Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհուրդը որոշում է ընդունել Իսրայելին պատասխան ռազմական հարված հասցնելու վերաբերյալ։ Հերքվել է արևմտյան ԶԼՄ-ների տեղեկությունը, թե Իրանը մտադիր է գրոհել Իսրայելը Իրաքի տարածքից առաջիկա օրերին՝ մինչև ԱՄՆ-ի նախագահի ընտրությունները։ «Իրանի պատասխանը Իսրայելի ագրեսիային իրավունքի հարց է, որը մեզ համար հստակ որոշված է, և այն, թե ինչպես ենք գործելու, կախված է պլանից»,- ասել է իրանցի բարձրաստիճան պաշտոնյան։               
 

Carthago delenda est

Carthago delenda est
30.01.2015 | 01:24

Պլուտարքոսը վկայում է՝ հռոմեացի զորավար, սենատոր Մարկոս Պորկիոս Կատոնը բոլոր ելույթները Սենատում, անկախ թեմայից, ավարտում էր նույն բառերով՝ «Carthago delenda est»՝ «Կարթագենը պետք է կործանվի»: Պունիկյան երեք պատերազմներից հետո Կարթագենը կործանվեց, քաղաքն ավերվեց, տեղում աղ ցանվեց, հետո եկավ Հուլիոս Կեսարն ու հայտարարեց, որ Կարթագենը պետք է վերականգնվի:

Հունվարի 28-ը Հայաստանի Ազգային բանակի տոնն է, որ տարբեր տարիներ տարբեր է նշվել, որպես կանոն՝ նշանավորվելով պաշտոնական ուղերձներով: Տոնը նշվել ու անցել է: Իսկ բանակը եղել է, կա ու ապացուցում է իր լինելությունը՝ իբրև միակ կայացած արժեք, որ դեռ 1999-ին արձանագրեց Վազգեն Սարգսյանը՝ խնդիր դնելով նույնքան կայացած արժեք դարձնել տնտեսությունն ու պետականությունը: Ժամանակ նա չունեցավ:

2015-ին հայկական բանակի կազմավորման 23-րդ տարեդարձին նվիրված հանդիսավոր նիստը գումարվեց հունվարի 26-ին: ՀՀ նախագահ, ՀՀ զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանը ՊՆ կոլեգիայի նիստում ելույթ ունեցավ, որը արձանագրեց նոր մարտավարություն: Հունվարյան սահմանային միջադեպերը հասունացրել էին նախագահի այդ ելույթը: Կարճ, հատու, փաստարկված: «Մենք պատերազմ հրահրելու որևէ պատճառ չունենք: Մենք ինքներս միջադեպեր չենք հրահրում: Եվ մենք երբեք նախահարձակ չենք լինում: Դա մեզ պետք չէ բնավ: Սակայն մեր հանդեպ ձեռնարկված ցանկացած միջադեպի հետևել և հետևելու է հատուցման գործողություն: Մինչև վերջերս մեր ձեռնարկած պատասխան գործողությունները եղել են սիմետրիկ իրենց ձևով և ասիմետրիկ՝ ավելի մեծ կորուստներ հասցնելու առումով: Այսուհետ կարող են տեղի ունենալ նաև ձևով ասիմետրիկ հատուցման գործողություններ: Տաք գլուխները բազմաթիվ անակնկալների պիտի սպասեն: Ավելին, մեր սահմաններին և շփման գծի երկայնքով ավելի մեծ և սպառնալից կուտակումների պարագայում, մենք մեզ վերապահում ենք կանխարգելիչ հարվածներ հասցնելու իրավունքը: Թող ոչ ոք չմտածի, որ մենք ձեռքներս ծալած սպասելու ենք, թե երբ է արհավիրքը մտնելու մեր տուն: Մեզ համար արհավիրք պատրաստողի հանդեպ մենք պարտավոր ենք լինել անողոք: Կրկնում եմ՝ դիմացինի արկածախնդրությունը կստիպի մեզ գնալ անդառնալի վնասների հասցման ճանապարհով: Մենք հասկանում ենք, որ Ադրբեջանի իշխանությունները պատրաստ են անխնա կերպով մահվան բերան ուղարկել իրենց հարյուրավոր և հազարավոր քաղաքացիների՝ միայն թե իրենց աթոռները լինեն պաշտպանված: Բայց մենք չենք կարող հանդուրժել, որ դա կատարվի մեր քաղաքացիների կյանքերի ու մեր զինվորների կյանքերի գնով: Դա չի կարող արվել մեր հաշվին»: Այս խոսքը պիտի հնչեր անցյալ օգոստոսին, գուցե ավելի վաղ: Բանակցային գործընթացի խաթարման հավանականության մասին պիտի մտածի ոչ միայն Հայաստանը: Բանակցությունները պետք են Հայաստանին նույնքան, որքան Ադրբեջանին ու ողջ տարածաշրջանին: Բանակցությունների շարունակականության անհրաժեշտության գիտակցությունը Հայաստանի դեպքում սրվում, բթանում է Ադրբեջանի համար: Գուցե դա է պատճառներից մեկը, որ Բաքուն բանակցային սեղանի շուրջ մոռանում է 1994-ը, զինադադարի կնքման պատմությունը ու փորձում է հակամարտության հաղթահարման մեկնակետ ընդունել ոչ թե ստատուս քվոն, այլ ուժերի ներկա հարաբերակցությունը, որը, նրա գնահատմամբ, իր օգտին է: Հարցի ռազմաֆինանսական հաշվեկշիռը Բաքուն փորձում է դարձնել բանակցությունների անկյունաքար՝ հարմար համարելով և քաղաքական պահը: Ո՞րն է Իլհամ Ալիևի ռազմատենչության նոր բռնկման պատճառը:

1. «Մի ազգ՝ երկու պետություն» բանաձևած Բաքու-Անկարա տանդեմը, բացի հրապարակային քաղաքականությունից, գործում է փոխադարձ շահերի պաշտպանության այլ դաշտերում: Ցեղասպանության 100-րդ տարելիցին Բաքուն բարոյական պարտք ունի մեծ եղբորն աջակցելու՝ միջազգային ասպարեզում Հայաստանին ագրեսոր ներկայացնելու, տարածաշրջանում անկայունություն ու Հայաստանում լարված իրավիճակ ստեղծելով՝ ուշադրություն շեղելու համար: Անկարան համաձայն կլինի՞ պատերազմի, եթե Բաքուն շատ խորանա իր խաղի մեջ: Ոչ, այդ դեպքում խաղը շրջվելու է իր դեմ, ու կանխատեսելի չեն հետևանքները:

Իսկ նյարդեր խտղտելը, ուշադրություն շեղելը դիվանագիտական ու ռազմական հնարքներ են, որոնց Անկարան նոր չի սովորում, Բաքուն էլ վատ աշակերտ չէ:

2. Թուրքիայի վարչապետը հայտարարում է, որ Անկարան տարածաշրջանում կայունության կղզյակ է: Գուցե այդպես է, բայց խիստ անկայուն է կայունությունը կղզյակում ու վստահություն չներշնչող հարևանների հանդեպ վերաբերմունքում, որտեղ Հայաստանը միակը չէ: Իսկ տարածաշրջանային առաջատարի ձգտումը կա:

3. Միջազգային հանրության ուշադրության կիզակետում ՈՒկրաինան է, Արևմուտք-Ռուսաստան հակամարտությունը քաղաքական, ֆինանսատնտեսական ու ռազմական չափազանց շատ միջոցներ է պահանջում, որպեսզի այլ իրադարձություններ համարժեք ուշադրության արժանանան:

4. ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները աշխարհաքաղաքական հակասություններ ունենալով՝ համակարծիք են Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցում: Բոլորը հարցի լուծումը տեսնում են խաղաղ, բանակցային ճանապարհով՝ բացառելով պատերազմը: Մարտավարության մեջ նրանք միասնական են, իսկ ռազմավարությա՞ն: Անցյալ տարի բոլոր համանախագահների նախաձեռնությամբ հանդիպումներ կազմակերպվեցին նախագահների մակարդակով: Ադրբեջանը շարունակում է կրակել: Տարածքային ամբողջականության սկզբունքը միակ գիտելիքն է, որ Իլհամ Ալիևը յուրացրել է իր քաղաքական կարիերայում: Ակնհայտ է, որ համանախագահ երկրները ռազմավարական նույն խնդրի լուծումը տեսնում են մարտավարական տարբեր միջոցներով, իսկ դա Ալիևին նորից կրակելու հնարավորություն է տալիս:

5. Իլհամ Ալիևն ունի լուրջ խնդիրներ ժողովրդավարության ու մարդու իրավունքների պաշտպանության առումով, որ Ադրբեջանում վարվող քաղաքականությունից դատելով՝ հնարովի հասկացություններ են, բայց միջազգային կառույցներում ու այլ երկրներում դեռ ընդունված են: Սեպը սեպով են հանում՝ ո՞վ է հիշելու ինչ-որ քաղբանտարկյալների, երբ դուռը թակում է պատերազմը:

6. Զենքը կրակում է, որքան շատ է կուտակվում, այնքան հաճախ է կրակում:

7. Մինչև նախագահական ընտրություններ ժամանակ կա, բայց ազգին պետք է անընդհատ հիշեցնել, որ առանց Ալիևի Ադրբեջանը Ադրբեջան չէ, չկործանվելու համար պետք է կառչել Իլհամին նորից նախագահ ունենալու շանսից, միայն նա կարող է լուծել Ղարաբաղի հարցը հօգուտ Ադրբեջանի: Ռեա՞լ է պատկերացումը, թե՞ ոչ, կարևոր չէ: Այլընտրանքի բացակայությունը պետք է ամեն օր ներշնչել ժողովրդին:

Այս շրջագծում արդարացվա՞ծ է Հայաստանի նոր մարտավարությունը: Այո՛: Չի՞ բացառվում, որ Բաքուն սահմանային միջադեպերը վերածի պատերազմի: Ո՛չ: Բայց այդ պարագայում հատկապես Հայաստանը ի սկզբանե պետք է ճշտի մեկնակետերը: Մենք այլևս չենք պաշտպանվում, մենք պատրաստ ենք հակահարձակման, ու դա լավագույն պաշտպանությունն է: «Կլինի՞, թե՞ չի լինի նոր պատերազմ»՝ Բաքուն չի որոշում, ոչ էլ Երևանը: Ի՞նչ ունենք մենք մեր ակտիվում: Որ Ալիևը բլե՞ֆ է անում, որ աշխարհը թույլ չի՞ տա մեծ պատերազմ առանց այդ էլ պայթյունավտանգ տարածաշրջանում՝ ելնելով իր քաղաքական ու տնտեսական շահերի պաշտպանությունից, որ կա ՀԱՊԿ-ը, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը շարունակում է գործել ու նրա գոյությունը խաղաղության գրավակա՞ն է: Բավարա՞ր է: Միայն այդքանը՝ ոչ: Գլխավոր գործոնը եղել ու մնում է հայկական բանակը: Ժամանակն է, որ հայկական բանակի զսպիչ գործոնը քննարկվի նաև բանակցային հարթության վրա: Ցանկացած դիվանագետի փաստարկները դառնում են անառարկելի, եթե սեղանին ատրճանակ է դրված՝ սա հայտնի դիվանագիտական ճշմարտություն է: Հայկական դիվանագիտությունը այդ ճշմարտությունից չի օգտվում՝ Արևմուտքից ոչ պակաս անհաջողությամբ ապավինելով պարիտետային պատկերացումների հաջողությանը: Արդյունքներ չկան, հետևանքները հայտնի են: ՈՒ եթե Հայաստանի Հանրապետությունը առաջին գծում նոր դիրքեր է նախանշում, պարտադիր պայման է թիկունքում ամուր դիրքեր ունենալը:

Նախ՝ Հայաստանը պարտադիր պետք է վերանայի իր իրավապայմանագրային հարաբերությունները ՌԴ-ի, ԱՊՀ-ի ու ՀԱՊԿ-ի շրջանակներում: Ժամանակները փոխվում են, նոր մարտահրավերները պահանջում են նոր լուծումներ: Սա ազգային անվտանգության խնդիր է, որի առաջ այլևայլ նկատառումները երկրորդական են: Անհրաժեշտության դեպքում կարող են կնքվել նոր համաձայնագրեր՝ ուժը կորցրած ճանաչելով նախորդները: Հայաստանը պիտի բարձրացնի խնդիրը՝ հստակություն մտցնելով Ալեքսանդր Նևսկու անվան ռուսական թիվ 102 ռազմաբազայի` Հայաստանի տարածքում տեղակայման պայմաններում, ՀԱՊԿ-ի ու իր պարտավորություններում, Հայաստանի սահմանների պաշտպանության հարցում: Մենք պարտավոր ենք հստակ իմանալ՝ ռազմաբազան մե՞զ է պաշտպանում, թե՞ ՌԴ ներկայացվածությունը տարածաշրջանում: Ռուսական զինուժը խորհրդանշակա՞ն, թե՞ ռազմական արժեք է մեզ համար, եթե պատերազմական գործողություններ սկսվեն հայ-ադրբեջանական սահմանում: Եթե պատերազմական գործողություններ սկսվեն ադրբեջանա-ղարաբաղյան սահմանում: Կկատարի՞ ՀԱՊԿ-ը պարտավորությունները՝ իր անդամի դեմ պատերազմի դեպքում ու նրա դիմումի առկայությամբ: Այս հարցերը երեկ կարող էին հիպոթետիկ թվալ, տարբերակների ու պայմանների շռայլություն հանդուրժող, բայց գալիս է պահ, երբ մնում է «այո» կամ «ոչ» ասելու անհրաժեշտությունը: Պետք է վերանայվի նաև Հայաստանի Հանրապետության սահմանների պաշտպանության խնդիրը: Հայ-թուրքական սահմանի պաշտպանությունը պետք է իրականացնեն հայ սահմանապահները, և դա անհնար ու սարսափելի չէ այնքան, որքան ներկայացնում են թե՛ Թուրքիայից, թե՛ Ռուսաստանից հավասարապես վախեցողները: Ստացվում է` ԱՊՀ-ն գործնականում չկա, բայց կան ԱՊՀ պայմանագրերն ու կառույցները, որոնց գործունեության բովանդակությունը մնում է անորոշ՝ առավել ևս ԵԱՏՄ-ի ստեղծումից հետո: Սրանք լուրջ, մանրակրկիտ փորձագիտական ու իրավական աշխատանք պահանջող խնդիրներ են, որոնց լուծման համար պետք է քաղաքական որոշում ու ժամանակ, որը աշխատում է, ինչպես պարզվեց, ոչ մեր օգտին: Տարածաշրջանում միայն Թուրքիան ու Ադրբեջանը չեն, աշխարհում էլ միայն Ռուսաստանը չէ, որ մենք բոլոր հարաբերությունները կառուցում ենք երրորդին ապավինելով՝ առաջին երկուսից պաշտպանվելու սկզբունքի վրա: Չկա նման սկզբունք՝ ինքներս ենք հնարել՝ իբր աշխարհի անտարբերության դեմ ու արդարացնելով մեր անտերությունը: Ոչ աշխարհն է անտարբեր, ոչ մենք ենք անտեր: Ժամանակն է տիրոջ որոնումները դադարեցնել, մեզ տեր կարող ենք լինել միայն մենք, այլ տիրոջ պարագայում դառնում ենք հպատակ: Անկախության տարիներին մեզ ընտելացրինք այն մտայնությանը, որ անկախությունը դրոշ, օրհներգ, զինանշան է: Առավելագույնը՝ նախագահ, խորհրդարան, կառավարություն: Պատերազմը ստիպեց բանակ ունենալ, խաղաղությունը չսովորեցրեց տնտեսություն ստեղծել: Տնտեսական ու սոցիալական դժվարությունների հետևանքները փորձեցինք հաղթահարել, մինչդեռ պատճառներն էր պետք վերացնել: Ամենից հեշտը իշխանություններին մեղադրելով՝ երկրից հեռանալն էր: Դա էլ արեցինք: ՈՒ ի՞նչ: Կամուրջնե՞ր ենք կառուցելու, թե՞ այրելու ենք: Եթե կամուրջը տանում է ոչ մի տեղ, այրել է պետք առանց հետահայացի: Եթե կամրջում է նպատակակետին, տարբերակների մասին մտածելու վրա ժամանակ չպետք է կորցնել:

Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Հ. Գ.- Սցիպիոն Աֆրիկացին կործանեց Կարթագենը ու ինքնասպանության հասցրեց Հաննիբալին: Կարթագենը կործանվեց ու տեղում աղ ցանվեց, բայց եկավ Հուլիոս Կեսարն ու Կարթագենը վերականգնվեց: Մենք ուզում ենք Կարթագեն լինե՞լ, թե՞ ուզում ենք Կարթագենը կործանել: Պատասխանելուց առաջ հիշեք, որ Կարթագենը կործանվեց մ.թ.ա. 146-ին, Հուլիոս Կեսարը սպանվեց մ.թ.ա. 44-ին, իսկ Կարթագենը կառուցվեց նրա մահից հետո: ՈՒ հիմա էլ կա:

Դիտվել է՝ 1530

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ