Էմանուել Մակրոնի այցը Հայաստան, ուր նա եկել է Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովին մասնակցելու, կովկասյան այս փոքր երկրի գործարար շրջանակներին մեծ հույսեր է ներշնչում: Հայաստանի կառավարությունը օգտագործեց առիթը, որ մի քանի շաբաթում կազմակերպի գործարար ֆորում, որին մասնակցելու են ընկերությունների 350 ֆրանսախոս ղեկավարներ` գրում է Ռեժի Ժենտեն Le Figaro-ում: «Երկիրն ունի 7,5% տնտեսական աճ, որը հավասարաչափ չի բաշխվում: Օգտվում են միայն մի քանի խոշոր ընկերություններ»` ափսոսանքով ասում է վարչապետի տնտեսական հարցերով խորհրդական Արտակ Մանուկյանը: Սկսելով մայիսի 20-ից` Նիկոլ Փաշինյանը հավաքեց օլիգարխներին` բացատրելու, թե ինչպես է պատրաստվում ղեկավարել տնտեսությունը` վերջ դնել օրենքը շրջանցող մոնոպոլիաներին ու արտոնություններին, վերջին երեք տարվա հարկային պարտավորությունների հետադարձ ուժին` ի տրիտուր համաներման: Բայց երկիրը դեռ վերջնականապես չի կանգնել իր տնտեսական հեղափոխության ռելսերի վրա: Մի քանի օլիգարխներ, նրանցից ոմանք խորհրդարանի պատգամավոր են, սպառնում են փակել ձեռնարկությունները, եթե իրենց սեփականության դեմ ոտնձգություն արվի: Չնայած համաժողովրդական վիթխարի աջակցությանը` վարչապետը և նրա թիմը գործնականում չեն կարողանում օրենքներ ընդունել, քանի որ խորհրդարանը դեռ նախորդ իշխանության ձեռքում է` ընտրված զանգվածային ընտրախախտումներով:
Բայց ռուս մեծ եղբայրը հասկացնել տվեց, որ տեղին չէ դուրս գալ Սահմանադրության շրջանակներից ու ցրել նման խորհրդարանը: Սերժ Սարգսյանի ՀՀԿ-ն, թեպետ մերժված ժողովրիդից` հրաժարվում է արտահերթ ընտրություններից: «Նրանք ցանկանում են հնարավորինս հետաձգել ընտրությունները` հույս ունենալով, որ Փաշինյանին աջակցությունը կնվազի` բարեփոխումներ չլինելու պատճառով»` գտնում է վարչապետի մերձավորներից մեկը: Նիկոլ Փաշինյանի մանևրի դաշտը բավականին փոքր է: «Պետական բյուջեն կազմում է 2,4 միլիոն եվրո և նույնիսկ ամեն ինչի խնայողությունը ու հարկահավաքության բարելավումը, մասնավորապես 40% կազմող գորշ տնտեսությունից, թույլ չի տալիս ուժեղ թռիչք: Պետք է փոխել ամբողջ գործարար մթնոլորտը, այս պահին վատ է, որ այդ մթնոլորտը կախման մեջ է մեր միգրանտների դրամական փոխանցումներից»` գտնում է խորհրդական Արտակ Մանուկյանը: Հայերի ամենամեծ սփյուռքը Ռուսաստանում է: Հայկական տնտեսությունը նաև մեծ կախում ունի արտասահմանյան ներդրումներից, հումքային արդյունաբերությունից (պղինձ, մոլիբդեն) կամ էներգետիկայից (80% Ռուսաստանինն է): Արդյունավետ գործարար միջավայրի հաստատումը կարող է մեծ նշանակություն տալ երկրին` չնայած շուկայի սահմնափակությանը (3 միլիոն հայերի միջին աշխատավարձը 250 եվրո է): Ներդրումներ անել Հայաստանում նշանակում է բացել 180 միլիոն բնակչություն ունեցող ԵԱՏՄ-ի մաքսային տարածքի դռները, որի անդամ են Հայաստանը, Ռուսաստանը, Ղազախստանը, Բելառուսն ու Ղրղզստանը:
Ռեժի Ժենտե, Le Figaro
Հ.Գ. Կասեք` լրագրողն անբարեխիղճ է և համարժեք չի արտացոլում իրականությու՞նը: Այո, նվազագույնը խորհրդարանի մասով, բայց ակնհայտ է, որ լրագրողին ապակողմնորոշել են, իսկ նա երկրորդ կողմին պարզապես չի դիմել: Բոլոր դեպքերում` ևս մի քանի նման հրապարակումներ և ֆրանսիացիները հաստատ ներդումներ չեն անի Հայաստանում, իսկ շնորհակալություն պետք է հայտնել նաև վարչապետի խորհրդականին:
Անահիտ ԱԴԱՄՅԱՆ