«Խաղաղության համաձայնագրի տեքստի 80-90 տոկոսը, արտգործնախարարի՝ ինձ տրամադրած տեղեկություններով, արդեն համաձայնեցված է»,- Բաքվի վերահսկողությանն անցած Շուշիում հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ Նա հավելել է, որ Հայաստանին ստիպել են տեքստից հեռացնել Արցախի վերաբերյալ դիրքորոշումն ու տերմինաբանությունը, ինչը ճանապարհ բացեց կարգավորման գործընթացի հետագա զարգացման համար։ Միևնույն ժամանակ, ըստ Ալիևի, «երկու հարց բաց է մնում»։                
 

Հակավարչապետական «մուտիտ»-ը չաշխատեց

Հակավարչապետական «մուտիտ»-ը չաշխատեց
31.05.2012 | 14:23

Վերջին տարիների հայաստանյան ներքաղաքական պայքարին վերաբերող առաջնային թեմաներից է եղել վարչապետ Տիգրան Սարգսյանի դեմ ուղղված «PR արշավը»: ՈՒշագրավ է, որ այդ արշավն ուղեկցվել է տարատեսակ մեթոդների կիրառմամբ՝ սկսած ամենակեղտոտ «մուտիտների» տարածումից, վերջացրած «վերլուծականներով»: Պատճառը հասկանալի է. Հայաստանն այն երկիրն է, որտեղ վարչապետի պաշտոնը կարևորագույն նշանակություն ունի թե՛ քաղաքական, թե՛ ֆինանսական առումով (ըստ ճաշակի և ցանկությունների):
Նշենք, որ այս տարիներին պտտված հակավարչապետական լուրերի շարքում առաջնային դերակատարություն է ունեցել այն «տեղեկությունը», թե վարչապետի պաշտոնում Տիգրան Սարգսյանին դեմ են հատկապես ռուսները, քանզի Տիգրան Սարգսյանն արևմտյան կողմնորոշում ունեցող գործչի համբավ ունի, ընկալվում է եվրոպական շրջանակներում և կայուն հարաբերություններ է պահպանում «եվրատլանտիստների» հետ: Առաջին հայացքից այս «մուտիտ»-ը կարող է ճշմարիտ թվալ, հատկապես, երբ հաշվի ենք առնում առկա աշխարհաքաղաքական իրողությունները և այն փաստը, որ Ռուսաստանը և Արևմուտքը շարունակում են մրցակցությունը, իսկ Հարավային Կովկասում այդ մրցակցությունն ավելի սուր բնույթի է, քանզի տարածաշրջանը գտնվում է ռուսական կենսական շահերի ապահովման գոտում: Բնականաբար, թե՛ ռուսները, թե՛ «եվրատլանտիստները» Հայաստանում ունեն իրենց շահերը և որոշակի աշխատանք են ծավալում կարևորագույն պետական պաշտոններում «իրենց մարդկանց» տեսնելու համար:
Հաշվի առնելով Հայաստանի ներքին ու արտաքին քաղաքականության առանձնահատկությունները, պետք է նաև փաստել, որ ՀՀ վարչապետը չի կարող լինել մեր երկրի ռազմավարական դաշնակից Ռուսաստանի համար անընդունելի գործիչ: Դա, նախ և առաջ, կվնասեր հենց Հայաստանին: Մեր երկրի իշխանական համակարգի գլխավոր ռեսուրսներից մեկը միշտ էլ համարվել է ռուսական քաղաքական էլիտայի հետ ունեցած կայուն հարաբերությունը, և Հայաստանի 20-ամյա անկախության շրջանում դժվար կլինի մտաբերել որևէ վարչապետի, որի հետ գործ ունենալուց հրաժարվել են ռուսական իշխանությունները կամ էլ կասկածել են ռուսական շահերին խոչընդոտելու գործում: Լինենք անկեղծ. մենք ռուսներից մեծ կախվածություն ունենք և տեսանելի ապագայում չենք կարող աշխարհաքաղաքական ճամբար փոխել, մանավանդ որ ռուսական ճամբարում բավականին հարմար դիրքեր ունենք:
Իսկ վարչապետ Տիգրան Սարգսյանի մասով ամեն ինչ ակնհայտ է: Նա սերտ հարաբերություններ ունի եվրոպական շրջանակների հետ՝ միևնույն ժամանակ հանդիսանալով «սվոյակ» ռուսական քաղաքական էլիտայի համար: Չմոռանանք, որ Տիգրան Սարգսյանը տևական ժամանակ ուսանել է Լենինգրադում, և նրա համակուրսեցիներից շատերն այսօրվա ռուսական քաղաքական ու տնտեսական էլիտայում բարձր դիրքեր են գրավում: Բավական է հիշել միայն ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի և «Գազպրոմի» տնօրեն Ալեքսեյ Միլլերի ուսանողական տարիների համատեղ լուսանկարները, որոնք ամիսներ շարունակ պտտվում էին սոցիալական ցանցերում: Հիշենք նաև այն փաստը, որ համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի օրհասական օրերին հենց վարչապետ Տիգրան Սարգսյանն էր բանակցում ռուսական կողմի հետ, և հենց նրա ջանքերով էլ հաջողվեց անդնդի եզրին հայտնված տնտեսության մեջ ներդնել կես միլիարդ դոլարի ծավալով ռուսական վարկը: Կասկածից վեր է, որ այդ օրերին հայկական կողմը չէր ներկայացնի Տիգրան Սարգսյանը, եթե ռուսների համար անընդունելի գործիչ լիներ:
Ինչևէ, Տիգրան Սարգսյանի քաղաքական մրցակիցների պտտած «տեղեկատվությունը» փուչիկի նման վերջնականապես պայթեց օրեր առաջ Աշգաբադում կայացած ԱՊՀ կառավարությունների խորհրդի հերթական նիստի ընթացքում, երբ կայացավ Ռուսաստանի նախկին նախագահ և նորանշանակ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի և ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի հանդիպումը: Նշենք, որ նման միջոցառումների ընթացքում դիվանագիտական պրակտիկան չի պարտադրում երկկողմ հանդիպումների անցկացում, և դա կողմերի ցանկությամբ է պայմանավորված, ասել կուզի՝ կողմերն իրենք են որոշում` առանձնազրույց ունենա՞լ, թե՞ ոչ: Եվ, եթե հաշվի ենք առնում այն փաստը, որ Հայաստանի վարչապետը, համաձայն Սահմանադրության, այդ հանդիպումից մեկ օր հետո պետք է հայտարարի կառավարության հրաժարականը, և պաշտոնապես չի հայտարարվել, որ Տիգրան Սարգսյանը շարունակելու է պաշտոնավարել, ապա ստացվում է, որ այս քայլով ռուսական կողմն ընդգծված ազդակներ է հղում առ այն, որ Հայաստանի վարչապետի պաշտոնում ցանկանում է նորից տեսնել Տիգրան Սարգսյանին:
Դիվանագիտական նրբությունը կայանում է նրանում, որ աշխարհի հզորագույն երկրի վարչապետը չէր հանդիպի հայաստանցի գործընկերոջը, որը, բառիս բուն իմաստով, մեկ օր հետո վայր է դնելու իր լիազորությունները, եթե չլիներ «մեսիջ» տալու ցանկություն: Ի վերջո, մենք գործ ունենք դարերի պետականության ավանդույթներ ունեցող Ռուսաստանի հետ, որի ղեկավարների որոշումները, մեղմ ասած, երկու րոպեում չեն ընդունվում: Ինչևէ, Տիգրան Սարգսյանի հակառակորդներն այս հանդիպումից հետո ստիպված են այլ «մուտիտներ» հորինել, քանզի ռուսական տարբերակը չգործեց:


Ալբերտ ՊՈՂՈՍՅԱՆ

Դիտվել է՝ 3805

Մեկնաբանություններ