«Մենք կաշխատենք ցանկացած ամերիկացի առաջնորդի հետ, որին կընտրի ամերիկյան ժողովուրդը, և որը պատրաստ կլինի հավասար, փոխադարձ հարգանքով երկխոսության: Դոնալդ Թրամփի վարչակազմի օրոք, չնայած շատ լուրջ պատժամիջոցներին, այդուհանդերձ, երկխոսություն կար, և դա ամեն դեպքում օգտակար էր »,- ասել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը Նյու Յորքում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հանդիպմանը հաջորդած ասուլիսում։               
 

Գույներ և ձայներ դիմանկարի համար

Գույներ և ձայներ դիմանկարի համար
11.12.2015 | 11:49

Արձակագիր, մշակութաբան, լրագրող, ռեժիսոր, կինովավերագրող և այլն, պարզապես ախալցխացի ՀՈՎՀԱՆՆԵՍ ՊԱՊԻԿՅԱՆԻ անունը տալիս կամ պատահաբար հանդիպելիս, հեռախոսելիս, լրագրերում (ավելի շատ «Իրատեսում») տպագրված հոդվածները կամ ինձընծա գրքերը կարդալիս, կինոէջերը դիտելիս հիացքով զարմանում եմ, թե որտեղից Հովիկին էսքան շռայլ սեր ու հավատ, որ նա առատորեն ու սրտանց նվիրաբերում է… իրեն: Այո՛, նախ իրեն: Ասել է՝ քո թխած հացը նախ ինքդ ճաշակիր, հետո՝ ում կուզես և ով կցանկա:

Պարզ ու թանկ բառեր կան թաքնված քո հոգում, որ մոմի պես հալվելով՝ ջերմացնում են, աղոթք դառնում, Մնձուրու հաց ուզելու պես՝ ի՞նչ ես մուրում աշխարհից: Բառն իր գործը լավ գիտի՝ և՛ նվիրվել, և՛ սիրել, և՛ խանդել, և՛ պճնվել, և՛ մերկանալ: Բառն էլ մարդ է: Բառը լեզու է: Բառը գուրգուրել գիտի ու նաև խայթել գիտի: Երանի տանք մեզ ու մեր բառալեզվին, որով ապրում ենք, որով բալասանում ենք, մեղմում մեր ցավը, բորբոքում սերը: ՈՒ ոնց է լինում, որ էս ծառը, էս եզերքը, էս ջուրը, էս տունը, էս ձայները, էս լուսաբացը, էս ամպերը, անձրևը, արևը երեկ քոնն են եղել, դու էլ մեջը, հազար ու հազար տարի առաջ քոնն են եղել, դու էլ մեջը առոք-փառոք ապրել ես, իսկ էսօր ու հազար տարի է՝ քոնը չեն: Սարսափելի է՝ ունեցել ես, հիմա չունես: Ապավինում ես կարոտին: Միայն կարոտն է քեզ պահում, ուժ ու հույս տալիս: Բայց ոչ մի բանի, անգամ կարոտին չի կարելի գերի դառնալ:
Զարմանալի մունջ ու խոսուն զարմանք է իմ ճանաչած, բնավ էլ ոչ զարմանալի, հիշողության հայրենիքի կարոտների վեհանձն տիրակալ ու ընծադրյալ ճորտուկ Հովհաննես դպիրը: Սեր բորբոքող և ցավ մեղմող թախծանուշ կարոտյալ է Հովհաննեսը: Պապենական տան մասին, Անիի ու Կարսի մասին էնպես սրդողով է գրում, որ, ասես, գրում է Ֆրունզիկ Մկրտչյանի կամ Վազգեն Վեհափառ Տիրոջ մասին: Եվ նա գրում է ոչ թե մասին, այլ համար: Մասին լինի թե համար, մի բան պարզ է՝ նա գրում է մարդուն պատած ցավի ու կարոտի համար: Երկրի ցավը հենց մարդու ցավն է: Մարդ է, աշխարհ է եկել, ինչու չտեսնի իր պապերի Կարինը, նրանց Չիֆթլիկ գյուղը: Տեսավ ու… Ո՛չ, ոտքերը չծալվեցին, ո՛տ առավ, ո՛չ, թևերը չթուլացան, թև առավ: ՈՒ... Ինքը էրգիր ունի:
Երբ Երևանում ծանոթացել են Հովհաննես Պապիկյանը և Մարտին Թադևոսյանը, երկուսն էլ շուտ են զգացել, որ իրենք նույն արմատից են՝ Արևմտյան Հայաստան: Չարենցից են խոսում: Հովհաննեսը երազում է լինել Կարսում, որոնել Աբգար աղայի տունը: Եվ Հովհաննեսը լսում է, որ Մարտինը նույնպես որոնում է Չարենցի տունը: Նոր աշխարհ է սկսվում՝ ոչ թե լաց լինել, մղկտալ, այլ որոնել, գործ անել: Քո Չարենցը Կարսում է ծնվել: Ո՞ր փողոցում, ո՞ր տանը: Կարսում մեծ բանաստեղծ է ծնվել: Կարս, Էրզրումի փողոց, թիվ 100 հասցեում է գտնվում Չարենցի տունը: Տունը այդքան էլ տան նման չէր: Հովիկը գրում է. «Երբեմնի երկհարկանի շենքի վերին հարկը քանդված էր, առաջին հարկ ասածն էլ խարխուլ պատերն էին՝ առանց ծածկի... Մուտքի հնաբույր դուռը կար, որը պահպանելու որևէ բան չուներ: Բայց սա Չարենցի՜ հայրական տունն էր, եթե անգամ որմից մի ծիվ միայն մնացած լիներ»:
Այո՛, հարուստ ու հուզիչ գիրք է գրել Հովհաննես Պապիկյանը: Նրա «Կարոտի ճամփաներ» (գուցե ճամփաներով) գիրքը և բոլոր գրքերը հին կարոտ են պահում իրենց մեջ: Քանի անգամ է ճամփա ընկել դեպի էրգիր: Ախալցխայի մոտ, ուր Փոցխով գետը իր աղբրաջրերը խառնում է Կուր գետին, արդեն հավատում ես, որ մտնում ես սահման՝ անցնելով 500 կմ ճանապարհ: Սահմանները եթե բաց լինեին՝ Գյումրիից Կարս ձգվող 80 կմ ճանապարհը ամենաբանուկը կլիներ: Կարսեցիները, հենց Կարսի քուրդ իշխանավորները, համոզված են, որ սահմանների բացումը մեծ օգնություն կլինի և՛ Հայաստանի, և՛ Կարսի նահանգի արևելյան շրջանների զարգացման համար: Անգամ պատվիրակություններ են եկել Գյումրի: Եվ գյումրեցիներն էլ գնացել են իրենց քաղաք Կարս:
Սա Վրաստան պետության սահմանի անցակետն է, ուր սովորույթի համաձայն, փաստաթղթերի ձևակերպումը ձգում, ձգմգում են, որից սրտնեղում են բոլոր մեծ ու փոքր ուխտավորները, բացի ամեն հարցում նրբազգաց, ժամ ու ժամանակի գինը լավ իմացող Հովիկից: Անցակետում նա իր դիրքավորված տեղն ունի: Նայում է դիմացի անտառփեշին, Փոցխովի աջ ափին, ուր իրենց կյանքն են շարունակում Ախալցխայի հայոց հինգ գյուղերը, նաև իր ծննդավայրը՝ Ջուլղան: Տները տեղում են, իսկ տանտերե՞րը... Իր հայրական տունը... Հիմա այդ տունը տնատեր չունի: Թախիծը վրա է տալիս: Փակ դուռն է տեսնում: Լավ է, որ դուռը բացող-փակող հարևան ունի: Շատերը դա էլ չունեն:
Հովիկին ճանաչելը և՛ դժվար է, և՛ հեշտ: Ընկերները լավ են ճանաչում Հովիկին: Մարտին Թադևոսյանը, Դավիթ Սարգսյանը, Սամվել Սևադան շուտ են հասկանում, որ Հովիկը նորից հուշերի գիրկն է ընկել: Նրանք հայացքով բացում են իրենց ընկերոջ տան դուռը: Մեկ է՝ Հովիկը պոկ չի գա իր տնից, մինչև չկանչեն: Վերջին սահմանա...խախտը միշտ ինքն է լինում: Հովիկը դառնաղի ժպտում է, բայց ներսում հոգին լաց է լինում: Հուզմունքը խիտ է և դեղնավուն: Պիտի կապույտ հայացքով նայի մորը, պիտի հիշի գյուղը, հիշի մարդկանց: Շատերն են ծնվել ու բոլոր տներն էլ հիշեցրել են Չիֆթլիկ տանող ճանապարհները: Նարեկացիագետ Պողոս Խաչատրյանն իր ուսուցիչն է եղել: Բերնեբերան լիքը պատումներ էին: Շատ կանայք խնամքով, գուրգուրանքով, երկյուղով պահում-պահպանում են տատերից եկող տարազները: Պահում են ընտանեկան ավանդույթները, ծեսերը: Թեկուզ այն, թե ինչպես էին երգում, պարում էրգրում: Մի օր մոր հարսնությունը միտն է ընկնում: Մեծ, անտակ սնդուկից հանում է իր մասունքված տարազը, հագնում, նորահարս է դառնում, հարսներին, բոլորին հավաքում իր շուրջը: «Այնպես սազում էր այդ զգեստը իրեն, այնպես մի տեսակ անճանաչելի էր դարձել մեր մայրը», գրում է Հովիկը՝ հիշելով մոր ձայնը. «Դարձա իսկական Էրզրումի հարս»: Ապա հարսներին պատգամում է. «Զատկին կամ էլ ձեր էրեխեքի հարսանիքներին կամ երբ ուզում եք եկեք, վերցրեք ու հագեք, դուք սրա մեջ շատ գեղեցիկ ու տոնական կերևաք»: Գեղեցիկ և տոնական:
Այո՛, սիրելի Հովհաննես, երիցս օրհնյալ են հայ մայրերը: Էրգրի բոլոր ճանապարհները կարոտի են: Էդ ճամփաներով փաթաթվում ես դու, դառնում անխոցելի: Կարինի Չիֆթլիկ գյուղում դու վաղուց գտել ես քո պապենական տունը, ձեր տունը, քո տունը: Քո ապուպապի և քո տանն ապրող քուրդը, որը վեց երեխա ունի, գոհ է, և էս աշխարհում, եթե մի բան մեզ պակասում էր, դա նրա գնահատականն էր, որ չուշացավ. «Ձերոնք շատ ամուր են կառուցել մեր տունը, թող բարի հիշվեն»: Իր պապերի տունը քուրդը կանգուն է պահում:
Ամեն անգամ անցնելով կարոտի ճամփաներով, Հովհաննեսը դիմանկարների մի ամբողջ շարք է ստեղծում: Գրքի կազմը անգամ առանց հեղինակի անվան և վերնագրի հուզում է, և հիշում ես բանաստեղծին. «Կործանումից անգամ էլ ահուդող չունեմ»: Մարտիրոսված մայր տաճարն իր վեհ կերպարով, շքեղ փլեկով հուզում է: Գրքի խմբագիր, արվեստաբան Շուշանիկ Սահակյանը, բարձր գնահատելով Հովհաննես Պապիկյանի գիրքը, իր խոսքը ավարտում է խորունկ մի հիշեցումով. «Սրբավայրը ուխտատեղի է այնքան ժամանակ, քանի դեռ ուխտավոր ունի»:
Մեր մշակույթում Արուսյակ Սահակյանն է, մշեցու աղջիկ, բանագետ, կասեի՝ մշագետ: Մուշում Հովհաննեսը շատ է հիշում Արուսյակին: Ինքը՝ կարինցին, չիֆթլիկցին տեսնի՞ Մշո դաշտը, իսկ մշագետ, բանահավաք Արուսյակը չտեսնի՞ իր Մուշը: Եվ Հովհաննեսը հողին է խոնարհվում, բուռ-բուռ հող է վերցնում, շունչ քաշում, ասես հողի համն ու հոտն է փորձում: Տոպրակը լցրեց հողով, մտքում ասաց՝ «Մուշի հող Արուսյակին: Միասին կտանեն Երազգավորս՝ Մշո հողին սպասող տատի գերեզմանին շաղելու»:
Երանի՜ գոնե մի պահ արթնանան մեր մեծերը: Մեր կորցրա՞ծն է շատ, թե՞ գտածը: Ե՞րբ ենք կորցրել, ի՞նչ ենք կորցրել, ի՞նչ ենք գտել:
...Ես չգիտեմ, թե քանի տասը տարի է, որ ինձ ուրախացնում է Հովհաննես Պապիկյանը: Տասնամյակներ առաջ՝ նա դեռ ուսանող, կոչ էր անում ծնողներին, ավելի շատ մայրերին, որ գրառեն իրենց մանուկների առաջին թոթովանքները: Հետո լրագրային աշխատանք հանրային ռադիոյում, ապա հեռուստատեսությունում խմբագիր, բաժնի վարիչ, գլխավոր խմբագիրը դարձավ, բայց մնաց նույն Հովիկը: Լավագույն տեսաֆիլմերի հեղինակ և ռեժիսոր դարձավ: Վազգեն Առաջին Ամենայն Հայոց կաթողիկոսի ծննդյան 90-ամյակին «Ոգեղեն կյանք» գիրքը նվիրեց մեզ: Ապա «Կարոտս կարոտիդ կարոտ»-ը՝ նվիրված Հովհաննես Շիրազին: Համահեղինակ Շուշանիկ Սահակյանի հետ «Գիրք օրացույց» մատենաշարն եք սկսել հրատարակել, արդեն կան Համո Սահյանին, Վահան Տերյանին, Հովհաննես Շիրազին, Լևոն Միրիջանյանին, Մհեր Մկրտչյանին նվիրված շաբաթագրքերը: Երկուսով միայն Մհեր Մկրտչյանին նվիրված չորս գիրք և երկու ֆիլմ ունեք:
Քո կարոտի ճամփաների, քո լրագրական, քո գրական անցած ճանապարհների մասին խոսելիս, Հովիկ, ես չեմ կարող չառանձնացնել մի լրջխոհ, ասես ջոկովի ընտրյալի, ով հայտնի լրագրող, արվեստաբան, շատ գործերում կոչվում է հեղինակակից, ամենիս հայտնի Շուշանիկ Սահակյանն է: Թե ի՜նչ սեր ու ջանք եք դրել Համո Սահյանին, Հովհաննես Շիրազին, Ֆրունզիկ Մկրտչյանին, Վահան Տերյանին նվիրված տեսաֆիլմերում, միայն զգալ է հարկավոր: Դուք երկուսով ուրախացրիք ձեր ստեղծած Արտիստի՝ «Է՜ն ուրիշ Ֆրունզիկը» հրաշալի ֆիլմով և նույնանուն գրքով: Գիրք-օրացույց մատենաշարը, կինոֆիլմերի վերնագրերը հուշում են, թե ում է նվիրված հերթական ֆիլմը. «Ինձ կհիշեն ամեն անգամ օրը բացվելիս», «Մենք Մասիսին, Մասիսը մեզ, երազում ենք միշտ իրար», «Եկան օրեր ու անցան ու ինձ ոչինչ չմնաց», «Եվ օրհնյալ է ճանապարհը», «Բարի հիշեք ինձ ձեր սրտում»:
Ցանկանում եմ առողջ մնաս և Կարնո աշխարհի Չիֆթլիկ գյուղի պապենական տան ճանապարհը չմոռանաս և վերադարձին նստես Ախալցխայի Փոցխով գետի ափին հուշերին տրված Ջուլղա գյուղի տանը պատմես պատմությունը երկրի, որ ծվեն-ծվեն հավաքում ես: Եվ տեսնես ամեն օր քանի եկեղեցի է փլվում քո հոգու մեջ:

Հրաչյա (Հրաչօ) ՄԱԹԵՎՈՍՅԱՆ

Հ. Գ. Փորձում էի նորից կարդալ դժվարությամբ գրված հոդվածս, երբ տղաս բերեց «Իրատեսի» վերջին համարը: Շտապ բացեցի, և Հովհաննես Պապիկյանի ստորագրությունը նորից է փայլում թերթի էջերում: Նա ժամանակին աշխատել է հեռուստատեսության «Խորան լուսո» գլխավոր խմբագրության գլխավոր խմբագիր ու մեծ կուտակումներ ունի: Իր սրբազան գիրքն է գրում՝ նվիրված Վազգեն Վեհափառին:

Հայի հողը և հողի հայը: Դա դու ես:
Պի՛նդ կաց, սիրելի կրտսերս:

Դիտվել է՝ 2372

Մեկնաբանություններ