«Խաղաղության համաձայնագրի տեքստի 80-90 տոկոսը, արտգործնախարարի՝ ինձ տրամադրած տեղեկություններով, արդեն համաձայնեցված է»,- Բաքվի վերահսկողությանն անցած Շուշիում հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ Նա հավելել է, որ Հայաստանին ստիպել են տեքստից հեռացնել Արցախի վերաբերյալ դիրքորոշումն ու տերմինաբանությունը, ինչը ճանապարհ բացեց կարգավորման գործընթացի հետագա զարգացման համար։ Միևնույն ժամանակ, ըստ Ալիևի, «երկու հարց բաց է մնում»։                
 

Ի՞նչ է ուզում ԲՀԿ-ն Էդուարդ Նալբանդյանից

Ի՞նչ է ուզում ԲՀԿ-ն Էդուարդ Նալբանդյանից
13.11.2012 | 12:48

2012-ի մայիսին կայացած խորհրդարանական ընտրություններից հետո քաղաքական դաշտում իր տեղն այդպես էլ չգտած կամ չկողմնորոշված «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը մոտ կես տարի է` անխնա քննադատում է իշխանության ներկայացուցիչներին: Ընդհանրապես, քննադատությունը վատ բան չէ և ժողովրդավարական կառավարման ձև ունեցող երկրների համար կարևորագույն նշանակություն ունեցող երևույթ է, ինչը հնարավորություն է ընձեռում իշխանությանը շտկելու սխալները, ավելի զգոն լինելու և բարձրացնելու հասարակության առջև ունեցած հաշվետվողականությունը: Սա, իհարկե, ժողովրդավարական արժեքների վրա խարսխված քաղաքական գործընթացում առկա քննադատության յուրօրինակ սահմանումն է, ինչը չի կարող վերաբերել ԲՀԿ-ի քննադատությանը:
Նախ և առաջ, ԲՀԿ-ն մինչ այս պահը չի համարձակվում հայտարարել, որ ընդդիմադիր քաղաքական ուժ է, չնայած գործում է ընդդիմադիր ուժի տրամաբանությամբ: Մյուս կողմից` ԲՀԿ-ի հնչեցրած քննադատությունն աչքի չի ընկնում կառուցողականությամբ և ավելի շատ բաժակաճառային մակարդակի է: Ի վերջո, ԲՀԿ-ի քննադատությունն այնքանով է անտրամաբական, որ կուսակցությունը վերջին տարիներին մաս է կազմել իշխող քաղաքական կոալիցիային, կառավարության կազմում ներկայացուցիչներ է ունեցել` ղեկավարելով սոցիալական ապահովության, առողջապահության, սպորտի և երիտասարդության ու քաղաքաշինության ոլորտները` դրանով իսկ պատասխանատու լինելով գործադիր իշխանության գործունեության համար: Ստացվում է, որ ԲՀԿ-ն, կառավարությանը քննադատելով սոցիալ-տնտեսական իրավիճակի վատթարացման գործում, տրամաբանական մեղադրանք է հնչեցնում նաև իր հասցեին:
Ինչևէ, կարելի էր հանգիստ վերաբերվել ԲՀԿ-ի քննադատությանը, այն որակելով որպես քաղաքական դաշտում կայանալուն և ընտրազանգվածի ավելացմանը միտված գործունեություն, եթե դրանում նկատելի չլինեին որոշ ուշագրավ նրբերանգներ: Ի սկզբանե նշենք, որ տպավորությունն այնպիսին է, որ ԲՀԿ-ի պատգամավորները քննադատում են իշխանության բոլոր ներկայացուցիչներին, բացի նախագահից: Վերջին շրջանի քաղաքական զարգացումներին հետևողները պետք է նկատած լինեն այն փաստը, որ ոչ մի ԲՀԿ-ական երբեք չի խոսում նախագահ Սերժ Սարգսյանի գործունեությունից և ոչ մի կերպ չի քննադատում նախագահի գործունեությունը:
Միևնույն ժամանակ, հստակ է նաև ԲՀԿ-ի քննադատության միտումը` չտալ նախագահի անունը, բայց անխնա քննադատել պետական կառավարման այն ոլորտները, որոնց անմիջական պատասխանատուն նախագահ Սարգսյանն է: Ըստ ՀՀ Սահմանադրության` վարչապետին նշանակում է նախագահը և գործադիր իշխանության գլխավոր համակարգողն ու պատասխանատուն հենց նախագահն է: Կարելի է ենթադրել, որ ԲՀԿ-ի քաղաքական տեխնոլոգները խորհուրդ են տվել Գագիկ Ծառուկյանի կուսակցության անդամներին նախագահին քննադատել ոչ թե ուղղակի, անձնական թիրախավորմամբ, այլ անուղղակի, հենց այն ոլորտների միջոցով, որոնց գլխավոր պատասխանատուն նախագահ Սերժ Սարգսյանն է:
Հենց դա է պատճառը, որ, կառավարության և վարչապետի գործունեությունից զատ, ԲՀԿ-ն քննադատական տարափ է ուղղում նաև արտաքին գործերի նախարար Էդուարդ Նալբանդյանի հասցեին: Չէ՞ որ սահմանադրությամբ նախագահն է արտաքին քաղաքականության անմիջական պատասխանատուն և, քննադատելով նախարարին, անուղղակիորեն այդ քննադատության թիրախ է դառնում նախագահը: ՈՒշագրավ է նաև այն, որ Էդուարդ Նալբանդյանի հասցեին ԲՀԿ-ի հնչեցրած քննադատությունը ոչ մի տրամաբանական հիմնավորում չունի: ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանի արտաքին քաղաքականությանը վերաբերող ֆեյսբուքյան մեկնաբանություն-քննադատությունները ավելի շատ հիշեցնում են քաղաքական դաշտում կայացման խնդիր ունեցող և ուշադրության պակաս զգացող մարդու գործելաոճ, քան երկրի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի պաշտոնը զբաղեցրած մտահոգ մարդու գործունեություն: Պերճախոսության ասպարեզում բավականին հաջողություններ արձանագրած Օսկանյանը փորձում է խնդիրը հանրությանը ներկայացնել այն լույսի ներքո, թե Նալբանդյանը տապալել է արտաքին քաղաքականությունն ու երկիրը դուրս թողել համաշխարհային զարգացումներից:
Մինչդեռ, հենց 1998-2008-ին էր, որ Հայաստանի արտաքին քաղաքականությունը ոչ միայն աչքի չէր ընկնում նախաձեռնողականությամբ, այլև մեկուսացման քաղաքականության ակնառու օրինակ էր: Հետադարձ հայացք նետելով Հայաստանի ոչ վաղ անցյալի պատմությանը` պետք է արձանագրենք, որ Քոչարյան-Օսկանյան զույգի հռչակած «քոմփլեմենթար» արտաքին քաղաքականությունը ոչ այլ ինչ էր, եթե ոչ տարածաշրջանային գործընթացներից Հայաստանը մեկուսացրած և ռուսական նոր կայսերական քաղաքականության սպասարկմանը միտված «դիվանագիտական» մոտեցում: Ցայսօր էլ Օսկանյանը խուսափում է պատասխանելուց այն հարցին, թե ինչպե՞ս ԼՂՀ-ն դուրս մնաց բանակցային գործընթացից, և ցայսօր էլ Օսկանյանը, բացի բաժակաճառային մակարդակի քննադատությունից, չի հիմնավորում, թե ինչ վնաս տվեց հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանն ուղղված Սերժ Սարգսյանի «ֆուտբոլային» դիվանագիտությունը:
Ակնհայտ է նաև, որ Էդուարդ Նալբանդյանին, ի տարբերություն Վարդան Օսկանյանի, հաջողվել է նշանակալի հաջողություններ արձանագրել Հայաստանի միջազգային վարկանիշի բարձրացման ուղղությամբ: Հայ-ռուսական ռազմավարական հարաբերությունների զարգացմանը զուգընթաց` Նալբանդյանին հաջողվել է բարելավել նաև Հայաստանի հարաբերությունները տրանսատլանտյան շրջանակների հետ: ՈՒշագրավ է, որ Արևմուտքի հետ հարաբերությունների բարելավումն ընթացել է ինչպես երկկողմանի` միջպետական, հարաբերությունների մակարդակով, այնպես էլ միջազգային կազմակերպությունների` ԵՄ և ՆԱՏՕ-ի մակարդակով: Խնդիրն այն է, որ 2008-ին նախագահ ընտրված Սերժ Սարգսյանը, փաստացիորեն, բախվել էր լուրջ խնդրի` արտաքին քաղաքականության միակողմանի սլաքին, ինչը չէր կարող համապատասխանել երկրի շահերին, ուստի և Էդուարդ Նալբանդյանի առաջ խնդիր էր դրված` զարգացնելու հարաբերությունները նաև ԵՄ անդամ երկրների և ԱՄՆ-ի հետ:
Ի դեպ, ԱԺ ԲՀԿ խմբակցությունում Էդուարդ Նալբանդյանին քննադատելու գործում Օսկանյանը մենաշնորհ չունի: Նախարար Նալբանդյանին թիրախ դարձնելու առիթը բաց չի թողնում և Նաիրա Զոհրաբյանը, ով «գլուխ է հանում» (իհարկե, Գագիկ Ծառուկյանից հետո) բացարձակապես բոլոր ոլորտներից: Վերջերս ԱԺ-ում Նալբանդյանի հարավամերիկյան «վոյաժների» արդյունավետության մասին կառավարության ղեկավարին հռետորական հարց ուղղեց նաև «իրավագիտության ոլորտում հավասարը չունեցող» ԲՀԿ-ական Էլինար Վարդանյանը: Երիտասարդ պատգամավորի հարցը, ըստ էության, պատասխան չէր ակնկալում և ոչ մի լուրջ պատասխանի էլ արժանի չէր: Այստեղ հետաքրքիր է ԲՀԿ-ի այն մոտեցումը, համաձայն որի` Հայաստանի արտաքին քաղաքականության պատասխանատուները մսխում են պետական միջոցները, քանզի այցելում են Հեռավոր Արևելքի և Լատինական Ամերիկայի երկրներ: ԲՀԿ-ի պատգամավորները հաշվի չեն առնում այն պարզ իրողությունը, որ այս տարածաշրջանների երկրները ՄԱԿ-ի անդամ են, որը միջազգային հարաբերությունները կարգավորող գլխավոր կազմակերպությունն է, որտեղ քննարկվում են ՀՀ և ԼՂՀ կենսական շահերին վերաբերող հարցեր, և, անկախ աշխարհագրական դիրքից, ՄԱԿ-ի անդամ պետությունների հայանպաստ դիրքորոշումները կարևոր նշանակություն ունեն:
Մյուս կողմից, երիտասարդ ԲՀԿ-ականներին արտաքին քաղաքականության հարցերում լավ չկողմնորոշվելու հարցում մեղադրելն այնքան էլ արդարացի չէ, քանզի, նրանց պատկերացմամբ, Հայաստանի արտաքին քաղաքականությունը սահմանափակվում է Ռուսաստանով, ՈՒկրաինայով, Բելառուսով, հնարավոր է նաև Բուլղարիայով, քանզի սրանք այն երկրներն են, որտեղ Գագիկ Ծառուկյանը գործարար հետաքրքրություններ ունի, ինչպես նաև` բազմաթիվ լուսանկարներ այս երկրների ղեկավարների հետ:
Ինչևէ, Էդուարդ Նալբանդյանը կարող է հանգիստ լինել, քանզի առաջիկա նախագահական ընտրությունների արդյունքում ոչ միայն Օսկանյանը վերջնականապես կհրաժարվի ԱԳ նախարարության շենք վերադառնալու մտքից, այլև ԲՀԿ խմբակցության պատգամավորները ժամանակ չեն ունենա անհիմն քննադատելու արտաքին քաղաքականության ոլորտը` խնդիր ունենալով պատասխանել իրենց ուղղվելիք բազմաթիվ անհարմար հարցերի:


Ալբերտ ՊՈՂՈՍՅԱՆ

Դիտվել է՝ 2273

Մեկնաբանություններ