Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհուրդը որոշում է ընդունել Իսրայելին պատասխան ռազմական հարված հասցնելու վերաբերյալ։ Հերքվել է արևմտյան ԶԼՄ-ների տեղեկությունը, թե Իրանը մտադիր է գրոհել Իսրայելը Իրաքի տարածքից առաջիկա օրերին՝ մինչև ԱՄՆ-ի նախագահի ընտրությունները։ «Իրանի պատասխանը Իսրայելի ագրեսիային իրավունքի հարց է, որը մեզ համար հստակ որոշված է, և այն, թե ինչպես ենք գործելու, կախված է պլանից»,- ասել է իրանցի բարձրաստիճան պաշտոնյան։               
 

Չտրվող պատասխանների բումերանգը

Չտրվող պատասխանների բումերանգը
25.11.2014 | 00:40

Խորհրդարանի վավերացմանն է ներկայացվել ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցության համաձայնագիրը: Անկասկած՝ ԱԺ-ն վավերացնելու է, 131 ձայներով քվեարկություն չի ստացվի. «Ժառանգությունն» է հայտարարել, որ դեմ է քվեարկելու: Մյուսները՝ ոչ: Իշխանություն-ոչիշխանություն համերաշխությունն այս դեպքում աներկբա է: Այնուհանդերձ, եվրասոցացումից ինտեգրումից Հայաստանի կտրուկ շրջադարձի բուն պատճառները մնում են անորոշ: Հակառակ տասնյակ պատճառաբանությունների: Ռուսական քաղաքականությանը համաշխարհային մամուլը հաճախ է անդրադառնում: Լեհ լրագրող Մարիա Պշելոմեցի, որ Telewizja Polska-ի «Արևելյան ստուդիա» հաղորդման հեղինակն է և մասնագիտացած է հետխորհրդային երկրների թեմայով, հրապարակումը թարգմանաբար ներկայացրել է inosmi.ru-ն, որ նշանակում է՝ ռուսական չհայտարարված գրաքննությունը համաձայն է: Լեհուհին գրում է. «Թվում է, որ Վլադիմիր Պուտինը, տարվելով Ալեքսանդր Դուգինի գաղափարներով, նախաձեռնել է նոր աշխարհակարգի ձևավորում՝ Ռուսաստանի գլխավորությամբ, մոռանալով, որ ճակատամարտերն ավելի հեշտ շահում են առանձնասենյակների լռության մեջ, քան՝ մարտի դաշտում: Իրականության դաշտում Նոր ռուսական աշխարհի նախագիծը ֆիասկո է ապրում, իսկ արգելակները հանած ռազմական մեքենան դժվար է կանգնեցնել: Այս իրավիճակում դժվար է զսպել վա-բանկի գնալու գայթակղությունը, երբ ձեռքիդ ունես միջուկային հաղթաթուղթ: Ալեքսանդր Դուգինի հայեցակարգը դարձել է պաշտոնական Կրեմլի քաղաքականությո՞ւնը»: Փետրվարին հարցը փորձել է պարզել ուկրաինական կայքերից մեկը: Յուրօրինակ փիլիսոփա ու քաղաքագետ, «Աշխարհաքաղաքականության հիմքերը. Ռուսաստանի աշխարհաքաղաքական ապագան» (1997), «Չորրորդ քաղաքական տեսությունը» (2009) գրքերի հեղինակ Ալեքսանդր Դուգինին շատերն են համարում Վլադիմիր Պուտինի սիրելի գաղափարախոս, որ ուրվագծում է ապագա աշխարհը: Դուգինի կարծիքով՝ Եվրոպայում պետք է ստեղծվի Եվրոպական կայսրություն՝ կենտրոն ունենալով Գերմանիան, հենվելով Բեռլին-Մոսկվա առանցքի վրա: Համաշխարհային առաջնորդի դերին վերադարձող Ռուսաստանը կլինի նոր միավորման անվտանգության միջուկային երաշխավոր և հումքային ռեսուրսների մատակարար: Դուգինի տեսության մեջ կան նաև անսպասելի կետեր՝ Կալինինգրադի մարզը կվերադարձվի գերմանացիներին, Կուրիլյան կղզիները՝ Ճապոնիային, աջափնյա ՈՒկրաինան և Հյուսիսային Ղազախստանը՝ Ռուսաստանին: Հյուսիսային Գերմանիան իր շուրջը կինտեգրի Բալթյան տարածաշրջանը՝ Լիտվայից Նորվեգիա ու Հոլանդիա, Հարավային Գերմանիայի շուրջ կհամախմբվեն կաթոլիկ երկրները՝ Լեհաստանից Խորվաթիա, արևմտյան Բելառուս և ՈՒկրաինա: Մեծ Բրիտանիան, իբրև ԱՄՆ-ի դաշնակից, կանհետանա՝ երկիրը կմասնատի Շոտլանդիայի ու Իռլանդիայի կելտական նացիոնալիզմը: Ո՞րն է վերադասավորումների նպատակը: Եվրոպական կայսրության խնդիրը, որ կհամագործակցի Մոսկվայի ձևավորած «Ռուսական աշխարհի» և Նոր կայսրության մյուս երկրների (օրինակ՝ Իրանի) հետ, ԱՄՆ-ի արտաքսումն է Եվրոպայից, Հյուսիսային Աֆրիկայից ու Մերձավոր Արևելքից: Վերջին ամիսներին Կրեմլի գործողությունները նման են այդ ծրագրի իրականացմանը՝ ՈՒկրաինայի արևելքում Մոսկվային ենթակա Նովոռոսիայի ստեղծման փորձերը, ակնարկները Լեհաստանին, որ ուկրաինական տարածքը կարելի է կիսել: Որոշ տեղեկություններով՝ Ալեքսանդր Դուգինը համոզել է Վլադիմիր Պուտինին, որ ՈՒկրաինայի հարավ-արևելքում սատելիտ պետության ստեղծումը նույնքան հեշտ կլինի, որքան Ղրիմի միացումը:

Իրականությունը այլ ստացվեց: «Եթե չլիներ Մոսկվայի ինտենսիվ աջակցությունը, ռուսամետ անջատականները վաղուց ջախջախված կլինեին: Միաժամանակ հարևանների նկատմամբ բարյացակամ ուկրաինացիները սկսել են ռուսներին համարել թշնամի: Մոսկվայում ասում են, որ «Նովոռոսիա» նախագծի ձախողումը պատճառ է դարձել Դուգինի վրա Կրեմլի զայրույթի: Այդպե՞ս է իրոք: Իրո՞ք Պուտինն ընդունել էր Դուգինի գաղափարախոսությունը, թե՞ նրան ցուցահանում էր իբրև խրտվիլակ, պարզ չէ»,- գրում է Պշելոմեցը: «Ռուսական աշխարհի» հեղինակին այլևս դժվար է հանդիպել ռուսական հեռուստաեթերում ու հրապարակային բանավեճերում: Սպառազինման ու քարոզչության պարույրը պտտելով՝ Կրեմլը հնարավորն արել է ռուսական հասարակության կայսերական ձգտումներն արթնացնելու համար: Ռուսները հպարտ են, որ աշխարհը նորից սկսել է վախենալ իրենց երկրից: Լավագույն ապացույցը Պուտինի աջակցության բարձր մակարդակն է, որ միաժամանակ ռուսական իշխանության հիմնական ձեռքբերումն է ուկրաինական ճգնաժամից: Իրականում կատարվածը Ռուսաստանին ավելի շատ վնասեց, քան օգուտներ բերեց: Միջազգային մեկուսացումը, պատժամիջոցները, նավթի գնի անկումը և ածանցյալ տնտեսական ճգնաժամը շատ բարձր գին են: Մյուս կողմից՝ տնտեսության ծայրահեղ վիճակի պատճառով ռուսական իշխանությունների համար բարդ է լինելու հրաժարվել վարվող քաղաքականությունից: Երբ գները բարձրանում են, իսկ աշխատավարձը՝ նվազում, մարդկանց պետք է ցույց տալ նպատակը, հանուն որի արժի զոհողությունների գնալ: Լեհ լրագրողը ևս մի պատճառ է նշում՝ գուցե ամենակարևորը: Եթե ուկրաինացիները կարողանան ստեղծել նորմալ, ժողովրդավարական պետություն՝ առանց ամեն տեղ գլուխ բարձրացնող կոռուպցիայի ու իշխանությունների կամայականության, դա Կրեմլի համար կդառնա մահացու վտանգ: Այդպիսի օրինակ սեփական սահմանի՞ն: ՈՒ ոչ թե ինչ-որ մերձբալթյան երկրում, այլ եղբայր սլավոնների՞: Վարակը պետք է կանգնեցնել ցանկացած գնով: Հարցը մեկն է միայն՝ համաշխարհայի՞ն կոնֆլիկտի գնով: Առայժմ Մոսկվան միայն սպառնում է (ոչ միայն խոսքով): Հոկտեմբերի սկզբին The Moscow Times-ը գրել է, որ 14 տարվա մեջ առաջին անգամ Ռուսաստանը ավելի շատ միջուկային մարտագլխիկներ ունի, քան ԱՄՆ-ը: Լուրը հաստատել է ԱՄՆ-ի պետդեպարտամենտը, ընդգծելով, որ խոսքը մեկ հրթիռի մասին է (ՌԴ-ն ունի 1643, ԱՄՆ-ը՝ 1642): Բայց Defence.24 պորտալը ճշտել է, որ տվյալները չեն ներառում տակտիկական միջուկային զենքը, որով Ռուսաստանը նշանակալից առաջ է անցել ամերիկացիներից: Ավելին՝ Կրեմլը ազդանշանում է, որ չի տատանվի այդ զենքը կիրառել: «Արևմուտք-2013» զինավարժություններում ռուսական բանակը մշակել է Վարշավային միջուկային հարվածի սցենարը, այս տարվա օգոստոսի կեսին Ղրիմում հանդիպման ժամանակ Պուտինը խոստացել է, որ կզարմացնի Արևմուտքին միջուկային սպառազինության ասպարեզում նոր լուծումներով: Թե ինչի մասին է խոսքը, ճշտել է Ռազմավարական հետազոտությունների մոսկովյան կենտրոնի նախկին տնօրեն Անդրեյ Պիոնտկովսկին: Հարցազրույցում, որ մեջբերել է Foreign Policy-ը, նա չի բացառել, որ Պուտինը կարող է ոչ մեծ տակտիկական հարված հասցնել, որ ցուցադրի իր առավելությունը ՆԱՏՕ-ի նկատմամբ ու տարտղնի ալյանսի համերաշխությունը: Դա կարող է լինել ՆԱՏՕ-ի անդամ որևէ երկրի մայրաքաղաք, որ ալյանսն այնքան էլ չի ուզում պաշտպանել: Իբրև հնարավոր թիրախ Պիոնտկովսկին նշել է Վարշավան ու Վիլնյուսը: 2013-ի փետրվարից ռուսական բանակը գործնականում անդադար զորավարժանքների մեջ է: Մեկ՝ Բալթիկայում, մեկ՝ Արկտիկայում, մեկ՝ ուկրաինական սահմանի մոտ, մեկ՝ Հեռավոր Արևելքում: Ռազմական ծախսերը դարձել են աղքատացող ռուսական տնտեսության գլխավոր ուղղությունը: Եկող տարի ռազմական ծախսերին կհատկացվի ՀՆԱ-ի 4 %-ը (84 միլիարդ դոլար): Մոսկվան հնարավորն անում է աշխարհին վախեցնելու և արևմտյան երկրների վրա ճնշում գործադրելու համար: Նախ՝ որ ստիպի զիջումների գնալ ՈՒկրաինայի հարցում, երկրորդ՝ որ հաստատի Ռուսաստանի՝ իբրև գերտերության դիրքը: Մոսկվան հույս ունի, որ եսակենտրոն ու տևական բարեկեցությամբ ընդարմացած արևմտյան ժողովրդավարությունները կվախենան սպառնալիքներից և կսկսեն հանձնել դիրքերը: Կրեմլի դիրքորոշմանը նպաստում են պացիֆիստական տրամադրությունները արևմտյան հասարակություններում, որ մեծ ցանկություն չունեն մեռնել ոչ Գդանսկի, ոչ Կիևի, ոչ Վիլնյուսի համար: Բայց եթե ԱՄՆ-ի ու ԵՄ-ի կարծր դիրքորոշումը կարող է հանգեցնել ՌԴ-ի բացահայտ ագրեսիայի որոշակի ռիսկի, զիջումները, ըստ էության, ագրեսիան երաշխավորում են: Ցավոք, մեր մայր ցամաքի պատմությունը այդպիսի սցենարներ շատ է տեսել՝ եզրակացնում է Մարիա Պշելոմեցը: Փորձեք պրոյեկտել ռուսական քաղաքական վեկտորը Հարավային Կովկասում: Կստանաք երեք հետխորհրդային հանրապետություն, որոնցից յուրաքանչյուրը մեկական հակամարտությամբ կախման մեջ է Ռուսաստանից: Եթե սահմանները մեծացնեք տարածաշրջանի մասշտաբով, կստանաք Իրանը և Թուրքիան: Ռուս-թուրքական բարեկամությունը սկսվել է խորհրդային առաջին տարիներից, բայց Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ է, այնուհանդերձ, ռուս-թուրքական հարաբերությունները սերտանում են, երբ թուրք-ամերիկյան հակասություններ կան, ռուս-իրանական հարաբերությունները միշտ հակակշռել են Իրան-Արևմուտք հարաբերություններին: Եթե աշխարհաքաղաքական պտույտից վերադառնանք Հայաստան՝ կհասկանանք, որ Գագիկ Ծառուկյանն իսկապես «վատ շրջապատ» է ընկել, որ միայն Լևոն Տեր-Պետրոսյանը չէ, նաև Րաֆֆի Հովհաննիսյանն է, որ եռյակից միակն է դեմ ԵԱՏՄ-ին անդամակցությանը: ՈՒստի օրինաչափ ու անխուսափելի է, որ ռուսական ներգործության դաշտում գործող եռյակը ձերբազատվելու է այն ուժից, որ չի համապատասխանում ծրագրված «ձևաչափին»: Ինչո՞ւ Րաֆֆի Հովհաննիսյանը հստակ պահանջ դրեց միացյալ լինելու ու ամբողջական օրակարգ ունենալու: Ինչո՞ւ ասաց, որ մինչև հիմա չկա վերջնական համաձայնություն ոչ շարժման հռչակման, ոչ հրապարակային գործունեությունը շարունակելու վերաբերյալ, ինչո՞ւ առաջարկեց շարժումը հռչակել ղեկավարների միացյալ ստորագրությամբ, պնդելով, որ շարժման նպատակն է ազատ, անկախ և սահմանադրական Հայաստանը, իսկ նպատակին հասնելու հիմնական միջոցը՝ անհապաղ, ամբողջական և համակարգային իշխանափոխություն՝ արտահերթ նախագահական և խորհրդարանական ընտրություններով: Ինչո՞ւ պահանջեց որոշումները կայացնել բացառապես կոնսենսուսով: Պատասխաններն ակնհայտ են: Գործնականում սա հրաժեշտի ուղերձ էր եռյակին, որ չի կարող ոչ միացյալ ստորագրության, ոչ կոնսենսուսի, ոչ ամբողջական օրակարգի հրապարակման առաջարկն ընդունել: Ի պատասխան նույն օրը ԲՀԿ-ն ասաց, որ հարգանքով է վերաբերվում քաղաքական գործընկերոջ տեսակետներին, քաղաքական ուժերից յուրաքանչյուրի իրավունքն է ինքնուրույն կազմակերպել ցանկացած զանգվածային և հրապարակային միջոցառում: Շարունակությունը ինքնագովազդ է, բովանդակային՝ ոչինչ: ՀԱԿ-ը հաջորդ օրը իր փայլուն զինանոցը ուղղեց Րաֆֆի Հովհաննիսյանի վրա՝ ասելով ամեն ինչ, բայց ոչինչ՝ բուն առաջարկի վերաբերյալ: Նույն օրը ԲՀԿ-ն շտապեց պարզաբանել, որ ՀՀԿ-ի հետ բանակցությունների չի գնա: Չի գնա, ու՝ վերջ: Ինչո՞ւ: Որովհետև ՀՀԿ-ն չի հրաժարվել սահմանադրական բարեփոխումների գաղափարից: Եթե ներքաղաքական խաղերը ՀՀԿ-ին չհամոզեն, ևս մի ուղղաթիռ անհասկանալի պատճառներով թռիչք կկատարի չեզոք գոտու մերձակայքում, նորից գետնից կխփվի ցածր թռիչքի պատճառով, ու՝ ո՞վ գիտի երկրորդ անգամ կհաջողվի՞ կասեցնել խփված ուղղաթիռի պատճառով սկսված նոր լարման զարգացումը: Օլիմպիական խաղերից հետո Ռուսաստանը բոլոր հարցերին գերադասում է ռազմական լուծումներ տալ: Այլ պատասխաններ չեն մնացել: Մնացել է ավանդույթը՝ ամեն ինչի մեղավորը Արևմուտքն է, և անձամբ՝ ԱՄՆ-ի նախագահը: Ով էլ լինի:
Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Հ. Գ.- Կարճ ժամանակից Գագիկ Ծառուկյանը դուրս կգա «վատ շրջապատից» ու կդառնա «ճիշտ տղա», բայց դա կապ չունի իրական Հայաստանի հետ, դա «Ռուսական աշխարհի» պատմությունն է, որի հետ նույնիսկ Ալեքսանդր Դուգինը կապ չունի: Իսկ մե՞նք ինչ ենք մտածում: Մենք ի՞նչ ենք անում, մենք, որ մեզ համարում ենք Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ: Գուցե՝ թյուրիմացաբար: Գուցե՝ իներցիայով: Գուցե՝ անկեղծ: Հարցեր տալու ժամանակը հավերժ չէ: Չտրված պատասխանները դառնում են բումերանգ:

Դիտվել է՝ 1401

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ