Գյումրու ողբերգությունն ու Հայաստանի և Ռուսաստանի իշխանությունների անվայել պահվածքի առնչությամբ մեր ժողովրդի օրինական վրդովմունքը չպետք է մեզ խանգարեն տեսնելու մեր երկրի և մեր ազգի համար հույժ կարևոր նշանակություն ունեցող մյուս իրադարձությունները։ Ես 2015 թ. առաջին օրերին արդեն ներկայացրել եմ ՈՒրուգվայի անչափ ուշագրավ նախաձեռնությունը։ Հիշեցնեմ. հունվարի 4-ին այդ երկրի արտգործնախարարությունը մեծ տերություններին կոչ արեց ճանաչել Արցախի Հանրապետության անկախությունը, ինչպես նաև «1918-ի մայիսից մինչև 1920-ի դեկտեմբեր որպես անկախ պետություն ընդգրկած սահմաններում Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության սկզբունքը», այսինքն, անօրինական ճանաչել Հայաստանից Կարսի, Նախիջևանի մարզերի և Ղազախի գավառի բռնազավթումը։
Այլ խոսքով, ՈՒրուգվայը հրապարակավ բարձրացնում է Մոսկվայի և Կարսի 1921 թվականի պայմանագրերի չեղարկման հարցը։ Սպասելի էր, որ տարբեր երկրներ տարբեր կերպ են պատրաստվելու Օսմանյան Թուրքիայում և Անդրկովկասում տեղի ունեցած ողբերգական իրադարձությունների 100-րդ տարելիցին։ Ափսոս, որ այդ նախաձեռնությունն առաջադրում է ՈՒրուգվայը և ոչ թե, ասենք, ԱՄՆ-ը, որի նախագահները մի ժամանակ Արևմտյան Հայաստանի վերաբերմամբ անգամ մանդատ ունեին, և ոչ էլ Ռուսաստանը, որի բոլշևիկյան «վարկածն» էլ հենց թուրքերի հետ համապատասխան պայմանագրերն է կնքել։ Այսօր ԱՄՆ-ը նախընտրում է հրապարակավ ոչինչ «չհիշել» Հայաստանին առնչվող իր մանդատի մասին (չէ՞ որ Թուրքիան ԱՄՆ-ի հավատարիմ շունն է Մերձավոր Արևելքում և Կովկասում¤, Ռուսաստանն իրեն համարում է (բավական հակասական է, եթե խոսելու լինենք Անդրկովկասում ձևված սահմանների մասին) թե՛ Ռուսական կայսրության, թե՛ ԽՍՀՄ-ի իրավահաջորդ։ Այսպես, թե այնպես, ՈՒրուգվայի ԱԳՆ-ի հայտարարությունը 2015 թվականի «առաջին ծիծեռնակն» է, որ կոնկրետ վերաբերում է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին։ Եվ ահա հնչեց Վատիկանի հերթական հայտարարությունը. Սուրբ Աթոռը պատրաստվում է հրապարակելու իր արխիվների ևս մի մասը, որը վերաբերում է թե՛ ցեղասպանության, թե՛ առհասարակ հայերի մասին գաղտնիացված տվյալներին։ ՈՒզում եմ հիշեցնել. Վատիկանի այս քաղաքականությունը նորություն չէ։ Դեռ 2011-ի ամռանը Վատիկանի գաղտնի արխիվի պրեֆեկտ եպիսկոպոս Սերջիո Պագանոն հաղորդել էր, որ փաստաթղթերը կներկայացվեն 2012 թ. փետրվարին Հռոմում կազմակերպվելիք` Վատիկանի Lux in Arcane արխիվային փաստաթղթերի ցուցահանդեսում։ Արխիվարիուսը նշել էր, որ 1896 թ. Հռոմի Լևոն 13-րդ պապը սուլթան Աբդուլ Համիդին հորդորել է գթասրտություն ցուցաբերել և դադարեցնել հայերի նկատմամբ իրականացվող ցեղասպանությունը։ Պագանոն հաղորդել էր, որ Հայոց ցեղասպանության վերաբերյալ մոտ հարյուր փաստաթուղթ, այդ թվում` թուրք զինվորականների գործողությունների մասին Վատիկանի գաղտնի արխիվներից վերցված գրավոր վկայագրեր կհրապարակվեն առանձին գրքով։ Նույն 2011 թ. նա քաղվածքներ էր ներկայացրել այդ նյութերից։ Մասնավորապես, Մուստաֆա Սուլեյման անունով թուրք զինվորի վկայությունը. «Մենք մտնում էինք հայկական գյուղերն ու սպանում էինք բոլորին, առանց հաշվի առնելու սեռն ու տարիքը։ Մեզնից հետո գյուղ մտնող քրդերը թալանում էին հայերի տները։ Բազմաթիվ տարեց հայեր, հաշմանդամներ թաքնվել էին քաղաքի կենտրոնի դպրոցում, բայց մենք հրաման ունեինք. մենք նրանց էլ սպանեցինք։ Գելիգուզան ավանում սպանվեց կամ ողջակիզվեց 800 հայ։ Հայր Հովհաննեսի աչքերը հանեցին, մորուքը, քիթը, ականջները կտրեցին։ Ես ոչ մի երեխա չեմ սպանել, նույնիսկ երկու երեխա եմ փրկել։ Նույնիսկ նրանց երեք օր թաքցրել էի իմ վրանում, բայց մի օր մտա ու տեսա նրանց մարմինները մասնատված...»։ 2011 թ. եպիսկոպոս Պագանոն հայտնել էր, որ Վատիկանը հրապարակելու է նաև Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին, երիտթուրքերի կառավարման օրոք, Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանությանը վերաբերող արխիվները։ «Այդ փաստաթղթերը անասելի ցավ ու սոսկում են պատճառում։ Հայերի նկատմամբ թուրքերի դաժանության մասին տեղեկությունները ինձ ստիպեցին ամաչել, որ ես մարդ եմ»,- ասել էր եպիսկոպոսը։ Եվ իրոք, փաստաթղթերի առաջին շարքի ցուցահանդեսը կայացավ և տևեց 2012 թ. փետրվարից մինչև սեպտեմբեր։ Այն կազմակերպվել էր Վատիկանի Կապիտոլիումի թանգարանում, ներկայացված էին փաստաթղթեր` սկսած 1621 թվականից։ Եվ ահա հիմա լուրեր են ստացվում, որ Հռոմի պապը ընթացք է տվել հայ ազգի դեմ Թուրքիայի և թուրքերի հանցագործությունների մերկացման ևս մեկ ակտի։ Մենք գիտեինք հայերի և Հայաստանի նկատմամբ Հռոմի ներկա պապի լավ վերաբերմունքի մասին. ի վերջո, չէ՞ որ նա արգենտինացի արքեպիսկոպոս է եղել, իսկ դա ոչ միայն ՈՒրուգվայի հարևանությամբ է, այլև Բուենոս Այրեսի հայ համայնքը իրեն հիանալի է դրսևորել մեր համազգային շատ հարցերում։ Այնպես որ, Վատիկանի որոշումը զարմանք չի պատճառում և ներդաշնակորեն լրացնում է ՈՒրուգվայի արտգործնախարարության հունվարի 4-ի հայտարարությունը։ Այն ժամանակ` 2012-ին, թուրքերը սաստիկ փրփրել էին Վատիկանի արխիվների` հայերին վերաբերող փաստաթղթերի ցուցադրության կապակցությամբ։ Կարծում եմ, այս անգամ էլ մենք ականատես կլինենք Թուրքիայի ու... նաև Ադրբեջանի կատաղի արձագանքին, որի անուղղակի «սլաքներն» ուղղված կլինեն ՈՒրուգվային և Արգենտինային։ Այդուամենայնիվ, կարիք կա ԱՄՆ-ի և Ռուսաստանի արձագանքի։ Չէ՞ որ այդ երկրներն են 20-րդ դարի նույն 20-ական թվականներին ամենաանմիջական առնչությունն ունեցել այն բանին, որ այսօր Հայաստանը մնացել է առանց Նախիջևանի, առանց Կարսի, իսկ Արցախն այդպես էլ չկարողացավ տրամաբանական ավարտին հասցնել «միացումը» Հայաստանին։ Մենք հստակորեն գիտենք, որ առայժմ Վաշինգտոնն ու Մոսկվան հակված չեն «նեղացնելու» Անկարային ու Բաքվին։ Սրանք են իրողությունները։ Եվ մեծ տերությունների կողմից հայկական հարցի նկատմամբ դրսևորվող քամահրանքը, մասնավորապես, անդրադառնում է այն հանգամանքի վրա, որ այսօր Թուրքիայում բնակչության ընդամենը 9 %-ն է հանդես գալիս Հայոց ցեղասպանության ճանաչման օգտին։ Այս տարվա հունվարի 14-ին թուրքական և համաշխարհային լրատվամիջոցները հաղորդեցին, որ Ստամբուլի տնտեսության և արտաքին քաղաքականության հետազոտության անկախ վերլուծական կենտրոնը (EDAM) 2014 թ. նոյեմբերի 7-ից մինչև դեկտեմբերի 7-ը անցկացրել է Հայոց ցեղասպանության հարցին նվիրված հասարակական հարցում։ Հարցմանը մասնակցել է 1508 մարդ։ Մասնակիցներին հարց են ուղղել, թե քաղաքական ինչ քայլեր պետք է ձեռնարկի Թուրքիան Ցեղասպանության 100-րդ տարելիցի շեմին։ Հարցվածների 9,1 տոկոսը հայտարարել է, որ երկիրը պետք է ներողություն խնդրի հայերի սպանությունների համար և 1915 թ. իրադարձությունները ճանաչի որպես ցեղասպանություն։ Այդ կարծիքն ունեցող մարդկանց 24,4 %-ը քրդամետ «Խաղաղության և ժողովրդավարության կուսակցության» կողմնակից է, ի դեպ, նրանց հետ համաձայն է կառավարող «Արդարություն և զարգացում» կուսակցության կողմնակիցների 7 %-ը միայն։ Ցեղասպանության ճանաչման օգտին հանդես է գալիս հանրապետական ժողովրդական կուսակցության կողմնակիցների 8,7 %-ը, իսկ 4,6 %-ը «Ազգայնական շարժում» կուսակցության կողմնակիցներն են։ Հարցվածների 9,1 %-ը կարծում է, որ Թուրքիան պետք է ներողություն խնդրի հայերից` առանց լրացուցիչ միջոցներ ձեռնարկելու։ Այդ նույն կարծիքին են հանրապետական ժողովրդական կուսակցության համախոհների 13,4 %-ը, «Արդարություն և զարգացում» կուսակցության համախոհների 7,1 %-ը, «Խաղաղություն և ժողովրդավարություն» կուսակցության համախոհների 4,1 %-ը, «Ազգայնական շարժում» կուսակցության համախոհների 4,3 %-ը։ «Արդարություն և զարգացում», «Խաղաղություն և ժողովրդավարություն» կուսակցությունների կողմնակիցների համապատասխանաբար 26,9 %-ը և 36 %-ը հայտարարել են, որ Թուրքիան պետք է «ներողություն խնդրի Օսմանյան կայսրությունում սպանված տարազգի քաղաքացիների համար», քանի որ, նրանց խոսքով, սպանվել են ոչ միայն հայեր։ Հարցվածների 21,3 %-ը համոզված է, որ երկիրը ոչ մի միջոց չպետք է ձեռնարկի, իսկ 25 %-ը «պատկերացում կամ պատասխան չունի»։ Վերլուծական կենտրոնը նույն հարցով դիմել է օտարերկրյա 150 փորձագետի, որոնց 18,7 %-ը այն կարծիքն է հայտնել, որ Թուրքիան պետք է ընդունի ցեղասպանության իրողությունը։ Հարցման ենթարկվածների 36,7 %-ի կարծիքով` Թուրքիան պետք է ներողություն խնդրի Օսմանյան կայսրությունում սպանված բոլոր (տարազգի) քաղաքացիների համար։ Լավ, թող նույնիսկ ոչ թե ժամանակակից Թուրքիայի քաղաքացիների 9,1 %-ը, այլ ամբողջ 10 %-ը պատրաստ լինի ճանաչելու ցեղասպանությունն ու ներողություն խնդրի «առանց հետևանքների»։ Դա ի՞նչ կնշանակի։ Առաջին` որ հայերի ողբերգության մասին իմացող թուրքերի նույնիսկ չնչին մասը մտադիր չէ վերադարձնելու զավթված հայկական տարածքները։ Երկրորդ` թուրքերի 90 %-ը թքած ունի Հայոց ցեղասպանության և առհասարակ հայերի վրա։ «Չի եղել»։ Այսինքն, Թուրքիան նույնն է, ինչ 1915 թվականին։ Ոչինչ չի փոխվել։ Ցանկալի կլիներ, որ այս իրողության հետ հաշվի նստեն ոչ միայն Երևանի ամերիկամետ թրքասերները, այլև ԱՄՆ-ի և Ռուսաստանի իշխանությունները։ Եվ որ այս հանգամանքները հաշվի առնվեն միշտ, երբ այս կամ այն գերտերությունը ձեռնամուխ է լինում Հայաստանի իշխանությունների վրա ճնշում գործադրելու հերթական ալիքին և «համոզում» հաշտության գնալ թուրքերի հետ։ Չեմ ուզում մանրամասնորեն նկարագրել նաև Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի և նրա թուրք պաշտոնակից Ռեջեփ Էրդողանի միջև «սիրալիրությունների» վերջին փոխանակությունը։ Այս լուրերն առանց այն էլ լայնորեն քննարկվում են մեր հասարակության շրջանում, ինչպես նաև բոլոր սփյուռքահայ համայնքներում։ Դե թուրքը մեզ ոչնչով չզարմացրեց. 2015 թ. ապրիլի 24-ին Երևան ապաշխարելու գալու հրապարակային հրավերին ի պատասխան, Հայաստանի ղեկավարին լկտիաբար հրավիրեց մասնակցելու... Գալիպոլիում Անտանտայի նկատմամբ թուրքերի հաղթանակի տոնակատարությանը։ Այսինքն, Սերժ Սարգսյանին առաջարկեցին մասնակցել մի իրադարձության առթիվ կայանալիք տոնախմբությանը, որից հետ Թուրքիայի հայերի և մյուս քրիստոնյաների ցեղասպանության ակտերը միայն սաստկացան։ Բայց դա տիպիկ թուրքական ցինիզմ է։ ՈՒ դա զարմանալի չէ մեզ համար։ Թող դա զարմացնի Եվրամիությանը, ԱՄՆ-ին, Ռուսաստանին։ Հայերը լավ գիտեն, որ թուրք ֆաշիստները ամբարտավան են ու լկտի։ Ի դեպ, հատկանշական է, որ Էրդողանի «պատասխան հրավերը» հաջորդեց Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի հետ տեղի ունեցած ողբերգությանը։ Պատահակա՞ն զուգադիպություն է։ Թուրքերը շատ բան են սովորել ամերիկացիներից, մասնավորապես` իրենց արտքաղաքական «ուղերձները» հարմարեցնելու այս կամ այն տարեդարձին, այս կամ այն իրադարձությանը։ Բայց չեմ կարող չնշել. Էրդողանի արարքը առանձնակի ցինիզմով քաղաքական սադրանք է հիշեցնում։ Նման այն բանին, երբ դահիճը զոհին հասցվելիք վերջին հարվածից առաջ լկտի ժպիտով ասում է նրան. «Արի վերջում սիրիր ինձ, չէ՞ որ մենք միասին ենք քո կառափնակոճղի մոտ»։ Այո, թուրքերը հստակորեն ցույց տվեցին, թե ինչպես են իրենք պատրաստվում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին, թե հայատյացության ինչ վիճակում է նրանց հասարակությունը։ Դե, ինչ արած, հիմա մեր համազգային պատասխանի հերթն է։
Սերգեյ ՇԱՔԱՐՅԱՆՑ