ԱՄՆ-ում ավարտվել է քվեարկությունը գրեթե բոլոր նահանգներում. Դոնալդ Թրամփը իր համար երաշխավորել է 267 ձայն ընտրողների կոլեգիայում, Քամալա Հարիսը՝ 226։ Հաղթանակի համար պահանջվում է առնվազն 270 ձայն։ Թրամփը շահել է տատանվող յոթ նահանգներից երկուսում՝ Հյուսիսային Կարոլինայում և Ջորջիայում։ Նա Հարիսին գերազանցում է նաև այլ վիճելի նահանգներում, որտեղ վերջնականապես կորոշվի ընտրությունների ճակատագիրը։               
 

Հարավային Կովկասի ու Եվրամիության միջև կստեղծվի ազատ առևտրային գոտի

Հարավային Կովկասի ու Եվրամիության միջև կստեղծվի ազատ առևտրային գոտի
18.09.2009 | 00:00

«ԿԱ՛Մ ԴՈՒՔ ԲՈԼՈՐԴ ԿԽԺՌԵՔ ՄԻՄՅԱՆՑ, ԿԱ՛Մ ԷԼ...»
Հայ-թուրքական նախաստորագրված արձանագրությունների շուրջ հանրային բանավեճով տարված հայաստանյան քաղաքական վերնախավի ու փորձագիտական դաշտի համար, կարծես, աննկատ անցավ մի իրադարձություն, որը ոչ միայն ապացուցում է տարածաշրջանում աշխարհաքաղաքական խոշոր խաղացողների մտադրությունների հետևողականությունը, այլև որոշակիորեն առնչվում է Ադրբեջանի ու Թուրքիայի հետ Հայաստանի հարաբերություններին։
Վաղուց է հայտնի, որ իր խնդիրների իրագործմանը հետամուտ լինելիս Արևմուտքը Հարավային Կովկասում իրականացրել է որոշակի դերաբաշխում։ Եվ այդ համատեքստում, ի տարբերություն ԱՄՆ-ի, որն առավել շեշտադրում է ռազմաքաղաքական հարցերն իր կովկասյան քաղաքականության մեջ, Եվրամիությունը կողմնորոշված է դեպի տարածաշրջանի սոցիալ-տնտեսական խնդիրները։ Այդ իմաստով եվրոպական հանրությունը կատարեց ևս մի կարևոր քայլ, և Բրյուսելում Եվրամիության 27 անդամ երկրների արտգործնախարարները կայացրին որոշում, որ նոր պայմանագրեր են կնքվելու Հայաստանի, Ադրբեջանի ու Վրաստանի հետ, ինչը նպաստելու է Եվրամիության և Հարավային Կովկասի պետությունների համագործակցության ընդլայնմանը։ Հարկ է արձանագրել, որ մինչ օրս գործում էին տասնամյա վաղեմության համաձայնագրերը, որոնք հիմնականում ունեին հռչակագրային բնույթ, մինչդեռ նոր պայմանագրերում խոսքը, առաջին հերթին, առևտրային և էներգետիկ անվտանգության ոլորտում հարաբերությունների մասին է։ Ենթադրվում է, որ Հարավային Կովկասի երեք երկրները կստանձնեն քաղաքական, տնտեսական, մարդու իրավունքների և, առհասարակ, ժողովրդավարության հետ կապված խնդիրներում մի շարք բարեփոխումների իրականացման որոշակի պարտավորություններ, որոնց դիմաց կստանան թեկուզ սահմանափակ, բայց անմաքս առևտրի հնարավորություն Եվրամիության որոշ շուկաներում, ինչպես նաև ԵՄ-ի ֆինանսական ու տեխնիկական աջակցությունը։ Ավելին` Հայաստանը, Վրաստանն ու Ադրբեջանն ընդգրկվելու են Եվրամիության հետ արտոնյալ առևտրի իրականացման ընդհանուր համակարգում, որը կոչվում է «GSP+»։ Դա ենթադրում է, որ այս երկրներից Եվրամիության շուկաներ արտահանվող որոշ ապրանքների վրա մաքսատուրք չի դրվի։ Ավելին` այդ ուղղությամբ կնքված պայմանագրերը թույլ կտան Հարավային Կովկասի ու Եվրամիության միջև ազատ առևտրային գոտի ստեղծել, ինչպես նաև մեղմացնել վիզային ռեժիմը։
Եվրամիության ընդլայնման հարցերով եվրահանձնաժողովի կոմիսար Օլլի Ռենը հայտարարեց, որ Հարավային Կովկասի երկրների վերաբերյալ վերոնշյալ պայմանագրի նախագիծը պաշտոնապես կներկայացվի նոյեմբերին։ «Մենք կկարողանանք նախապատրաստել այդ ընթացքում համաձայնագրի նախնական տարբերակը, և դա հնարավորություն կտա մեզ միասին առաջ շարժվել այն տեմպերով, որը կողմերն անհրաժեշտ կհամարեն»,- խոստացավ նա։ Հարկ է նշել, որ բանակցությունների նպատակը Եվրամիության և Հարավային Կովկասի երկրների միջև նոր հարաբերությունների պայմանագրի ստորագրումն է, իսկ այդ պայմանագիրը, որպես կանոն, դիտարկվում է իբրև տվյալ երկրի` Եվրամիությանն անդամակցելու նախապատրաստական փուլ։ Անշուշտ, Միացյալ Եվրոպան բոլորովին էլ չի երաշխավորում, որ այդ պետությունները կդառնան Եվրամիության անդամ, սակայն նման կարգավիճակ ունեցող երկրներին տրվում է նպատակին հասնելու իրական հնարավորություն։
Ի դեպ, ասոցիացիա ստեղծելու մասին պայմանագրերը վաղուց են դարձել եվրաինտեգրման գործուն մեխանիզմներ, որովհետև ամենից առաջ ենթադրում են, որ ստորագրող պետությունները ցանկանում են իրենց տեսնել միասնական եվրոպական ընտանիքում։ Այդպիսի պայմանագրեր ժամանակին ստորագրվեցին մի շարք բալկանյան երկրների հետ, որոնք այսօր Եվրամիության պոտենցիալ անդամներ են։ Համանման մի պայմանագիր էլ ստորագրվեց Թուրքիայի հետ, նույնպիսի ձգտում են ցուցաբերում հետխորհրդային տարածքի պետություններից ՈՒկրաինան ու Մոլդովան։ Անկասկած է, սակայն, որ Եվրամիության վերջին նախաձեռնությունը Հայաստանին, Վրաստանին ու Ադրբեջանին այս առումով արտոնյալ հնարավորություններ է ընձեռում։ Հետաքրքիր է նաև այն հանգամանքը, որ մինչ այժմ Հարավային Կովկասում Արևմուտքի հիմնական գործընկեր համարվող Վրաստանն այլևս չի օգտվում նախկին «կարգավիճակից» և, ըստ էության, Հայաստանի ու Ադրբեջանի հետ ամեն ինչ սկսելու է նույն ելման կետից։ Բոլոր երեք երկրներին առաջարկվելու են համանման հնարավորություններ, և կախված նրանից, թե ով ինչպես կօգտագործի դրանք, կարող է մյուսների համեմատ արժանանալ ավելի լավ վերաբերմունքի։ Այս ամենը, անշուշտ, վերջ է դնում Արևմուտքի «ավիակիրը» լինելու Վրաստանի անհիմն հավակնություններին տարածաշրջանում, և հետագա գործընթացներում Թբիլիսին ավելի կառուցողական դիրքորոշում կունենա ընդհանուր տարածաշրջանային խնդիրների շուրջ համագործակցության առումով։
Հիշեցնենք, որ այս տարվա մայիսին Եվրամիությունը հանդես եկավ «Արևելյան գործընկերություն» նախաձեռնությամբ, որին մասնակցելու հրավիրվեցին Բելառուսը, Մոլդովան, ՈՒկրաինան, Հայաստանը, Վրաստանը և Ադրբեջանը։ Այդ ժամանակ արդեն Բրյուսելը գործնականում հայտարարեց, որ հետխորհրդային տարածքի պետությունների հետ մտադիր է կառուցել նոր հարաբերություններ։ Այդ նոր հարաբերությունների ձևաչափի հաստատման հետ կապված խնդիրները կքննարկվեն այս ամսվա վերջին կայանալիք «Արևելյան գործընկերության» ծրագրի համագործակցության խորհրդի հերթական նիստում։ Եվ ահա դրան զուգահեռ Եվրամիությունը ստեղծում է ինտեգրացիոն գործընթացների խթանման ևս մի կարևոր օղակ կամ հրապարակ` Հարավային Կովկասի երկրների հետ համագործակցության առումով։ Շատ բնութագրական է, որ սա որոշակի առումով կարող է ձեռնտու լինել նաև Թուրքիային, քանզի Հարավային Կովկասն ինտեգրելու Եվրամիության կոնցեպցիայի մեջ միանգամայն տեղավորվում են նաև տարածաշրջանային հակամարտությունների կարգավորման խնդիրները։
Եվ այստեղ, բնականաբար, առաջանում է հարց, թե ինչպես կվերաբերվի այս ամենին Ռուսաստանը` հետխորհրդային տարածքում ունեցած իր հայտնի հավակնություններով։ Այդ կապակցությամբ շատ բնութագրական է Շվեդիայի արտաքին գործերի նախարար Կարլ Բիլդտի հայտարարությունը, որը, ի դեպ, նախագահում էր այն նիստում, որում ընդունվեց Հարավային Կովկասի երկրների հետ նոր հարաբերություններ հաստատելու մասին որոշումը։ «Այդ երկրներն անկախ պետություններ են և իրավունք ունեն որոշելու սեփական ճակատագիրը, ոչ թե ենթարկվելու ինչ-որ մեկի ցանկությանը։ Նրանք հայտարարել են Եվրամիության հետ սերտ հարաբերություններ ստեղծելու իրենց ընտրության մասին»,- հայտարարեց Շվեդիայի արտգործնախարարը։ Այս կապակցությամբ Մոսկվայից առայժմ հստակ արձագանքներ չկան, թեպետ Ռուսաստանը նման դրսևորումները, որպես կանոն, դիտարկում է իբրև «ոտնձգություն իր շահերի ու ազդեցության գոտիների» նկատմամբ։ Այդ կապակցությամբ Ռուսաստանում որոշակի քաղաքական գաղափարախոսության հիմնասյուներից մեկը` փորձագետ և հրապարակախոս Ալեքսանդր Պրոխանովը, հանդես եկավ բոլորովին էլ ոչ նոր «քաղաքական դեղատոմսի» առաջարկով։ «Կովկասյան տարածաշրջանն իր ներսում խիստ կոնֆլիկտային է։ Այնտեղ բոլորը միմյանց հետ կռվում են, պատերազմում։ Միայն կայսերական, սկզբում ցարական, իսկ ապա ստալինյան քաղաքականությունը կարողացավ զսպել ու ներդաշնակեցնել այդ հակասությունները»,- հայտարարել է նա։ Այս «կառուցողական» մոտեցումը հայտնի է, սակայն այն կարելի է ձևակերպել ավելի կոպիտ, բայց իրականությանը շատ մոտ մեկնաբանությամբ. «Կա՛մ դուք բոլորդ կխժռեք միմյանց, կա՛մ էլ, ի վերջո, հարկադրված կլինեք կենտրոնին խնդրել, որպեսզի ձեզ մոտ կարգ ու կանոն հաստատի»։
Ցավով կարող ենք արձանագրել, որ Մոսկվայում այս կապակցությամբ նոր գաղափարներ ու մոտեցումներ այդպես էլ ի հայտ չեն գալիս։ Ռուսաստանը չի դադարում իրեն զգալ որպես «մետրոպոլիա», որից խլել կամ ուզում են խլել նրա նահանգները, և այդ համատեքստում ինքն իրավասու է դիմելու համապատասխան քայլերի` դրանք իր ազդեցության գոտուց դուրս չթողնելու համար։ Այդ նպատակին հասնելու ճանապարհին Մոսկվան դարձյալ շարունակում է գործել հին, իր անարդյունավետությունը բազմիցս ապացուցած «պարտադրանքի մեթոդներով»։ Մինչդեռ և՛ աշխարհն է փոխվել, և՛ Ռուսաստանն էլ նախկինը չէ։ Պարզապես նրա քաղաքականությունը հարկադրում է տարածաշրջանի երկրներին կատարել կոշտ ընտրություն` կամ-կամ-ի սկզբունքով։ Համենայն դեպս, Եվրամիության հնչեցրած առաջարկը բավականին գայթակղիչ է Հարավային Կովկասի բոլոր երեք երկրների համար, որպեսզի վերջիններս ոչ միայն մտածեն, այլև կոնկրետ քայլեր ձեռնարկեն այդ ուղղությամբ` իրենց հետագա զարգացումը կանխորոշելու համար։
Սոնա ՍԻՄՈՆՅԱՆ

Դիտվել է՝ 1670

Մեկնաբանություններ