Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհուրդը որոշում է ընդունել Իսրայելին պատասխան ռազմական հարված հասցնելու վերաբերյալ։ Հերքվել է արևմտյան ԶԼՄ-ների տեղեկությունը, թե Իրանը մտադիր է գրոհել Իսրայելը Իրաքի տարածքից առաջիկա օրերին՝ մինչև ԱՄՆ-ի նախագահի ընտրությունները։ «Իրանի պատասխանը Իսրայելի ագրեսիային իրավունքի հարց է, որը մեզ համար հստակ որոշված է, և այն, թե ինչպես ենք գործելու, կախված է պլանից»,- ասել է իրանցի բարձրաստիճան պաշտոնյան։               
 

ՈՒթերորդ զոհ չպետք է լինի

ՈՒթերորդ զոհ չպետք է լինի
23.01.2015 | 00:57

Հունվարի 19-ին՝ հարազատների սպանությունից 7 օր անց, հիվանդանոցում մահացավ վեց ամսական Սերյոժա Ավետիսյանը՝ ոչ մի պահ գիտակցության չգալով ու աչքերը չբացելով՝ հակառակ բժիշկների ջանքերի ու հազարավոր մարդկանց մոմավառ աղոթքների: Սվինահարված մանկան մահը ավելի սուր դարձրեց հունվարի 12-ի վեց սպանությունների ցավը: Ամբողջ յոթ օր հույս կար, որ գոնե նա կապրի, որ գոնե նա կշարունակի Ավետիսյան տոհմը: Չէ, ծնողները տարան, կամ ինքը գնաց ծնողների մոտ: Ի՞նչ հասկացավ իր վեց ամիսների կյանքում նրա հոգին, երևի միայն կարոտ ու կորուստ զգաց, որին չդիմացավ՝ չիմանալով, թե ուրիշ ի՞նչ կա այս աշխարհում՝ ծնողներից բացի: Լույս իջնի հոգուն:

ՈՒ հիմա արդեն ավելի շատ չեմ ուզում գրել մնացածի մասին, քան փորձում եմ ինչ-որ տրամաբանություն գտնել իրադարձությունների հորձանքում, որոնք հակասական են ու անկանոն՝ ինչպես միշտ, ոչ շատ, ոչ քիչ: Բայց զրո արժեք ունեն մահվան դեմ հանդիման: Չեմ ուզում գրել, ու՝ վերջ, որովհետև միշտ անզորանում եմ մահվան առաջ: ՈՒ մինչև հիմա չեմ հասկացել՝ «Մի սպանաները» վերաբերո՞ւմ է նաև նրանց, ովքեր իրենք են սպանել: Հենց այնպես՝ վերցրել են ու սպանել: ՈՒ որովհետև չեմ հասկանում, ուզում եմ պատկերացնել.

1. Լուսաբացի լռության մեջ առաջին կրակոցին ի՞նչ է հետևել, մի՞թե ընտանիքի բոլոր անդամներն այնքան խոր էին քնած, որ ոչինչ չեն լսել: Եթե լսել են, ինչո՞ւ չեն դիմադրել:

2. Լույսի արագությա՞մբ են մահաբեր գնդակները արձակվել, որ չեն հասցրել եթե ոչ դիմադրել, գոնե թաքնվել:

3. Ինչո՞ւ սպանվածներից բացի ոչ ոք չի լսել կրակոցների ձայնը: Խլացուցի՞չ է եղել ինքնաձիգի վրա:

4. Եթե մեկ մարդ է եղել, ուրեմն նա պրոֆեսիոնալ մարդասպան է, ոչ նորակոչիկ զինվոր: Եթե ոչ, ուրեմն նա մենակ չի եղել, եղել են ուրիշները ևս, որ փախել են, թաքնվել են ու շարունակում են վտանգավոր լինել:

5. Ինչո՞ւ է մարդասպանը սպանվածների տանը թողել իր անձը հաստատող իրեղեն ապացույցներ, եթե նա պրոֆեսիոնալ մարդասպան է, թող զենքը նետեր, ոչ թե կոշիկները:

6. Եթե խելագար չէ, ինչո՞ւ է սվինահարել մանկանը:

7. Եթե սպանությունները ահաբեկչություն չեն, ո՞րն է ահաբեկչությունը:

Անհեթեթության չափ կրկնելով նույն հարցերը ինքս ինձ համար, հաստատ գիտեմ, որ ինքս երբևէ պատասխան չեմ ստանալու: Վարվում է հետաքննություն ու բոլոր հարցերի պատասխանը հետաքննությունը պիտի տա: Բոլո՞ր: Եթե հետաքննությունը տալու է բոլոր հարցերի պատասխանը, ինչո՞ւ մինչև այժմ որևէ մեկը հրապարակավ չի բացատրել, թե.

1. Ինչո՞ւ պահակակետը զենքով ինքնակամ լքած զինվորի որոնում զորամասը չհայտարարեց, ինչո՞ւ չզգուշացրեց Գյումրու ոստիկանությանը, որ քաղաքում զենքը ձեռքին դասալիք է հայտնվել:

2. Զորամասի հրամանատարությունը պատասխանատվություն չի՞ կրում իր մարդասպան զինվորի համար, կարգապահություն, կանոնադրություն, կարգազանցների համար սահմանված պատիժ հասկացությունների հետ որևէ կապ ունի՞, թե՞ 102-ում այլ բարքեր են, բանակի հետ կապ չունեն:

3. Ինչո՞ւ պաշտոնական կառույցները հայտարարություններ են տարածում՝ չպատկերացնելով՝ ո՞վ է հասցեատերը: Պարտավորություն է՝ կատարում են:

Օրինակ, Հայաստանում ՌԴ դեսպանատունը, որ հայտարարում էր, թե սգում է ամբողջ հայ ժողովրդի հետ, մինչև վերջին րոպեն հույս ունեին ու աղոթում էին Սերյոժա Ավետիսյանի համար, ո՞ւմ են կոչում «այդ պայմաններում էլ մարդ մնալ»: Ինչպե՞ս պարզեցին, որ «մեծամասնությունը դա հասկանում է»։ ՈՒ եթե կարծում են, որ «սուգը ողբ է և աղոթք», ու իրենք էլ ասում են, որ սգում են, ինչո՞ւ են համարում, որ «մենք բոլորս պետք է տեղի ունեցած ողբերգությունից դասեր քաղենք»: Ի՞նչ դասեր պիտի ՄԵՆՔ քաղենք: Վերջապես՝ դիվանագիտական հայտարարության մեջ երբ ասվում է՝ «հանցագործը և նրանք, ովքեր կարող էին նրա թիկունքին լինել, արժանի պատիժ կստանան», նշանակո՞ւմ է, որ ծարավ ու միայնակ մարդասպանի վարկածը ջուրն է ընկել ու ասպարեզ են գալու «թիկունքում եղած» անձինք:

4. Եթե հենց նոր հանցագործություն կատարած ու սահմանախախտության ևս մի հանցագործության դիմող, քաղաքացիական հագուստով սահմանախախտին բռնել են ռուս սահմանապահները, ինչո՞ւ է նա հայտնվել ռուսական ռազմաբազայում և չի հանձնվել այն պետությանը, ում սահմանը փորձում էր խախտել: Հանցա՞նք է դա, թե՞ ոչ, ո՞վ է որոշում կայացրել, ինչո՞ւ չի պատժվել:

5. Եթե իսկապես ռուս նորակոչիկը կապված է եղել օտարերկրյա հատուկ ծառայությունների հետ (թուրքական, ադրբեջանական, արևմտյան), ռազմաբազայում ինչո՞վ են զբաղված, որ ոչնչից տեղյակ չէին: Մտադի՞ր է ՌԴ պաշտպանության նախարարությունը պարզել՝ ի՞նչ է կատարվում Գյումրիում տեղակայված իր ռազմաբազայում ընդհանրապես, բացի նրանից, որ որոշ զինվորներ քնած մարդկանց են սպանում:

6. Միանշանակ՝ Պերմյակովը Ռուսաստանը չի ներկայացնում, միանշանակ՝ նրա գործած ոճիրը հայ-ռուսական հարաբերությունների հետ կապ չունի, բայց հենց այդ ոճիրը, որ նա արդեն խոստովանել է, ի հայտ բերեց հայ-ռուսական հարաբերությունների բազում շերտեր, որոնք առօրյայում չէին երևում: Եվ այդ հարաբերությունների երկու կողմերն էլ ունեն խնդիրներ ոչ միայն միմյանց հետ, այլև իրենք իրենց:

7. Երբ ՌԴ արտաքին գործերի նախարարը ասուլիսում կոչ էր անում չքաղաքականացնել իրավիճակը, ո՞ւմ էր դիմում: Իր երկրի լրատվամիջոցների՞ն, որոնց առաջին արձագանքը ոչ թե ցավակցությունն էր, այլ ռուսական ռազմաբազայի հարցը: Պերմյակովին հայկական կողմին հանձնելու պահանջով փողոց դուրս եկած գյումրեցիների՞ն, որ քաղաքականության մասին մտածելուց առաջ շատ ավելի կարևոր ու կոնկրետ խնդիրներ ունեին: Ե՞րբ է պաշտոնական լեզուն ձերբազատվելու մտածողության կլիշեներից ու դառնալու մարդկային լեզու:

Մենք իրավացիորեն պահանջներ ենք ներկայացնում ռուսներին, բայց արեցի՞նք այն տարրական քայլերը, որ ռուսներից պահանջում ենք:

1. Որևէ պաշտոնյա հոդաբաշխ խոսք չասաց՝ ինչո՞ւ գոնե Գյումրիում, եթե ոչ Հայաստանում, սուգ չհայտարարվեց: Երևանի քաղաքապետը տոնական միջոցառումները կասեցրեց՝ ոչ ավելին: Զգուշացա՞նք՝ պաշտոնական կարգավիճակ տալ մեր ցավին:

2. Կարևոր-անկարևոր առիթներով ուղերձներ հղող նախագահը, ԱԺ նախագահը, վարչապետը ինչո՞ւ հրապարակավ ցավակցության խոսք ասացին միայն հունվարի 19-ից հետո: Իրենք էլ իրենց խոսքը չե՞ն կարևորում, թե՞ դա էլ պաշտոնական կարգավիճակ էր տալու իրավիճակին, որ ցանկալի չէր: Եվ՝ ո՞ւմ:

3. Պահանջեցի՞նք ՌԴ-ից իր քաղաքացուն հանձնել հայ իրավապահներին, թե՞ կպահանջենք միայն այն դեպքում, երբ նրանք կասեն, որ տալու են:

4. Ինչպե՞ս համադրել ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի հաղորդագրությունը, թե «ՀՀ քննչական կոմիտեն պաշտոնապես հայտարարում է, որ սպանության գործով նախաքննությունն ամբողջ ծավալով իրականացնում է ՀՀ քննչական կոմիտեն, դրա շրջանակներում քննչական և դատավարական գործողությունները կատարվում են ՀՀ քննչական կոմիտեի քննիչների կողմից՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի դրույթների հիման վրա», մինչ այդ հնչած հայտարարությունների հետ, որ կատարվելու է համատեղ հետաքննություն, ստեղծվել է համակարգող շտաբ Աղվան Հովսեփյանի ու Ալեքսանդր Բաստրիկինի ստորագրած համաձայնագրով, որի կազմում երկու երկրների քննչական կոմիտեների 10 ներկայացուցիչներ են: «Սպանության գործով նախաքննությունն ամբողջ ծավալով իրականացնում է ՀՀ քննչական կոմիտեն» հայտարարությունը նշանակո՞ւմ է, որ Վալերի Պերմյակովը հանձնվելու է հայ իրավապահներին:

5. Նախօրեին «ԳԱԼԱ» հեռուստաընկերության թղթակցի հետ հարցազրույցում ՌԴ նախագահի մամլո խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել էր. «Քանի որ նա Ռուսաստանի քաղաքացի է, բնական է, որ դրանք ռուսաստանյան օրենքներն են, կլինի ռուսաստանյան դատավարություն, բայց պետք է նշել, որ այս օրերին Գյումրիում աշխատում է Ռուսաստանի քննչական կոմիտեի ղեկավարը և նախագահի հանձնարարությամբ նա աշխատում է հայ քննիչների հետ համատեղ, նրանք մասնակցում են քննչական գործողություններին, և այդ պատճառով քննությունն ընթանում է համատեղ: Սակայն կլինի ռուսաստանյան դատավարություն» և հարցազրույցում մի քանի անգամ հաստատել էր, որ «ռուսաստանյան դատավարություն» է լինելու: Նաև հերքել էր, թե բողոքի ակցիաները նախագահների քննարկման թեմա են դարձել: Ինչո՞ւ, չէ՞ որ ակնհայտ է հակառակը:

6. Եթե ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը իսկապես համարում է, որ «հանրապետության նախագահի գլխավորությամբ ամեն ինչ արվում է», ինչո՞ւ է դրական տեղաշարժ տեսնում Ռուսաստանի նախագահի զանգից հետո: Կամ երբ ասում է. «Այդ ոճրագործությունը, իմ կարծիքով, հավուր պատշաճի կդատապարտվի, և դատարանը կտա իր արդար պատիժը», «հավուր պատշաճի» ասելով՝ ի՞նչ է հասկանում՝ քաղաքակա՞ն որոշում, թե՞ օրենսդրության շրջանակներում, ու՝ ո՞ր երկրի:

7. Որքանո՞վ ենք մենք արդար, որ առաջնորդվելով հույզերով, արդար ցասումով ու վիրավորանքով՝ բոլորի բոլոր խոսքերին ու քայլերին վերաբերվում ենք կասկածանքով, փնտրում ենթատեքստեր, հետին մտքեր, ինչո՞ւ ենք թերահավատ, որ ճշմարտությունը բացահայտվելու է, որ ՌԴ-ն անկեղծ է ոճրագործության բացահայտման պատրաստակամության իր հավաստիացումներում, որ ՀՀ-ն պատրաստ է մինչև վերջ գնալ ու պարզել ոճրագործության ամբողջական պատկերը: Հավատալո՞ւ ենք մեզ ներկայացվող տեղեկատվությանը, եթե շարունակվի հակասական ու անորոշ նույն հոսքը: Ես չգիտեմ:

Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Հ. Գ.- Գյումրու Սուրբ Նշան եկեղեցում փոքրիկի հոգեհանգստի արարողության ժամանակ Շիրակի թեմի առաջնորդ Միքայել եպիսկոպոս Աջապահյանն ասաց. «Սերյոժան 7-րդ զոհն էր, 8-րդ զոհ չպետք է լինի», հետո հավելեց. «Ես կուզեի լինել պարզ մարդ, եկեղեցու անկյունում աղիողորմ լացել, բայց իմ պարտականությունն այսօր ձեզ, բոլորին մխիթարելն է»: Սրբազանը չասաց, բայց կյանքը շարունակվում է: ՈՒ թե ինչպես է Գյումրին վերաբերվելու 102-րդ ռազմաբազային, ու ինչպես է 102-րդ ռազմաբազան շարունակելու իր գոյությունը Գյումրիում, կորոշի ոճրագործության բացահայտման ընթացքը: Քաղաքականությունը սիրում է ամեն ինչի խառնվել ու խառնել, բայց քաղաքականությունն էլ պաշտպանված չէ անկանխատեսելի իրադարձություններից, որ գալիս ու ամեն ինչ կամ գլխիվայր են շրջում, կամ վերջապես իրերն ու մարդկանց անվանում են իրենց իսկական անուններով:

Դիտվել է՝ 1447

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ