Գազայի հատվածում և Լիբանանում հրադադարի մասին Իսրայելի համաձայնությունը կարող է ազդել հոկտեմբերի 26-ի հարձակումից հետո հրեական պետությանը հակահարված տալու Իրանի որոշման վրա՝ հայտարարել է ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքիանը։ «Նրանք լավ գիտեն, որ եթե որևէ սխալ թույլ տան Իրանի Իսլամական Հանրապետության դեմ, կստանան ջախջախիչ պատասխան»,- ասել է նա:               
 

Երբ խորտակվեց «Տիտանիկը», ջրահեղձների ազգային ու դասային պատկանելությունը, տարիքը, սեռը նշանակություն չունեցան

Երբ խորտակվեց «Տիտանիկը», ջրահեղձների ազգային ու դասային պատկանելությունը, տարիքը, սեռը նշանակություն չունեցան
17.04.2009 | 00:00

ՃԳՆԱԺԱՄԻ ԺԱՄԻՆ
Գլոբալ ֆինանսատնտեսական ճգնաժամի գոյության, դրսևորումների, փուլերի, տևողության, առանձնահատկությունների մասին քննարկումները շարունակվում են: Ամբողջ աշխարհում: Գլոբալ ճգնաժամը փոխում է ոչ միայն աշխարհի ֆինանսատնտեսական քարտեզը, այլև քաղաքական: Եվ ընդհանրապես` չկա այնպիսի ոլորտ, որտեղ ճգնաժամը ներկա չլինի:
Տնտեսական անկումն անշեղ խորանում է, որքան էլ տնտեսագետները պնդեն, թե տնտեսական աճի հակադարձ համեմատականն է ընդամենը, ու անդառնալի կորուստներ չեն լինում: Բացառված չէ, որ Հայաստանում ի վերջո ստեղծվի անկառավարելի իրավիճակ` տնտեսության դադարի ու սոցիալական քաոսի պատճառով:
Գլոբալ ֆինանսատնտեսական ճգնաժամի հաղթահարման կարևորագույն դասերից արդեն նշվում է տնտեսության պետական կարգավորման շրջանակների մեծացման անհրաժեշտությունը: Ամերիկյան ու եվրոպական` ազատականության բարձր տոկոս ունեցող տնտեսություններում ճգնաժամի ներգործությունն առավել ավերիչ է:
Արժեթղթերի զարգացած շուկա ունեցող պետությունները ևս հայտնվեցին թակարդում` ճգնաժամային վերահաս նեգատիվ սպասումների ներգործությամբ մարդիկ որոշեցին իրենց «թղթերի» ֆինանսական փոխհատուցումը ստանալ, բայց, բնականաբար, նորմալ գործառնող որևէ բանկ նման հանկարծահաս ու տևական ճնշման դիմանալ չի կարող: Նույնիսկ պետական աջակցությամբ:
Ճգնաժամի պատճառով նվազում է բնակչության գնողունակությունը: Թվում էր` դա պիտի հանգեցնի գների նվազման, բայց Հայաստանի փորձն էլ հաստատում է, որ գներն աճում են. փոխված պայմաններում նոր ապրանք ձեռք բերելու և վաճառքի հանելու համար ապահովություն է պետք:
Բնակչության գնողունակության նվազումն ինքնաբերաբար կրճատում է արտադրության ծավալները, ինչի հետևանքն է դառնում գործազրկությունը: Հայաստանի պարագայում այս հարցն առավել քան ցավագին է: Հայաստանից դուրս աշխատանք գտած հազարավոր հայեր այսօր ոչ միայն այլևս չեն կարողանում ապահովել նախկին տրանսֆերները, այլև իրենք են վերադառնում` գործազուրկների շարքերը խտացնելով: Կառավարությունը հայտարարում է շինարարական ու ճանապարհաշինական ծրագրերի իրականացման մասին, բայց առայժմ այդ ծրագրերը միայն հայտարարությունների մակարդակ ունեն:
Ճգնաժամի առաջին` բանկային, փուլից խուսափած հայաստանյան բանկերը խստացրել են վարկերի տրամադրումը: Օրինաչափ է, շուկան փոխվել է, խաղի կանոնները փոխվել են, բանկերը պիտի ապահովեն նվազագույն ռիսկայնություն: Բայց հարցին մոտենանք ոչ թե վարկատուի, այլ վարկառուի տեսանկյունից. տոկոսադրույքի բարձրացումը, պայմանների խստացումը, վարկի ստացման դժվարացումը, ի վերջո, հանգեցնում են առանց այդ էլ վտանգված գործի վերջնական փլուզմանը, եթե ընդհանրապես տնտեսական հաշվարկներն արդարացնում են վարկ վերցնելը: Ահա և ամենամեծ վտանգի տակ է հայտնվում փոքր ու միջին համարված բիզնեսը, որն ուղղակի ստեղծված պայմաններում փող չի գտնում գործը շարունակելու համար:
Մի կողմից` վարկ չկա, մյուս կողմից` առևտուր չկա, երրորդ կողմից էլ` խեղդում են հարկերը: Սա է ճգնաժամի իրական պատկերը:
Հարկերն առանձին խոսակցության թեմա են: Որքանո՞վ է արդարացված հարկային բեռի նույն ծավալների պահպանումը ճգնաժամի պայմաններում: Սա, իհարկե, վիճելի հարց է: Թե՛ տեսական, թե՛ գործնական: Բայց իրենց հակաճգնաժամային ծրագրերում պետությունները նաև այդ քայլն ունեն զինանոցում: Առաջին հայացքից ճգնաժամի պայմաններում հարկերի նվազեցումն առանց այդ էլ դատարկվող գանձարանի նկատմամբ վնասարարություն է: Բայց դա փոքր ու միջին բիզնեսի գոյության հնարավորություն է, աշխատատեղերի պահպանում է, գնողունակության պահպանում է: Ի վերջո` պետական գանձարանում նաև գումարների առկայության երաշխիք է: Պատահական չէ, որ Ռուսաստանի Դաշնությունը բոլոր ոլորտների, բոլոր ձեռնարկությունների համար հարկային բեռը թեթևացրեց: Բացի այդ, ՌԴ-ում պարբերաբար բարձրացվում են նպաստներն ու կենսաթոշակները:
Եվ վերջապես` հարկային դաշտի զիգզագները. ե՞րբ է Հայաստանում ընկալվելու, որ խաղասեղանին շատ ավելի լուրջ խնդիր է, քան սեփական բարեկեցությունն ավելացնելու կամ նվազեցնելու անհատների հնարավորությունը: Փոքր ու միջին հարկատուները, անպաշտպան հարկայինի առաջ, կանգնած են գործը փակվելու վտանգի առաջ` 2007-2008 թթ. նրանց 30 տոկոսը փակվել է, խոշոր հարկատուները բարեհաջող խուսափում են հարկերը վճարելուց` ինչո՞ւ: Եթե ճգնաժամից առաջ դա մի բացատրություն ուներ` կլանային-օլիգարխիկ տնտեսություն, ստվերային շրջանառություն, ապա ճգնաժամի պայմաններում պատկերը նույնը մնալ չի կարող:
Ի դեպ, վարկերի մասին. ինչպես բանկերն են դժվարացնում վարկեր տալը, այնպես էլ պետությունները և ֆինանսական կազմակերպությունները` այլ պետությունների: Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունը դեռ իր համապատասխան կառույցներում վերջնական որոշման չի հանգել` ակներևաբար չի էլ հանգի մինչև ճգնաժամի հաղթահարումը, Ռուսաստանի Դաշնությունը 500 միլիոն դոլարի վարկի հատկացման որոշման հանգել է, բայց ժամկետը դեռ չի որոշել, իսկ մինչ այս, մինչ այն` ապրել պետք է... Համաշխարհային բանկի 350 միլիոն դոլարն էլ, ի վերջո, 50 միլիոնի հանգեց... Այլ երկրներ մարդասիրական նման հակումներ դեռ չեն դրսևորել: Ակնհայտորեն չեն էլ դրսևորի, որովհետև իրենց լոկալ խնդիրներն ինքնուրույն լուծելն էլ կարևոր ներդրում է գլոբալ ճգնաժամի հաղթահարման գործում:
...Կառավարությունը 50 միլիոն դոլարի վարկ է հատկացնելու շինարարական շուկան վերակենդանացնելու նպատակով, վարկը ֆինանսավորելու են Համաշխարհային բանկը և Ասիական զարգացման բանկը: Այս տեղեկատվությունը շրջանառվում է արդեն մի քանի ամիս` առանց հստակեցվելու` շինարարական ինչ ծրագրեր, որտե՞ղ, քանի՞ աշխատատեղի ստեղծումով, ե՞րբ է մեկնարկը: Եվ վերջապես` ինչպե՞ս են այդ վարկերը վարկառուներին գտնելու: Բանկերի միջոցո՞վ, որոնք խստացրել են վարկեր տրամադրելու պայմանները, արդյո՞ք սա դասական փակ շրջանակի ևս մի օրինակ չէ...
...2008-ի տվյալներով` բյուջեի 52 տոկոսը շարքային քաղաքացիներից գանձվող ավելացված արժեքի հարկն է, 25 տոկոսը` փոքր ու միջին բիզնեսի վճարած հարկերը, 25 տոկոսը` խոշոր բիզնեսը+պետական հիմնարկները: Տարօրինակ թվաբանություն է անգամ նրանց համար, ովքեր հեռու են ոլորտից ու իր խնդիրներից:
...Ճգնաժամի ռիսկերը` տնտեսության կախվածությունն արտաքին տրանսֆերներից, բնական ռեսուրսների արտահանման ոլորտներից, հումքային ոլորտների անբավարար մրցունակությունը, ֆինանսաբանկային համակարգի ռեսուրսները կարող են չբավարարել, սոցիալական ուղղվածության ծրագրերի իրական կատարման հնարավորությունները, ձեռնարկությունների փակումը, գործազրկության աճը, սպառման նվազումը, դրամի արժեզրկումը, գնաճը, նեգատիվ սպասումների ակտիվացումը և սոցիալական ընդվզումը:
...Հետո՞... Ճգնաժամի գագաթնակետը համարվում է 2009-ը, իսկ գուցե` ոչ: Միջազգային ֆինանսական կազմակերպությունների և տարբեր պետությունների հակաճգնաժամային ծրագրերի ու գնահատումների հաշվարկները ոչ միայն խիստ տարբեր են, այլև տարափոփոխ` ըստ իրավիճակի: Ճգնաժամը թերևս առավել վտանգավոր է ոչ թե իր հայտնի դասական կամ նորահայտ առանձնահատկություններով, այլ անկառավարելիությամբ...
Առայժմ Հայաստանի Հանրապետության պարագայում ունենք սպասման վիճակ` լարված սպասման:
Շուկայի բոլոր խաղացողները սպասում են ներսի ու դրսի արդյունքներին:
Կառավարությունը հանգստացնող ու հուսադրող հայտարարություններ է անում իր ծրագրերի մասին, բայց դրանք ավելի շատ նմանվում են լավագույն մտադրությունների... Իսկ մտադրությունները նյութական արժեք չունեն, դրանցով հաց չես առնի, դեղ չես առնի ու ընդհանրապես ինչ-որ մեկի լավագույն մտադրությունը քո անձի վերաբերյալ քեզ չի ապահովում աշխատանքով: Դժվար է, իհարկե, բայց ժամանակն է հասկանալու` բարձրաձայնված ծրագրերը ե՞րբ և ինչպե՞ս են կատարվելու:
Սոված մարդը շատ վտանգավոր է դառնում: Հատկապես, երբ զբաղմունքը աշխատանք որոնելն է: Այս աքսիոմայի ապացույցին սպասելը ևս վտանգավոր է, ավելի լավ է տրամաբանությանը դեմ չգնալ, այլ պարզապես լուրջ վերաբերվել թե՛ ճգնաժամին, թե՛ ճգնաժամային մարտահրավերներին, թե՛ մարտահրավերների հաղթահարման հնարավորություններին` առանց հետադարձ հայացքի, թե՛ համապետական շահերի պաշտպանության ընթացքում որ օլիգարխն ինչ ու ինչքան կկորցնի, որ կուսակցությունն ինչ կշահի, ո՛ւմ ազդեցությունը կավելանա, ո՛ւմը կպակասի: Երբ 1912 թ. Ատլանտյան օվկիանոսում խորտակվեց աշխարհի ամենամեծ, ամենաարագընթաց ու ամենահուսալի նավը` «Տիտանիկը», ջրահեղձների ազգային ու դասային պատկանելությունը, տարիքը, սեռը նշանակություն չունեցան... Հայաստանը, իհարկե, «Տիտանիկ» չէ, բայց բոլորովին պարտադիր չէ, որ 2009-2012 թթ. ազգովի փորձենք պարզել լոկալ աղետի և գլոբալ ճգնաժամի տարբերությունները:
Վաչիկ ՄԵԼԻՔՍԵԹՅԱՆ

Դիտվել է՝ 4424

Մեկնաբանություններ