Հովիկ Աբրահամյանի անցած ուղին անչափ հետաքրքիր է` զուտ գեղափիլիսոփայական առումով: Ինչպես շատերին, նրան նույնպես կերտում է միջավայրը: Եթե չլիներ պարարտ միջավայրը, ապա համեստ (մեղմ ասած) կարողության ու ինտելեկտի (բա՜րձր է հնչում) տեր «հողի մշակը» (կոնկրետ դեպքում` ծաղկավաճառը) հեքիաթի մոխրոտիկի պես չէր բարձրանա կառավարության աստիճաններով ու ճերմակ բազրիքին հենված` չէր դիտի նախագահական «պանորաման»` մեկընդմիշտ տապալած տնտեսության իր «բարձունքից»:
Ի դեպ, Հովիկ Աբրահամյանն ԱԺ նախագահ դարձավ իր սատելիտների ձեռքով Տիգրան Թորոսյանին խաչելության սյունին գամելու, «խաչակրաց» մեծ արշավանք «սարքելու» արդյունքում: Անշուշտ, անտեղի են Տիգրան (օհո՜, Հովհաննեսի համար Տիգրանը, փաստորեն, ճակատագրական բառ է դարձել. նրա մեջ «պայքարի» ոգին հենց այդ բառի շուրջ է կարծես պտիտ գալիս) Թորոսյանի և Հովիկ Աբրահամյանի արժեկրության, ինտելեկտուալ-գաղափարաբանության համեմատությունները: Ճիշտ է, բոլոր համեմատություններն էլ կաղում են, բայց սա այն դեպքն է, երբ քոռ, քաչալ, կաղ համաղողանջն է ուղղակիորեն առկա:
Ինչևէ, արդյունքում ԱԺ-ն, որը ղեկավարում էր Հովիկ Աբրահամյանը, եռում էր «պայքարից», ինտրիգների առատությունից` բոլոր մակարդակներում:
Հետո «մույս» Տիգրանին շարքից հանելու «արարողակարգն» էր, ինչը, ի դեպ, այնքան էլ հեշտ չտրվեց մեր հերոսին: Մաշող, հոգետանջ վե՜ց (մեղա Աստծու, վեցը «փիս» թիվ է. ասում են` Լյուցիֆերինն է) տարիներ, և կրկին սատելիտների միջոցով, և կրկին հազար ու մի «տանջանքով», ի վերջո, հնարավոր եղավ ոչ ևս անել Տիգրան Սարգսյանին, բազմել նրա աթոռին ու ռելաքս ապրելու փոխարեն… պայքարի նոր փուլ սկսել:
Այո, կյանքը շատ երես չի տվել նրան` ռելաքսի առումով, Հ. Աբրահամյանն աթոռին չհասած պետք է մտածեր իր «անշեղ» ապագայի, իմա` նախագահի աթոռի մասին:
Մի խոսքով` մտածեց-մտածեց (իհարկե` ոչ մենակ) մեր օրվա հերոսն ու կոմբինացիաների շատ «բարդ» մեխանիզմ ինտելեկտեց: Չէ, խոսքն իր փեսաների համար «հավասար» դաշտ ստեղծելուն չէր առնչվում: Խոսքը կուտակային ժամանակի «դրսևորումներին», ընդդիմադիրների ժողով-նիստերին յուր «մասնակցության», հիմա էլ միջին ու փոքր ձեռներեցների խավից իրեն պատվանդան «շինելու» մասին էր, երբ բողոքավոր հանրությունը, յուր սատելիտների ղեկավարությամբ բողոքի է դուրս գալիս իր դեմ, ինքն անձնուրաց կանգնում է ժողովրդի կողքին, շանթարգելում նրանց բողոքը` մի կողմից` «պուպուշ» վարչապետի դիմակով, մյուս կողմից` հարվածն իր վրա վերցրած` Սերժ Սարգսյանի անխոնջ համախոհի, իրականում իր դեմ բողոք անելու «ճանապարհով»` հանրությանը, վասն սահմանադրական փոփոխությունների, ոտքի վրա պահելու գերնպատակը` վառ պահելու:
Ամա շաշկի խաղացող պարոն վարչապետին կանչեց շախմատ խաղացողը, ասաց` կգնաս, Հովհաննես, կառավարության արտահերթ նիստ կանես, կասես` «դուն իդ պարը չիս պարում»` մինչև հունիսի սկիզբ, երբ արդեն սահմանադրական փոփոխությունների հարցը «հորով-մորով» արված կլինի, կասես` ի դեմս նախագահի «յիս հետաձգում իմ» փաստաթղթաշրջանառության «նորմը» ու… «թազա» բան կմտածես-մոգոնես, թե էլ ոնց հանրությանը խնամի Գագիկի հետ ոտքի վրա պահեք` վասն սահմանադրության (անկեղծ ասած` էս վերջինը մեր կողմից ենք ավելացնում):
Բայց և փոքր ու միջին ձեռներեցների արդարացի բողոքի ԲՀԿ-ական կատարումն ու ֆինալը, Հովիկ Աբրահամյանի պահվածքն այդ ողջ շոուի ընթացքում բերում են այն եզրահանգմանը, որ էս անգամ ոնց որ Աբրահամյանին չի հաջողվելու, նա չի զորելու հասնի իր հաջորդական ու անչափ սակրալ նպատակին` նախագահի աթոռին: Երկու տրիվիալ պատճառներով.
ա) Արդեն իսկ խոսվում է նրա հնարավոր հրաժարեցման մասին (տե՛ս, թե ինչու է այդքան ակտիվացել չխոսկան Կարեն Կարապետյանը. դրան առաջիկայում մանրամասն կանդրադառնանք):
բ) Սահմանադրական փոփոխությունները բոլորի, այդ թվում և` պարոն Աբրահամյանի, մուրազը հողանցման կենթարկեն… մե՜ղք էր թռչունը (՞):
Կարմեն ԴԱՎԹՅԱՆ