ԱՄՆ-ում ավարտվել է քվեարկությունը գրեթե բոլոր նահանգներում. Դոնալդ Թրամփը իր համար երաշխավորել է 267 ձայն ընտրողների կոլեգիայում, Քամալա Հարիսը՝ 226։ Հաղթանակի համար պահանջվում է առնվազն 270 ձայն։ Թրամփը շահել է տատանվող յոթ նահանգներից երկուսում՝ Հյուսիսային Կարոլինայում և Ջորջիայում։ Նա Հարիսին գերազանցում է նաև այլ վիճելի նահանգներում, որտեղ վերջնականապես կորոշվի ընտրությունների ճակատագիրը։               
 

ԻՆՉՈ՞Ւ ԷՐ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ԳՆԱՑԵԼ ԴՈՆԻ ՌՈՍՏՈՎ

ԻՆՉՈ՞Ւ ԷՐ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ԳՆԱՑԵԼ ԴՈՆԻ ՌՈՍՏՈՎ
04.06.2010 | 00:00

Տարածաշրջանում իրավիճակն այլևս ոչ թե րոպեների, այլ վայրկյանների ընթացքում է փոխվում: Նման վիբրացիա երբեք չի եղել: Իսկ Իսրայել-Թուրքիա վերջին զարգացումներն ընդհանրապես նոր իրավիճակ առաջացրին:
«ԿԻՍՎԵՑԻՆ»
Մինչ կհասցնեինք «հաշվել», թե ինչու էր Սերժ Սարգսյանը մեկնել Դոնի Ռոստով, մինչ կփորձեինք հասկանալ, թե ինչ կապ կա հունիսի 7-ին` Ալիևի, հունիսի 8-ին` Պուտինի դեպ Թուրքիա այցերի միջև, պարզվեց` հունիսի 6-ին Գեյթսը կլինի Ադրբեջանում:
Բայց նախ` ինչու էր մեկնել Սերժ Սարգսյանը Ռոստով: ա) Տարածաշրջանում, Մեծ Մերձավոր Արևելքում ստեղծված նոր իրավիճակի հետ կապված, պետք էին նոր և արագ պայմանավորվածություններ: բ) Համաժամանակյա ռեժիմով պետք էր նոր իրավիճակում հայտնված աշխարհին ցույց տալ, որ բրյուսելներից վերադարձած Սերժ Սարգսյանի հետ Ռուսաստանը «կիսվելու» շատ բան ունի, իրենք ռազմավարական «նապարնիկներ» են ու փոխադարձ սիրալիրությունների պակաս չունեն. Մեդվեդևը խոսում էր հանց կարոտած մեկը («իրար ասելու, կիսվելու էնքա՜ն բան ունենք» ռեժիմով), Սերժն էլ, որ թե՛ դեֆակտո, թե՛ դեյուրե բացառել էր Թուրքիայի հետ, և այն էլ վարչապետների մակարդակով, Սոչիում հանդիպելու հեռանկարը, Դիմային արձագանքում էր ավելի մեծ կարոտով. մեր երկու երկրների միջև կա փոխըմբռնման և փոխվստահության այնպիսի աստիճան, որը կարող է օրինակ դառնալ շատերի համար (ինչն էլ նշանակում էր` Բրյուսելում Հայաստանը ճիշտ թիրախներ էր ընտրել` ռուսական կողմի մոտ բավականին մեծ անհանգստություններ առաջացնելով մի շարք, այդ թվում և` «կարոտի» ու «կիսվելու» հարցերում. այս մասին ներքևում):
Այցի բաղկացուցիչներից էր նաև Մեդվեդևի` Հայաստան գալու ժամկետների ճշտումը. արդեն իսկ ֆիքսված ժամկետը` օգոստոսը (հիշենք, որ խոսակցություններ կային հունիսյան այցի մասին), նույնպես շատ բան է ասում: Ընդ որում, որոշ փորձագետներ չեն բացառում, որ այդ ժամկետն էլի երկարացվի, հասնի աշուն: Բանն այն է, որ Ռուսաստանը ցանկանում է հնարավորինս «երկարաձգել պաուզան, Ջուլյա». ասել ենք` Միացյալ Նահանգները փորձելու է աշնանը ղարաբաղյան խնդրի լուծման հսկիչ փաթեթը վերցնել իր ձեռքը` բոլոր հմայքներով հանդերձ:
Հիմա ամեն բան հերթով:
Մեծ Մերձավոր Արևելքում արձանագրված նոր իրավիճակի մի քանի նրբությունները պատճառ դարձան, որ Սերժ Սարգսյան-Դմիտրի Մեդվեդև «ձի տեսնելու» ոչ ֆորմալ հանդիպումը աշխատանքայինի վերածվի: Չնայած «ձի դիտելու» «կովկասյան» հին ավանդույթը` չեչենական ձիերի հաղթանակով (ձիուկն այս անգամ Կադիրովինն էր, անուն-ազգանունն էլ Խորեզմ էր. տեսնո՞ւմ եք, ինչքան «խարիզմատիկն» է), և Սերժ Սարգսյանի այցը նախօրոք էին պլանավորված, ծրագրված, ելույթները պատրաստա՜ծ` հայ համայնքի մասով։
Այսպիսով, Միջերկրական ծովում իսրայելա-թուրքական վերջին զարգացումներում ամերիկյան-գլոբալ սպասումներն անչափ բազմապլան են. առկա են մաքսիմում և մինիմում «դոկտրիններ»: Առաջնային «սպասումն» էր` Թուրքիայի միջոցով խաղից հանել Իրանին, հաջորդական կասկադ-քայլով արաբական աշխարհը բերել Թուրքիայի տակ, հետո երկուսին էլ տանել «ռասկոլի»` Իրաքի քրդական ինքնավարության (հետագայում, չի բացառվում, ստեղծվելիք պետության) կողմից, որը, որպես «բուֆեր», արաբական և «քրիստոնեական» աշխարհի միջև, արդեն քանի տարի «կառուցվում» է:
Փոփոխվող այս իրավիճակից, Մերձավոր Արևելքից բոլորն են ցանկանում օգտվել, պոկել կարկանդակի մեծ «կուսոկ» և հնարավորինս արագ վերմակն իրենց «ոտներով» անել:
Բանն այն է, որ ԱՄՆ-ը, որը կարծես «լվացվում» է Իրաքից (առաջիկայում` նաև Աֆղանստանից), ուզում է դուրս գալ այդ երկիր-դժոխքներից, իրականում «վերալիցքավորում» է հարաբերությունները ոչ միայն Ռուսաստանի, այլև ողջ աշխարհի, այդ թվում` հենց Մերձավոր Արևելքի հետ: Ինչը բխում է նրա` վերջերս փոխած անվտանգության դոկտրինից:
Բանն այն է, որ ԱՄՆ-ն անչափ հետաքրքիր, եթե կուզեք` հակառակ կողմից է փորձում «վերցնել-վերաբեռնել» Մերձավոր Արևելքը, իր դուրս գալուց հետո «կետային» այնպիսի ազդեցություն թողնելով այնտեղ, որ իր և իր զորքերի անմիջական ազդեցության կարիքն այլևս չլինի, բայց իր շահերն այդ «գոտիականությունում» հստակ արտահայտված լինեն:
Ասենք միանգամից` բեմադրելով Իսրայել-Թուրքիա արյունոտ բախումը, Միացյալ Նահանգները, փաստորեն, իր ազդեցության դաշտ տարավ տարածաշրջանային զարգացումները` դառնալով անտես ռեժիսոր, իհարկե, ոչ առանց Իսրայելի, անգլոսաքսոնական օժանդակության: Քիմիական այդ ռեակցիաների արդյունքում ԱՄՆ-ն ու Իսրայելը` «չերեզ Թուրքիա` արաբական աշխարհ», Իրանին մեկուսացրին, թուլացրին բավականին հետաքրքիր ձևով:
Հաջորդիվ. Ռուսաստանին սիրաշահելով և պահելով ստրատեգիական հարձակողական սպառազինության և հակաօդային համակարգերի «վերաբեռնման» վավերացվող պայմանագրերի դաշտում, զիջելով ՈՒկրաինան ու էլի լիքը բաներ, ԱՄՆ-ն ստանում է Ռուսաստանի համաձայնությունը նույն Իրանի շուրջ օղակը սեղմելու գործում` արդեն հյուսիսի կողմից:
Այո, ԱՄՆ-ը, որը պատրաստվում է դուրս գալ տարածաշրջանից, ոչ մի կերպ չի ցանկանում այնտեղ թողնել ուժեղ Իրան և ունենալ Մերձավոր Արևելքում ամենամեծ դժոխքը: Ինչ վերաբերում է Թուրքիային, ապա քրդական կախարդական փայտիկը, ասինք, կարող է ի անհրաժեշտություն «հանդարտեցնել» կամ ուժեղացնել Թուրքիային նույնպես:
Իր հերթին էլ Ռուսաստանն է փորձում Իրանը փոխարինել Թուրքիայով` տնտեսական և քաղաքական «պակտեր» կնքելով վերջինիս հետ:
Ահա այս իրավիճակն էր, որ նոր ռեժիմ բերեց նաև Հարավային Կովկաս, և «ձի դիտելու» ակցիան վերածեց աշխատանքային հանդիպման` մեր դեպքում, իսկ Գեյթսը որոշեց հունիսի 6-ին լինել Բաքվում, «ծածանել այնտեղ ամերիկյան դրոշը» ու նրա ներքո հարցնել Պուտինին Թուրքիայում դիմավորելու գնացող Իլհամ-պուճուրից` «յո՞ երթաս, Իլհամչիկ, Հարավային միջանցքը ու «Նաբուկոն» կառուցվելու են ադրբեջանական գազի հաշվին, իմացած լինես», իբր էլի, բայց հո՞ բոլորս գիտենք, որ այդքան գազ Ադրբեջանը չունի, իսկ Գեյթսն իրականում «պուճուրի» հետ կփորձի խոսել Ադրբեջանում տեղակայվելիք ամերիկյան «գաղտնի» ռազմաբազաների հաշվով, ինչպես նաև արդեն իսկ Ադրբեջանի սահմանների տակ զինուժ կուտակած Իրանի քթի տակով դեպ Աֆղանստան զինամթերք տեղափոխելու հարցերում։
Եվ եթե այս ողջ պակետին էլ ավելացնում ենք «փաթեթը», որ ԱՄՆ-ն ուզում է լուծել նաև Ղարաբաղի խնդիրը, վերջ դնել ստատուս քվոյին ոչ Ռուսաստանի պես` մի քիչ «կմշտեմ»` երկու շրջանի չափով անվտանգությանդ գոտուց, այլ գլոբալ կարգավորմամբ` ԼՂ կարգավիճակն էլ հետը (իսկ էս դեպքում մենք ինչո՞ւ չպետք է համաձայնենք, որ)։
Շատ չերկարացնենք. Հայաստանն այս պարագայում և այս ֆոնին ստանում է անչափ առանցքային դեր` բոլոր առումներով: Ռուսաստանն էլ տագնապում է` ԱՄՆ-ին գուցե հաջողվի՞ իսկապես լուծել ղարաբաղյան հարցը: Էլ չենք ասում այն մասին, որ Սերժ Սարգսյանը վերջերս է վերադարձել Բրյուսելից` հետաքրքիր հայտարարությունների մի մեծ փնջով, որը կարող է ամեն րոպե նաև «ճանապարհային քարտեզ» դառնալ:
Այնպես որ, Ռուսաստանը նոր իրավիճակում Հայաստանին նորովի է պետք: Լավագույնը, որ կարող է այս պարագայում առաջարկել Ռուսաստանը մեզ` Ղարաբաղում և տարածաշրջանում ստատուս քվոյի պահպանումն է, ինչն էլ, թերևս, արվել է հենց Դոնի Ռոստովի հանդիպման ժամանակ:
Մի բան էլ. եթե հիշում եք, վարչապետ Տ. Սարգսյանը մեկ միլիարդ էր ուզել ԵվրԱզԷՍ-ից: Ի դեպ, փորձագետները չեն բացառում, որ եթե ոչ այդքան, ապա ինչ-որ «փայաբաժին» այդ կազմակերպության հակաճգնաժամային հիմնադրամը (որի հիմնադիր անդամներից է Հայաստանը) տա, այլապես, ինչպես կարծում են նույն փորձագետները, Պուտինը չէր հայտարարի, թե «Հայաստանի վարչապետի հայտը կառույցում քննարկվում է»:
Ըստ ամենայնի` էստեղ էլ «կկիսվեն» մեզ հետ, ոնց երևում է:
ԴԵ, ՉԻ ՄԱՍՆԱԿՑԵԼ«ՍԿԱՉԿԱՆԵՐԻՆ». ՉԻ՛ ՄԱ՜Ս-ՆԱ՜Կ-ՑԵ՜Լ... ՍԵՐԺԸ
«Ֆորպոստը մնաց մենակ»: Սեչինի խոսքերն են: Չէ, խառնեցինք: Կարդացել ենք ռուսալեզու կայքերից մեկում (հիմա չենք հիշում` որում):
Մի խոսքով` «խնդիրն» առնչվում է Սերժ Սարգսյանի «ձի դիտելուն», իսկ Մեդվեդևի` չդիտելուն, այն է` Մեդվեդևը չի մասնակցել իր անվան ձիարշավին, Սերժ Սարգսյանին թողել է մենակ` Կոկոյտիի և Բաղապշի հետ: Երբ դա կարդացինք «Gazeta.ru»-ում` մտածեցինք, թե դա ուրույն ազդանշան է առ այն, որ Ռուսաստանը որոշել է ճանաչել նաև Ղարաբաղը, որպես անկախ երկիր: Մի խոսքով` էստեղ էլ է «կիսվել»:
Շատ մեծ եղավ մեր ափսոսանքը, երբ իմացանք, որ Սերժ Սարգսյանը ևս չի մասնակցել ձիարշավի դիտմանը:
Իսկ եթե ավելի ստույգ, ապա զուտ «սպորտային հետաքրքրության» համար լրագրողական հետաքննություն վարեցինք` իսկապես հասկանալու` տարընթերցում կա՞ ռուսական լրատվամիջոցի և հայկական կողմի հայտարարությունների միջև` այդ մասնակցության հաշվով:
Մեր բոլոր աղբյուրները միաբերան պնդեցին` Սերժ Սարգսյանը չի՛ մասնակցել. «նետ», մեծ ստադիոն է, ոնց կարող էր մասնակցել, ու ոչ ոք չտեսներ։ Թող ցույց տան որևէ տեսագրություն այդ մասին, եթե այդպես պնդում են, ասին:
Չնայած Սերժ Սարգսյանը կարող էր մասնակցել, կարող էր չմասնակցել. գլոբալ «վեճն» ու զարգացումները թողած` էս փոփոխվող աշխարհում ինչի հետևից ենք ընկել... «հայ աշխա՜րհ, հայ կնի՜կ, հայ հեռախո՜ս, հայ ձի՜»:
Կամ` փայտե ձի, «ձեր դռանը կապեցի»:

Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 1134

Մեկնաբանություններ