Ընդլուսնյա աշխարհում ոչինչ նոր չի կատարվում, ամեն ինչ բազմիցս եղել ու կրկնվել է, բայց ամեն անգամ թվում է նոր, որովհետև ամեն սերունդ համառորեն պահպանել է հիմար սովորությունը՝ իրեն համարել առանձնահատուկ, եզակի ու իր կյանքի ժամանակը սկսել զրո կետից: Իրականում զրո կետը մեկն է եղել, ու մնացած ամեն ինչը շարունակություն է, այս ճշմարտությունը, սակայն, չի ընկալվել ու չի ընկալվում:
Ի՞նչ գիտենք մենք հունվարի 20-ին՝ հունվարի 12-ին Գյումրիում կատարված սպանությունների մասին: ՈՒթ օրում ակնհայտ դարձավ, որ.
1. Սպանության վարկածները տարբեր են, իրավապահները պատրաստ չէին իրավիճակի ոչ միայն գնահատմանը, այլև կառավարմանը, նրանք կատարում են պահի լիցքաթափման քայլեր, դեպի բացահայտում ճանապարհը դեռ փակ է:
2. Առաջին օրից ռուսական կողմը հարցը ագրեսիվորեն մտցրեց քաղաքական դաշտ. սպանությունները համարվեցին առ ոչինչ, քննարկման թեմա դարձավ Հայաստանում ռուսական ռազմաբազայի խնդիրը: Հայաստանում դա ոչ մեկին չէր հետաքրքրում այդ պահին, մինչդեռ Ռուսաստանը այլ պրոբլեմ չէր տեսնում:
3. Փաստ է, որ հանցագործության բացահայտման անհրաժեշտ քայլերը կամ չկատարվեցին, կամ չհրապարակվեցին: Կասկածյալի հարցաքննության ոչ մի տեղեկատվություն չեղավ առաջին յոթ օրում: Դա չի նշանակում, որ նա չի հարցաքննվել, նշանակում է, որ գործը տեղափոխվել է քաղաքական հարթություն և դուրս է եկել իրավական կարգավորումից:
4. Արտակարգ իրավիճակները բացահայտում են իրականության բոլոր կողմերը: Այս դեպքում էլ առաջին ժամերից ակնհայտ էր՝ Հայաստանը ինքնուրույն չի գործում՝ իշխանության մասով: ՀՀ գլխավոր դատախազության առաջին արձագանքն ինքնախոստովանական ցուցմունք էր՝ ՌԴ Սահմանադրությանն ապավինելը Հայաստանի Հանրապետությունում չի տեղավորվում ՀՀ որևէ օրենքի կամ տրամաբանության շրջանակներում: Հետագա սրբագրումները ձևական էին ձևակերպումները փոխվեցին, իրականությունը մնաց նույնը՝ սպանության մեջ կասկածվողը իր տարածքում է ու անհասանելի այն պետության համար, որի տարածքում սպանությունը խոստովանել է՝ ըստ ռուսական կողմի:
5. Իշխանությունների քայլերը սխալ կամ ուշացած են՝ իրավական ու բարոյահոգեբանական տեսակետից, բայց իշխանությունն ունի իր հիմնավորումներն ու պատճառաբանությունները, որոնք կարող են ընդունվել, կարող են չընդունվել: Ի վերջո, իշխանությունն ունի պարտավորություններ, որոնցով կարող է իրեն համարել կաշկանդված:
6. Որտե՞ղ են այն քաղաքական ուժերը, որոնք իրենց համարում են ոչիշխանություն ու ամբողջ աշնանը շողիքն ի բերան իրենց ներկայացնում էին իշխանության այլընտրանք ու անգամ մեկ-երկու անգամ իշխանափոխություն պահանջեցին՝ Ազատության հրապարակի ու լոկալ հարցազրույցների հարթակներում հարյուր ու հազար տոկոսով ապացուցելով, որ իշխանությունը ապաշնորհ է, քանդում է երկիրը, իրենք պատրաստ են երկիրը փրկել: Հիմա որտե՞ղ են: Վախենո՞ւմ են նեղացնել մայր Ռուսիային, որտեղից հույս ունեն հերթական ընտրություններում մեծամասնության մանդատ ստանալ:
7. Ինչո՞ւ միայն «Ժառանգությունը» կոնկրետ քաղաքական պահանջ դրեց, ինչո՞ւ խորհրդարանական մյուս ուժերն իրենց շարքերում գոնե մեկին չգտան, որ անձնական տեսակետ հայտներ առ այն, որ Ռուսաստանը գործող համաձայնագրերով պետք է սպանության մեջ կասկածյալ իր քաղաքացուն հանձնի Հայաստանին, ում տարածքում է սպանություն կատարվել:
Համատարած «ըմբռնումն» ու ռուսական շահի պաշտպանությունը չե՞ն նշանակում, որ Հայաստանի իշխանությունը և ոչիշխանությունը չունեն տարբերություն, խնդիրը իշխանության ձգտումն է՝ հերիք է դուք կառավարեք, հիմա մենք ենք ուզում իշխել: Ինչպե՞ս են ապրում ու ինչո՞ւ են սպանվում ՀՀ քաղաքացիները, ոչ մեկին չի հետաքրքրում, կամ հետաքրքրում է այնքանով, որ չվնասի իրենց նպատակներին:
8. Հունվարյան իրադարձությունները վերստին ակնհայտ դարձրին, որ Հայաստանում ընդդիմադիրը ժողովուրդն է, որ դեռ չի կորցրել ինքնակազմակերպման կարողությունը, արժանապատվությունը, իրավունքի ու պատվի պաշտպանության կամքը:
9. Միակ եզրակացությունը՝ պետք է կոտրել ժողովրդին: Ցանկալի է՝ հենց ժողովրդի ձեռքով:
10. Ոճրագործությունից վեց օր անց միայն ՌԴ նախագահը հեռախոսազրույցում հրապարակային և ուշացած ցավակցություն հայտնեց ՀՀ նախագահին ու հայ ժողովրդին, վստահեցրեց, որ անհրաժեշտ քննչական գործողությունները կանցկացվեն ամենասեղմ ժամկետներում, մեղավորները կկրեն օրենսդրությամբ նախատեսված պատիժը։
Ի վերջո՝ ի՞նչ կատարվեց հունվարի 12-ին Հայաստանում:
1. Ռուս զինվորը զենքով դուրս եկավ ռազմաբազայից ու հասավ քաղաքի մյուս ծայրը, որ ջուր խմի:
2. Ջուր խմեց, թե չխմեց, որոշեց, որ պիտի լուսամուտը կոտրելով ներս մտնելուց հետո սպանի տան անդամներին, որտեղ ուզում էր ջուր խմել:
3. Նրանք քնած էին, բայց չէին կարող չարթնանալ կոտրվող լուսամուտի ձայնից, արթնացա՞ն, դիմադրեցի՞ն: Վեցն էլ սպանվեցին անկողիններո՞ւմ, թե՞ հետո տեղափոխվեցին: Ինչո՞ւ սվինահարվեց վեցամսյա տղան, որ վկայություն տալ չէր կարող: Նրանք առաջին ու վերջի՞ն անգամ միմյանց հանդիպեցին, թե՞ ծանոթ էին:
4. Ինչո՞ւ սպանության կասկածյալը հանցագործության իրեղեն ապացույցները թողեց դեպքի վայրում, ուզում էր, որ իրեն բռնե՞ն: Վերջապես որտե՞ղ և ո՞վ նրան բռնեց:
5. Մենա՞կ էր, թե՞ գործակիցներ կային նրա հետ, որ համարյա միաժամանակ կարողացան տարբեր սենյակներում քնած մարդկանց սպանել: Կատարվե՞լ է դատաձգաբանական փորձաքննություն, նույն զենքո՞վ են բոլորը սպանվել, այլ մատնահետքեր, ոտնահետքեր չկա՞ն Ավետիսյանների տանը: Այս հարցերի պատասխանը կարող է տալ հայկական կողմը, ունի՞ պատասխան, թե՞ սպասում է հրապարակման արտոնության կամ կոծկման հրահանգի:
6. Միայնակ մարդասպանի՞ սինդրոմի հետ գործ ունենք: Նա հարբա՞ծ էր, թմրանյութի ազդեցության տա՞կ, խելագա՞ր է, որի հոգեկան խնդիրները զինակոչի ժամանակ անտեսվել են: Հոգեկան խանգարման վարկածը չի՞ դառնալու հիմնականը, որով հեշտ է պատասխանել համարյա բոլոր հարցերին ու փակել խնդիրը, իսկ հետո հոգեբուժարանում նա կամ կմեռնի դժբախտ պատահարից, կամ մի քանի տարում «կբուժվի» ու ազատ կարձակվի:
7. Միայնակ մարդասպանը գործել է սեփակա՞ն հայեցողությամբ, թե՞ զոմբիացման այն տարբերակն է, որի ղեկավարները միշտ կան ու տեսանելի չեն, ունեն իրենց կոնկրետ խնդիրները, լուծում են կոնկրետ տեղում, կոնկրետ ժամանակին ու իրենք չեն բացահայտվում: Նրանց կոնկրետ քայլը մասն է մեծ ծրագրի, որը բացահայտվում է ժամանակի մեջ:
8. Իսկ ծրագիրը մեկն է՝ Հայաստանը երբեք ու երբեք չպիտի պոկվի Ռուսաստանի ներգործության դաշտից:
9. Մնաց ժողովուրդը: Կա ժողովրդին կոտրելու խնդիր, որը լուծում են տարբեր ծրագրերով ու ծրագրից դուրս:
10. Առաջին հայացքից այս իրավիճակում ռուսներն ուղղակի ընկել են կրակը, բայց դա միայն առաջին հայացքից. հատուկ ծառայությունները Ռուսաստանում բազմիցս խաղարկել են տարբեր երկրներում նման սադրանքների սցենարը ու գիտեն՝ ինչը ինչպես անել, որ չերևան, բայց ունենան ցանկալի արդյունքը:
Այս շրջագծում հասկանալի են Հայաստանի ոստիկանապետի մտահոգությունները և առաջին հայացքից հակատրամաբանական հայտարարությունը, թե կարևոր չէր՝ ով կբռնի կասկածյալին: Նա ուներ ավելի կարևոր խնդիր՝ կանխել ավելի մեծ սադրանքը, կանխել սպանդը, և լուծեց իր խնդիրը: Ի վերջո՝ այս իրավահարաբերություններում ձևական է՝ ո՞վ է դատելու մարդասպանին: Որքան էլ Հայաստանի արդարադատության համակարգի լեգիտիմացման գործընթացը ծաղկի, համակարգը կայացնելու է քաղաքական դատավճիռ, որը նրան թելադրվելու է: Բայց պետք է հայերին չհանձնել Պերմյակովին, որպեսզի որևէ մեկը երբևէ չկասկածի, թե ռուսները յուրայիններին լքում են:
Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ.Գ.- Ինչո՞ւ է այդպես, հստակ բացատրել է ռուսների գաղափարախոս Ալեքսանդր Դուգինը: Նա նորից հայտարարել է, որ Ռուսաստանն է Հայաստանի տարածքային ամբողջականության երաշխավորը, ուստի Երևանը պիտի հաշվի առնի Ռուսաստանի աշխարհաքաղաքականության էվոլյուցիան՝ ինքնապահպանման համար: «Հայաստանը ոչ միայն լայն ընտրության հնարավորություն չունի, այլև առհասարակ ընտրության հնարավորություն չունի: Հետխորհրդային տարածքում նրանք, ովքեր հենվում են ԱՄՆ-ի վրա՝ իրենց ռազմավարական հարցերը լուծելու համար, ուղղակի կորցնում են իրենց տարածքային ամբողջականությունը և վերջ: Դա մենք տեսնում ենք Վրաստանի, ՈՒկրաինայի, Մոլդովայի օրինակով»: Ինչպե՞ս ու ինչո՞ւ հարցը, բնականաբար, Դուգինի համար մանկամիտ է: Իսկ Ղարաբա՞ղը: «Հայաստանի գոյության համար հարկավոր է, որ նա լինի ԵԱՏՄ-ի և ՀԱՊԿ-ի կազմում, այլընտրանքը նշանակում է ընդհանրապես գոյություն չունենալ: Երբ ասում եմ՝ Հայաստան, նկատի ունեմ նաև Լեռնային Ղարաբաղը: Իրավիճակը պահելու համար հարկավոր է լինել ԵԱՏՄ- ում: Եթե փորձեն ինչ-որ վերջնագրեր դնել, կդրվի Հայաստանի գոյության հարցը»: Հարցեր կա՞ն: