Վերջին շրջանում ֆորտունան լրիվ երես է թեքել Ազգային ժողովի «խարիզմատիկ» նախագահից: Նա ֆիասկո ֆիասկոյի հետևից է գրանցում:
ա) Օգոստոսին Սերժ Սարգսյանի հետ արձակուրդ մեկնելիս և վերադարձից հետո Արգամիչին բառացիորեն ձեռքով շնորհավորում էին առաջիկա ամսում վարչապետ դառնալու առիթով: Սակայն խաղաթղթերը շատ արագ խառնվեցին: Ինչ-որ պահից հանկարծ պարզ դարձավ, որ Մաքսային միություն «շտապող» Հայաստանի վարչապետը ոչ միայն ընդունված ֆիգուր է Արևմուտքի կողմից ու Համաշխարհային և այլ «բանկերում» «պահվում» է կադրային բանկում, որպես լուրջ ռեզերվ, այլև Ռուսաստանն է սկսել հատուկ հոգատարություն ցուցաբերել պիտերյան կրթություն ունեցող Սարգսյանի նկատմամբ: Ավելին, թե՛ Մեդվեդևը` Ռուսաստանում, թե՛ Հայաստան ժամանած Պուտինն ընդգծված ջերմ էին վերջինիս նկատմամբ, և դա այն դեպքում, երբ Հովիկ Աբրահամյանին իշխանությունները «թույլ չէին տվել» երևալ Պուտինի աչքին: Ասել է` նա չկար դիմավորողների փաղանգի մեջ: Պուտինն էլ, ինչպես տեղեկացնում են Կրեմլին «մոտ» կանգնած մեր աղբյուրները, չէր հարցրել` բա Հովիկն ո՞ւր է, բա խի՞ իրեն չեք բերել հետներդ, ախր առանց նրա չի՜ լինի: Ինչ վերաբերում է պաշտոնական ճաշին Աբրահամյանի մասնակցությանը, ապա այն լոկ արարողակարգային էր:
բ) Հովիկ Աբրահամյանը Պուտինին չդիմավորելու ֆիասկոն փորձեց հաղթահարել աշխարհին հայտնի եղանակով` ճամփորդելով: Առավ «ուղտերի քարավանը» մեր Չայլդ Հարոլդն ու գնաց հեռո՜ւ երկիր: Բայց ինչպես միշտ, նրա «մոտ» առանց սկանդալի չի ստացվում: Մեր նորօրյա Աբու Լալան նախ` Լատինական Ամերիկա գնաց ՀՀԿ կանանց մի լավ կռվացնելուց հետո: Իսկ Հնդկաստան, ինչպես արդեն տեղեկացրել են լրատվամիջոցները, մեկնել էր յուր թիկնապահի ու վերջինիս կնոջ հետ, զի այնտեղ Արգամիչի նկատմամբ, ըստ նույն «հաստավիզ» մամուլի` «տեռորիստական ակտ» է նախապատրաստված եղել:
գ) Ֆիասկո գրանցվեց նաև բյուջեի քննարկման ժամանակ, քանզի ընդդիմադիրները, մանավանդ նրանք, ովքեր հաճախ են լինում Արգամիչի սենյակում, այնքան ու այնպես «չցեխոտեցին» կառավարությանը, անգամ կուտակային կենսաթոշակն այն ֆուրորը չառաջացրեց, և վերջին հույսը` Լևոն Զուրաբյանի հակակոռուպցիոն, իրականում օֆշորային օրինագիծը, նույնպես չունեցավ սպասված հաղթարշավը: Ճիշտ է, կարելի էր փոքր-ինչ մխիթարվել ԲՀԿ-ի` բյուջեին դեմ քվեարկելու փաստով, բայց դե, ռեալ օգուտ, բացի «կանյաչնիի ափին» ձեռք բերած բարոյական հաղթանակից, չկար:
դ) Իսկ կառավարությունը գնաց վաբանկ, կատարելով բավականին հետաքրքիր քայլ: Օրինագիծ բերեց ԱԺ, որով կարճ ասաց` ձկնարդյունաբերությամբ զբաղվող մագնատներ, խնամի-բարեկամներ, «գնացեք տուն»: Ինչն էլ նշանակում էր, որ Հովիկ Աբրահամյանից մաս առ մաս վերցվում է ոչ միայն իր բիզնեսը, այլև Արարատի մարզը: Գաղտնիք չէ, որ ձկնաբուծական արտադրությունը հիմնականում այդ մարզում է: ՈՒ թե սրան էլ գումարում ենք, որ արդեն տևական ժամանակ է, ինչ այդ մարզն ունի ուրիշ «նայող»` ի դեմս Գրիգորյանների, հետո էլ դրան գումարում ենք, որ Գագիկ Ծառուկյանի ցեմենտի գործարանը, որը շահագործվում է բնապահպանական նորմերի խախտմամբ, տրվել է Արգամիչի որդուն` ի պահ, որպեսզի վերջինս փրկի այն «Բուլկուց», նույն Արամ Հարությունյանից, ով հիմա կտրում է Արգամիչների ձուկը, ապա հասկանալի է դառնում, որ, իսկապես, Հովիկ Աբրահամյանն իր ամենալավ օրերը չի ապրում:
ե) Էս ամենը քիչ էր, էնտեղ էլ հասունացավ հերթական, սակայն անչափ «տեսարժան» հաջորդ սկանդալը Արգամիչի շուրջ` ոչ անհայտ Զարուհի Փոստանջյանի կատարմամբ:
Բառերով այն պատմելի չէ, պետք էր տեսնել և… ըմբոշխնել:
Կարմեն ԴԱՎԹՅԱՆ