չէ։ Ընդդիմության մտահոգությունն այն է, որ այդ ընկերությունների միջև կարող են լինել այնպիսիք, որոնք անցնում են որոշակի քրեական գործերով։ Եթե այդպիսի գործերով անցնում են, ուրեմն արդեն մտահոգվելու առիթ չկա։
-Եթե քրեական գործով անցնում են, նրանց այդ գումարը հետ չի՞ տրվում։
-Եթե դատական որոշումներ եղան, ապա բանկային հաշիվների վրա սահմանափակումներ են լինելու։ Այս առումով օրենքի կարևոր ուղերձն այն է, որ կան որոշակի ընթացակարգեր, որոնցով ինչպես խորհրդարանը, այնպես էլ ՊԵԿ-ը կարող են վերահսկողություն իրականացնել։ Իհարկե, մենք պետք է ավելի աչալուրջ լինենք, որ ռիսկեր չլինեն, դրա համար համապատասխան գործիքակազմ ունեն և՛ ընդդիմությունը, և՛ ՊԵԿ-ը։ Եվ ամենաէականը՝ եթե տնտեսական կյանքի բարելավման համար մի որոշում ես ընդունում, պետք է խաղի համընդհանուր կանոնները պահպանվեն։
Ճեպազրույցը՝
Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆԻ
Հեղինակի նյութեր
Մեկնաբանություններ