Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհուրդը որոշում է ընդունել Իսրայելին պատասխան ռազմական հարված հասցնելու վերաբերյալ։ Հերքվել է արևմտյան ԶԼՄ-ների տեղեկությունը, թե Իրանը մտադիր է գրոհել Իսրայելը Իրաքի տարածքից առաջիկա օրերին՝ մինչև ԱՄՆ-ի նախագահի ընտրությունները։ «Իրանի պատասխանը Իսրայելի ագրեսիային իրավունքի հարց է, որը մեզ համար հստակ որոշված է, և այն, թե ինչպես ենք գործելու, կախված է պլանից»,- ասել է իրանցի բարձրաստիճան պաշտոնյան։               
 

«Առնետների փախուստի» ժամը մոտենո՞ւմ է

«Առնետների փախուստի» ժամը մոտենո՞ւմ է
10.02.2015 | 12:07

Եվ այսպես, Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի և Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի Կիև և Մոսկվա կատարած «մաքոքային դիվանագիտական այցի» առաջին փուլը հաղթահարված է։ Ո՛չ Կիևում, ո՛չ Մոսկվայում համատեղ հայտարարություններ չեղան, տեղեկատվական հոսքերը նախապես ստորագրված ոչ մի փաստաթղթի կամ փաստաթղթերի նախագծերի մասին չեն հաղորդում։ Ռուսաստանի մայրաքաղաք այցելելուց առաջ Մերկելը անկեղծորեն խոստովանեց, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ բանակցությունների հաջողության վստահություն չունի։ Օլանդն առհասարակ չէր ուզում խոսել։ Բայց, ի վերջո, ասաց, թե ինչ կցանկանար. «Մեզ համապարփակ պայմանագիր է պետք»։
Տարօրինակ տեղ է դրա համար ընտրել Ֆրանսիայի նախագահը` Մոսկվան։ Դա նույնն է, ինչ Հայաստանից «պահանջել» ինչ-որ բան համաձայնեցնել և ստորագրել Արցախի նախագահի և պաշտպանության նախարարի փոխարեն։ Չէ՞ որ ՈՒկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Վիկտոր Մուժենկոն էլ հունվարի 29-ին Կիևում կայացած մամուլի ասուլիսում արևմտյան դիվանագետների ու լրագրողների առջև, վերջապես, խոստովանեց, որ «Այսօրվա դրությամբ մենք ռուսական կանոնավոր բանակի ստորաբաժանումների դեմ մարտական գործողություններ չենք վարում»։ Մուժենկոյին պարտավոր է հավատալ ամբողջ աշխարհը. չէ՞ որ դա սոսկ ինչ-որ ուկրաինացի զինվորական չէ, այլ հենց նա է, որին անցած տարի զրկեցին «հակաահաբեկչական գործողության» փաստացի հրամանատարի կարգավիճակից, Կիևում ստիպեցին ցուցմունք տալ «Իլովայսկի կաթսայի» գործով։ Եվ հայտնի է, որ երբ ողջախոհ ուկրաինացիների մնացորդները պահանջում էին զորքերը ժամանակին հետ քաշել Իլովայսկից, Մուժենկոն վիճում էր նման մարդկանց հետ և ջերմեռանդորեն երդվում «սրի քաշել մոսկալներին»։ ՈՒղղակի Պորոշենկոն ստիպված էր վերադարձնել «վարկաբեկված» գեներալին. երևի ուկրաինացի շատ գեներալներ կա՛մ պարզապես «կաբինետային» են, կա՛մ բավարար որակավորում չունեն, կա՛մ էլ չեն ուզում մասնակցել ՈՒկրաինայի հարավ-արևելքում ընթացող եղբայրասպան պատերազմին։
Այդ դեպքում Օլանդն ու Մերկելն ինչո՞ւ Կիևից մեկնեցին Մոսկվա և ոչ թե Վաշինգտոն։ Պատերազմելու հրաման Պ. Պորոշենկոյին տվել է ԱՄՆ-ը, ոչ թե Ռուսաստանը։ ՈՒ եթե Ֆրանսիայի նախագահին և Գերմանիայի կանցլերին այդքան շատ էր պետք «համապարփակ պայմանագիր» ստորագրել ռուսներից որևէ մեկի հետ, ապա պետք էր այցելել Դոնեցկ և Լուգանսկ, ոչ թե Մոսկվա։ Այսպես թե այնպես, Կիևում Պորոշենկոյի հետ, Մոսկվայում Պուտինի հետ բանակցությունների էության վերաբերյալ առանձնակի մանրամասներ լրատվամիջոցներ չթափանցեցին։ Իսկ ինչ հրապարակվեց, ավաղ, մեր կարծիքով, շատ հեռու է իրականից, որը չի կարելի գործի դնել և այդ երերուն հիմքի վրա վարկածներ կառուցել ու հրապարակել։ Կա մի այսպիսի մերկ փաստ. ամերիկյան ազդեցիկ «The Wall Street Journal» ¥WSJ¤ հանդեսը, վկայակոչելով արևմտյան անհայտ աղբյուրներ, հաղորդել է, որ Պուտինն այս շաբաթ Օլանդին ու Մերկելին ուղարկել էր մի նամակ, որով պահանջել էր աշխարհազորայիններին ավելի մեծ տարածք ու ինքնավարություն տալ։ Մոտավորապես նույն բովանդակությամբ մի առանձին նամակ էլ Կրեմլն ուղարկել էր ԱՄՆ։ WSJ-ի տվյալներով, Գերմանիայի ու Ֆրանսիայի առաջնորդներին չեն բավարարել Պուտինի առաջադրած պայմանները, և նրանք հանդես են եկել հակընդդեմ նախաձեռնությամբ։ WSJ-ի տեղեկությունը մասամբ հաստատեց նաև փետրվարի 5-ին Կիև այցելած ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերին։ Նա հասկանալ տվեց. Վաշինգտոնը Մոսկվայի նախաձեռնությունը մեկնաբանում է «զուսպ լավատեսությամբ», առայժմ վաղ է մեկնաբանել այն, քանի որ Գերմանիայի և Ֆրանսիայի ղեկավարները փաստաթղթի տեքստին ծանոթացել են հենց փետրվարի 5-ին միայն։ Եվրոպական բարձրաստիճան դիվանագիտական մի աղբյուր պարզաբանել է, որ այլ առաջարկությունների հետ մեկտեղ արևմտյան առաջնորդները Մոսկվա են տանում ուկրաինական զինված ուժերի և ինքնահռչակ Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության (ԴԺՀ) ու Լուգանսկի Ժողովրդական Հանրապետության (ԼԺՀ) զորքերի շփման գծում օտարերկրյա խաղաղարար զորախմբի տեղաբաշխման պլանը։
Մեկ այլ ազդեցիկ կիսապաշտոնաթերթ` «New York Times»-ը, վկայակոչելով դիվանագիտական մի աղբյուր, որը ցանկացել էր անհայտ մնալ, պնդել է, թե Մերկելն ու Օլանդը մտադիր են «սրբագրել» պլանի նախնական տարբերակը, այնտեղից հանելով ԴԺՀ-ի և ԼԺՀ-ի լիազորությունների ընդլայնման կետերը, կասկածելով, թե Պուտինը նպատակ ունի նոր հաշտության պլանի անվան տակ ՈՒկրաինայում մերձդնեստրյան սցենար նախապատրաստել։ Դա հաշտության պլան չէ։ «Դա ՈՒկրաինայում նոր Մերձդնեստր կամ Աբխազիա ստեղծելու ուղի է։ Ցինիկ փորձ` իր վրայից թոթափելու Մինսկի բանակցություններում ստանձնած բոլոր պարտականությունները»,- հայտարարել է այդ անհայտ ամերիկացի դիվանագետը։ Դե, ԱՄՆ-ի դիրքորոշմանը աշխարհը ծանոթ է։ Ամերիկայի նախագահը, ինչպես արդեն գրել ենք, հրապարակավ խոստովանել է, որ հենց Վաշինգտոնն է ամեն ինչ արել Կիևում իշխանափոխության համար։ Եվ առայժմ ԱՄՆ-ն իր խամաճիկներին «չի լքում»։ ՈՒստի և բոլոր նրանք, ովքեր համաձայն չեն ԱՄՆ-ի տեսակետին, բնականաբար, ցինիկներ են։ Ասենք, օրինակ, մի՞թե ցինիզմ չէ` ստեղծել ու ֆինանսավորել զանգվածային սպանությունների մի մեքենա` «Իսլամական պետություն» անվանումով, հետո էլ ազդարարել, թե ԱՄՆ-ը «գլխավորում է» այդ նույն «խմբավորման դեմ պայքարող միջազգային կոալիցիան»։ Մի՞թե ցինիզմ չէ` տասնամյակներ ճչալ, թե «Ամերիկան հանդես է գալիս ամբողջ աշխարհի ժողովրդավարության օգտին», իսկ հիմա «համեստորեն լռել և ուրախանալ», որ «Իսլամական պետության» և «սիրիական ընդդիմության» ամերիկասուն ելուզակները Մերձավոր Արևելքում սպանում են բոլոր նրանց, ովքեր իրենց համոզմունքին ու դավանանքին չեն։ Այնպես որ, ով խոսի-խոսի, քաղաքականության մեջ ցինիզմի մասին ամերիկացիները խոսելու իրավունք չունեն։ Ի վերջո, հազար «ալբանական» դիակի դիմաց (դրանց կեսից ավելին սերբեր էին, որոնց ներքին օրգանները ալբանները «ողջ-ողջ» հանում վաճառում էին «սև վիրաբույժներին») ԱՄՆ-ը Հարավսլավիային և սերբ ազգին պատասխանատու ճանաչեց Կոսովոյում ալբանացիների ցեղասպանության համար։ Իսկ ահա ավելի քան 100 հազար իրաքցիների սպանությունը, որոնց առնվազն կեսը քաղաքացիական բնակչություն էր, և Սիրիայում և Իրաքում բազմահազար քրդերի ու քրիստոնյաների սպանությունը պաշտոնական Վաշինգտոնը «ոչ ցինիկաբար», այնուամենայնիվ, ցեղասպանություն չի ճանաչում։ Ինչպես որ, ի դեպ, մինչև հիմա Ամերիկայի դաշնակից Թուրքիայի կողմից մեր` հայերիս նկատմամբ կատարածը չի ճանաչում հենց ցեղասպանություն։ Ցինիզմ չէ, ի՞նչ է։
Ի դեպ, այն, ինչ ՈՒկրաինայի հարավ-արևելքում անում է Կիևի վարչախումբը, նույնպես ցեղասպանություն է. թե՛ «Գրադների», «ՈՒրագանների», «Սմերչների» համազարկերը, թե՛ «Տոչկա-ՈՒ» հրթիռների գրոհները, թե՛ Դոնբասի գյուղերի ու քաղաքների «ողողումները» ֆոսֆորային ռումբերով։ Սրանք տիպական օրինակներ են քաղաքացիական բնակչության դեմ զանգվածային ոչնչացման այն նույն զենքի, ինչպես նաև այն արգելված զինամթերքի 9օրինակ` կասեթային ռումբերի) զանգվածային գործադրման, որ «փնտրում էին» Իրաքում` Սադամ Հուսեյնի մոտ։
Սակայն դառնանք արևմտյան լիդերների Կիև և Մոսկվա կատարած այցերի պատճառներին։ Կա ևս մեկ տիպական նրբություն։ Քերին կիևյան ղեկավարության հետ հանդիպումներ էր ունենում Մերկելից և Օլանդից առանձին։ Մի կողմից, հենց դրանից հետո ԱՄՆ-ը հայտարարեց, թե պատրաստ է քննության առնելու ՈՒկրաինային մահաբեր զենքի վաճառքի հարցը։ Մյուս կողմից, Օբաման ստորագրեց HR 5859 օրենքը, որը նախատեսում է էներգետիկ ոլորտում ուկրաինական քաղաքականության փոփոխություն։ Այն է` ՈՒկրաինայի ամբողջ էներգետիկ տնտեսության սեփականաշնորհման մանրամասն պլան, հաղորդում են գերմանական գործարար շրջանները։ Ամերիկյան պլանի համաձայն, պետք է սեփականաշնորհվեն բնական էներգետիկ պաշարների արդյունահանման և փոխադրման հետ կապված բոլոր ոլորտները, ինչպես նաև էներգիայի վերականգնվող աղբյուրների ոլորտը։ Պլանը ներկայացվում է որպես «Ռուսաստանից եղած էներգետիկ կախումից» ՈՒկրաինան զերծ պահելու ռազմավարություն։ Ռազմավարության իրականացման համար ծրագրվում է օգտագործել Համաշխարհային բանկի, Եվրոպական ներդրումային բանկի ազդեցությունն ու մասնավոր ներդրումներ։ Պլանը նախատեսվում է գործի դնել ԱՄՆ-ի պետդեպի նախկին աշխատակցուհի, ԱՄՆ-ի քաղաքացի Նատալյա Յարեսկոյի թեթև ձեռքով, որը ներկայումս գլխավորում է ՈՒկրաինայի ֆինանսների նախարարությունը։
Օրենքի երկրորդ մասը նախատեսում է 350 մլն դոլարի ռազմական օգնություն ցուցաբերել ՈՒկրաինային։ Խոսքը, այսպես կոչված, պաշտպանական սպառազինության մատակարարման մասին է, որը ներառում է տանկերի ոչնչացման համակարգ։ Հակառուսական քարոզչությանն աջակցելու և այդ օրինագծի իրացումը հեշտացնելու նպատակով առաջարկվում է ՈՒկրաինայում ստեղծել լրատվական ցանց, որը պետք է գործի ռադիոյում, հեռուստատեսությունում և ինտերնետում։ Ի դեպ, հենց գերմանական գործարար շրջաններն էլ գնահատական են տվել ամերիկյան HR 5859 օրենքին. «Ռուսական տեսակետից այդ օրենքը պետք է ընկալվի իբրև պատերազմի հայտարարում»։ Բնութագրումը տրվել է ոչ մեր կողմից, ընդգծում եմ, այլ գերմանական «Deutsche Wirtschafts Nachruchten» (DWN) ազդեցիկ հանդեսի։ Նախորդ հարյուրամյակներում գերմանացիները մեկ անգամ չէ, որ տուժել են իրենց ագրեսիվության պատճառով, ուստի հաստատ գիտեն, թե ինչ են ասում։ Իսկ ահա ամերիկացինե՜րը... Դե ի՜նչ պիտի տեսնես նրանցից։ Հպարտանում են նրանով, որ այլոց ոսկորների, այլոց արյան հաշվին խցկվեցին Երկրորդ աշխարհամարտի հաղթողների շարքերը։ Ափսոս, որ չեն հպարտանում նրանով, որ հովանավորել են գերմանական ֆաշիզմը ու անձամբ Հիտլերին և ինչպես են անգամ պատերազմի ժամանակ շարունակել առևտուր անել ֆաշիստական Երրորդ ռայխի հետ։ Բայց, ինչպես փետրվարի 6-ին մատնանշում էին միջազգային լրատվամիջոցները, կա ևս մեկ հետաքրքրական հանգամանք. Պորոշենկոյի հետ Մերկելի ու Օլանդի բանակցություններից մի քանի ժամ առաջ Ջոն Քերին հույս ուներ մասնակցելու հանդիպմանը, սակայն մերժում ստացավ Մերկելի կողմից։ Հետաքրքիր, բայց առայժմ անբացատրելի շրջադարձ է։
Ե՛վ Պորոշենկոյի, և՛ Պուտինի հետ Ֆրանսիայի ու Գերմանիայի առաջնորդները բանակցեցին «երես առ երես»` առանձին։ Իսկ երբ հյուրերը մեկնեցին, Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը բառացիորեն հետևյալն ասաց. «Ի շարունակումն Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի և Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի երեկ Կիևում ունեցած շփումների, տեղի ունեցան նրանց կառուցողական և բովանդակալի, անկախ բանակցությունները Ռուսաստանի նախագահ Պուտինի հետ։ Ելնելով Ֆրանսիայի նախագահի և Գերմանիայի կանցլերի ձևակերպած առաջարկություններից, ներկայումս համատեղ աշխատանք է կատարվում Մինսկի պայմանավորվածությունների իրականացման վերաբերյալ հնարավոր համատեղ փաստաթղթի տեքստի նախապատրաստման ուղղությամբ, որը ներառեր ՈՒկրաինայի նախագահի առաջարկություններն ու այսօր ձևակերպված և ՌԴ նախագահ Պուտինի հավելած առաջարկությունները»։ Պեսկովը հաղորդեց նաև, որ դա արվում է «այն նպատակով, որ հետո այդ տեքստն ու այդ առաջարկությունները ներկայացվեն հակամարտության բոլոր կողմերի հավանությանը։ Ապա աշխատանքը կշարունակվի, և դրա նախնական արդյունքները կամփոփվեն գալիք կիրակի, հեռախոսային խոսակցության ժամանակ, որը տեղի կունենա «նորմանդական ձևաչափով»` բարձրագույն մակարդակով։ Այսպիսով, ի պատասխան Օլանդի-Մերկելի առաջարկությունների և Պորոշենկոյի-Քերիի «ցանկությունների», Վլադիմիր Պուտինն անմիջապես առաջադրել է իր հակընդդեմ առաջարկություններն ու հավելումները։ Եվ Արևմուտքին ու Կիևին «մտածելու համար» տվել է մեկուկես-երկու օր։
Թեև հնարավոր է, որ Եվրոպան և Ռուսաստանը շարունակեն միջնորդական խորհրդակցությունները։ Բայց ի՞նչ օգուտ դրանցից։ Փաստորեն ոչինչ, բացի ՌԴ նախագահին համոզելուց, որ ընդունի ամերիկյան վերջնագրերը, Մերկելն ու Օլանդն անել չկարողացան։ Որովհետև Կիևի վարչախումբն ուղղակիորեն կառավարվում է Վաշինգտոնից, իսկ Վաշինգտոնի պահանջները Ռուսաստանից հայտնի են ու անընդունելի։ Այսպիսով, փաստորեն Եվրոպան հատուցում է «ազատությունից փախուստի» բազմամյա գործելաոճի և ԱՄՆ-ից անկախ վերնախավ չունենալու համար։ Չէ՞ որ ԱՄՆ-ը թե՛ ուկրաինական ճգնաժամի, թե՛ նախընթաց փուլերի բոլոր անցքերը շարունակ ակտիվորեն մեկնաբանել է, ակնարկներով կամ առանց որևէ ակնարկի հիշեցնելով, որ Եվրոպային, ըստ էության, ոչ ոք չի լիազորել և, միևնույն է, նա չէ որոշողը, իսկ որ ուզում են, թող պայմանավորվեն, հոգ չէ։ Կիևի և Մոսկվայի բանակցությունների ընթացքի մասին ժլատ հաշվետվությունների հիման վրա կարելի է որոշակի հետևություններ անել. 1) Արևմուտքը երկյուղում է աշխարհազորայինների առաջխաղացումից և Նովոռոսիայի սահմանների հնարավոր ընդլայնումից, չբացառելով նաև Կիևի վարչախմբի անկումը, 2) ուստի Արևմուտքն ամեն կերպ ձգտում է ամրակայել ռազմաճակատի այսօրվա գիծը, այդ թվում, բացառված չէ, հակամարտության գոտի խաղաղարար ուժեր մտցնելու միջոցով, 3) փոխարենը Արևմուտքը Կիևին մահաբեր զենք չմատակարարելու կեղծ երաշխիքներ և ազգայնական ՈՒկրաինայի կազմում Դոնբասին ինքնավարության ոչ պակաս կեղծ «ավելի լայն» իրավունքներ կառաջարկի։ Օլանդը «օդի մեջ» պարտավորվեց, թե, իբր Ֆրանսիան «ոչ մի դեպքում» ՈՒկրաինայի նացիստներին թույլ չի տա մտնել ՆԱՏՕ-ի կազմ։ Բայց հիմա 90-ականները չեն, այլևս ոչ ոք չի հավատում ՆԱՏՕ-ին ու ՆԱՏՕ-ականներին։
Այդուամենայնիվ, պետք է ինչ-որ մի բան էլ լինի, որի պատճառով այսքան հապշտապ իրար էին անցել Մերկելն ու Օլանդը։ Այո, Նովոռոսիայի աշխարհազորը ավարտել է ֆաշիստների շրջապատումը ևս մեկ «կաթսայում»` Դեբալցևոյում, մոտ 8 հազար ուկրո-մարտիկ կոչեցյալներ, եթե ժամանակին անձնատուր չլինեն, կոչնչացվեն։ Եվ ահա, Նովոռոսիայից ստացված վերջին տեղեկության համաձայն, «Դեբալցևոյի «կաթսայում» գտնվում է ՆԱՏՕ-ի մոտ 1500 զինծառայող, այդ թվում` ԱՄՆ-ի, Գերմանիայի ու Ֆրանսիայի բարձրաստիճան համակարգող զինվորականներ։ Միջազգային աղմուկը կանխելու համար Մերկելն ու Օլանդը թռել են Մոսկվա բանակցությունների»։ Եթե իրոք այդպես է, ապա դա արդեն միջազգային սկանդալ է։ Թեև այս վարկածը շատ բան է բացատրում, բայց ոչ ամեն ինչ. չէ՞ որ մոտ տասը լեհերի դիակներ են հայտնաբերվել Դոնեցկի օդանավակայանում։ ՈՒ ոչ մի ծպտուն, ոչ ոք աղմուկ չի բարձրացնում։ Բայց եթե միջազգային արկածախնդիր և «հեղափոխական բարեգործ» Ջորջ Սորոսն է հանկարծ փետրվարի 7-ին որոշում ՈՒկրաինային մեկ միլիարդ դոլար չտալ, այ սա հատկանշական է։ Առնետներն առաջինն են լքում խորտակվող նավը, ինչպես հայտնի է։

Սերգեյ ՇԱՔԱՐՅԱՆՑ

Դիտվել է՝ 4704

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ