Գազայի հատվածում և Լիբանանում հրադադարի մասին Իսրայելի համաձայնությունը կարող է ազդել հոկտեմբերի 26-ի հարձակումից հետո հրեական պետությանը հակահարված տալու Իրանի որոշման վրա՝ հայտարարել է ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքիանը։ «Նրանք լավ գիտեն, որ եթե որևէ սխալ թույլ տան Իրանի Իսլամական Հանրապետության դեմ, կստանան ջախջախիչ պատասխան»,- ասել է նա:               
 

Համա թե գարաժներ շինելու տեղ ա՜...

Համա թե գարաժներ շինելու տեղ ա՜...
28.11.2008 | 00:00

ԲԱՑ ՆԱՄԱԿ ԱԺ ՆԱԽԱԳԱՀ՝ ԱՆՊԱՅՄԱՆ ՊԱՐՈՆ ՀՈՎԻԿ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԻՆ
Պատվակալ նախագահ
ԱԺ շենքը, ուր Դուք նստում-աշխատում-ղեկավարում եք, որպես ՀԿԿ կենտկոմի շենք, ուր նստում-աշխատում-ղեկավարում էին, առաջին անգամ տեսել եմ արդեն շատ հեռավոր թվացող թվերին։ Միշտ չէ, որ նույն բանին կարող ես նայել նույն աչքով։ Դրա համար արժանի խոսք կա՝ օ՜, ժամանակներ, օ՜, բարքեր։ Եթե չեմ սխալվում, խոսքն առաջինը հնչեցրել է Ձեր նախորդներից մեկնումեկը, օրինակ` Արմեն Խաչատրյանից սպասելի է։ Եթե ամեն մի նախագահ նման իմաստուն խոսք ասի, ԱԺ շենքը կդառնա իմաստության տաճար՝ կաճառությունը կորցրած ակադեմիայի փոխարեն։ Ասեմ, որ ժամանակին հանդիպել ու զրուցել եմ (նաև գրել) Մատենադարանի ու Ձեր նստավայր շենքի հեղինակ, դասական ճարտարապետ Մարկ Գրիգորյանի հետ։
Ամիսներ առաջ, երբ լսեցի, որ Դուք արժանիորեն արժանացել եք ԱԺ նախագահի աթոռին, միանգամից ասացի՝ արժանի՛ է, տե՛ղն է։ Հիմա ի՞նչ եմ ասում արժանավորիդ։
Ես ավտոմեքենա չունեմ, մեր ընտանիքը մեքենա չունի... Ո՛չ, ո՛չ, քավ լիցի, մի՛ ասեք, թե ինչ մեքենա եմ ուզում։ Մեղա, տեր Աստված... Ես գիտեմ, որ իմ համեստ աշխատանքով պարտավոր եմ օգնել մեր ազգընտիրներին, բոլոր նրանց, ովքեր, քափ-քրտինքի մեջ մտած, գիշեր-ցերեկ մտածում են ժողովրդի կենսամակարդակի աճի տոկոսի մասին։ Հա, ինչո՞ւ տվեցի ԱԺ շենքի ու մեքենայի անունը։ Իհարկե, հանճարեղ է նա, ում գլխուղեղում ծագել է օպերայի հրապարակում ու երևանյան հրապարակներում կառուցել ավտոտնակներ։ Թերթերում տպագրվեց, որ, օրինակ, օպերայի հրապարակում երեք հարկ, 500 ավտոտիրոջ համար լեն ու բոլ տեղ կլինի։ Դրանից հետո ջանս ցեց է ընկել։ Պտտվեցի հին Էրեբունուց մինչև նոր Երևան, Երևանի մեջ Էրեբունի տեսա, Էրեբունու մեջ՝ Երևան, ու մի բան հասկացա, որ ամենալավ ավտոտնակ սարքելու տեղն ԱԺ ճաղապատ տարածքն է։ Ճիշտ է, հաշվից ու հաշվարկից հեռու կանգնած մարդ եմ, բայց աչքաչափով հասկացա, որ ԱԺ շենքի շրջակայքում, ի շրջանս ԱԺ յուր, հնարավոր է կառուցել ոչ թե 500 ավտոտնակ, այլ, խոսքը մեր մեջ, 15 հազար ու մեկ։ Գուցե ասեք՝ 15 հազարը հասկացանք, մեկս ո՞րն է։ ՈՒրեմն՝ երեք հարկ կառուցվում է գետնի տակ, ստորգետնյա, չորս հարկ կառուցվում է վերգետնյա։ Դա, պատկերացնում եմ, հրաշք կլինի։ Էդ երևացող ծառերի հարցը կարելի է լուծել։ Չար լեզուներն ասում են, թե իբր Խոսրովի անտառում հյուրանոցային համալիր կառուցելու անվան տակ 192 հեկտար բնություն է հոշոտվում։ Ես դրան չեմ հավատում, որովհետև հիմա ամեն ինչ օրենքով է արվում։ Կարելի է, որ Խոսրով Կոտակը թուղթ է տվել, որ 101 տարի ժամանակով էդ տարածքները տվել է վարձակալությամբ։ Մարդկային և ոչ մի բան խորթ չէ անկախության զավակներին։
Օրինակ, ԱԺ նախագահի տեղակալներից մեկը կդառնա գարաժների վարիչի տեղակալի օգնական։ Բոլոր օլիգարխ պատգամավորներն իրենց օգուտը կկորզեն գարաժներից։ Էսպես շարունակ։ Ծառ էլ կլինի գարաժների յոթերորդ հարկում, ծաղիկ էլ։ Սքանչելի տեսարաններ կբացվեն գարաժից գարաժ։ Ի՜նչ հրաշք մեքենաներ կհանգրվանեն ազատ, անկախ շունչ կքաշեն ամեն մեկն իր բնում։ Աշխարհը կզարմանա։ Հա, եթե կարիք զգացվի, կարելի է ԱԺ շենքի կտուրը նույնպես գարաժապատել ու մտնել ՀՀ նախագահի նստավայր-աթոռանիստը՝ նույնպես գարաժապատելու։
Մի խոսքով, հավատում եմ, որ իմ մտահղացումը դեմ չի առնի պատին, ուզածս էլ ի՞նչ է, մի գարաժ էլ ինձ կտաք, վարձով կտամ՝ հաց-մացի, դեղ-մեղի փողը դուրս կգա։ Թե չէ, գլուխը կերած 31 հազար թոշակով իսկի ապրել չի լինում, ինչ մնաց մեռնել՝ յոթո՜վ, քառսունքո՜վ, տարո՜վ։ Վատ բաներից չխոսենք։ Ճիշտը ԱԺ շենքի յոթնահարկ գարաժապատումն է։ Եվ դա կօգնի Ձեր ևս մի ճախրին՝ թռիչքին դեպի ՀՀ նախագահի նստավայր։ Մեզ տեղն է։ Դուք արժանի եք։
Ես հավատում եմ, որ իմ՝ ազատ, անկախ քաղաքացուս մտահղացումը կընդունվի միաձայն։ Չմոռանամ ասել, որ լավ էլ աշխատատեղեր կբացվեն։
Հրաչյա ՄԱԹԵՎՈՍՅԱՆ

Դիտվել է՝ 4457

Մեկնաբանություններ