«Խաղաղության համաձայնագրի տեքստի 80-90 տոկոսը, արտգործնախարարի՝ ինձ տրամադրած տեղեկություններով, արդեն համաձայնեցված է»,- Բաքվի վերահսկողությանն անցած Շուշիում հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ Նա հավելել է, որ Հայաստանին ստիպել են տեքստից հեռացնել Արցախի վերաբերյալ դիրքորոշումն ու տերմինաբանությունը, ինչը ճանապարհ բացեց կարգավորման գործընթացի հետագա զարգացման համար։ Միևնույն ժամանակ, ըստ Ալիևի, «երկու հարց բաց է մնում»։                
 

Օգո՞ւտ է, թե՞ վնաս

Օգո՞ւտ է, թե՞ վնաս
19.12.2014 | 11:59

ՀՀ կառավարությունը հաստատել է «Ցորենի ալյուրի հարստացման» և «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերը: Նշված օրենքների շրջանակներում իրականացվելիք ծրագրով (ԱԺ-ի կողմից ընդունվելու դեպքում) նախատեսվել է արհեստական վիտամիններով, հանքային միկրոտարրերով (մասնավորապես ֆոլիաթթվով, երկաթով), ինչպես նաև պրեմիքսներով, պարտադիր կարգով հարստացնել հացի և հացամթերքի արտադրության մեջ օգտագործվող ալյուրը:
Փորձագետների մի մասը, հիմնավորելով ծրագրի կարևորությունը, նշել է, որ այն ամբողջ աշխարհում համարվում է հանրային առողջապահական ամենաարդյունավետ ծրագրերից մեկը, քանի որ շատ փոքր ներդրումով ապահովում է մեծ արդյունքներ: Մյուս մասը պնդում է, որ արտաքուստ բարի և օգտակար թվացող նախաձեռնությունը իրենից մեծ վտանգ է ներկայացնում և առողջությունը բարելավելու փոխարեն կարող է վնաս հասցնել մեր երկրի փոքրաթիվ բնակչությանը` մատնաշելով այն հիվանդություններն ու մահվան ելքով դեպքերը, որոնք գրանցվել են այդ հավելանյութերի կիրառման պարագայում:
Նշված հարցերը պարզաբանելու համար դիմեցինք Հայաստանի ազգային ագրարային համալսարանի բուսաբուծական մթերքների վերամշակման տեխնոլոգիայի ամբիոնի դոցենտ, տեխնիկական գիտությունների թեկնածու ԱՐԱՄ ՆԱԶԱՐՅԱՆԻՆ:

-Ի՞նչ կարծիքի եք նշված օրենքների ընդունման վերաբերյալ:
-Բնակչության առողջ սնման կազմակերպումը շատ բարդ և բազմագործոնային ընթացք է, որը կարելի է իրականացնել հիմնվելով ինչպես խոր գիտելիքների, այնպես էլ գիտական հայեցակարգի և գիտատեխնիկական կշռադատված քաղաքականության վրա: Այդ նպատակով է վերջին երկու տասնամյակում ստեղծվել «Նորագույն սննդի քիմիա» գիտությունը, որն այսօր, սննդամթերքի քիմիայից բացի, ուսումնասիրում է մարդու սնման գիտությունը: Հիմնվելով հիմնարար գիտակարգերի նվաճումների և սնման գիտության վրա, այն սերտորեն համագործակցում է նաև կենսատեխնոլոգիայի և մանրէակենսաբանության հետ` պրակտիկայում լայնորեն օգտագործելով նաև հետազոտման բազմազան եղանակներ:
Վերոնշյալ հարցի պարզաբանումն ընկած է հենց սննդի քիմիայի շրջանակների մեջ, բայց, ցավոք, այդ գիտության մասին համարյա անտեղյակ է այն «մասնագետների» մեծամասնությունը, որն այսօր ակտիվորեն մասնակցում է մամուլում և տեղեկատվության այլ ոլորտներում ալյուրի հարստացման մասին քննարկումներին:
Առհասարակ բնակչության առողջ սնումը ազգի առողջության կարևորագույն պայմաններից մեկն է և «Ցորենի ալյուրի հարստացման» ՀՀ օրենքի նախագիծը, ըստ երևույթին, նպատակաուղղված է բնակչության զգալի մասի սնման կարգավիճակի բարելավմանը:
-«Ցորենի ալյուրի հարստացման» ՀՀ օրենքի նախագծի համաձայն, ալյուրը մասնավորապես հարստացվելու է երկաթով և ֆոլիաթթվով: Վերամշակման ընթացքում ավելի արդյունավետ չի՞ լինի այդ միկրոտարրերը չտարանջատել և թողնել ալյուրի մեջ, այլ ոչ թե հետագայում այն արհեստականորեն հարստացնել, այսինքն` նույն տարրերը կրկին «վերադարձնել»:
-Սննդահումքի վերամշակման ժամանակ, որպես կանոն, տեղի է ունենում հանքային նյութերի պարունակության նվազում (բացառությամբ սննդի աղի), իսկ բուսական մթերքներում դրանց մի մասը կորչում է թափոնների հետ:
Ցորենի աղալու ժամանակ նույնպես նվազում են այդ անհրաժեշտ միկրոտարրերը, իսկ դրանք նվազում են այն պարզ պատճառով, որ տեղակայված են ցորենի հատիկի արտաքին շերտում: Այնինչ ժամանակակից տեխնոլոգիաները ձգտում են մաքսիմալ ձևով ստանալ հացի ամենասպիտակ ձևը՝ էնդոսպերմը:
Նշեմ, որ ցորենի բարձր տեսակի ալյուրի հանքային նյութերի համեմատական վերլուծությունը ցույց է տվել, որ, օրինակ, ցորենի աղալու ժամանակ կալցիումի պարունակությունը 41մգ/100գ-ից նվազում է մինչև 16մգ/100գ, ֆոսֆորի պարունակությունը` 372-ից մինչև 87, երկաթինը` 3,3-ից մինչև 0,8 և ավելի:
Այնինչ երկաթի պակասությունը (որն անհրաժեշտ է շնչառության և արյունաստեղծումն ապահովող միացությունների կենսասինթեզի համար) կարող է բերել անեմիայի զարգացման, որի ժամանակ խախտվում են օրգանիզմի գազափոխանակումը, բջջային շնչառությունը, այսինքն` կյանքի ապահովման հիմնական գործընթացները:
Նշեմ նաև, որ կերաբաժնում կալիումի և ֆոսֆորի քանակության անհամապատասխանության ամենատարածված հետևանքներից են ատամների կարիեսը և ոսկրային հյուսվածքների նոսրացումը: Խմելու ջրում ֆտորի պակասության դեպքում քայքայվում է ատամի էմալը, իսկ կերակրի աղի և ջրի մեջ յոդի դեֆիցիտը հանգեցնում է վահանաձև գեղձի հիվանդությունների:
Օրենքի նախագծով առաջարկվող հավելանյութերով հարստացումները, որով փորձում են հացամթերքների աղալու ընթացքում այդ կորած բաղադրիչները վերադարձնել իրենց նախնական կարգավիճակին, վերաբերում են միայն Հայաստանում օգտագործվող առաջին և բարձր սորտի ալյուրների մոտ 85 տոկոսին:
-Փորձագետների մի մասը մտահոգված է, որ ալյուրը արհեստական երկաթով և ֆոլիաթթվով հարստացնելու դեպքում սպառողները կարող են կանգնել լուրջ խնդիրների, ընդհուպ մինչև անպտղության, ամլության, չբերության, ալերգիկ, աղեստամոքսային, քաղցկեղային հիվանդությունների, ինչպես նաև հորմոնալ խանգարումների առջև: Ի՞նչ կասեք այդ հնարավոր բացասական ռիսկերի մասին։
-Իմ կարծիքով` հնարավոր ռիսկեր չկան, այլ ընդհակառակը. «Ցորենի ալյուրի հարստացման մասին» ՀՀ օրենքի ընդունումը հնարավորություն կընձեռի մի քանի տարի անց խոսելու առողջության տարբեր ցուցանիշների բարելավման մասին։
ՀՀ առողջապահության նախարարության և ԱՀԿ-ի վիճակագրական տվյալների համաձայն, աշխարհում շուրջ 2 միլիարդ մարդ բավարար քանակով երկաթ չի ստանում, ինչի պատճառով 0-5 տարեկան երեխաների 47 տոկոսը և հղի կանանց 42 տոկոսը տառապում է սակավարյունությամբ: Ամեն օր անեմիայի և երկաթի անբավարարության պատճառով, աշխարհում ծննդաբերության ժամանակ մահանում է 300 կին, շուրջ 500 նորածին ծնվում է նյարդային խողովակի զարգացման բնածին արատով, 4000 մեծահասակ էլ մահանում է սրտի կաթվածից:
ԱՀԿ-ի և ՅՈՒՆԻՍԵՖ-ի տվյալներով` աշխարհում ավելի քան 40 մլն նախադպրոցական տարիքի երեխա տառապում է սուր, իսկ ավելի քան 120 մլն երեխա` քրոնիկական թերսնուցումից: Աշխարհի բնակչության 20 տոկոսը ենթակա է միկրոսնուցող նյութերի (երկաթ, ֆոլիաթթու, յոդ, վիտամին A և այլն) անբավարարության, ինչի հետևանք են մի շարք ծանր ու անդարձելի ախտաբանական վիճակները, և որոնք հաճախ ավարտվում են հաշմանդամությամբ կամ մահվան ելքով:
-Ի՞նչ դրական ազդեցություն կարող են ունենալ քիմիական ճանապարհով ստացված վիտամինները նշված հիվանդությունների կանխման ճանապարհին:
-Մարդու նորմալ կենսագործունեության համար վիտամինները անհրաժեշտ են փոքր քանակություններով, բայց քանի որ օրգանիզմը չի կարող բավարարել իր պահանջարկը կենսասինթեզի հաշվին (այն չի սինթեզում վիտամիններ կամ սինթեզում է անբավարար քանակություններով), դրանք պետք է ներմուծվեն սննդի հետ` դրա պարտադիր բաղադրիչի կարգավիճակով: (Զանգվածային հետազոտությունները, որոնք անցկացվել են աշխարհի բազմաթիվ երկրներում, վկայել են, որ բնակչության մեծ մասը վիտամինների և հանքային նյութերի դեֆիցիտ ունի):
Օրգանիզմում վիտամինների բացակայությունը կամ պակասությունն առաջացնում է անբավարարվածության հիվանդություններ` հիպովիտամինոզներ (հիվանդություններ` պակասության դեպքում) և ավիտամինոզներ (հիվանդություններ` վիտամինների բացակայության կամ կտրուկ դեֆիցիտի դեպքում): Մեկ վիտամինի պակասությունը հանգեցնում է մոնոհիպովիտամինոզների, իսկ մի քանիսինը` պոլիհիպովիտամինոզների:
Նշեմ մարդու նորմալ կենսագործունեությանն անհրաժեշտ ալյուրի մեջ եղած բավարար քանակով մի քանի վիտամինների նշանակությունը:
Վիտամին B1-ը (թիամին) մասնակցում է ածխաջրային փոխանակության կարգավորման և էներգիական փոխանակման ռեակցիաներին: Նրա դեֆիցիտն առաջացնում է նյարդային, սրտանոթային, մարսողական համակարգերի խանգարումներ:
Վիտամին B2-ը (ռիբոֆլավին) մասնակցում է սպիտակուցների, ճարպի փոխանակման գործընթացին, կարգավորելով նյարդային և մարսողական համակարգերի ֆունկցիան: Ռիբոֆլավինի պակասության դեպքում առաջանում են մաշկի հիվանդություններ, բերանի խոռոչի լորձաթաղանթի բորբոքում, զարգանում են արյունատար համակարգի և աղեստամոքսային ուղիների հիվանդություններ:
Վիտամին PP-ն (նիացին), որը կարևոր դեր ունի հյուսվածքային շնչառության մեջ, պակասության ժամանակ օրգանիզմում դիտարկվում է թուլության, արագ ուժասպառության, անքնության, սրտի բաբախումների ձևով: Զգալի պակասության դեպքում զարգանում է պելլագրա:
Վիտամին B6-ը (պիրիդոքսին), որը մասնակցում է ճարպային և ամինաթթուների վերափոխումներին, անհրաժեշտ է նյարդային համակարգի արյունաստեղծ մարմինների և լյարդի նորմալ գործունեության համար: Պակասությունն առաջացնում է դերմիտներ:
Ֆոլիաթթուն (վիտամին B9) անհրաժեշտ է բջիջների բազմացման, օրգանների աճի, սաղմի և պտղի նորմալ զարգացման և նյարդային համակարգի գործունեության համար: Ֆոլիաթթվի պակասությունն արտահայտվում է արյունաստեղծության խախտումներով (անեմիա, լեյկեմիա), մարսողական համակարգի աշխատանքի խախտումներով:
Վիտամին B12-ը մասնակցում է արյունաստեղծման, ամինաթթուների վերափոխման գործընթացներին: B12-ի պակասության դեպքում առաջանում է թուլություն, փակվում է ախորժակը, զարգանում է չարորակ սակավարյունություն, խախտվում է նյարդային համակարգի գործունեությունը:
Այնպես որ, ալյուրի վիտամինահանքային հարստացումը, բնակչության առողջության բարելավման տեսանկյունից, համարում եմ անհրաժեշտ նախապայման:
-Ո՞ր երկրներն են այսօր օգտագործում այդ վիտամինահանքանյութային հավելումներով թխված հացն ու հացամթերքը:
-Աշխարհի 59 երկրներում ներկայումս առկա են միկրոնուտրիենտներով ալյուրի պարտադիր հարստացումը կարգավորող օրենքներ կամ այլ նորմատիվ փաստաթղթեր: ԱՄՆ-ում, Մեծ Բրիտանիայում, Չիլիում ալյուրը հարստացնում են արդեն մի քանի տասնամյակ: Ալյուրի պարտադիր հարստացումը գոյություն ունի Հարավային և Կենտրոնական Ամերիկայի երկրների մեծամասնությունում և Կանադայում:
ԱՊՀ երկրներում այդ օրենքները 2009 թվականից ընդունվել և գործում են Ղազախստանում, Ղրղզստանում: Թուրքմենստանում ալյուրի պարտադիր հարստացումը նախագահի հրամանագրով կարգավորվել է 1994 թվականից: Այլ երկրներից միկրոնուտրիենտներով ալյուրի հարստացման ծրագրերն ընդունվել են ՈՒզբեկստանում, Ադրբեջանում, Տաջիկստանում: Նմանօրինակ ծրագրերը մշակման փուլում են Բելառուսում, Ռումինիայում, Բուլղարիայում, Թուրքիայում և այլ երկրներում:
Դեռ Խորհրդային Միության ժամանակ գործող ԳՕՍՏ 26574-85 «Ալյուր ցորենի հացաթխման. տեխնիկական պայմաններ» ստանդարտի 1.8 կետում գործում էր «Վիտամինացված ցորենի հացաթխման ալյուրի մասին» կետը, որտեղ նշված էին նաև հարստացման վերաբերյալ նորմերը` վիտամին B1 (թիամին), վիտամին B2 (ռիբոֆլավին) և PP (նիկոտինաթթու): Ի միջի այլոց, Երևանի ալրաղաց կոմբինատը նշված ժամանակահատվածում վիտամինացնում էր բարձր և առաջին տեսակի ալյուրը:
ՌԴ-ում 2009 թ. ընդունվել է ԳՕՍՏ Ռ 53494 «Ցորենի հացաթխման ալյուրի հարստացման համար վիտամինային և վիտամինահանքային պրեմիքսներ» ստանդարտը, որտեղ նշվել են ալյուրի հարստացման համար անհրաժեշտ վիտամինները և հանքային նյութերը և նրանց համապատասխան քանակությունները` վիտամին B1, B2, PP, B6, ֆոլիաթթու, վիտամին C, կալցիում, երկաթ, ֆոսֆոր:
-Ներկայումս ՀՀ-ում ի՞նչ ձևով է արտադրվում տեղական հացը: Վերջինիս մեջ հավելումներ օգտագործվո՞ւմ են, թե՞ այն թխվում է միայն տեղական արտադրության ցորենի մաքուր ալյուրից:
-Ներկայումս ՀՀ-ում մի քանի հարյուր արտադրողներ օրական շուրջ 800 տ հաց և հացաբուլկեղեն են արտադրում: Հացաթխման տեխնոլոգիաները տարբեր են, սկսած ավանդական տեխնոլոգիաներից (որոնց թիվը մեծ չէ), վերջացած ժամանակակից հացաթխման բարելավիչների կիրառումով:
Հացաթխման համար օգտագործվող ալյուրը հանրապետությունում արտադրվում է հիմնականում ներկրվող ցորենից, քանի որ տեղական ցորենը կարող է ապահովել եղած պահանջարկի միայն 30 տոկոսը: Ներկրվող ալյուրը միայն տարեկանի ալյուր է, իսկ ցորենի ալյուր չի ներկրվում, քանի որ տնտեսապես ձեռնտու չէ:
Ինչ վերաբերում է հացաթխման մեջ օգտագործվող բարելավիչներին, որոնք ժողովուրդն անվանում է «վիտամիններ», ապա դրանք կրում են հիմնականում Գերմանիայի, Բելգիայի, Իրանի արտադրության կնիքը: Դրանց կազմի մեջ գերակշռում են ցորենի վերամշակման մթերքները, կաթնամթերքները, շաքարները, սննդային ճարպերն ու ձիթատու մշակաբույսերի սերմերը:
Դրանք պարունակում են նաև ֆունկցիոնալ հատկություններով օժտված քիչ քանակությամբ նյութեր` լեցիտին, թանձրացուցիչ և դոնդողացնող նյութեր, հանքային նյութեր և վիտամին C: Նշված բոլոր նյութերը, անցնելով մի քանի տարվա փորձաքննություն, ստացել են համապատասխան անվտանգության սերտիֆիկատներ:
Բարելավիչների կիրառումը թույլ է տալիս կարգավորել խմորի պատրաստման գործընթացները, բարելավել արտադրանքի արտաքին տեսքը և երկարացնել հացի և հացաբուլկեղենի թարմության ժամկետը:


Զրուցեց
Հասմիկ ԳԵՎՈՐԳՅԱՆԸ

Դիտվել է՝ 3783

Մեկնաբանություններ