Նոյեմբերի 12-ին ադրբեջանական զինուժը չեզոք գոտում խփեց հայկական ՄԻ-24 ուղղաթիռը: Հետևեցին հայտարարությունների ու կոչերի շարաններ: Չկարդացած՝ արդեն անգիր գիտենք՝ ով ինչ է ասելու: ՈՒ ի՞նչ: Համարյա՝ ինչպես միշտ: Միակ տարբերությունը՝ հաջորդ օրն արձագանքեց ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան. «Այս վտանգավոր միջադեպը հրահրում է տարածաշրջանում իրավիճակի հետագա սրում և ուժեղացնում է մեր անհանգստությունը: Խորապես համոզված ենք իրավիճակի սպառնալից զարգացումը թույլ չտալու անհրաժեշտության հարցում: Ամենակարևորը, որ կարող է կանխել իրադարձությունների նման շրջադարձը, ուժի կիրառումից հրաժարվելն է, հրադադարի մասին պայմանավորվածությունների խստագույն պահպանումը և սադրիչ գործողությունների անթույլատրելիությունը: Կարևոր է ապահովել Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման բանակցային գործընթացի շարունակությունը»,- հայտարարեց ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը: Արձագանքը ոչ այնքան կատարվածի գնահատականն է, որքան նոր իրավիճակի. Հայաստանը այլևս համարվում է ԵԱՏՄ տարածք: Որպես այդպիսին՝ Բորդյուժայի հայտարարությունը չափազանց դիվանագիտական է, որ կարող էր ու պիտի աներ, բայց չարեց ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, բայց ոչ ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարը, որ որևէ խոսք չասաց ՀԱՊԿ անդամի նկատմամբ ոտնձգության անթույլատրելիության մասին: Կարող են առարկել, որ հարցը Հայաստանին չէր վերաբերում: Այո, բայց այդ դեպքում փլուզվում է մեր անվտանգության ողջ միֆը: Նույնքան չափազանց դիվանագիտական ու ոչինչ չասող էր ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարությունը. նրանք վերստին կոչ էին անում խուսափել քայլերից, որոնք կարող են սրել իրավիճակը և հիշեցնում էին Հայաստանի և Ադրբեջանի նախագահներին իրենց պատասխանատվության մասին` հարգել հրադադարը և կատարել հակամարտության կարգավորման խաղաղ տարբերակ գտնելու պարտավորությունները: Իսկ ո՞ր պարտավորությունը չի կատարել հայկական կողմը, զորավարժությունների ժամանակ ուղղաթի՞ռ է օդ բարձրացրել, որը օդում հայտնվել է չեզոք գոտո՞ւմ: Այդ դեպքում խփո՞ւմ են, հետո հայտարարում, որ հայկական կողմը հարձակվե՞լ էր փորձում: Անզեն ուղղաթիռով հարձակվո՞ւմ են: Ժամանակ չկա՞ր պարզելու՝ զինվա՞ծ է, անզե՞ն է, թե՞ խնդիր կար՝ խփել, ու նոր իրավիճակ ստեղծել: Մինսկի խումբը շարունակում է իր պարիտետային գնահատականները, որոնք վաղուց բացարձակապես անհամարժեք են իրավիճակին: Ո՞րն է նոր իրավիճակը: Միջադեպին անդրադարձած բոլոր լրատվամիջոցների գլխավոր հարցը մեկն է՝ կսկսվի՞ պատերազմ, թե՞ ոչ: Հրապարակումների համարյա կեսը փաստում է, որ պատերազմն անխուսափելի է ու եթե ոչ այս անգամ, այլ պատրվակ կստեղծվի, մյուս կեսը շարունակում է հավաստել, որ պատերազմը պետք է բացառել, կոնֆլիկտը հաղթահարելու միակ տարբերակը բանակցություններն են ու քաղաքական լուծումը:
Իսկ այդ ընթացքում Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակի օպերատիվ տվյալներով՝ նոյեմբերի 9-15-ին շփման գծում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է 800 անգամ, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է 7000-ից ավելի կրակոց: Այսինքն՝ խոսողները խոսում են, կրակողները՝ կրակում: Ինչո՞վ պարիտետ չէ:
Ռազմական հարցերով ռուս փորձագետ Պավել Ֆելգենգաուերը վստահ է, որ եթե Ղարաբաղում նոր պատերազմ բռնկվի, Մոսկվան չի կանգնի որևէ մեկի կողմը:
Հայաստանն ու Ադրբեջանը վաղուց են պատերազմի շեմին: Աշխարհը համարում էր, որ պատերազմ չի լինի Ղարաբաղում: Այդպես էին մտածում և Արևմուտքում, և Ռուսաստանում, և Թուրքիայում: «Ես մեկ ամիս առաջ մասնակցում էի մի գագաթնաժողովի Թուրքիայում, և թուրք փորձագետները վստահաբար ասում էին, որ պատերազմ Ղարաբաղում չի լինի, իսկ եթե լինի՝ միայն Ռուսաստանի սցենարով»,- ասել է Պավել Ֆելգենգաուերը՝ պնդելով, որ Ռուսաստանին պատերազմ պետք չէ Հարավային Կովկասում: Նա համոզված է, որ Ղարաբաղով այսօր աշխարհում ոչ ոք չի զբաղվում, բանակցային գործընթաց չկա, փոխարենը կա ռազմատենչ հռետորաբանություն երկու կողմերից, հատկապես Բաքվից: Ադրբեջանի իշխանությունները պարգևատրել են այն սպային, որը խոցել է հայկական ուղղաթիռը, այսինքն՝ ադրբեջանական բանակում հասկանում են, որ հային սպանելու համար պարգևատրում են: Այս պայմաններում պատերազմն անխուսափելի է: Հանուն հավասարակշռության պահպանման Ռուսաստանից հնչեց նաև հակառակ կարծիքը՝ «Լեռնային Ղարաբաղում ուսումնական վարժանքի ժամանակ խփված ուղղաթիռը բացահայտ հարձակում է Ռուսաստանի դեմ»՝ ըստ ՌԴ հանրային խորհրդի անդամ Դենիս Դվորնիկովի: «Ռուսական բանակը ստիպված է լինելու նվազագույնը պաշտպանել Արցախի խաղաղ բնակչությանը: Այս միջադեպն ադրբեջանական հրամանատարության կամ ճակատագրական հիմարությունն է, կամ մտածված սադրանք Հարավային Կովկասը հրդեհելու նպատակով»: Ամփոփեց «Независимая газета»-ն՝ ներկայացնելով հայկական և ադրբեջանական վարկածները: «Հայկական կողմի վարկածը հաստատում է ցածրորակ տեսանյութը, որը հավանաբար արվել է հեռախոսով և տեղադրվել է սոցցանցերում: Եթե հենց դրանք են Մի-24-ի ողբերգական կործանման կադրերը, թվում է՝ իրոք հարվածն արվել է հայկական դիրքերի ուղղությամբ թռչող ուղղաթիռի հետևից: Հետևաբար, մյուս վարկածը՝ ադրբեջանական դիրքերի վրա հարձակում իրականացնելու վերաբերյալ, հասկանալի չէ»: Հոդվածագիրը չի հապաղում հարցնել՝ ինչո՞վ էր արդարացված ուղղաթիռի՝ ադրբեջանական դիրքերին այդքան մոտ լինելը և եզրափակում է. «Հստակ է, սակայն, ճշգրիտ հարվածը խաչ քաշեց բանակցային գործընթացի վրա»:
Իրականում ուղղաթիռի կործանումը արձանագրում է վաղուց ստեղծված իրավիճակն ու դարձնում այլևս անթաքույց. Ադրբեջանը չի ցանկանում բանակցել եղած պայմաններով: Բաքուն մոռացել է 1994 թվականը, մոռացել է 20 տարի առաջ կնքված զինադադարը և որոշել է, որ ինչ եղել է, եղել է անցած դարում, իսկ այս դարում նոր իրավիճակ է, որը պետք է սկսել 00 կետից: 21-րդ դարը թելադրում է խաղի իր կանոնները, Բաքուն համաձայն է ստատուս քվոյի, բայց ստատուս քվոն պատկերացնում է ոչ թե զինադադարի պայմաններով, այլ հակամարտող կողմերի, իր պատկերացրած, ուժային վիճակով: Դիրքորոշումը հասկանալի է՝ Ադրբեջանը պարտվել է պատերազմում և չի ուզում ճանաչել պարտությունը հիմա, երբ համարում է, որ ինքն արդեն այնքան ուժեղ է, որ կարող է փոխել բանակցությունների մեկնակետը և բանակցային սեղանի շուրջ հայտնվել նոր կարգավիճակով՝ հաղթողի: Հաղթելու նախադրյալներ Բաքուն համարում է իր տնտեսական ներուժը, հարձակողական զինատեսակները և կոնֆլիկտը ռազմական ճանապարհով ավարտելու ցանկությունը: Ադրբեջանին հիմա պատերազմ պետք է ավելի, քան երբևէ: Բաքվում բարեկեցության որոշակի մակարդակի առկայությունը զուգահեռվում է քաղաքական խնդիրներով, ակտիվացել են ընդդիմադիր շարժումները, հայտնվել են անթույլատրելի թվով այլախոհներ: Նրանք դեռ իշխանության համար վտանգ չեն ներկայացնում, բայց հասարակության հետագա երկփեղկումը կանխելու համար պետք է արտաքին թշնամի: Հասարակական էներգիան, որ կարող է ուղղվել իշխանության դեմ, պետք է ուղղել թշնամու դեմ: Որքան շատ զոհեր լինեն, այնքան ավելի լավ՝ հասարակությունը երկար ժամանակ կզբաղվի վերքերն ապաքինելով: Սա ցինիկ, բայց ռիսկային ռազմավարություն է՝ Իլհամ Ալիևը վստահ է, որ Ադրբեջանում բացառվում է հեղափոխություն, ուստի իր իշխանությանը բոլոր դեպքերում ոչինչ չի սպառնում: Արագ ու հաղթական պատերազմը նրան միայն նոր դափնիներ կբերի: Բայց նրան պետք է, որ պատերազմը սկսի հայկական կողմը: Միայն այդ դեպքում ինքն ագրեսոր չի համարվի, միայն այդ դեպքում կփոխվի միջազգային ատյանների վերաբերմունքը: Իլհամ Ալիևը խորապես համոզված է, որ նույն այդ միջազգային ատյանները թույլ չեն տա մեծ պատերազմ. Հարավային Կովկասում պատերազմը իսկապես աշխարհին պետք չէ այս իրավիճակում: ԵՄ-ն իր տնտեսական շահերն ունի, ԱՄՆ-ը՝ իր աշխարհաքաղաքական հաշվարկները, Ռուսաստանը ՈՒկրաինայից հետո նոր ռազմական կոնֆլիկտի ժամանակ չունի: Նույնը՝ Թուրքիան, որ կողքին ունի Սիրիա ու քրդերի հարց: Նույնը՝ Իրանը, որ փորձում է աշխարհաքաղաքական նոր դեր ստանձնել: Աշխարհում պատերազմի ժամանակ չէ: Բայց որքան էլ պարադոքսալ՝ այս իրավիճակը չափազանց հարմար է արագ պատերազմի համար: Ըստ Իլհամ Ալիևի: Ամառային սահմանային բախումները նրան ոչինչ չհասկացրին: Նա պատերազմ չի տեսել ու պատերազմը պատկերացնում է հաղթական զորահանդես: Ադրբեջանի նախագահը խնդիր ունի լուծելու՝ նրան պետք է Ղարաբաղը վերադարձնելը՝ նախագահ մնալու ու տարածաշրջանում իր երկրի կարգավիճակը փոխելու համար՝ որքա՞ն կարելի է խոսել մեկ միլիոն փախստականներից, որոնց թիվը ոչ ավելանում է, ոչ կրճատվում՝ հակառակ տրամաբանության, և օկուպացված տարածքի 20 տոկոսից: ՈՒստի նրա գերագույն խնդիրը բանակցություններում նոր ստատուս քվո ստանալն է, բայց՝ հայերի հաշվին:
Հայկական կողմը ևս իր գնահատականներում երկակի էր. մի մասը պահանջում է ադեկվատ ու ավելի ուժեղ ռազմական պատասխան, մի մասը համարում է, որ սադրանքին տրվել պետք չէ: ՈՒռահայրենասիրական պոռթկումները չհաշված՝ ռեալ իրավիճակը թելադրում է իսկապես փոխել քաղաքականությունը: Ռազմական պատասխանը այդ փոփոխության ամենավերջին տարբերակը կարող է լինել: Եթե Բաքուն մոռացել է, նրան պետք է ոչ թե հիշեցնել, այլ բանակցություններում պարտադրել 1994-ի արդյունքների ճանաչումը: Զինադադարի պայմանագիրը ստորագրել են երեք կողմերը, ուստի ԼՂՀ-ն պետք է բանակցային սեղան վերադառնա: Եղել է ու կա մի ստատուս քվո՝ պատերազմում Ադրբեջանը պարտվել է, պարտության հետևանքը եղել է զինադադարը, որ 20 տարի խաղաղ կյանքի ու բանակցությունների հնարավորություն է տվել: Հայաստանն այլևս չպետք է քննարկի փոխզիջումային որևէ լուծում: Ո՞Ւմ և ի՞նչ ես զիջում: Նրան, ով անցած ժամանակը դարձրել է սեփական անպատժելիության հնարավորությո՞ւն: Նրա՞ն, ով կացնահարում է քնածին, զինվոր ու խաղաղ բնակիչ առևանգում, ուղղաթիռ խփում թիկունքից: Զիջո՞ւմ ես պաշտպանական գոտին, որ ի՞նչ: Ի վերջո՝ ինչո՞ւ ես զիջում: Ի՞նչ ես ստանում ի տրիտուր: Կարգավիճա՞կի ճանաչում: Չի ստացվում: Վստահության ոչ մի հանգրվան Ադրբեջանը չի թողել, և նրան պետք է պարտադրել՝ ուղղել իր քաղաքականության ելակետային սխալը, 21-րդ դարը հաջորդել է 20-րդին, անհնար է նոր իրավիճակ մոդելավորել ու սկսել 00 կետից: Չկա նման կետ՝ կա 1994-ը, ու դա է բանակցային ելակետը: Ցանկացած պատերազմից հետո կնքված խաղաղության համաձայնագրի հիմքը ռազմադաշտն է: Իրականությանը ոչ համարժեք համաձայնագրերը նոր պատերազմի պատճառ են: Այո, ստատուս քվոյի պահպանման 20 տարիներին Ադրբեջանին հաջողվել է ավելին, քան Հայաստանին: Տնտեսապես: Տարածքով: Բնակչության թվով: Պարզ թվաբանական հաշվարկով՝ Ադրբեջանն ուղղակի պարտավոր է մեկ հարվածով հանել իր մարմինը խրված փուշը: Բայց պատերազմում թվաբանական հաշվարկները բացարձակապես անհուսալի են, փուշը դառնում է գերան, գերանը՝ աղյուս, իսկ աղյուսն անակնկալ ընկնում է գլխիդ: Հայաստանին բացարձակապես պետք չէ պատերազմ: Արցախին՝ նույնպես: Որպես կանոն՝ Հայաստանը սկսում է պաշտպանությունից ու անցնում հարձակման, ու դա ազգային իռացիոնալիզմի լավագույն որակներից է: Պան Գի Մունից Դիդիե Բուրկհալտեր, Հասան Ռոհանիից Ռեջեփ Թայիբ Էրդողան, Ֆրանսուա Ռոշբլուանից Ադամ Շիֆ, Ջեյմս ՈՒոռլիքից Ջեն Փսակի ու Նիկոլայ Բորդյուժա՝ կհասկանան ու կգնահատեն միայն հաղթանակը:
Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ. Գ.- Բոլորը անդրադարձան միայն ուղղաթիռը խփելուն, միջազգային որևէ ատյան կամ գործիչ չգնահատեց, որ Ադրբեջանը մի քանի օր շարունակ ուղղաթիռի անկման վայրը կրակի տակ պահեց, որ նույնիսկ չհայտարարված պատերազմի պարագայում հակասում է պատերազմ վարելու կանոններին: Ի հիշատակ զոհված օդաչուների՝ Հայ առաքելական եկեղեցին հոգեհանգստի պատարագ մատուցեց, բայց ե՞րբ կհաջողվի նրանց հողին հանձնել: Բաքուն հայտարարեց, որ փակում է ԼՂՀ օդային տարածքը, այսինքն՝ երկինքը իմն է, հողն էլ կվերցնե՞մ: Իսկ ՀՀ նախագահ ու գերագույն գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանը Ստեփանակերտ գնաց ոչ թե ցամաքային, այլ հենց օդային ճանապարհով, ու դա ամենադիպուկ պատասխանն էր, որից հետո ելույթները, մեկնություններն ու հայտարարությունները սոսկ պատկերի նրբագիծ են: