Ի սկզբանե պարզաբանեմ. Շամբալան առասպելական երկիր է Տիբեթում կամ տիբեթամերձ տարածքում, հիշատակվում է հին ձեռագրերում, առաջին անգամ Կալաչակրա տանտրայում X դարում: Մեկ այլ առասպել պատմում է, որ Շամբալան Միջին Ասիայում էր, մուսուլմանների արշավանքից հետո IX դարում Շամբալայի թագավորությունը անտեսանելի դարձավ մարդկային աչքին և միայն մաքուր սիրտ ունեցողները կարող են գտնել Շամբալայի ճանապարհը: Շամբալայի 25-րդ թագավոր Կուլիկ Ռուդրա չակրինի օրոք տեղի կունենա մեծագույն բախումը բարի ու չար ուժերի միջև: Բախումը իմաստնության հաղթանակն է տգիտության նկատմամբ, հոգևորի` հոգեզրկության, անձնազոհության` եսասիրության: Շամբալայի թագավորի հաղթանակից հետո կսկսվի հոգևոր-բարոյական, մշակութային վերածննդի ժամանակը: Թեոսոֆիան Շամբալա է անվանում մարդկության առաջընթացն ապահովող Մեծ ՈՒսուցիչների բնակավայրը: Ոմանք Շամբալան տեղակայել են Գոբի անապատում և Հիմալայներում: Չոգրամ Տրունգպան Շամբալա էր անվանում մարդկային իմաստնության անկախ մեկնակետը, որ չի պատկանում ոչ Արևելքին, ոչ Արևմուտքին, ոչ որևէ մշակույթի, ոչ որևէ կրոնի: Եվս մի վարկած. Շամբալան հոգեվիճակ է, մարդու հարաբերումն Աստծուն: Գտնել Շամբալան` պայծառատես դառնալ է: Լև Գումիլյովի պնդումով, Շամբալան Սելևկյանների դինաստիայի ժամանակների քարտեզի վրա նշված երկիր է: Պարսկերեն Սիրիան Շամ է, իսկ բոլան` վեր: Շամբալան թարգմանվում է Սիրիայի տիրապետություն մ.թ.ա. III-II դարերում, որ համընկնում է Սիրիայի գերիշխանության շրջանին: Եվս մի առասպել. Շամբալայում պահպանվում է մարդկության ամբողջ գենոֆոնդը: Արևմտյան մտածողությունը Շամբալան կապում է Տիբեթի հետ` վստահ, որ տեղաբնակները գաղտնի կապ ունեն Շամբալայի հետ, որ ֆանտասմագորիա չէ, այլ տիբեթցիների ճշմարտության նոստալգիան, որ եվրոպացիները գտել են իրենց ՈՒտոպիա կղզում: Տիբեթի բոլոր լամաները միաձայն հաստատում են, որ այն, ինչ մենք անվանում ենք «իրականություն», մեզ էլ ողջամիտ կարծելով, իրականում մեծ մտապատրանք է: Ով ազատվում է տեսողության պատրանքային կեղևից, տեսնում է Շամբալան: 1775-ին Պանչեն Լոբսանգ Պալդեն Եշե լաման գրել է. «Ապագայում Երկրում ծնվող բոլոր մարդկանց մտածողությունը ավելի ու ավելի աղավաղված ու հիվանդագին է դառնալու, ավելի ու ավելի շատ մտածողներ են տարբեր լեզուներով սխալ ելքեր առաջարկելու: Այդ ժամանակ արդեն չեն լինի իսկական հոգևոր կամ տրանսցենդենտալ ձեռքբերումներ` սիդխիներ: Զգալով, որ այլևս հոգևոր ուժեր չունեն, մարդիկ անվերջ պայքարելու են իրար դեմ: Նրանց համար կատարելությունն անհասանելի է դառնալու ու Երկրի բնակիչները իրենց շուրջը տարածելու են միայն տառապանք: Բարձրագույն իմաստը, որ դեռ կորոնեն առանձին անհատներ ու կկարոտեն, անհասանելի կդառնա: Մարդիկ ավելի ու ավելի կաղավաղվեն, ու նրանցից երես կթեքեն անգամ ոգիները, արդեն չեմ ասում աստվածների մասին»: Անտեսանելի, չգիտակցվող էներգիան, որ թափառում է մեր շուրջբոլորը, չի ծառայի մեզ, եթե մենք չճանաչենք ներքին ու արտաքին աշխարհները, երբեք չենք հասնի Շամբալա, որ գտնվում է առօրյայի, զգուշավոր ու պրագմատիկ մտածողության սահմանից անդին:
Իսկ մենք ունե՞նք մեր Շամբալան: Մենք հասել ենք այն ժամանակներին, երբ կատարելությանը միայն կարոտում են, իսկ բազում լեզուներով առաջարկվում են միայն սխալ ելքեր, ու մեզնից երես են թեքել անգամ ոգիները: Հայաստանում կատարվող ամեն ինչում մենք մեղադրում ենք ¥շատ հազվադեպ` հակառակը¤ իշխանություններին, իսկ ի՞նչ է կատարվում աշխարհում, որ մեր իշխանությունները այսպիսին են ու այսպիսին ենք մենք: Երևանում ՌԴ դեսպան Իվան Վոլինկինը դիվանագետին անհարիր հերթական հայտարարությունն արեց` շարունակելով իր նախորդների ազգային ավանդույթները: Փաստորեն Հայաստանում ՌԴ առաջին դեսպան Վլադիմիր Ստուպիշինից հետո ՌԴ բոլոր դեսպանները պարբերաբար հանդես են եկել հայտարարություններով, որոնց համար նվազագույնը պիտի հետ կանչվեին Հայաստանի Հանրապետության համապատասխան նոտայից հետո: Բայց շարունակել են «ռուս-հայկական համագործակցությունը խորացնել ու զարգացնել»: Ինչո՞ւ է Ռուսաստանը իր գոյությունը որպես պետություն մշտապես անհրաժեշտ համարում ապացուցել, հաստատել, հիմնավորել: Մշտապես ուրիշ պետությունների հաշվին: Ինչո՞ւ որ երկրում ինչ լինի, Ռուսաստանը համարում է իր դեմ, իր պետական շահի դեմ, իր ժողովրդի դեմ: 69 տարի առաջ հաղթելով Հայրենական մեծ պատերազմում, նույնքան ժամանակ աշխարհին ուզում է ապացուցել, որ ինքն է հաղթել, իսկ պարտված Գերմանիան վաղուց արդեն թելադրում է Եվրոպայի ընթացքը ու պայմանավորում հաղթած Ռուսաստանի տնտեսական աճն էլ` ներդրումներ անելով կամ չանելով: Ռուսները պայքարում են, աշխարհն ապրում է: Իվան Վոլինկինը Հայաստանում գործող հասարակական կազմակերպությունները հարկ է համարում «չեզոքացնել», եթե նրանք փորձեն սեպ խրել ռուս-հայկական հարաբերություններում: Կարծես ուրիշ խնդիր ու նպատակ աշխարհում չկա: Եվ ինչպես: Գործակալների մասին ռուսական տխրահռչակ օրենքի պատճենը ԱԺ-ին պարտադրելո՞վ Մաքսային միությանն անդամակցության փաթեթի մեջ, ֆիզիկապե՞ս` վտարելով երկրից, կայսերապաշտական գաղափարախոսության մոնոպոլիայո՞վ, ինչպես միակ կուսակցության օրինական գործունեությունն է տասնամյակներով պարտադրվել ԽՍՀՄ-ում: Իսկ եթե սեպը սեպո՞վ են հանում: ՈՒ բոլոր «սեպային» ՀԿ-ները որոշեն դառնալ կուսակցություն, ասենք` գլոբալացման ու տարածաշրջանային համագործակցության կուսակցություն, ՌԴ-ի հետ ինտեգրման ու միակողմանի ենթակայության կուսակցություն, մամուլի ազգային կուսակցություն, հայ զինվորի կուսակցություն, առողջ ապրելակերպի կուսակցություն, անհայտ անհնազանդների կուսակցություն: Ինչո՞ւ ոչ: Բայց սա մեդալի մի կողմն է: Մյուս կողմում Ռուսաստանի համար «տխրահռչակ» Արևմուտքն է, որ Անտանտի ժամանակներից այդպես էլ չի հասկանում ռուսական հոգին: Ինչո՞ւ Անտանտի: Միշտ: Հիմա «տխրահռչակ» Արևմուտքը «չհասկացողության» գագաթնակետում է: Պատմությունը համոզիչ օրինակներ տվել է, որ Ռուսաստանը պետք չէ անկյուն քշել ոչ ցարերի, ոչ բոլշևիկների, ոչ նոր ժամանակների նախագահների օրոք: Այդ դիրքում նրանք գտնում են հենման կետը, որ որոնում էր Արքիմեդը երկրագունդը շուռ տալու համար, նրանք գտնում են թշնամի, որին պետք է ոչնչացնել` ապրելու համար: ՈՒկրաինական իրադարձությունների հետևանքով Ռուսաստանի Դաշնության դեմ սկսված պատժամիջոցները, Ռուսաստանի քաղաքական, տնտեսական միջազգային մեկուսացումը փայլուն հնարավորություն են Կրեմլի համար մի քանի տարում իրականացնել ծրագրերը, որ նախատեսված էին տասնամյակների համար: Տնտեսական պատժամիջոցները Կրեմլի առաջ բացում են քաղաքական ամենաթողության դռները, ոչինչ այլևս չի կաշկանդում հրապարակավ, առանց նախկինում անհրաժեշտ փոխզիջումների ու փոխհատուցումների, վերականգնել ԽՍՀՄ-ը 21-րդ դարում: ԱՊՀ-ն չկայացավ: Պաշտոնավարման ամենասկզբից Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ ԱՊՀ-ն նախկին ԽՍՀՄ պետությունների քաղաքակիրթ ամուսնալուծության տարբերակ էր: Եթե այն ժամանակ չասաց, հիմա նա արդեն չի թաքցնում, որ հասունացել է ամուսնության պահը: Եվրամիությունը համառորեն չցանկացավ ինտեգրել հետխորհրդային Ռուսաստանը, որ ջանքեր էր գործադրում առանց վիզայի մուտքուելքի, արևմտյան ժամանակակից տեխնոլոգիաներ ստանալու ու ներդնելու, տնտեսությունը դիվերսիֆիկացնելու, գուցե նաև երկիրը ժողովրդավարացնելու համար: Արևմուտքը վախեցավ անծայրածիր Ռուսաստանում կորչե՞լ, վախեցավ անկառավարելի ռուսական բունտի՞ց, տնտեսակա՞ն արշավանքից, քաղաքակա՞ն: Չվստահե՞ց իր արժեհամակարգերի ամրությանը: Հիմա այլևս Ռուսաստանին, գերտերության կարգավիճակը հաստատելու համար, այլ ելք չի մնում ԽՍՀՄ-ը վերականգնելուց ու ընդդիմադիր բևեռ ձևավորելուց բացի: Ռուսները, ի հեճուկս իրենք իրենց, հավատում են, որ իրենց մարդասիրական առաքելությունն է, հարևաններից հեռավորներ, սեփական կեցությունն ու գիտակցությունը պարտադրելը, քրիստոնյաներին ու մահմեդականներին համակեցության դասեր տալը, ազգային հարցերը ապրիորի արտաքին սպառնալիքներին ստորադասելը, իսկ կասկածողների համար ապրիորի սպառնալիքները իրական դարձնելը: Նրանք կորցրել են, իսկ գուցե չեն էլ ունեցել ռուսական շահի իրական գիտակցություն` ամեն տեղ ունեն իրենց շահը ու բոլորին ուզում են իրենց շահին սպասարկու տեսնել: Իսկ Արևմուտքը բութ դիմադրում է ու նույնքան համառ առաջ մղում ընդհանրական մերժման իր քաղաքականությունը: Որքա՞ն: Հարցը ժամանակն է: Արևմուտքը չի կարող չհասկանալ, որ ԽՍՀՄ-ի վերականգնումը, որի իրավական, ռազմական, քաղաքական ու տնտեսական հիմքերը ինքն է ձևավորում, ուղղվելու է իր դեմ, եթե շարունակի սառը պատերազմի նոր ժամանակներին համապատասխանեցված ավանդույթները: Այդ ընդհանրական մերժումը կարող է մեկ նպատակ ունենալ` խաղը համակարգի կազմաքանդման վրա է դրված: Բայց այդ դեպքում առաջանում է ավելի անկառավարելի ու վտանգավոր իրավիճակ` ո՞վ է պահելու վիթխարի պետությունում ապրուստ ու զբաղմունք որոնող միլիոնավոր մարդկանց: Ռուսաստանի մասնատումը իդեա ֆիքս է, որով տարվելը ՈՒտոպիա կղզում վերաբնակվել է նշանակում: Այսօր Կրեմլը անթաքույց ու կատաղի քարոզչություն է վարում բոլոր միջոցներով` օրը 48 ժամ «ապացուցելով», որ ՈՒկրաինայի «ողբերգական» ճակատագիրը սպառնում է բոլոր պետություններին, քաղաքացիական պատերազմը մտնելու է Բելառուս, Մոլդովա, Ղազախստան, Վրաստան, Ղրղզստան, Տաջիկստան, ՈՒզբեկստան, Ադրբեջան, Թուրքմենստան, Հայաստան, եթե իրենց անկախ պետություն երևակայող այդ հիմնազուրկ միավորումները չհասկանան, որ միակ ելքը Կրեմլի պատերի տակ պատսպարվելն է: Հակառակ պարագայում օր առաջ, ժամ առաջ Արևմուտքը իր ստրկական լուծն է հաստատելու, այդ դեպքում այլևս ոչ մի փրկություն. ինչ ռուսական չէ, հակառուսական է: Նրանց Շամբալան խրվել-մնացել է նույն մակարդակում, ոչ ելք, ոչ մուտք չկան ու չեն լինելու: Քանի դեռ նույն մակարդակում է խրվել-մնացել Արևմուտքի Շամբալան, դեսպանների դեմարշները շարունակվելու են, միությունները պարտադրվելու են, ազգային ինքնորոշման իրավունքը պարտվելու է տարածքային ամբողջականության սկզբունքին, թեպետ բխում է մարդու իրավունքների պաշտպանության համընդհանուր ընդունված սկզբունքից. եթե մեկ մարդն իրավունք ունի պաշտպանության, ազգային սկզբունքով միավորված ընդհանրության իրավունքները բացարձակ անվիճարկելի են: Պարզապես տարածքային ամբողջականության սկզբունքը ապահովում է միջպետական հարաբերությունների ապրիորի կայունություն, խաղի` ստորագրություններով վավերացված կանոններ, որոնք գրվում են պատերազմներից հետո ու փաստորեն անդադար վիճարկվում են խաղաղության մեջ:
Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ. Գ.- Քրիստոնեությունն ուխտագնացության բազում էջեր է գրել: Գագաթնակետը XI դարն էր, երբ հազարներով Սուրբ Երկիր էին ուղևորվում, հիվանդներն ապաքինվում էին, վախկոտներն ասպետանում, զոհվածները` սրբանում: ՈՒխտագնացների ճանապարհները գորգապատ չէին` արտաքին ու ներքին անհայտ վտանգներ էին դարանակալում: Օտարականի թիկունքին սատանան, աչքերին` մահն էր նայում: Բայց Ճանապարհի դժվարությունները նոր հեռանկարներ ու նոր իմաստ էին բերում կյանք, ու մինչ այդ անծանոթ, անհայտ ազատություն: ՈՒխտագնացները քայլում էին (քայլում ու քայլելու են) աստվածների, մարգարեների, սրբերի հետքերով, որոնում էին (որոնում ու որոնելու են) Սուրբ Գրաալը կամ Ճաճանչափայլ Շամբալան, նրանք միշտ (առաջ, հիմա, հետո) անցնում էին Ճանապարհը դեպի իրենց էություն, Ճանապարհը դեպի իրենք իրենց: Ով գտնում է այդ երկիրը իր ներսում, դրսի Շամբալան էլ դառնում է կոնկրետ` այստեղ ու հիմա: ՈՒ դա արդեն առասպել չէ: Մարդկային իմաստնության անկախ մեկնակետն է, որ չի պատկանում ոչ Արևելքին, ոչ Արևմուտքին, ոչ որևէ մշակույթի, ոչ որևէ կրոնի: Պարզապես տրվում է մարդուն, ընդհանրության մեջ` մարդկությանը: Ոչ միշտ: Ստեպ-ստեպ: Իսկ ընդհանրապես որոնվում է` տարբեր երկրներում տարբեր անուններով: