Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհուրդը որոշում է ընդունել Իսրայելին պատասխան ռազմական հարված հասցնելու վերաբերյալ։ Հերքվել է արևմտյան ԶԼՄ-ների տեղեկությունը, թե Իրանը մտադիր է գրոհել Իսրայելը Իրաքի տարածքից առաջիկա օրերին՝ մինչև ԱՄՆ-ի նախագահի ընտրությունները։ «Իրանի պատասխանը Իսրայելի ագրեսիային իրավունքի հարց է, որը մեզ համար հստակ որոշված է, և այն, թե ինչպես ենք գործելու, կախված է պլանից»,- ասել է իրանցի բարձրաստիճան պաշտոնյան։               
 

Բոլորովի՞ն, թե՞ ամբողջովին

Բոլորովի՞ն, թե՞ ամբողջովին
09.12.2014 | 00:40

2015-ը կենդանակերպով Այծի տարի է, այն էլ՝ փայտե: Պատկերացնո՞ւմ եք փայտե այծ: Ես՝ ոչ: ՈՒ որովհետև բնավ չեմ պատկերացնում, ինձ ավելի հետաքրքրում է, թե Այծի տարում ո՞վ է ցատկոտելու, ո՞վ է կաթ տալու, ո՞ւմ է այծը պոզահարելու, ո՞վ է այծին խոտ տալու, ո՞վ է վերջում այծին զոհաբերելու: ՈՒ այս հարցերը իրականում զուտ քաղաքական են:
Քաղաքական դաշտում անթափանց ապատիա է՝ բոլորն ամեն ինչ հասկանում են, բոլորն ամեն ինչ գիտեն, ոչ ոք ոչինչ փոխել չի ուզում, բոլորին բավարարում է վիճակը: Ամեն ինչ անդառնալիորեն հրաշալի կլիներ, եթե երկրում ԲՈԼՈՐՈՎԻՆ ժողովուրդ մնացած չլիներ, եթե միայն իրենք ու իրենք լինեին, ու ԲՈԼՈՐՈՎԻՆ անհրաժեշտ չլիներ հասարակական կարծիքի առաջ ներկա ստանալ, արդարանալ, արժևորվել: Դոլար-դրամ հարցերը լուծել, բյուջե կազմել, հաստատել, կատարել, չկատարածը հիմնավորել, կատարածի օգուտները որոնել, պայմանագիր հաստատել, օրենք ընդունել, նիստեր անել, սրան հանդիպել, նրան ճանապարհել, գնալ-գալ: Ավելորդ հոգսեր, հետն էլ՝ ծախսեր, գնահատող էլ չկա: ԲՈԼՈՐՈՎԻՆ: ՈՒ քանի դեռ քիչ, բայց ժողովուրդ կա, հարկադրված են առավոտից երեկո աշխատել ու աշխատել՝ տուն-տեղ, ընտանիք-ընկերություն, հարազատներ-մտերիմներ մոռացած: Ապատիա չլինի, ի՞նչ լինի: Արդյունք չկա: Հետևանք չկա: Մինչև 2017-2018-ը հեռանկար չկա: Բյուջե էր՝ ընդունեցին: Միություն էր՝ անդամակցեցին: Միտինգ էր՝ արեցին: Ազգանուն էր՝ առան ու ծախեցին: Հետո՞:
«Հետո»-ի անհույս անհայտության մեջ քաղաքական դաշտում ծնվում են գաղափարներ ու գաղափարակիրներ: Համարյա՝ հերոսներ: Ճիշտ է՝ նրանց ոչ ոք դափնեպսակ, շքանշան կամ մեդալ, կամ էլ գոնե մի 30 արծաթ չի տալիս: Ճգնաժամ է: Շատ սուր ֆինանսական-տնտեսական (մի քանի -ական էլ դուք հավելեք) ճգնաժամ: Երկիրը իր բարձրագույն պաշտոնյաների օրինակով պիտի հարմարվի նոր պայմաններում դաժան կյանքին: Չե՞ք հավատում: ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը, օրինակ, ժուժկալության դասական դաս տվեց. խորհրդարանն ընդունեց 2015-ի պետական բյուջեի նախագիծը, ու նա՝ խախտելով անկախ Հայաստանի բոլոր տարիների չգրված ավանդույթը՝ քվեարկության արդյունքները հրապարակելուց անմիջապես հետո՝ առանց շունչ քաշելու, անցավ հաջորդ հարցին: Ինչո՞ւ: Խնայողության նոր ավանդույթ է հաստատվում: Գործող վարչապետ, ԱԺ նախորդ նախագահ Հովիկ Աբրահամյանի կառուցած դահլիճում ԱԺ գործող նախագահը նախ շնորհավորանքի ու բարեմաղթանքի մի քանի բառը խնայեց, խմբակցության սենյակում էլ՝ մի շիշ շամպայնը՝ կառավարությանը հաջողություն մաղթելու կենացով: Արժանի չէի՞ն: Էին: Բայց հետայսու յուրայինները ևս նույն վերաբերմունքին են արժանանալու ինչ ոչյուրայինները՝ խնայողության նոր քաղաքականության շրջանակներում: Ի վերջո՝ տարբերություն առանձնապես չկա յուրայինների ու ոչյուրայինների միջև: Իշխանության ու ոչիշխանության: Նրանք համատեղ ու խրոխտ գնում են դեպի ԵԱՏՄ («Ժառանգությունն» է խանգարում, բայց ի վերջո «Ժառանգությունը» ոչ մեկին չի խանգարում)։ Ապատիա: Սքանչելի ու արդյունավետ: Խորախորհուրդ:
ԱԺ-ն վավերացրեց ԵԱՏՄ-ի պայմանագրին ՀՀ անդամակցության համաձայնագիրը: Փարատե՞ց, թե՞ չփարատեց տնտեսական անարդյունավետության կասկածները: Հաստատե՞ց, թե՞ խորացրեց ինքնիշխանության կորստի հեռանկարները: Երկրի անվտանգության երաշխիքները ներկայացրե՞ց, թե՞ հերքեց: 2013-ի ու 2014-ի աշխարհաքաղաքական տարբերություններին ուշադրություն դարձրե՞ց, թե՞ Հայաստանի համար աշխարհում ոչինչ տեղի չի ունենում:

Պարզե՞ց, թե՞ շրջանցեց՝ Հայաստանի տնտեսությունը որքա՞ն է պատրաստ ու մրցունակ իր առջև բացվող շուկայում: 2015-ի հունվարի 1-ից առաջին անհրաժեշտության ապրանքների գնաճը բացառե՞ց, թե՞ բացատրեց: Թվարկե՞ց՝ ո՛ր ապրանքատեսակների գինն է անփոփոխ մնում հինգ տարի, ո՛ր ապրանքատեսակներն են թանկանալու: Անիմա՞ստ հարցեր են, երբ կա քաղաքական որոշում: Երբ քաղաքական որոշումը թելադրվում է քաղաքական անհրաժեշտությամբ, որի պատճառները հոդաբաշխ չեն ասվում՝ բոլորն ամեն ինչ գիտեն, ոչ ոք ոչինչ չի հասկանում:
2015-ի պետական բյուջեն ընդունվեց: Կողմ քվեարկեց միայն մեկ կուսակցություն՝ ՀՀԿ-ն, քվեարկության այդ պատկերը, սակայն, բոլորովին չի համապատասխանում իրերի իրական վիճակին: Սիրով ու համերաշխ մյուսներն էլ կողմ կքվեարկեին, եթե չլիներ քվեարկության քաղաքական բովանդակությունը: Ի՞նչ ընդդիմադիր, եթե կողմ է կառավարության ֆինանսատնտեսական գլխավոր ծրագրին, նույնիսկ եթե առաջարկներ է արել, որոնք ընդունվել են: Ի՞նչ ընդդիմադիր, եթե կողմ է վարչապետ Հովիկ Աբրահամյանին: Ի՞նչ ընդդիմադիր, եթե համաձայն է կառավարության ներկայացրած ծրագրին, որի հիմքում ՀՀ նախագահի նախընտրական ծրագիրն է: Ինչո՞ւ որևէ խորհրդարանական կուսակցություն, եթե դեմ է քվեարկում պետական բյուջեի նախագծին, երբևէ չի կազմում ու խորհրդարանին չի ներկայացնում պետական բյուջեի իր՝ այլընտրանքային նախագիծը: Չի՞ ընդունվի: Բայց կհիմնավորվի դեմ կամ ձեռնպահ քվեարկությունը: Լիարժեք, բովանդակային ու ամբողջական ոչ միայն առաջարկները կլինեն, այլև առաջարկների իրագործման մեխանիզմներ կներկայացվեն: Թե՞ ավելի հեշտ է ասել՝ ի՞նչ պիտի արվի, բայց շատ դժվար՝ ինչպե՞ս պիտի արվի: Չկա՞ այդքան ֆինանսատնտեսական-մտավոր ներուժ, որ փոխարինի համակարգի աշխատանքի արդյունքին: ՈՒրեմն՝ որքա՞ն են տեղին իշխանափոխության հավակնությունները: Թե՞ տարբերություն չկա, միևնույն է, բոլորը «մերոնք» են, «մերոնք» հավերժ են իրենց պաշտոններում: Համակարգային փոփոխությունների մասին խոսելու իրավունք ունի այն քաղաքական ուժը, որ ձևավորել է իր համակարգն ու կարող է որպես այլընտրանք ներկայացնել: Մտադրությունների, ցանկությունների, ծրագրերի մասին իրավունք ունեն խոսել բոլորը, բայց ոչ նրանք, ովքեր քաղաքական իշխանության են հավակնում: «Հետո»-ն քաղաքական կատեգորիա չէ, քաղաքական կատեգորիան «հիմա»-ն է: Իշխանությունը չի կարող որոշում ընդունելիս իրենից դուրս որևէ մեկին ապավինել: Չի կարողանում, պիտի հեռանա:
Խորհրդարանական քառօրյայի երկու գլխավոր հարցերի՝ ԵԱՏՄ-ի պայմանագրին անդամակցության համաձայնագրի վավերացման և 2015-ի պետբյուջեի նախագծի ընդունման, քննարկումն ու քվեարկությունը Հայաստանի քաղաքական դաշտի ոչ միայն ճշգրիտ ախտորոշումը երևակեցին, այլև ախտի անբուժելիությունը: Ռուսամետությունը անբուժելի ախտ է Հայաստանի խորհրդարանում (իմունիտետ ունի միայն «Ժառանգությունը»): Առնվազն տարօրինակ է՝ եթե այդքան համոզված են, որ ԵԱՏՄ-ն անխոտելի, անդառնալի ու անխուսափելի ճակատագիր է անկախ Հայաստանի համար, ինչո՞ւ են արդարանում, թե դավաճան չեն: Մեղքի զգացում, այնուամենայնիվ, կա՞: Կասկածի որդը կրծո՞ւմ է: Ինչո՞ւ են ուրախանում, որ ԵԱՏՄ-ից դուրս գալը հեշտ է՝ դիմում ես տալիս ու մեկ տարի հետո ազատ ես: Ինչո՞ւ է պոռոտախոսությունը դառնում ուղիղ ճանապարհ ասելիքը տեղ հասցնելու համար: Ասելիք չկա՞: Թե՞ անելիք չլինելու պարագայում մնում է միայն «չափառ (թերևս՝ ցանկապատ) ջարդելը»: «Այն մարդիկ, ովքեր իսկապես մտածում են, որ անկախության կորուստ է ԵԱՏՄ-ին անդամակցումը և չեն եկել ցույցի, իրենք են իսկական դավաճանները, եթե չեն եկել ԱԺ չափառները ջարդելու»՝ հայտարարելու համար քրեական անպատասխանատվությունը բավարար է, թե՞ պետք է նաև քաղաքականը: Թե՞ պատճառը անփարատ վախն է: Թեպետ առաջընթացն ակնհայտ է. 2013-ին Լևոն Զուրաբյանը խոստանում էր ԱԺ-ն հողմացրիվ անել, 2014-ին միայն ցանկապատերն է պատրաստ ջարդել, 2015-ին նա կխոսի իշխանության՝ ցեղասպանության ճանաչումը ձախողելու մասին, ու այս ընթացքով 2017-2018-ից հետո չի բացառվում, որ ԱԺ նախագահ էլ դառնա: Ինչո՞ւ ոչ: (ԱԺ ներկա նախագահը Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի կառավարման խորհրդի նախագահի պաշտոնն ավելի բարձր է համարում խորհրդարանի նախագահի պաշտոնից: Ասում է՝ «Ես սա մեծ հաճույքով եմ ընդունում, որովհետև սա իմ մթնոլորտն է, իմ մասնագիտությունն է»): «Եթե ես հավատայի, որ անկախության կորուստ է, ես կգայի կջարդեի, թույլ չէի տա, որ նման որոշում կայացվեր: Ով հավատում է, որ եղել է անկախության կորուստ և չի եկել ԱԺ-ն փշրելու, ջարդելու, այդ մարդիկ դավաճաններ են» ասողը ի՞նչ պակաս թեկնածու է: Բայց մինչ այդ, փորձի փոխանակման համար լավ կլիներ՝ հանդիպեր Բաբկեն Արարքցյանի, Արա Սահակյանի հետ, եթե նրանց չգտնի, քանի դեռ արտաքին գործերի նախարարությունը Հանրապետության հրապարակում է, ներկա փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանին արժի հարցնել փշրելու ու ջարդելու ձևերի ու հետևանքների մասին: Համենայն դեպս: Որտե՞ղ էր Լևոն Զուրաբյանը մարտի 1-ին, որ չի հասցրել ջարդուփշուրի արդյունքներն ու հետևանքները հասկանալ: Թե՞ պատկերավոր (թե՞ փոխաբերական) խոսքը այլևս գործունեության միակ ասպարեզն է, որ մնացել է «աշխարհացունցից»: Կամ՝ Ռոբերտ Քոչարյանի հեռահար ներգործությո՞ւնն է: Երևի միայն խորհրդարանի պատերից դուրս է հնարավոր հասկանալ՝ «Դավաճանությունն այն է, որ մենք թույլ տվեցինք այս իշխանություններին մնալ: Դավաճանությունն այն էր, որ 2013-ի 80 %-ը մենք չկարողացանք պաշտպանել: Դա էր դավաճանությունը», ու՝ «Եթե դավաճաններ կան, ուրեմն բոլորն են դավաճան, որովհետև չկարողացան պաշտպանել հայրենիքի ինքնուրույնությունը»: ՈՒ՝ ի՞նչ: Կախվե՞լ: Կախե՞լ Արմեն Մարտիրոսյանին՝ բոլորի հետ դավաճանելու համար, թե՞ թողնել միայնակ քավի բոլորի ու սեփական մեղքերը: Թե՞ շարունակել անհետևանք համառությամբ Րաֆֆի Հովհաննիսյանի հետ օրակարգը ճշգրտելու հարց բարձրացնել: Քաղաքացիական ժողովով ու ժողովից դուրս: Մայրաքաղաքում: Կամ՝ մարզերում: Չկա օրակարգ: Կա գերխնդիր՝ 2017-2018-ը: Եվ կա թատրոն՝ ես ձերն եմ, ես ձեր կողքին եմ (նույնիսկ երբ Դուբայում եմ), վաճառվում եմ-չեմ վաճառվում, գնում եմ-չեմ գնում, ես եմ, ուրիշն է՝ մեկ է «անվերապահ վստահությունն ու հավատը մինչև վերջ պահպանելու եմ»: Քաղաքական թատրոն՝ սատիրայի բարձրագույն մակարդակում: Ժամանակը լցնում են՝ ով ինչպես կարողանում է: Գործ չկա, կա զբաղմունք: Երբ իշխանությունն ու ոչիշխանությունը գործը հասկանում են միայն իշխանության համար պայքար, իշխանությունը հարկադրված է իրականացնել պետական կառավարման գործառույթը, ոչիշխանությունը պարտադրված է նրան քննադատել: Վերջ: Սա Հայաստանն է: Այսօրվա: ՈՒ այսօրվա Հայաստանում Այծի տարում ոմանք ցատկոտելու են, ոմանք շարունակելու են կաթ տալ, ոմանց պոզահարելու են, ոմանք խոտ են տալու, իսկ վերջո՞ւմ: Վերջում գտնելու են այծին ու զոհաբերելու են: Ով զոհաբերվեց՝ կդառնա ոչիշխանություն, ով զոհաբերեց՝ իշխանություն:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ. Գ.- Եթե ուզում եք ձեր կյանքը փոխվի, 2015-ի քաղաքական միակ խնդիրը պիտի դառնա դաշտը մաքրելը՝ «չափառ ջարդողներից» ու չջարդողներից, բայց համաժողովրդականորեն հոխորտացողներից ու ժողովրդի կողքին հեռակայողներից: 2017-2018-ը ԲՈԼՈՐՈՎԻՆ էլ այնքան հեռու չէ, որքան թվում է:
2014-ը վերադասավորեց քաղաքական դաշտը, ու՝ հրապարակայնորեն: Իշխանությունն ու ոչիշխանությունը մեկ համակարգ են, որքան էլ հրապարակավ համակարգային փոփոխության պահանջ բարձրաձայնվի՝ համակարգը ինքն իրեն չի ջարդի: Նոր համակարգ պիտի ձևավորվի, ու դա պիտի լինի իրական ընդդիմության խնդիրը՝ այսօրվանից, ու 2017-2018-ին արդեն ոչ թե իշխանությունը պիտի մրցակցի ոչիշխանության հետ համակարգի ներսում, այլ գործող համակարգը՝ ստեղծվելիք համակարգի: ՈՒ ԲՈԼՈՐՈՎԻՆ պետք չէ ոչ մեղադրել, ոչ ապավինել ոչ Ռուսաստանին, ոչ Արևմուտքին: Հայաստանի համար պատասխանատուն հայերն են: ԱՄԲՈՂՋՈՎԻՆ:

Դիտվել է՝ 2135

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ