ՀՀԿ 15-րդ համագումարի խորքը «նայելիս» գալիս ես եզրակացության, որ ՀՀԿ ղեկավարը «հետ-առաջ»-ի կոնֆիգուրացիան քաղտեխնոլոգիայում ընտրել է առաջինը` փոքր-ինչ հետ կանգնել, որից հետո համ լավ է երևում, երբ գաս առաջ, համ էլ` ուրվագծերն ահավոր զուլալ են լինում: Չմոռանանք` Սերժ Սարգսյանը փայլուն, գրեթե անզուգական է «նայվում» «գորշ կարդինալի մունդիրում», և վստահաբար կարելի է պնդել. նա կրկին այն զգեցել է:
Ինչն ակնառու է և՛ համագումարում հղված մեսիջներից, և՛ կառավարության նկատմամբ վերաբերմունքից. նա ասպարեզը տրամադրել է Հովիկ Աբրահամյանին ու իր թիմին` ռեֆրենով` «влюбляйтесь, женитесь, разводитесь». ես չեմ խառնվելու, ձեր հաղթանակը իմ հաղթանակն է, կուզեմ` չպարտվեք։
Նկատենք, որ առանձնապես ցցուն մեսիջներ չպարունակող ելույթում Հովիկ Աբրահամյանի մասն ահավոր օրթոդոքս էր, եթե չասենք` նույնիսկ մետաֆիզիկական էր. Սերժ Սարգսյանը հարկ համարեց բոլորի համար և շատ ընդգծված շեշտել. կարճ ժամանակում Հովիկ Աբրահամյանին հաջողվեց հանրային վստահություն ձեռք բերել։
Ընդհանուր առմամբ ահավոր ձանձրալի ու անհետաքրքիր ՀՀԿ հերթական համագումարի իր ելույթը Սերժ Սարգսյանը կառուցել էր խիստ մոնոտոն, առանց ենթատեքստային ռումբերի (ասենք` համեմատելու չեն ԵԿՄ համագումարում հնչած «ենթատեքստերը» և այս ելույթը): Այսպիսով` այդ ելույթում.
ա) Սերժ Սարգսյանը դուրս եկավ Մելիք-Ադամյանից և վերադարձավ Մելիք-Ադամյան: Ելույթի առաջին նախադասությունը` «Մելիք-Ադամյանից մինչև Մեղրի ու Տաշիր», արդեն իսկ ազդագրում ու պատասխան էր Գագիկ Ծառուկյանին և նրա հետևում կանգնած «ականջներին», որ չպատասխանելով նրանց` ինքը պատասխանում է՝ քաղաքական-կուսակցական «հայրենիքը» առայժմ ու կարծես սկսվում է ա՛յդ փողոցից:
բ) Երկբևեռ քաղաքականությամբ: Այս դեպքում ևս նպատակը մնացել էր նույնը. Սերժ Սարգսյանն իր նախագահությունը «կառուցել» է երկբևեռ կոնտուրների վրա, դա, ի դեպ, վերաբերում է ոչ միայն արտքաղաքական վեկտորին (որքան հաջողեց կամ չհաջողեց նա այդ ասպարեզում, այս պահին չքննարկենք), ներքին կյանքում ևս նա կուսակցությունների խոշորացման խնդիր էր դրել: Եվ ասելով, որ ընդդիմությունն ու իշխանությունները թշնամիներ չեն, նա անչափ ուղղակի (ինչը շատ քիչ է լինում իր դեպքում) ՀՀԿ-ի, առավել ստույգ` Մելիք-Ադամյան փողոցի վրա քաշեց այն մունդիրը, որը ոչ իշխանական քառյակը ձևել, հագցրել էր «հաճույքով» Հովիկ Աբրահամյանի վրա, որովհետև քառյակի այդ միասնականությունը` ԲՀԿ-ի շուրջ, այլ կերպ չես բնութագրի, քան «ձեռնասուն», սարքված-կոկված «մույս բևեռ»` ընդդիմություն: Ընդ որում, դեռ պարզ չէ` ով է այդ սարքված «ձեռնասունության» ռեժիսորն ու մոդերատորը. Հովիկ Աբրահամյա՞նը, Ռոբերտ Քոչարյա՞նը, թե՞ հենց ինքը` Սերժ Սարգսյանը… Այն պարզ պատճառով, որ Գագիկ Ծառուկյանը եղել, մնում ու դեռ տևական մնալու է Սերժ Սարգսյանի իդեա-ֆիքսերը կյանքի կոչող «հպարտ միայնակը»` վերջնահաշվում իր բոլոր ռեսուրսները դնելով Սերժ Սարգսյանի ու նրա հաղթանակների համար, որպեսզի իրեն չզրկի նրա կենացն ըմպելու հզոր վայելքից:
գ) «Թերացողները փոխարինվելու են». կառավարությանը գովելուն զուգահեռ արձանագրեց ՀՀԿ առաջնորդը: Չբացենք փակագծերը, մաղթենք կադրային անհասկանալի, գաղափարապես էլ ավելի անհասկանալի, ընտրած աշխատանքային և հարկա-ստվերային մեթոդոլոգիաներով ընդհանրապես անընդունելի կառավարությանը մեծ` ամպի չափ հաջողություններ: Վերջի համար ֆիքսելով.
դ) «Բարև ձեզ, ես այսինչն եմ, և եկել եմ ձեզ ղեկավարեմ»: Ո՛չ. սա ես չեմ ասում: Որքան էլ այս ֆրազելոգիան «իմավարի» է, այն բոլոր դեպքերում ասաց Սերժ Սարգսյանը իր ելույթում` նկատառելով ժամանակակից աշխարհի ինստիտուցիոնալ փոփոխությունները:
Ո՞Ւմ էր ուղղված մեսիջը:
Չասե՛մ:
Կարմեն ԴԱՎԹՅԱՆ