Նախարարը խոսեց` չխոսելով
20.09.2019 | 00:44
Մեկը մյուսին հաջորդած ուժային կառույցների հրաժարականները լայն քննարկման թեմա են դարձել և առիթ տվել տարաբնույթ խոսակցությունների. կա մտավախություն, որ կադրային լուրջ փոփոխություններ կարող են լինել նաև տնտեսական ոլորտում։ Այս հարցը կառավարության նիստից հետո փորձեցինք ճշտել բարձր տեխնոլոգիաների արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանից, քանի որ նախարարի պաշտոնն ինքնին քաղաքական է։
«Նախ պետք է հիշեցնեմ, որ երեկ վարչապետի աշխատակազմի ղեկավարն անդրադարձել է այդ հարցին, և կարծում եմ, որ նորմալ է, երբ գործատուն իր աշխատակցի աշխատանքից գոհ չի լինում և որոշում է, որ այդ անձը չպետք է աշխատի կոնկրետ այդ պաշտոնում»,- ասաց նախարարը։ Ի դեպ, քանի որ ԱԱԾ-ի արդեն նախկին տնօրեն Արթուր Վանեցյանն իր հրաժարականին հաջորդած ասուլիսում նշել էր, թե իր հայտարարությունը քաղաքական չէ, այնուհանդերձ, այն իր մեջ ուներ քաղաքական ենթատեքստ, մեզ հետաքրքրեց` հայտարարությունը, ի վերջո, քաղաքական հենք ունե՞ր, թե՞ ոչ։ «Այդ հայտարարությանն արդեն անդրադարձ եղել է, և ես չէի ցանկանա ևս մեկ անգամ մեկնաբանել այն»,- նշեց Հակոբ Արշակյանը։
Այն, որ նախարարը չցանկացավ մեկնաբանել Արթուր Վանեցյանի հայտարարությունը, կարծում ենք` տրամաբանական է, ինչպես ասում են` յուրաքանչյուր մարդ ինքն է իր արածի պատասխանը տալիս, և երրորդ կողմի միջամտությունը կամ մեկնաբանությունը նման դեպքերում կարող է ավելի սրել իրավիճակը։ Ինչևէ, քանի որ ԱԺ-ում քննարկվում է ուժային կառույցների ղեկավարների պաշտոնը քաղաքական դարձնելու հարցը, ապա նախարարին հարցրինք` արդյո՞ք այդ պաշտոնները պետք է լինեն քաղաքական։ Հակոբ Արշակյանը շեշտեց, որ այդ հարցի առնչությամբ վարչապետը բավարար մեկնաբանություններ տվել է։ Հիշեցրինք, որ այս պահին մեզ նախարարի տեսակետն է հետաքրքրում, ինչին ի պատասխան նա ասաց. «Կարծում եմ, երկու մոդելներն էլ կարող են աշխատել ըստ առաջնահերթության»։
Ժասմեն ՎԻԼՅԱՆ
Հեղինակի նյութեր
Մեկնաբանություններ