Ռուսական «Գազպրոմի» դուստր South Stream Transport B.V. ընկերությունը «Թուրքական հոսք» գազամուղի ծովային հատվածի կառուցման շրջանակներում աշխատանքներ է սկսել թուրքական Քըյըքեյ ավանի ափամերձ գոտում: Թուրքիայի ափամերձ շրջանում տարվող աշխատանքները ներառում են խողովակների համար նախատեսված շուրջ 2,4 կմ երկարությամբ ձգվող խրամատների նախապատրաստումը՝ ապահովելու պաշտպանությունը ալիքների ազդեցությունից: Ակնկալվում է, որ աշխատանքները ափամերձ հատվածում 4-8 շաբաթ կտևեն:
«Թուրքական հոսքը» Ռուսաստանից Սև ծովով դեպի Թուրքիա և այլ երկրներ ձգվող գազատարի նախագիծ է: Գազատարի առաջին գիծը նախատեսված է թուրքական շուկայի համար, երկրորդը՝ Հարավային և Հարավարևելյան Եվրոպայի համար:
Յուրաքանչյուր գծի հզորությունը կազմում է տարեկան 15,75 մլրդ խորանարդ մետր: