Այս շաբաթվա սկզբին համառորեն լուրեր շրջանառվեցին, որ անցած շաբաթ օրը կայացել է նախագահ Սերժ Սարգսյանի հանդիպումը ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հետ: Հնարավոր հանդիպման փաստը կտրուկ չհերքվեց, որովհետև երկու կողմերի ներկայացուցիչների «տեղյակ չեմ» պատասխանը դեռ հերքում չէ: Առավել ևս, որ թե ՀՀԿ-ն, թե ԲՀԿ-ն ներքին ժողովրդավարությամբ չեն փայլում, ու առաջնորդներն ամեն րոպե հաշվետու չեն լինում իրենց արած-չարածի մասին:
Ի դեպ, շատերը կարծում են, որ եռյակի այսօրվա փաստացի անգործությունն ու հանրահավաքային պաուզան նույնպես հետևանք են այն բանի, որ իշխանության ու ԲՀԿ-ի միջև ինչ-որ ստվերային գործընթաց է տեղի ունենում՝ գուցե այլ մասնակիցների ուղղակի կամ անուղղակի ներգրավմամբ:
Եվ ահա այս համատեքստում բավականին հետաքրքիր վարքագիծ է դրսևորում վարչապետ Հովիկ Աբրահամյանը, ով հայտնի պատճառներով պետք է լիներ հենց հնարավոր ստվերային համաձայնությունների «քավորը»:
ՀՀԿ գործադիր մարմնի վերջին նիստից առաջ լրագրողները ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանից հետաքրքրվել են, թե արդյոք նա միջնորդե՞լ է, որ իր խնամի, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը հանդիպի ՀՀ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանի հետ:
«Քաղաքական ուժերի ղեկավարները միջնորդության կարիք չունեն, նրանք իրենց խնդիրներն իրար հետ կլուծեն»,- ասել է վարչապետը: Իսկ թե իրականում հանդիպում եղե՞լ է ԲՀԿ և ՀՀԿ առաջնորդների միջև, վարչապետը չի պատասխանել:
Նախկինում, ի պատասխան նմանաբնույթ հարցերի, Աբրահամյանը խորհրդավոր ժպտում էր, հասկացնելով, որ ոչ միայն ամեն բանից տեղյակ է, այլ նաև չերևացող գործընթացների ակտիվ սուբյեկտ է:
Հիմա նա հարցից ակնհայտորեն խուսափում է, հասկացնելով, որ ինքն այլևս ոչ թե հնարավոր բանակցությունների կազմակերպիչ ու միջնորդ է, այլ ընդամենը քաղաքական թիմի անդամ, ով չի խառնվում լիդերների հարաբերություններին, նրանց փոխարեն օրակարգ չի ձևավորում:
Այս հանգամանքն էապես իջեցնում է Արգամիչի քաղաքական հավակնությունների նշաձողը, բայց գուցե գործող վարչապետն այլընտրանք չունի ու այս պահին կենտրոնացած է ունեցած ազդեցությունը պահպանելու հրամայականի վրա:
Ակնհայտորեն փոխված է նաև վարչապետի վերաբերմունքն ընդդիմության հանդեպ:
Եթե պաշտոնավարման սկզբում նա շատ հանդուրժողական էր արտահայտվում եռյակ-քառյակի մասին ու նույնիսկ համագործակցության առաջարկներ անում՝ նրանց նիստին անակնկալ հայտնվելով, ապա վերջին շաբաթներին Աբրահամյանն ակնհայտ սառնությամբ է խոսում եռյակի մասին, հատկապես երբ արձագանքում է ԲՀԿ գործիչների հարցերին:
Այս ամենը խոսում է երկու հնարավոր իրականության մասին:
Գուցե խախտվել են Գագիկ Ծառուկյան-Հովիկ Աբրահամյան ինչ-ինչ պայմանավորվածություններ, ինչը թույլ է տալիս, որ վարչապետը խախտի իր «քաղաքական չեզոքությունը»:
Կամ էլ առկա է երկրորդ վարկածը. Սերժ Սարգսյանը վարչապետին հրահանգել է «խաղեր չտալ» ու կենտրոնանալ բացառապես կառավարության գործունեության վրա:
Ինչևէ, Հովիկ Աբրահամյանի դիրքերը շատ ամուր չեն: Շատերն ասում են, որ կառավարության երեկվա կառուցվածքային փոփոխությունները նույնպես ուղղված են նրա ազդեցության սահմանափակմանը:
Սուրեն ՍՈՒՐԵՆՅԱՆՑ