Գրեթե փետրվարն է: Կարճ ամիս, որի «ներսից» կծիկրակի մարտը: Այո, այս ժամանակահատվածում կլսենք, թե ինչ է «փիքր» անում ՀՀԿ առաջնորդը` սահմանադրական բարեփոխումների մասին: Մենք, անշուշտ, հասկանում ենք` ինչ կասվի փետրվար-մարտին: Կարծում ենք` «կոնկուրենտ ֆիրման» նույնպես: Իզուր չէր Քոչարյանի հարցազրույցը: Ընդ որում, բավականին ժամանակավրեպ, որովհետև ցանկալի տպավորությանը չծառայեց: Ցանկալի տպավորությանը չծառայեց և չի էլ ծառայի Գագիկ Նիկոլայիչի փետրվարի հինգին տեղի ունենալիք համաժողովը ևս:
«Ցանկալին» լոկ կառավարության շենքի դիմաց անցկացվող բողոքի ակցիաներն են: Առաջին հայացքից` հախուռն, արդարացի և, իհարկե, ներքին պոտենցիալով օժտված: Դրանց զուգահեռ` նույնական ակցիաներ են մարզերում, հատկապես վերջին օրերին «ցնցված» Գյումրիում, ուր ավանդաբար Գագիկ Ծառուկյանը, ի հեճուկս իշխանությունների «տոկոսներ խփելու» խոստման, հաղթարշավներ է ունենում:
Զուգահեռ ընթանում է «Նաիրիտի» աշխատողների է՛լ ավելի արդարացի բողոքը` նախագահական նստավայր-էներգետիկայի նախարարություն «մակարդակում»: Երեկոյան կողմերը պարբերաբար կազմակերպվում է Ավետիսյանների սպանդն իրականացրած Պերմյակովին Հայաստանին հանձնելու բողոքի ակցիան, ուր ով ասես կարող է «երակ» մտնել: Անհանգիստ է երբեմնի ազատամարտիկ, ղարաբաղյան պատերազմի հերոս Ժիրայր Սեֆիլյանը, ում պարն ուղղակի «կամրջին է բռնել» (չէ, հո չե՞նք ասում Քոչարյանի համար), և Հիմնադիր խորհրդարանը, «ի խորոց սրտի», ավտոերթ է ուզում անել Ղարաբաղում` էս նեղ մաջալին, երբ սահմանում դիվերսիա դիվերսիայի հետևից է տեղի ունենում, երբ Հայաստանը կրկին, ատամները սեղմած, կանխարգելիչ հարվածներով տեղն է դնում մինչև ատամները զինված Ադրբեջանին, որին, հասկանալի պատճառներով, «սիրում ու գուրգուրում» են թե՛ Ռուսաստանը, թե՛ Արևմուտքը, «որբի գլուխ դառած» Հայաստանի կողքին, ինչպես կասեր Վազգենը: ՈՒ այդ ավտոերթի ֆոնին Հայաստանը պատրաստվում է Եղեռնի հարյուրերորդ տարելիցին:
Մի խոսքով, երկրի համար այս դժվարին ու մարտահրավերներով լեցուն դաժան պահին, Ծառուկյանի սիրտն այդ մարտահրավերներն անտեսել ու համառորեն սահմանադրական փոփոխություններ չի ուզում: Խիստ հասկանալի պատճառով: ՈՒ քանի որ նա ունի փող, ընդամենը` փող, ու ոչ մի պատասխանատվություն երկրի ճակատագրի, մասնավորապես, տարածաշրջանային և աշխարհաքաղաքական զարգացումների այս փուլում, կարող է և՛ կամրջին, և՛ կամրջից ներքև, կամրջի աջ կամ ձախ կողմերում էլ «պարել»` իր «խոսքը գործ» դարձնելու համար: Ինչ նկատի ունենք «խոսք» ասելով. այն, որ կուսակցության, այն է` ԲՀԿ-ի ծրագրային դրույթներում, սևով սպիտակի վրա մինչ այս ներառված է եղել մեկ երկաթյա դրույթ. Հայաստանը պետք է դառնա խորհրդարանական կառավարման երկիր:
Ինչպես կասեր Վանոն, թողնենք ԲՀԿ-ին` իր «ախմախության հետ միայնակ», անցնենք առաջ:
Հետաքրքիր են ՀՅԴ-ում տեղի ունեցող զարգացումները ևս: Չմոռանանք` ՀՅԴ-ն աշխարհասփյուռ կառույց է: Ի տարբերություն ԲՀԿ-ի, նաև` գաղափարական, որքան էլ վերջին շրջանում խոսվի ՀՅԴ տեղատվությունների և մակընթացումների մասին: Բոլոր դեպքերում, ՀՅԴ-ն դասական կառույց է` դասական ավանդույթներով: Եվ ՀՀԿ-ՀՅԴ տանդեմը` սահմանադրական բարեփոխումների մասով, բավականին հետաքրքիր ու նուրբ իրադրություն է ստեղծում ԲՀԿ-ի և նրա արբանյակների, այդ թվում` Քոչարյանի շուրջ, եթե հաշվի առնենք, որ թե՛ Օսկանյանը, թե՛ Քոչարյանը, ԲՀԿ-ի «լրջագույն» սատելիտ ՀԱԿ-ՀՀՇ-ի բնորոշմամբ, ՀՅԴ ծպտյալ անդամներ են: Իսկ նախկին դաշնակցականներ, գիտենք, չեն լինում:
Ապա և Ռուսաստանի` հայաստանյան իշխանությունների սատարման ֆոնին ¥իսկ այս պահին Ռուսաստանը Հայաստանը կորցնել չի կարող, որովհետև Բատկան «պատերազմի» է պատրաստվում Ռուսաստանի դեմ` բառի ամենալայն իմաստով, զորքերն է կարգի բերում, Ղազախստանն էլ մի կողմից` Արևմուտքի, մյուս կողմից` Չինաստանի հետ է իր հույսերը կապում¤, ապա ունենում ենք ճիշտ այնպիսի պատկեր, ինչպիսին 2012-ին էր, երբ խոսվում էր, թե Ծառուկյանն առաջադրված ու «ընտրված» թեկնածու է, պարզվեց, նա «վերջին դասից» «փախած» քաղաքական դասալիք է:
Դառնաղի է, բայց` փաստ: Եվ սա` ի գիտություն Ծառուկյանով խաղացողների և նրա հետ հույս կապողների:
Կարմեն ԴԱՎԹՅԱՆ