Գազայի հատվածում և Լիբանանում հրադադարի մասին Իսրայելի համաձայնությունը կարող է ազդել հոկտեմբերի 26-ի հարձակումից հետո հրեական պետությանը հակահարված տալու Իրանի որոշման վրա՝ հայտարարել է ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքիանը։ «Նրանք լավ գիտեն, որ եթե որևէ սխալ թույլ տան Իրանի Իսլամական Հանրապետության դեմ, կստանան ջախջախիչ պատասխան»,- ասել է նա:               
 

Իսկ «գլխացավի» արդյունավետ դեղ դեռ պետք է գտնել

Իսկ «գլխացավի» արդյունավետ դեղ դեռ պետք է գտնել
22.05.2009 | 00:00

«ՄԱՔՈՒՐ ԽԱՂ»
Երևանի քաղաքային ավագանու ընտրությունների քարոզարշավն արդեն մոտենում է վերջնագծին։ Մինչև քվեարկության օրը մնացել է ինն օր, և մասնակցության հայտ ներկայացրած քաղաքական ուժերը, բնականաբար, ձգտում են ընտրարշավի վերջին օրերից քաղել առավելագույնը։

Ընտրարշավի անցած քսաներկու օրերը ցույց տվեցին, որ իշխանություն, այսինքն` կառավարող կոալիցիա-ընդդիմություն մրցակցային ֆորմատն այս ընտրական գործընթացներում միակը և ամենևին էլ գլխավորը չէ։ Աստիճանաբար ի հայտ են գալիս ներիշխանական հակասությունները, սրվում է մրցապայքարը, հատկապես հանրապետական ու «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունների միջև։ Բնականաբար, նույն իշխանական կոալիցիայում գտնվող քաղաքական ուժերի ներկայացուցիչները փորձում են արդեն իսկ տեղի ունեցած բախումները, շահերի ակնհայտ հակադրությունը բնութագրել իբրև տեղային բնույթի անձնավորված պայքար, որը տեղերում իրար հետ պրոբլեմներ ունեցող երկու կուսակցությունների ներկայացուցիչները փորձում են վերածել միջկուսակցական հակամարտության։ Այսինքն` անձնական շահերին տալիս են քաղաքական ենթատեքստ։
Սկզբունքորեն արդարացման այսպիսի փորձը բնական է և օրինաչափ։ Հասկանալի է, որ նույն կառավարող կոալիցիայում գտնվող քաղաքական ուժերը հրապարակավ չէին ընդունելու այն հանգամանքը, որ քաղաքական պայքարը վերածվում է ավելի կոշտ մրցակցության, և կողմերից ոչ մեկն իրականում զիջելու մտադրություն չունի։ Մամուլում ու քաղաքական շրջանակներում շրջանառվող և կառավարող էլիտայի իրական տրամադրություններն արտացոլող տեղեկատվության համաձայն` ԲՀԿ-ն ոչ միայն մտադիր չէ զիջել ՀՀԿ-ին, այլև պայքար է մղելու յուրաքանչյուր տեղամասի, յուրաքանչյուր ձայնի համար։ Թերևս, պատահական չեն բամբասանքների մակարդակով շրջանառվող լուրերը, թե ԲՀԿ նախագահը ՀՀԿ գործընկերներին առաջարկել է «մաքուր խաղալ» և չփորձել ձայներ գնելու միջոցով հարցեր լուծել, հակառակ դեպքում ինքը նախատեսված «տաքսան» կբարձրացնի մի քանի անգամ։ Ընդ որում, ներկոալիցիոն զարգացումներից տեղյակ մարդիկ պնդում են, որ երկրի նախագահը, չնայած միաժամանակ ՀՀԿ-ի ղեկավարն է, բայց առայժմ կարողանում է հավասարակշռություն պահել երկու կողմերի միջև և իր համակրանքի նժարը գոնե բացահայտորեն չի թեքում ՀՀԿ-ի կողմը։ Սա կարող է համապատասխանել իրականությանն այն իմաստով, որ Սերժ Սարգսյանին անհրաժեշտ է նաև չփչացնել հարաբերությունները ԲՀԿ-ի հետ և դրանով իսկ որոշակիորեն վերահսկել նրան։
Քանզի, ամենայն հավանականությամբ, անհիմն չեն լուրերը, թե ԲՀԿ-ի թիկունքում, այնուամենայնիվ, առկա է Ռոբերտ Քոչարյանի ստվերը, և անցած ժամանակահատվածում վարչապետի ցանկալի պաշտոնն այդպես էլ չզբաղեցրած նախկին նախագահը ոչ պակաս մեծ ցանկություն ունի Երևանի քաղաքապետի պաշտոնում տեսնելու իր մարդուն, վերահսկելու քաղաքային ավագանին և այդ միջոցով բավականին ազդեցիկ լծակ ունենալ` գործող նախագահի վրա ճնշում գործադրելու համար։
Մանավանդ այդ դաշտում, ըստ շրջանառվող լուրերի, ԲՀԿ-ՀՅԴ համագործակցությունը բոլորովին չի բացառվում, քանզի կառավարող կոալիցիայից դուրս եկած դաշնակցությունն ազատ է իր քաղաքական նախապատվությունների մեջ, միևնույն ժամանակ Քոչարյան-դաշնակցություն հարաբերությունները միշտ էլ եղել են լոյալ։ Ըստ այդմ, բոլորովին չի բացառվում, որ ՀՅԴ-ն կարող է աջակցել նախկին նախագահին, իր հերթին համապատասխան աջակցություն ստանալով ԲՀԿ-ից, քանզի, ըստ փորձագետների մեծամասնության, դաշնակցության վարկանիշն այսօր բարձր չէ, ֆինանսական հնարավորություններն էլ այնպիսին չեն, որ երաշխավորեն 7 տոկոսի արգելքը հաղթահարելու հնարավորությունը։
Միաժամանակ ակնհայտ է, որ ՕԵԿ-ն ամեն դեպքում խաղում է ՀՀԿ-ի հետ նույն դաշտում։ Համենայն դեպս, Արթուր Բաղդասարյանն ու իր կուսակիցներն աշխատում են լոյալություն պահել կոալիցիոն գործընկերների նկատմամբ և չմիջամտել կոալիցիոն երկու գործընկերների պայքարին։ ՕԵԿ-ի այսպիսի պահվածքն այնքան էլ տրամաբանական չէ, քանզի դրանով կուսակցությունը պահում է իրեն համակիր զանգվածի համակրանքը, դրան զուգահեռ կարող է աջակցություն ստանալ բնակչության այն շերտերից, որոնք, այսպես թե այնպես, քվեարկելու են իշխանական կուսակցությունների օգտին, բայց ՀՀԿ-ԲՀԿ հակադրությունից հիասթափված, կարող են ձայն տալ և ՕԵԿ-ին։
Ինչ վերաբերում է Հայ ազգային կոնգրեսին, ապա անցած երեք շաբաթների ընթացքում ընդդիմության որդեգրած մարտավարությունը փոփոխություն չարձանագրեց։ Սա նաև հասկանալի է, որովհետև դժվար է ամիսներ շարունակ իշխանափոխություն քարոզել, հայտարարել, թե չկան քաղաքային ավագանու ընտրություններ, այլ սա նախագահական ընտրությունների երկրորդ փուլն է, իսկ հետո իշխանական քաղաքական ուժերի օրինակով ներկայացնել Երևանի զարգացման ծրագրեր։ Ընդդիմության շարքերում եղած տրամադրություններն էլ վկայում են, որ նման խնդիր ի սկզբանե չի եղել։ Եվ չնայած Հայ ազգային կոնգրեսի անցկացրած հանրահավաքները ցույց են տալիս, որ ընդդիմադիր տրամադրություններ ունեցող ընտրազանգվածի աճ առնվազն չի արձանագրվում, իսկ առանձին և բավականին օբյեկտիվ դիտորդների կարծիքով, առկա է այդ զանգվածի նվազում, ակնհայտ է, որ ընդդիմության մարտավարությունն այլևս փոփոխության չի ենթարկվի։ Կարգախոսները կդառնան ավելի կոշտ, և ընդդիմությունը կաշխատի մինչև մայիսի 31-ն իրավիճակը «բերել» համապատասխան լարվածության։
Առհասարակ, ընդդիմության համար գոյություն ունի զարգացման երկու սցենար։ Կա՛մ նրան հաջողվում է կոշտ կարգախոսներով հանրային դժգոհության բավականին լայն ալիք բարձրացնել և ճնշում գործադրելու միջոցով քաղաքային ավագանու ընտրություններում հասնել հաղթանակի, կա՛մ էլ` հեղափոխություն։ Իհարկե, հեղափոխական սցենարը գնալով ավելի ու ավելի է կորցնում հավանականությունը, դա մեկ անգամ ևս ապացուցեցին վրացական ընդդիմության վերջին գործողություններն ու հարևան երկրում ընդդիմադիր շարժման անկումը։ Սակայն կարծել, թե հայաստանյան ընդդիմությունը սպառել է բոլոր ռեսուրսները, նույնպես ճիշտ չէ։ Բնակչության որոշակի զանգված մնում է համախմբված ընդդիմության կողքին կամ առնվազն բացահայտ համակրում է նրան։ Այլ հարց է` որքանով կհաջողվի այդ զանգվածն ընդլայնել։ Թեպետ չի բացառվում, որ, ի վերջո, «կաշխատի» երրորդ սցենարը։ Այն է` հունիսի 1-ին ընդդիմությունը հրապարակ կհանի ընտրությունների արդյունքներից դժգոհ իր կողմնակիցներին, կլինեն բողոքի ցույցեր` առանց ծայրահեղ դրսևորումների։ Հետո ընտրական գործընթացների հետ կապված դժգոհությունները կպարզաբանվեն ԿԸՀ-ի կամ դատարանների միջոցով, տեղի կունենա ընտրության արդյունքների միգուցե աննշան վերանայում։ Բայց հանրագումարում կստացվի, որ կառավարող կոալիցիան մեծամասնություն է քաղաքային ավագանու կազմում, իսկ ընդդիմությունն ունի լուրջ, բայց ոչ վճռորոշ ներկայություն։
Եվ այնուհանդերձ, ամենաբացասականն ու մտահոգիչն այն է, որ ընտրապայքարի մեջ մտած քաղաքական ուժերին մեծ հաշվով չհաջողվեց առայժմ կոտրել բնակչության բացարձակ մեծամասնությունը կազմող, ոչ միայն ապակուսակցականացված, այլև ընտրական գործընթացի նկատմամբ լիովին անտարբեր հսկա զանգվածի` ընտրություններին չմասնակցելու տրամադրվածությունը։ Այդպես էլ ի հայտ չեկան բնակչության այդ ամենամեծ զանգվածի համար գրավիչ նոր քաղաքական տեխնոլոգիաներ, ընտրարշավի մասնակից քաղաքական կուսակցություններն առանց բացառության քարոզարշավը տարան բացառապես հին «ստանդարտների» շրջանակներում։ Ծրագրերն էլ զգալիորեն իրար նման են, թեպետ, իհարկե, տարբեր են դրանք իրականացնել խոստացող մարդիկ։ Նրանցից ո՛ւմ ավելի կհավատա երևանցին, կերևա մայիսի 31-ին։ Այնուամենայնիվ, առանց ցնցումների ու կատակլիզմների ընտրություններն անցկացնելու խնդիրը մնում է իշխանությունների թիվ մեկ գլխացավանքը, իսկ «գլխացավի» արդյունավետ դեղ դեռ պետք է գտնել։
Վ. ՍԱՀԱԿՅԱՆ

Դիտվել է՝ 2661

Մեկնաբանություններ