Բոլորին հետաքրքրում է հարցը. ինչո՞ւ խոսեց Լևոն Հակոբիչը և ինչո՞ւ հատկապես հիմա: Պատասխանենք:
ա) Պուտինի` Հայաստան կատարելիք այցին ընդառաջ պետք էր ոչ թե Լևոն Զուրաբյանի, այլ ավելի բարձր մակարդակում ասել` «գծում» ենք, ներկա ենք, քիչումիչ կանք: Պատրաստ ենք վիլնյուսյան գագաթնաժողովին մասնակցող Սերժ Սարգսյանի հախից գալու, թեկուզ մեր ծերունազարդ, ալեխառն վիճակին, եթե հանկարծ Սերժ Սարգսյանի մտքով անցնի ստորագրել ասոցացման համաձայնագիրը, ինչից դեռևս սաստիկ վախենում է Մոսկվան` անգամ Սերժ Սարգսյանի` Մաքսային միություն արագացված մուտքի պահանջից հետո:
բ) «Ակոպիչը» («փլատակիչ» չհասկանալ, հայրանունն է) ԼՂ պատգամավոր, համատեղությամբ քաղաքացիա-անհնազանդ, աշոտա-մանուչարյանա-հպատակ Բադասյանի ձեռքից վերցնում է ընդդիմամարտի դրոշն ու նետվում նոր մարտի, մի կողմից` փորձելով ռեինկառնացիա ապրել, զի շատ վաղուց ՀԱԿ-ի ու նրա լիդերի հետ Հայաստան ժամանած բարձրաստիճան հյուրերն ու դեսպանները չեն հանդիպում, մյուս կողմից` իրեն հատուկ ձևով նոր տրոհում է մտցնում ընդդիմադիր դաշտի և քաղաքացիական սեկտորի միջև:
գ) Ապա բյուջեի քննարկումների ֆոնին ասում է, որ պետք են արտահերթ ընտրություններ, վարչապետի փոփոխություն… չի ասո՞ւմ այդ մասին: Ասո՛ւմ է` թաքուն, մեռած լեզուների լեքսիկոնի ենթագիտակցական համակարգով: Ի դեպ, ոչ անհայտ, Զառային հարցի իրավունքով օծած Դավիթ Հարությունյանը նույնպես արտահերթ ընտրությունների հարցադրում է արել օրերս ԱԺ ներկայացած ԿԸՀ նախագահ պարոն Մուկուչյանին` բյուջեի պահով: Հետաքրքիր է, չէ՞: Այն էլ` ինչքան:
Տեր-Պետրոսյանն ասում է` ես չեմ առաջադրվելու, որ Սերժը հրաժարական տա: Ներեցեք, որ Սերժը հրաժարական տա, Լևոնն էդ ժամանակ քանի՞ տարեկան է լինելու: Է՜ն ժամանակ, որ հրաժարվեց, ոնց որ վաթսունութ էր. ասել էր, որ տարիքի պատճառով չի առաջադրվում, հիմա` ի՞նչ…
Ոչինչ: Չենք ասում` ամնեզիա է, շարունակաբար տեղեկացնում ենք, որ այդ ամենն ասվում է հաջորդ մտքի համար: Այն է` Քոչարյանը նույնպես չպիտի առաջադրվի: Բա ո՞վ առաջադրվի:
Հիմա ապավինում ենք մեր հիշողությանը: Այսպիսով, Պուտին Վլադիմիրի այցի նախաշեմին փորձելով ցույց տալ, որ իբր իրենք կան, իսկ բոլորս գիտենք, որ արդեն ու վաղուց իրենք չկան… ՀԱԿ հիշողությունից մնացել է մի Լևոն Զուրաբյան, որն իր գեոքաղաքական «շկալան» ու «գիծը» այնքան է գցել, որ այլևս չի հանդիպում Սմբատ Կարախանյանին, նրա «գեոքաղաքական» հարցերով միակ «ինտելեկտուալ զբաղմունքի» «գծատերն» այլևս Հովիկ Աբրահամյանն է, ում հետ էլ օրերս, գիտենք, հանդիպել էր:
Կարելի էր ամեն բան այսքանով ավարտված համարել: Բայց դե` ինչո՞ւ չշարունակել: Լևոն Զուրաբյանն այդ հանդիպմամբ` ա) Զարուհուն` ԵԽԽՎ-ից Հովհաննեսի կողմից թռցվելու պահով «սսկեցվեց»։ բ) Հրահանգվեց Զուրաբյանին` բյուջեի նախաշեմին վարչապետին հիշեցնել ոչ միայն օֆշորը, այլև դիզվառելիքի «վառված» տեղերը բուժել նրա ձեռամբ, զի Արարատ գավառում սույն գործով ոչ անհայտ մարդկանց կողմից, ոչ անհայտ թվով վառելիքի խոշորամասշտաբ «լափում» էր տեղի ունեցել: գ) Մի քիչ էլ, երևի, խնդրել էր, որ Լևոն Տեր-Պետրոսյանը «խառնվի» ու ասի, որ ինքն ու Քոչարյանը չեն առաջադրվելու նախագահական արտահերթ ընտրություններում:
Բա ո՞վ է «առաջադրվելու»:
Հուսամ` հասկացաք` ով: Մի ժպտացեք, կարող եք սրտաբուխ ու անկաշկանդ հռհռալ:
Կարմեն ԴԱՎԹՅԱՆ