«Ազգային ինքնասպանության զանազան ձևեր կան, և դրանց մեջ ամենադյուրինը, ըստ իս, իմ ասած անպատժությունն է, որ նման է տաք ջրով լեցուն լողարանի մեջ սեփական երակը կտրելուն։ Այն սնապարծությունը, որի հակառակ երեսը (թույլ տվեք երկու օտար բառ օգտագործել) արխայնություն-դինջությունն է»։
Պարույր Սևակ, «Ազգային սնապարծություն և ազգային արժանապատվություն», 1966 թ.։
ՊԱՆՐԱՁՎԱՅԻՆ ԿԱՐՈՏԱԲԱՂՁՈՒԹՅՈՒՆ, ԴՐԱՄԱՏԻԿ ԾՈՒՂՐՈՒՂՈՒ
Մաճառի վերջերգը վերջերս հնչեց։ Առավոտ կանուխ, կեսօրին և իրիկնահացից առաջ աքաղաղն Արարատի կատարից կանչեց։ Զի՜լ, զրնգո՜ւն, ու նրա ծուղրուղուն հուսախաբության երանգներ ուներ։ Մի խոսքով` դրամատիկ ծուղրուղու էր։
Սարերի ձյունն այլևս տեսլական չէ։ Սրսռուն ու պսպղուն է ու քիչ էլ` թմրեցնող։ Մի խոսքով` խորհրդանշական ձյուն է։ Դրամատիկ ծուղրուղու և ֆորմալիստական ձյուն։ Լեռնագագաթներն ահարկու նմանություն ունեն պանրագլուխների հետ։ Ների՛ր, ընթերցող, սակայն մինչ այս լճափին զբոսանքը, խոստովանեմ, ոչ մի կերպ չեմ ձերբազատվում պանրաձվային օվալաձև կարոտաբաղձությունից։ ՈՒ վախենում եմ` պանրային պորտապարը դառնա 2012-ի գլխավոր քաղաքական խաղաքարտը։ Եվ տեսեք, թե ի՜նչ դյուրին է հանգավորվում. պարագլուխ-պանրագլուխ-պորտապար։ Կոռումպացման կոալիցիոն-ականապատ հարթավայրեր։ Շուկայական ցնցակաթվածի հոգեհայրերի հուշարձանը կերտենք Հանրապետության հրապարակում։ Դե, գնացեք ու գլուխներդ պատովը տվեք (ցանկալի է Հյուսիսային պողոտայում), տնտեսական ընդդիմադիր տեսաբաններ և դարդախորով արտախորհրդարանական կուսակցապետեր. ձուն (հավկիթը) վաճառվում է 56, 57, 58, 59 դրամով։ Մենք, այո, սակավ ենք, սակայն չէ՞ որ սակարկության գործում վաղուց ենք երեք մատի կոմբինացիաներ պարտադրում ալամ աշխարհին։ Շատ դարեր առաջ Հին Հայաստանում ճշտապահությունը գերագույն արժեք էր։ Մեր ծովիցծովյան նախահայրենիքում տարին ու ամիսը, օրն ու ժամն ունեին իրենց որոշյալ անունները։ Այնպես որ, հավկիթն այսօր, խոզի փորոտիքը` վաղը, դելֆինարիումի մուտքի տոմսն էլ` մեկել օրը, սակարկության որևէ սողանցք չեն թողնի։ Դե, թող փորձեն կոռումպացվել, եթե խոզի փորոտիքի կիլոգրամն արժենա դիցուք 1726 դրամ և 15 լումա։ (Հավկիթը կարող է և տանուլ տալ, 57 դրամ 58 լումա։ Այս է խնդիրը)։
Սակայն պաշտելի Սևակը պարտադրում է լրջանալ։ Թեկուզ երգիծական մոտիվներով։
Ջայլամի էֆեկտի մասին գիտեն բոլորը, բացի ջայլամից։ Կենդանաբանները, սակայն, մոգոնել են, թե ջայլամը գլուխը խոթում է ավազի մեջ և հետույքը դեմ տալիս արևին, ոչ թե ջայլամավարի թշնամուց պատսպարվելու, այլ աֆրիկական բորբ արևից ջերմացած գլուխը զովացնելու նպատակով։ Հայկական մշակույթն այսօր էլ «ալամ աշխարհի» համար հանելուկ է, բազմաթիվ անհայտներով հավասարում։ ՈՒ մի մեծ հարցական` կախված Արարատի գլխին, Լոռվա սարահարթերում և Աշտարակի գոտում։
Ազգային մշակույթ-արվեստի համաշխարհայնացման գործում մենք հիշեցնում ենք պատերազմի ու շրջափակման մեջ խորասուզված երրորդ հանրապետությունը. ներկրվում է գրեթե ամեն բան, արտահանվում գրեթե ոչինչ։ Այնինչ 2012-ին Հայաստանը հավակնում է դառնալու գրքի համաշխահային Երուսաղեմ։ Եթե, անշուշտ, գործի անցնենք ոչ ջայլամաբարո։
ԱՇԽԱՐՀԸ, ՄԵՆՔ ՈՒ ՄԵՐ ԹՄԲՈՒԿՆԵՐԸ
Բանն ինչ է։ Ընդամենն այն, որ սպասարկու քարոզչամեքենան իր պատգամախոսների որովայնախոսությամբ ահա քսան տարի համոզում-հորդորում է հանրությանը` Հայաստանում իրական մշակույթ և իսկական արվեստ` չի՛ք։
Այնինչ արդի հեռահաղորդակցությամբ լայնահուն պողոտաներ են բացվել մշակութասեր հոմոսափիենսներիս առջև։ Եվ ահա բացարձակապես մերժելով ազգային սնապարծության ցանկացած դրսևորում, պնդում եմ` հրավիրելով թերահավատների ուշադրությունը. երրորդ հանրապետությունում, ի հեճուկս անդրօվկիանոսյան գրբացների ու հայրենական թողարկման դերվիշների, ստեղծվում է համաշխահային չափանիշների մշակույթ։ Վերցրեք, խնդրեմ, աշխարհի գրականության և արվեստի վերնաշերտային նմուշներն ու զուգահեռ քաշեք հայկական իրականության հետ։ Եվ ինքնաբերաբար համոզվեք` այո, երրորդ հանրապետությունը բարձր մշակույթի հանգրվան է։ Կարդացեք «Լիտերատուրնայա գազետան», «Նարցիս» հանդեսը, գրողների միության թարգմանական արդի գրականությունն ու ինքնահամոզվեք` որևէ չափազանցում չկա վերոնշյալ հայտարարագրում։ Բարձր պոեզիա ու պոետիկ մշակո՞ւյթ եք կամենում ըմբոշխնել, ահավասիկ շարակարգում եմ. Հենրիկ Էդոյան և Էդվարդ Միլիտոնյան, Հրաչյա Սարուխան և Ռոմիկ Սարդարյան, Հակոբ Մովսես և Հովհաննես Գրիգորյան, Արտաշես Ղազարյան և Արմեն Շեկոյան, Դավիթ Հովհաննես և Բագրատ Ալեքյան... ՈՒ սա ավարտուն շարքը չէ։ Արձա՞կ։ Խնդրեմ. Գուրգեն Խանջյան, Լևոն Խեչոյան, Ալեքսանդր Թոփչյան, Վահե Արմեն, Հովհաննես Թեքգյոզյան, Արամ Արսենյան, Ռուբեն Հովսեփյան, Նորայր Ադալյան...
ՈՒ խղճիս դեմ եմ գնում կամա-ակամա։ Իսկ Ռազմիկ Դավոյանն ու Արմեն Մարտիրոսյանը, իսկ Վահան Վարդանյանն ու Շանթ Մկրտչյանը, Իսկ Հուսիկ Արան և էլի շատերը։ Նաև Միքայել Աբաջյանցը, Ներսես Աթաբեկյանը և Վահան Թամարյանը։
Արդի մշակութաբանությո՞ւն եք փնտրում։ Օտար դռները բախելուց առաջ մի շրջանցեք մեր դարպասները։ Արթուր Անդրանիկյան, Մանասե, Վարուժան Նալբանդյան...
Հրապարակագրությո՞ւն։ Այստեղ էլ աղքատ ազգական չենք համաշխարհային խնջույքասեղանին։ Ահավասիկ. Մերուժան Տեր-Գուլանյան, Լևոն Անանյան, Արամ Աբրահամյան, Զորի Բալայան, Նանե, Ավիկ Իսահակյան, Տիգրան Հայրապետյան։
Բրիտանացիները` պահպանողական ազգային հոգեմտակերպով, սակայն չափազանց ուշիմ ամենայն արժանավորի հանդեպ, երկիր-մոլորակով մեկ բարձր գրական մշակույթի փնտրտուքի մեջ են։ Եվ ահա հայտնաբերում են Ռազմիկ Դավոյանի շքեղ պոեզիան, թարգմանում, հրապարակում ու դասում համաշխարհային պոեզիայի առաջապահների կոհորտայում։
Սակայն Ղազարյան Պետրոսը, դիցուք, որքան մարտաշունչ, նույնքան անպատասխանատու իր խոսքում, տարիներ շարունակ խամաճիկային ավյունով թմբկահարում է` Հայաստանում չկա գրականություն, չկան գրողներ, և արդի գրականության բեռն ուսել են երկու ուլտրաազատականներ` Վիոլետ Գրիգորյանն ու Վահրամ Մարտիրոսյանը։ Ճաշակին ընկեր չկա, անշո՛ւշտ, անճաշակությանը նույնպես։ Սակայն Պետրոսի և այլոց թմբկահարումները, այնուհանդերձ, հասարակական կարծիք են ձևավորում։ Ավելի ճշգրիտ` ձևախեղում։
ՄԻՋԱՆԿՅԱԼ ՀՈՒԶՈՒՄ
«Լճից լիճ Հայաստանին. Զանգեզուրի ճոպանուղուն կից վեց գյուղերի գեղականի անունից դիմում է սովետի ժամանակ գյուղվարչության կատարածու ու նաև կլուբի մեխանիկ Սրապիոն Սենեքերիմյանը։ Եվ քանզի ճոպանուղին մեզ համար անվճար ա, այսինքն` ձրի, խնդրում ենք հայրենի կառավարությանը երկու կամ թեկուզ երեք տավարնի վագոն կցեն ճոպանուղուն և հնարավորություն տան մեր չարքաշ բեռը տեղափոխել։ Օրինակիս համար` աթար, մածուն, ծննդկանի օրորոց, խոտ, կաթ, ալոճ, օժիտ և զանազան այլ հանրօգուտ բաներ... Կանխավ և նմանապես շնորհակալ ենք»։
ԿՈՈՊԵՐԱՏԻՎ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՈՒՐՎԱԿԱՆՆԵՐԸ
«Կոոպերատիվ դաշնակցության» ախտանիշը բուն հայկական հոլովույթ չէ։ Երևույթը մարդկային տեսակի ապիկար մասի զինանոցում առաջնային դեր ունի։ Պարզապես բուն հայկական է դրա գործածության հմտությունը։
Եվ ահա, քսան տարի շարունակ դաժան մի պայքար է սկսվել` մտավորականության նկատմամբ հասարակությանը թշնամացնելու հեռանկարով։ Հասկանալի է, գտնվել ու գտնվում են իրականացնողները` վարձու գրչակներն ու մամլո կավատի դերակատարումն ստանձնած խմբագիրները։
Այո՛, մինչ օրս չեն տարաբաժանվել «արհեստանոց» և «արվեստանոց» հասկացությունները։
Այո՛, ստեղծագործական միությունների մասին օրենքը դաժան հետևողականությամբ անգամ առաջին ընթերցման չի ներկայացվում։
Այո՛, 1987-1995 թթ.Հայաստանի նկարիչների միության գույքի շուրջ 70 տոկոսն անբարո գործարքների պատճառով անհայտացավ։ Մեղավորները քաջ հայտնի են և անպատիժ մինչ օրս։ «Կոոպերատիվ դաշնակցության» սկզբունքով էլ ոմն ինքնակոչ գրողների տանը ստեղծում է իր ընկերությունը, սենյակներ տնօրինում և սկսում քայլարշավները, գումարներ հայթայթելով` գրողներին աջակցելու գերնպատակով։ Արդարության դեմ չմեղանչենք, սկզբնապես ամեն բան բանականի ու բարոյականի սահմաններում էր։ Ժամանակ անց պարզորոշվում են տվյալ անձի ու նրան սատարողների իրական նպատակները. հեղաշրջում իրականացնել ՀԳՄ-ում և գրողների տունը վերածել տնամերձի, ինչն անվրեպ հաջողությամբ այս չափազանց համեստ գրական կարողությունների տեր անձնավորությունն իրականացնում է սեփական ՍՊԸ-ում։ Նրա կրկնորդն ի հայտ է գալիս նկարիչների միությունում։ Ի հայտ է գալիս մի Ղազար, մի գիշերվա մեջ ստեղծում «զարմանահրաշ» անվամբ մի կառույց` «Ալամ աշխարհի հայ նկարիչների միությունը»։ ՈՒ ահա աշխարհիկ ու հոգևոր վերադասը սրա մշտական հյուրն է, արշավների աջակիցն ու սատարողը։ Մնում է բացահայտել, ինչ ասել է «Ալամ աշխարհի հայ նկարիչը»։ Մի խոսքով, Ղազարը գնում է պատերազմ, ու նրա դամքյաշներն են երկրիս աշխարհիկ-հոգևոր առաջապահները։
«ԱՐԱՐԱՏ» ԱԼԻՔ, ՄՆԱՄ ՆԱՄԱԿԻԴ ՍՊԱՍՈՂ
2008-ին ստեղծագործական միությունների ղեկավարները հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանին ներկայացրին ազգային մշակույթի զարգացմանը նպաստող առաջարկ. «Կուլտուրա» ռուսական մշակութային ալիքի օրինակով ունենալ սեփականը։ Նախագահը, ինչպես միշտ, խոսքի տերն էր, և 2008-ի վաղ աշնանն «Արարատ» մշակութային ալիքը եթեր արձակվեց։ Համաձայն հիմնադիր պայմանավորվածությունների, ստեղծագործական միությունների ներկայացուցիչները պետք է ձևավորեին ալիքի գեղարվեստական խորհուրդը, որը և պետք է մշակեր ռազմավարական ծրագրեր։ Մինչ այդ Հասմիկ Պողոսյանն ու Ալեքսան Հարությունյանն առանձին հանդիպումներ ունեցան միություններում, տրվեցին բազում խոստումներ` համաշխարհային մակարդակի մշակութային ալիք ունենալու վերաբերյալ։ Խոստումներից և ոչ մեկը չկատարվեց, սուտ ու սին դուրս եկան մտավորականության հույսերը։ Գեղարվեստի խորհուրդն այդպես էլ չձևավորվեց։ «Արարատը», ըստ էության, «Հ1»-ի մշակութային կցորդն է, առանց տեխնիկայի և ֆինանսավորման, առանց սեփական ծրագրերի։ Մերուժան Տեր-Գուլանյանի անցած ճանապարհը հիանալի խաղաթուղթ է բարձրակարգ մշակութային ալիք ունենալու համար։ Հիշենք թեկուզ նրա ղեկավարած «Գարունն» ու «ԱՐ»-ը։ Սակայն կառավարության ծրագրերում այլ խնդիր է դրված. պահպանել աննպատակ մի ալիք, հենց էնպես, ձևի համար ու ձեռքի հետ։
ՄԻՋԱՆԿՅԱԼ ԱՊՏԱԿ
Իսկ Կամերային թատրոնում հերթական անգամ ոտան կոխան է դարձվում ազգային էպոսը։ Բեմելն է «Սասունցի Դավիթ Կոպերֆիլդ» երկնագույն խեղկատակության։ Եվ գովազդ-հրավերը. «Հղի կանանց ներկայությունը ցանկալի չէ»։
ՇԼԻՄԱՆԻՑ «ԵՎՐԱՏԵՍԻԼ»
Աշխարհը, այո, Հայաստանն այսօր ճանաչում է Ազնավուրով, Արոնյանով, Աբրահամ-Դարչինյանով և «Եվրատեսիլներով»։
Հայկական ո՛չ գրականությունն է հայտնի աշխարհում, ո՛չ կերպարվեստը, ո՛չ էլ երաժշտությունը։ Միջնադարյան ճարտարապետության ահռելի հարստությունը ժամանակին առիթ հանդիսացավ նշանավոր Ստրժիգովսկու համար` գրելու իր ոչ պակաս նշանավոր և հիմնարար աշխատությունը. «Հայերի ճարտարապետությունը և Եվրոպան»։ Ասել է թե` գերմանացի լրջախոհ գիտնական այրը հայոց ճարտարապետությունը զուգակշռում է ողջ Եվրոպայի, եվրոպական քաղաքակրթության հետ։ Վերջերս էլ մեր թերթում ուշագրավ մի հրապարակման հեղինակ մեջբերում էր հռչակավոր Շլիմանի` շատերիս անհայտ խոսքը. «Եվրոպայի ողբերգությունն այն է, որ իր քաղաքականության հիմքում դրեց ոչ թե հայկական, այլ հին հունական մշակույթը»։
Լավ, սովետների օրոք մենք, իսկապես, խառնված էինք «վայրի արջի ցեղերին»։ Քսան տարվա պետականությունն ենք նշելու ամիսներ անց։ ՈՒ ի՞նչ, մշակութամերձ ցատկռտուքո՞վ, շքանշանների բրեժնևյան հեղեղո՞վ։ Ծափ-ծլնգոց, մեջը` զնգոց։ Այո, պարտվել ու պարտվում ենք քարոզչական պատերազմում։ Եվ նորահարսի ամոթխածությամբ բերաններս ջուր առած դեռ զարմանում, որ աշխարհը մեզ մեր արժանիքներին վայել չի գնահատում։ Նաև թուրքին ու ազերբայջանցուն անարգանքի սյունին չի գամում։
Պատահակա՞ն է արդյոք, որ մինչ օրս չունենք համաշխարհային հեղինակություն ունեցող գիտնական-ուրարտագետ։ Արդյոք օրինաչափ չէ՞, որ այսօր էլ ոչ ամեն ինչում բարյացակամ դրացի վրացին ու ոխակալ թուրք-ազերբայջանցին ՈՒրարտուն շագրենի կաշվի նման աջ ու ձախ են քաշքշում։
Ինչ ենք, այսպիսով, պարտադրում աշխարհին և ինչ ենք նրանցից ակնկալում։
Պարտադրում ենք հայկական, իսկապես հզոր ու ինքնատիպ մշակույթի մնացորդը, ակնկալում փառք, ճանաչում, սեր։
Ինչո՞ւ և հանուն ինչի՞։
Աշխարհի առաջատար աճուրդներում քիչ թե շատ ծանրակշիռ գնով վաճառվում են Այվազովսկու և Արշիլ Գորկու, ռուսական և ամերիկյան մշակույթի ներկայացուցիչների գործերը։
20-րդ դարասկզբին Ֆրանսիայի և Ռուսաստանի առաջատար սրահներում համաշխարհային կերպարվեստի գրոհայինների շարքում էին Սուրենյանցը, Թադևոսյանը, Քոչարը, Շահինը, Փուշմանը, Յակուլովը, Սարյանը... Է, հետո՞, բավ չէ՞ օ՜ֆ քաշենք անցյալ ափսոսական եղանակով։
ԳՅՈՒԼՆԱԶ ՏԱՏԻ ՆՈՐ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԱՏԳԱՄՆԵՐԸ
Անկախության բեռը գնալով ծանրանում է։ Եվ ծանրության տակ ճռնչում են ժամանակի հրամայականները` երկրի ողն ու դիմապատկերը պահպանելու և աշխարհին ներկայացնելու նպատակով երեք նախարարական տուն է անհրաժեշտ։ Պաշտպանության, Արտաքին գործոց և Մշակույթի։ Մշակույթի` ամենալայն լիազորություններով և ֆինանսանյութական ներուժով։
Թե չէ անվերջ-անսկիզբ Գյուլնազ տատի հեքիաթներով ենք կերակրում այս խիստ մշակութակենտրոն ժողովրդին։
Թե չէ մեր տեսակը, պարզվում է, այսօր ի զորու է միայն շոուներ կապկելու, շուրջպար բռնելու, շքանշաններ շնորհելու։
Գուցե ժամանակն է Գիտությունների ազգային ակադեմիան ազատագրելու հակահայ հացկատակների ճանկերից։ Ասենք, հացկատակ լինելը կարծես պահի հրամայականն է, դե արի ու գիտության գրանիտը կրծիր, երբ վարձավճարդ ընդամենը բավարարում է տեղական արտադրության մակարոնի ապուրը կլլելուն։
Գուցե, իրոք, ժամանակն է Հայաստանը զատելու կովկասյան քաղաքակրթական համակարգից և դիտարկելու որպես Հայկական բարձրավանդակ։ Իր փառահեղ քաղաքակրթությամբ և արվեստով։
Կամ էլ ճիշտ հակառակը, գուցե իսկապես Սևանի ջուրը գոլ մի վիճակի բերենք, ազգովին ընկղմվենք ու կտրենք երակներս։ Նիրվանան լիակատար կլինի։ Զի ափերին Գեղամա հրաշքի ազերիները ոտքերը ջուրը կգցեն։ ՈՒ կծորա օսմանլվի մուղամը Մեղրուց Մոզամբիկ։
ՈՒ ինչ փույթ, թե աշխարհի ամենահին կոշիկը, պարզվում է, հայկական արտադրության է։
Բարին ընդ մեզ։ Եվ մեր իշխանություններին։
Վրեժ ԱՌԱՔԵԼՅԱՆ