ՊՎԾ պետի ժամանակավոր պաշտոնակատար ԱՐԳԻՇՏԻ ՔՅԱՐԱՄՅԱՆԸ զարմացրեց լրագրողներին` կառավարոթյան երեկվա նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում հարցերի մեծ մասը անձնական բնույթի համարելով և շրջանցելով։ Ամենահետաքրքիրն այն էր, որ, ինչպես պարզվեց, վարչապետ Նիկոլ Փաշինյանը անձնական բնույթի հանձնարարական է տվել ՊՎԾ-ի պետի ժամանակավոր պաշտոնակատարին՝ պաշտոնը ստանձնելուց հետո։ Մի շարք հարցականներ պարունակող այս հայտարարությունն այդպես էլ «չգաղտնազերծվեց», քանի որ Արգիշտի Քյարամյանը չմանրամասնեց, թե ինչ բնույթի է եղել հանձնարարականը։ Ընդհանրապես, նորանշանակ բարձրաստիճան պաշտոնյան «ունքը սարքելու փոխարեն աչքն էլ վնասեց»` լրագրողների հարցերը դիտարկելով անձնական գաղտնիքի շրջանակներում։ Մենք, այնուամենայնիվ, փորձեցինք ճշտել` որտեղից այն հսկա կարողությունը, որ կուտակել է նորաթուխ պաշտոնյան։
-Պաշտոնս ստանձնելուց հետո առաջին իսկ պահից իմ ունեցվածքը, այդ թվում` շարժական և անշարժ գույքը, հայտարարագրել եմ,- ասաց Արգիշտի Քյարամյանը։- Հետևաբար պետք է ֆիքսել, որ այն չի ձևավորվել աշխատանքային գործունեության ընթացքում։ Եթե այն չի ձևավորվել աշխատանքային գործունեությունից, դա նշանակում է, որ ձևավորվել է անձնական կյանքի ընթաքում, և այդ մասով ասելիք չունեմ։
-Դուք նշել եք, որ Ձեր կնոջ ունեցվածքը` 26 մլն դրամ և 46 հազար դոլլար, ձևավորվել է Ձեր` պաշտոն ստանձնելուց շատ ավելի վաղ, անգամ Ձեր ամուսնությունից առաջ։ Ձեր կինը գործարա՞ր է, թե՞ մեծահարուստի դուստր։
-Ոչ։ Եվ ընդհանրապես ես չեմ պատրաստվում քննարկել իմ անձնական կյանքը։
-Պարոն Քյարամյան, քանի որ Դուք նախորդ ճեպազրույցներից մեկում Ձեր ունեցվածքի մասին չեք ցանկացել մանրամասներ ներկայացնել, նշելով, որ ոչ մեկի առջև հաշվետու չեք, կարելի՞ է ենթադրել, որ վարչապետի հետ հանդիպումից հետո եք հասկացել, որ հաշվետու եք հասարակության առջև։
-Նախ` չգիտեմ որտեղից եք ֆիքսել և պնդում, որ վարչապետի հետ հանդիպում է եղել։ Ես պետական վերահսկողության ծառայության պաշտոնական կայքէջում Ձեր նշած ճեպազրույցից հետո որոշակի պարզաբանում եմ տվել։
-Այնուամենայնիվ, հասկացաք, որ հաշվետու եք հանրության առջև։
-Հաշվի առնելով այն հանգամանքը, որ հարցը լայն քննարկման առարկա է դարձել և հանրությունը պահանջել է ներկայացնել այդ հարցով պարզաբանումներ, ես այն ներկայացրի։
Ճեպազրույցը` Ժասմեն ՎԻԼՅԱՆԻ