Եթե դպրոցահասակ երեխա ունեք տանը ու նաև համակարգիչ, մի շտապեք արագացնել նրանց «ինտելեկտուալ» ծանոթությունը: Չնայած մեր փոքրիկները հատուկ հրավերի չեն էլ սպասում, բայց աշխատեք, որ երեխայի ու համակարգչի ընկերությունը սահմանափակվի խաղերի ոլորտով, իսկ ուսուցումը վստահեք սովորական գրքին, թղթին ու գրչին:
Եվրոպացի մի խումբ գիտնականների դիտարկմամբ` այն դպրոցահասակ երեխաները, ովքեր ուսումնական ծրագիրը յուրացնում են տպագիր դասագրքերի, սովորական թուղթ ու գրչի օգնությամբ, ավելի շոշափելի արդյունքների են հասնում, քան համակարգչային ստեղնաշարից օգտվող նրանց տարեկիցները: Բացատրությունը հետևյալն է. թուղթ ու գրչից օգտվելու ընթացքում, ձեռքի շարժումների շնորհիվ, ակտիվանում են երեխայի ուղեղի այն հատվածները, որոնք պատասխանատու են մարմնի հենաշարժողական համակարգի համար։ Հենց այս հանգամանքն էլ հեշտացնում է տառերի և սիմվոլների յուրացումը: Բացի այդ, ավելի շատ զգայարաններ են ներգրավվում գրելու ընթացքում, և ուղեղն ավելի երկար է «միացված» մնում, քան այն ժամանակ, երբ նոր գիտելիքի յուրացումը վստահվում է համակարգչի էկրանաստեղնաշարային «եղբայրությանը»:
Վերոնշյալ դիտարկումները հիմնավորելու համար գիտնականները հետազոտություն են անցկացրել. երկու խումբ դպրոցահասակ կամավորների առաջարկել են զբաղվել մինչ այդ անծանոթ լեզվի այբուբենի ուսումնասիրմամբ: Առաջին խումբն այբուբենի ուսուցումը պետք է սկսեր թուղթ ու գրչով, երկրորդը` ստեղնաշարով: Ամեն շաբաթավերջին կազմակերպիչներն ստուգում էին յուրացվող ծրագրի արդյունավետությունը: Շուտով պարզ դարձավ, որ առաջին խումբն զգալիորեն ավելի արագ և հիմնավոր է յուրացրել անծանոթ տառերը: Բանն այն է, որ ձեռքով գրելու ընթացքում նոր նյութն ուղղակիորեն դաջվում է միաժամանակ և՛ գիտակցության, և՛ ենթագիտակցության մեջ` մնալով այնտեղ անհամեմատ ավելի երկար:
Իհարկե, երեխային համակարգչից հեռու պահելը գործնականում բավականին բարդ է, եթե չասենք` անհնար: Անհրաժեշտ է փոքրիկների մեջ սեր արթնացնել կենդանի գիր ու գրականության նկատմամբ:
Այնպես որ, չէր խանգարի, եթե մեր ԿԳ նախարարն էլ, հերթական դպրոցին համակարգիչներ տրամադրելուց առաջ, փոքր-ինչ խորհեր վերոնշյալի մասին:
Առանց այն էլ իմ սերունդը, թերևս, վերջինն է, որ սովորեց այբուբենն առանց ստեղնաշարի օգնության:
Անի ՄԱՐՏՈՅԱՆ