Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհուրդը որոշում է ընդունել Իսրայելին պատասխան ռազմական հարված հասցնելու վերաբերյալ։ Հերքվել է արևմտյան ԶԼՄ-ների տեղեկությունը, թե Իրանը մտադիր է գրոհել Իսրայելը Իրաքի տարածքից առաջիկա օրերին՝ մինչև ԱՄՆ-ի նախագահի ընտրությունները։ «Իրանի պատասխանը Իսրայելի ագրեսիային իրավունքի հարց է, որը մեզ համար հստակ որոշված է, և այն, թե ինչպես ենք գործելու, կախված է պլանից»,- ասել է իրանցի բարձրաստիճան պաշտոնյան։               
 

Կապույտ երկնքին տեղ մնա՞ց

Կապույտ երկնքին  տեղ մնա՞ց
18.07.2014 | 00:31

Իր ամբողջ գեղեցկությամբ ու հարմարավետությամբ Շանհայն ունի խնդիր, որ միանշանակ հարուցում է թե քաղաքաբնակների, թե բազում զբոսաշրջիկների մշտական դժգոհությունը: Խնդիրը բնապահպանական է: Շանհայը Չինաստանի ամենամեծ քաղաքն է, պատմականորեն Ասիայի ամենամեծ նավահանգիստը, աշխարհի ամենամեծ քաղաքներից մեկը: 24-միլիոնանոց քաղաքի բնակիչների դեմքին պաշտպանական դիմակը, փաստորեն, դարձել է սովորական, իսկ սմոգի տվյալների ամենօրյա տեսությունը նայելը` պարտականություն: Բնապահպանական սարսափները զուգահեռվում են եղանակային պայմաններով` կանոնավոր անձրևներ, շոգ և գոլորշացում, լանդշաֆտով` հարթավայր, իսկ քաղաքի միջով անցնող Խուանպու գետակը, որ հասնում է Յանցզի, իր հետ բերում է ամբողջ երկրի ավելցուկները: Բայց, իհարկե, գլխավոր «դժբախտությունը» տնտեսությունն է: Քաղաքի մեջ է վիթխարի նավահանգիստը, որ ունի աշխարհում ամենամեծ ապրանքաշրջանառության ծավալը. այն մեծ է Ռուսաստանի բոլոր նավահանգիստներից միասին վերցրած, և ավտոմոբիլաշինության, հաստոցաշինության, նավաշինության, մետալուրգիայի, նավթաքիմիայի, բիոինժեներիայի բազում ձեռնարկություններ: Քաղաքի արտաքին առևտրի ծավալը կազմում է Չինաստանի արտաքին առևտրաշրջանառության քառորդ մասը, իսկ հիմնական ֆոնդերում ներդրումները 40 միլիարդ դոլարից անցել են: Կապույտ երկնքին տեղ մնա՞ց: 2009-ին «Shanghai Daily» թերթը գրել է, որ Տունցզի համալսարանի բնապահպանները եկել են այն եզրակացության, որ Ասիայի, իսկ գուցե ամբողջ աշխարհի քաղաքների մեջ Շանհայը բացարձակ առաջատար է ածխածնի երկօքսիդի արտանետումներով: Նա երկու անգամ գերազանցել է նախորդ ռեկորդակրի` Սիդնեյի ցուցանիշը և երեք անգամ` նախկինում երկրորդ տեղը զբաղեցնող Տոկիոյի: Այնուհանդերձ, մասնագետների գնահատականով, Շանհայը բոլոր հնարավորություններն ունի դառնալու ամբողջ Չինաստանի ռացիոնալ բնապահպանական քաղաքականության լոկոմոտիվը: Արժի հիշատակել «աղբի հետ պատերազմի» փորձը: Սկսենք նրանից, որ չինացիները միշտ ու ամեն ինչ շպրտում են. ջուրը խմեցի՞ր, շիշը հատակին կամ մայթին, պաղպաղակի թուղթը, սննդի փաթեթը, ամեն ինչ տեղնուտեղը հայտնվում է ոտքի տակ, թեպետ փողոցներում աղբամանները չեն պակասում: Շանհայում այդ աղբը, նույնիսկ սիգարետների կոթուկները, անմիջապես հավաքում են բազմաթիվ աղբահավաքները: Սովորաբար կապույտ արտահագուստով այդ մարդիկ ավելի նման են բուժանձնակազմի, բայց ավելով ու հատուկ աղբարկղիկով: Հենց ինչ-որ բան է նետվում գետնին, անմիջապես հավաքվում է: Աղբահավաքները նաև շատ սիրալիր են, նրանք բացարձակապես չեն զայրանում, երբ աղբը ոտքիդ տակ ես նետում ու աղբամանին չես հասցնում, դու նրանց ապահովում ես աշխատանքով: Այնպես որ Շանհայում միանգամայն հաջողությամբ գործում է հին սկզբունքը. «Մաքուր է այնտեղ, որտեղ մաքրում են, այլ ոչ թե այնտեղ, որտեղ չեն կեղտոտում»: Օդի ու ջրի խնդիրներն ավելի բարդ են, բայց աշխատանքներ տարվում են, և ոչ քիչ աշխատանքներ: Մի քանի տարի առաջ Շանհայի իշխանությունները Չինաստանում առաջին անգամ խիստ միջոցներ ձեռնարկեցին հաստատությունների, ռեստորանների, առևտրի կենտրոնների և այլ հասարակական վայրերի նկատմամբ, որտեղ օդորակիչների մշտական աշխատանքի պատճառով ստեղծվում է վտանգավոր, աղտոտված մթնոլորտ: (Աշխարհի խոշորագույն մեգապոլիսներում, որտեղ տարածված են օդորակման համակարգերը, նրանք լուրջ խնդրի են վերածվում): Ղեկավարների կամ տերերի վրա հիմա կարող է 50 հազար յուանի` ավելի քան 8 հազար դոլարի տուգանք դրվել: Բացի այդ, նրանց անունները դրվում են հասարակական քննարկման զանգվածային լրատվամիջոցներով: Չինացի և արտասահմանցի մասնագետների ջանքերով սկսվեց Շանհայի շրջանի գետերի մաքրումը: Կիրառվեցին առավել խիստ բնապահպանական նորմեր քաղաքային վճարովի ճանապարհների նկատմամբ: Հիմա մայրուղիների տերերը, եթե չեն ապահովում ճանապարհային ծածկույթի բնապահպանական նորմերին համարժեք որակ, կարող են զրկվել տնտեսական լիցենզիայից: Առաջին անգամ մեծ ուշադրություն է դարձվում քաղաքի օդային ավազանի աղտոտման նվազեցմանը ջերմաէլեկտրակայանների գազային արտանետումներով, և նրանց անցմանը գազի: Ի հետևանս` վերջին տարիներին իրավիճակը քաղաքում դանդաղ բարելավվում է: Սակայն գլխավորը մնում է արդյունաբերության խնդիրը, որ լուծել հնարավոր է միայն համապետական մակարդակով, առավել ևս, որ բնապահպանությունը դեռ մնում է ամբողջ երկրի աքիլլեսյան գարշապարը, իսկ մաքուր օդի համար պայքարը ազգային գերակայություններից մեկն է:
Ժամանակակից Չինաստանում մինչև վերջերս հստակ ուրվագծվում էին երկու ներհակ միտումներ` բնության ոչնչացման և բնության պահպանության: Գերակայում էր առաջինը, որ հիմնված է ու պաշտպանվում է «համաշխարհային ֆաբրիկայի» չինական մոդելի էությամբ: Իբրև հետևանք` Չինաստանը աշխարհում առաջատար տեղ էր զբաղեցնում մթնոլորտային ընդհանուր արտանետումներով, գետերի, ծովերի, ստորջրյա աղտոտվածությամբ, հողերի անապատացմամբ, հիվանդությունների աճով, որոնց պատճառը անբարենպաստ միջավայրն էր: Իհարկե, չինական ղեկավարությունը բնապահպանական խնդիրներից չէր հրաժարվում, բայց բնապահպանության ուղղությամբ աշխատանքը համակարգային չէր, երկիրն այլ խնդիրներ ուներ: Բնապահպանական նոր դիքորոշումներն ի հայտ եկան միայն 90-ականներին, երբ ձևակերպվեցին «բնապահպանորեն օրինակելի քաղաքներին» ներկայացվող պահանջները իրենց 25 ցուցանիշներով: Այդ շրջանում շրջակա միջավայրի պաշտպանության ռազմավարակամ նպատակներն ու խնդիրները արտահայտվեցին «Սպիտակ գրքում», որտեղ նշված են արգելոցների ստեղծման աշխատանքները: Արգելոցների թիվը հասավ 2349-ի, ընդհանուր մակերեսը` 1,5 միլիոն քառ. կիլոմետրի, երկրի տարածքի 15%-ից ավելին: Մեծ ուշադրության արժանացավ բնակչության բնապահպանական դաստիարակությունը, դպրոցներում պարտադիր առարկա դարձավ «Բնապահպանությունը»: Իբրև տնտեսական ցուցանիշ մի շարք դեպքերում օգտագործվում է «կանաչ ՀՆԱ»-ն, այսինքն` համախառն ներքին արդյունքը` հանած բնապահպանական միջավայրի վերականգնման ծախսերը: Բնապահպանական պայքարի հիմնակետը դարձավ 2002-ը, երբ ՉԺՀ կառավարությունը հավանություն տվեց աղտոտված գետերի և մթնոլորտի մաքրման բազմամիլիարդանոց ծրագրին: Այդ ժամանակ ՀՆԱ-ի «կանաչ» մասնաբաժնի ավելացումը դարձավ գերակա խնդիր, իսկ բնապահպանական իրավիճակը երկրում ամենաբարձր մակարդակի վրա էր և որակված էր իբրև ազգային անվտանգության գլխավոր սպառնալիքներից մեկը: Միջազգային ֆինանսական կառույցների հաշվարկներով` անցած մի քանի տարիների հակաճգնաժամային փաթեթից Չինաստանի իշխանությունները «կանաչ» ոլորտների զարգացմանն ուղղել են 150 միլիարդ դոլար կամ ՀՆԱ-ի 3 %-ը: Համեմատության համար` Հարավային Կորեայում այդ ցուցանիշը ՀՆԱ-ի 3 %-ն է, Սաուդյան Արաբիայում` 1,7 %, Ավստրալիայում` 1,2 %, Ճապոնիայում` 0,8 %, ԱՄՆ-ում` 0,1 %:
Չինաստանը չի ցանկանում բնապահպանական խնդիրների հետ դեմ առ դեմ մնալ և մասնակցում է այդ ուղղությամբ աշխատանքի միջազգային բաժանմանը: Դեռ 2009-ին հայտարարվեց, որ ՉԺՀ-ն այլընտրանքային էներգետիկան զարգացնելու է ԱՄՆ-ի հետ, ստորագրվեց համագործակցության համաձայնագիր էներգետիկայի և բնպահպանական տեխնոլոգիաների ոլորտում: Այդ ռեսուրսները ուղղվեցին խմելու ջրի, օդի համատեղ պաշտպանությանը, ճահիճների և անտառների պահպանմանը: Բացի այդ, պայմանավորվեցին մաքուր էներգիայի համատեղ հետազոտական կենտրոն ստեղծելու մասին: Սկզբնական փուլում երկու երկրները համատեղ բնապահպանական ծրագրերում ներդրել են 15 միլիոն դոլար: Միջազգային փոխանակությունների շրջանակներում Չինաստանը պայմանավորվել է Բելառուսի հետ լաբորատորիա ստեղծելու մասին, որտեղ ուսումնասիրվելու են բնապահպանության, շրջակա միջավայրի համար անվտանգ մթերքների, տեխնոլոգիաների և նյութերի արտադրության խնդիրները: Այդ կառույցի բելառուսական մասնաճյուղը գործելու է Բելառուսի պետական համալսարանի ֆիզիկաքիմիական խնդիրների ուսումնասիրման գիտահետազոտական ինստիտուտում, իսկ չինականը` Չժեցզյանի համալսարանում:
Այնուամենայնիվ, բնության վրա ներգործության գլխավոր աղետը դեռ արդյունաբերությունն է, և հիմա շեշտը դրվում է տնտեսության վերակողմնորոշման վրա: Վերջերս շրջակա միջավայրի պահպանության Պեկինի վարչությունը հաղորդեց, որ ծրագրում է երեք տարում կրճատել վնասակար մթնոլորտային արտանետումները: 2014-ին մայրաքաղաքում ծրագրվում է փակել 300 մետաղաձուլական, քիմիական ու կահույքագործական ձեռնարկություն, որ աղտոտում են շրջակա միջավայրը: Դա միանգամյա գործողություն չէ: Վնասակար արտադրությունների փակումը մի մասն է այն բարեփոխումների, որ կատարվում են ամբողջ երկրում: Ամենահետաքրքիրը` Չինաստանում համարում են, որ բնապահպանական դիրքորոշումը կարող է խթանել բիզնեսը, հիմա միանգամայն տեղին է դատողություններ անել ոչ միայն մաքուր օդի, այլև մաքուր օդի մասին` տնտեսության աճի համապատկերում: Իզուր չեն մաքուր էներգետիկայի ու բնապահպանական շինարարության ոլորտի միջազգային ընկերությունները, ներառյալ Fuel Tech-ը, WS Atkins-ը և Lend Lease Corp-ը հիմա ակտիվ ընդլայնում իրենց ներկայացուցչությունները Չինաստանում: Ով ով, նրանք հիանալի գիտեն, որ ԱՄՆ-ի առևտրի նախարարության կանխատեսումներով` 2020 թ. մաքուր տեխնոլոգիաների շուկան Չինաստանում եռակի աճելու է` մինչև 555 միլիարդ դոլար: Փաստացի բնապահպանական բարելավումը միայն ծախսեր չէ, այլև մեծ եկամուտներ: Այսօր, շնորհիվ ՉԺՀ ղեկավարության, երկու միտումներից` բնության ոչնչացման և բնության պահպանության, սկսում է գերակշռել երկրորդը:


Սուսաննա ՊՈՂՈՍՅԱՆ
Շանհայում մեր հատուկ թղթակից

Դիտվել է՝ 3183

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ