Գազայի հատվածում և Լիբանանում հրադադարի մասին Իսրայելի համաձայնությունը կարող է ազդել հոկտեմբերի 26-ի հարձակումից հետո հրեական պետությանը հակահարված տալու Իրանի որոշման վրա՝ հայտարարել է ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքիանը։ «Նրանք լավ գիտեն, որ եթե որևէ սխալ թույլ տան Իրանի Իսլամական Հանրապետության դեմ, կստանան ջախջախիչ պատասխան»,- ասել է նա:               
 

Մեր ռազմավարական գործընկերն ինչքանո՞վ է մեր գործընկերը

Մեր ռազմավարական գործընկերն ինչքանո՞վ է մեր գործընկերը
10.10.2008 | 00:00

ԳԱԶ՝ ՂԱՐԱԲԱՂԻ ՓՈԽԱՐԵ՞Ն
Անգլիական նշանավոր քաղաքական գործիչներից մեկի այն միտքը, թե «Բրիտանիան չունի մշտական թշնամիներ ու մշտական բարեկամներ, այլ ունի մշտական շահեր», երևի չի հնանա, քանի դեռ գոյություն ունեն տարբեր շահեր ունեցող պետություններ։ Եվս մեկ անգամ այս արտահայտությունը հիշեցինք՝ կարդալով ռուսական «Наша версия» շաբաթաթերթի 37-րդ համարում (29.09-05.10.2008) տպագրված «Բաքուն ռուսական քաղաք է» վերնագրով հոդվածը։
1-ին էջում որպես հոդվածի ուղեցույց դրված նկարից ու վերնագրից ավելի շատ մեր ուշադրությունն իսկույն գրավեց դրանց հետ դրված մեկնաբանիչ նախադասությունը՝ «Մոսկվան կարող է ադրբեջանական գազն ստանալ Լեռնային Ղարաբաղը վերադարձնելուն աջակցելու դիմաց»։
Թերթի մեկնաբան Իգոր Դմիտրիևը հոդվածի նախաբանում գրում է.
«Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահներ Դմիտրի Մեդվեդևի և Իլհամ Ալիևի վերջերս ավարտված բանակցությունները երրորդն էին վերջին երեք ամսում։ Բարձրագույն մակարդակի հանդիպումների այդպիսի անսովոր խտությունը կարող է բացատրվել միայն քննարկվող թեմաների հատուկ կարևորությամբ։ Իսկապես էլ, ըստ մեր փորձագետների, դրանք լիովին արժանի են նման ուշադրության։
Ըստ իրազեկ աղբյուրներից ստացված տեղեկության, իր գազային հոսքի աստիճանական կրճատումից անհանգստացած Ռուսաստանը ցանկանում է գնել ադրբեջանական ամբողջ գազը՝ փոխարենն առաջարկելով իր աջակցությունը Լեռնային Ղարաբաղը Բաքվի իրավասությանը վերադարձնելու գործին»։

Այնուհետև հեղինակը փորձում է պարզել նման գործարքի հեռանկարները։ Հաշվի առնելով, որ գազի գները մշտապես աճում են, Ռուսաստանը ձգտում է դառնալ Եվրոպային ու Չինաստանին այդ վառելիքը մատակարարող մենաշնորհատերը։ Այդ նպատակով ռուսական «Գազպրոմը» համառորեն համոզում էր Թուրքմենստանի, Ղազախստանի և ՈՒզբեկստանի ղեկավարներին՝ իրենց ամբողջ գազը համաշխարհային գներով վաճառել Ռուսաստանին։ Այժմ հերթն Ադրբեջանինն է։
Սակայն Ադրբեջանը ցանկանում է իր վառելիքային պաշարներն օգտագործել ոչ միայն տնտեսական շահույթ ստանալու, այլև քաղաքական խնդիրներ լուծելու համար։ Դրանցից առաջինը համարելով Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը՝ Ադրբեջանն այն լուծելու գործում ամենահարմար թեկնածուն է համարում Ռուսաստանը։
Մեզ համար այստեղ զարմանալի շատ բան կա. չէ՞ որ Հայաստանը և Ռուսաստանը «ռազմավարական գործընկերներ են», ինչպե՞ս կարող է մեզ համար ամենակենսական ու ցավոտ հարցում Ռուսաստանը սատարել ոչ թե Հայաստանին, այլ Ադրբեջանին։ Բայց նոր մեջբերում անենք հոդվածից։
«ՄԻՆՍԿԻ ԽՈՒՄԲԸ ԿՓՈԽԱՐԻՆՎԻ «ԿՈՎԿԱՍՅԱՆ ՀՆԳՅԱԿՈՎ»
Ընդհանրապես, հենց Լեռնային Ղարաբաղն է Բաքվի բարեհաճությունն ստանալու բանալին։ 1992-ից այդ խռովարար տարածքի (ընդգծումը մերն է - Հ. Վ.) կարգավիճակի վերաբերյալ բանակցությունները վարվում են ԵԱՀԿ Մինսկի խմբի (որի համանախագահներն են ԱՄՆ-ը, Ռուսաստանը և Ֆրանսիան) շրջանակում։ Բայց ԱՄՆ-ում ուժեղ է հայկական լոբբին. նրա շնորհիվ Երևանն ստանում է ԱՄՆ-ի ամենամեծ անշահախնդիր ֆինանսական օգնությունը՝ տարեկան մոտ 200 մլն դոլար։ Այդ պատճառով Լեռնային Ղարաբաղը վերադարձնելու հարցում Ադրբեջանը չի կարող աջակցություն ակնկալել Վաշինգտոնից։ Ադրբեջանն էլ ավելի քիչ հույսեր կարող է կապել Ֆրանսիայի հետ, որտեղ հայկական սփյուռքը միշտ առանցքային դիրքեր է զբաղեցրել։ Այդ պատճառով և՛ ԱՄՆ-ը, և՛ Ֆրանսիան ընդունում են Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման հնարավորությունը Ադրբեջանից դուրս։ Ընդ որում, Իլհամ Ալիևի խոսքերով, Ադրբեջանը երբեք թույլ չի տա ո՛չ Լեռնային Ղարաբաղի անկախությունը, ո՛չ միացումը Հայաստանին, «նույնիսկ եթե հակամարտությունը ձգվի 10 կամ 100 տարի»։ Բաքվում գնալով ավելի լավ են հասկանում, որ երկրի համար կարևորագույն՝ ղարաբաղյան հիմնախնդրի լուծման բանալին գտնվում է Մոսկվայի ձեռքում։ Այդ պատճառով էլ Ադրբեջանի ղեկավարությունը հանդես չեկավ Ռուսաստանի քննադատությամբ` վերջերս տեղի ունեցած ռուս-վրացական բախման ժամանակ։
...Իրեն չի արդարացրել նաև Մինսկի խումբը, որին փոխարինելու է գալիս բանակցող կողմերի նոր կազմ։ Թուրքիան առաջարկել է ստեղծել «Կովկասի կայունության և համագործակցության պլատֆորմ», որի կազմում լինեն Ռուսաստանը, Թուրքիան, Ադրբեջանը, Հայաստանը, Վրաստանը։ Հնարավոր է, որ նրանց միանա նաև Իրանը։ «Կայունության պլատֆորմի» նախագիծը քննարկվել է Թուրքիայի վարչապետ Էրդողանի՝ օգոստոսին Ռուսաստան կատարած այցի ընթացքում։ Նախագահ Մեդվեդևը հայտարարել է, որ Ռուսաստանը հավանություն է տալիս տարածաշրջանում խաղաղության հաստատմանն աջակցելու Թուրքիայի ձգտմանը, կողմնակից է ԼՂ-ի հիմնախնդրի վերաբերյալ բանակցությունները «կովկասյան հնգյակի» ձևաչափով վարելուն և հանդես է գալիս Ադրբեջանի տարածքային ամբողջականության օգտին։ Մի խոսքով, պետությունների մերձեցումն առկա է, իսկ դա նշանակում է, որ «Գազ՝ Ղարաբաղի փոխարեն» պայմանական անվանմամբ գործողությունն սկսվել է»։
Ինչպես նկատում եք, արդեն այս մեջբերման վերնագիրը կասկածների տեղիք է տալիս։ Գրված է՝ «կփոխարինվի» և ոչ թե, ասենք, «կարող է փոխարինվել», կարծես ամեն ինչ արդեն որոշված է՝ ամենևին հաշվի չառնելով հայկական կողմի կարծիքը կամ նրա կարծիքն էլ նույնն է։ Բայց գուցե այդպես էլ կա՞։
Սակայն ամենալուրջ մտորումներն սկսվում են հոդվածի վերջում զետեղված «Հարցի գինը» խորագրով հավելվածը կարդալուց հետո։ Ահա այն.
«Լեռնային Ղարաբաղի տարածքում 18-րդ դարից մինչև 19-րդ դարի սկիզբը գտնվում էր թրքախոս (ընդգծումը մերն է- Հ. Վ.) Ղարաբաղի խանությունը։ 19-րդ դարում Ռուսաստանի և Իրանի (մինչև 1935 թ. այդ երկիրը կոչվել է Պարսկաստան - Հ. Վ.) միջև կնքված Թուրքմենչայի պայմանագրի համաձայն՝ ռուսական իշխանությունն սկսեց Ղարաբաղում վերաբնակեցնել իրանցի հայերին։ Հետո նրանց միացան Թուրքիայից փախած հայերը։ Դրա արդյունքում հայերը 20-րդ դարում մեծամասնություն դարձան այդ հին ադրբեջանական հողում (ընդգծումները մերն են- Հ. Վ.)։ 1988 թ. Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի ժողպատգամավորների խորհուրդը հայտարարեց Ադրբեջանական ԽՍՀ-ի կազմից դուրս գալու մասին։ 1989 թ. Հայկական ԽՍՀ Գերագույն խորհուրդը որոշում ընդունեց ԼՂԻՄ-ի միացման մասին։ 1991 թ. լայնածավալ ռազմական գործողություններ սկսվեցին հայերի և ադրբեջանցիների միջև, որոնք ավարտվեցին 1994 թ. հաշտության պայմանագրի ստորագրմամբ։ Նախկին ԼՂԻՄ-ի և Ադրբեջանի՝ նրան հարակից յոթ շրջանների տարածքն անցավ հայերի վերահսկողության տակ։ Մոտ 15 հազար մարդ զոհվեց, մոտ 1 մլն ադրբեջանցի փախստականներ ստիպված եղան լքելու իրենց տները»։
Այսպես կարող էր գրել միայն ադրբեջանցի գրողը՝ խեղաթյուրելով պատմությունը և ներկան, չնշելով պատճառահետևանքային կապերը, դեպքերը ներկայացնելով բացահայտորեն հօգուտ մի կողմի։
Բայց հոդվածը գրված է ռուսական պարբերականում, ռուս լրագրողի անունից, ռուս ընթերցողների համար։ Եվ հազարավոր ռուս ընթերցողներ կարծիք կկազմեն, թե Արցախը երբևէ կապ չի ունեցել Հայաստանի հետ, այնտեղ հայեր չեն եղել, վերջին հակամարտությունից տուժել են միայն ադրբեջանցիներն ու Ադրբեջանը։
Իսկ մեզ հետաքրքրում է, թե մեր համապատասխան պատասխանատուները տեղյա՞կ են պատվերով գրվող նման հոդվածներին և որևէ բան ձեռնարկո՞ւմ են դրանց դեմ։
Եվ ամենագլխավորը` մեր ռազմավարական գործընկերն ինչքանո՞վ է մեր գործընկերը։
Հրանտ ՎԱՐԴԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 4891

Մեկնաբանություններ